Jump to content

Արծնապակի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Էմալից)

Արծնապակի, էմալ, սպիտակ կամ գունավոր, ապակեկերպ դյուրահալ ծածկույթ, որով պատում են մետաղները կոռոզիայից պաշտպանելու և գեղեցիկ տեսք տալու համար։ Քիմիապես կայուն է, կարծր, ջերմության և էլեկտրականության լավ հաղորդիչ։ Գույնը կախված է բաղադրությունից։ Սովորաբար պարունակում է սիլիցիումի, բորի, ալյումինի, ալկալիական և հոդալկալիական մետաղների, կապարի և այլ տարրերի օքսիդներ, նաև որոշ ֆտորիդներ։

Արծնապատելու համար հումքը՝ դաշտային սպաթի, քվարցի, պլավիկյան սպաթի, բորաքսի, բորաթթվի, սոդայի, կրիոլիտի և այլնի խառնուրդը միահալում են (1150-1300 °C)։ Միահալույթը սառեցնում են, մանրում և պատրաստում ջրային կախույթ, որով ծածկում են արծնապատվող իրի մակերեսը։ Ջերմամշակման ենթարկվելիս (750-1050 °C) փոշին հալվում է՝ առաջացնելով արծնապակին բարակ շերտ, որը ամուր կպչում է մետաղին։ Արծնապատիրերը օգտագործվում են կենցաղում, սննդի, քիմիական, դեղանյութերի, էլեկտրատեխնիկական ևն արտադրության մեջ։ Բարձր ջերմադիմացկունություն ունեցող արծնապակիները օգտագործվում են հրթիռային շարժիչներում։ Որոշ ներկեր, որոնց ծածկույթը նման է արծնապակին, հաճախ անվանվում են արծնային։

Գեղարվեստական արծնապատմամբ պատրաստում են զարդարանքի իրեր, անոթներ, տուփեր, գոտիներ և դեկորատիվկի բառական արվեստի առարկաներ։ Արծնապատումը ըստ կատարմանև ամրացման տեխնիկայի լինում է․ ակոսավոր (կիտվում է մետաղի մակերեսին արված փորվածքներում), միջնորմավոր կամ ցանցավոր (կիտվում է մի եզրով մետաղի մակերեսին զոդված մետաղական միջնորմիկների արանքում), մանրարուրքի վրա (պատվում է ցանցկենի տեխնիկայով կատարված նախշը), թափանցիկ (որի միջով երևում են մետաղի մակերեսին փորագրված պատկերները), գեղանկարչական (գունավոր արծներով, ինչպես և հրակայուն ներկերով գեղանկարչություն՝ արծնապատված մակերեսի վրա) և այլն։ Նշանավոր են բյուզանդական, ֆրանսիական, ռուսական, վրացական, չինական, ճապոնական և այլ ժողովուրդների գեղարվեստական արծնապակիով պատված առարկաները։

Ինչպես ցույց են տալիս պահպանված նմուշները, արծնապատման տեխնիկան Հայաստանում առանձնապես զարգացել է XVII դ․ սկսած։ Հնագույն օրինակներից են Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի N: 7789 Խորհրդատետրի (1675, Ղարասու) , N: 6767 Ավետարանի (1471, Առեստ գյուղ, կազմը՝ 1725 թիվ) և N: 5580 Ավետարանի (1622-23, Բաղեշ, կազմը՝ 1739-ի, վարպետը՝ Զիրաք ուստա) արծաթյա կազմերը։ XVIII - XIX դդ․Ա-ի կիրառմամբ հատկապես աչքի են ընկել Շուշիի և Ախալցխայի ոսկերիչները։ Նրանք այդ տեխնիկայով զարդարում էին գոտիներ, բաժակներ, ափսեներ, տուփեր, դաշույնի դաստակներ, ապարանջաններ, կրծքազարդեր։ Շուշիում արծնապատումով զբաղվել են մինչև XIX դ․ վերջը, հին վարպետներից հայտնի էր վարպետ Բադամը, որի պատրաստած բաժակները, ափսեները, գոտին, դաշույնը պահպանվում են Հայաստանի պատմության պետական թանգարանում։

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Աբրահամյան Վ․ Ա․, Արհեստները Հայաստանում IV-XVIII դդ․, Ե․, 1956։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 72