Հրթիռային շարժիչ
Տեղեկությունը այս հոդվածում կամ նրա որոշ բաժիններում հնացել է: Դուք կարող եք օգնել նախագծին՝ թարմացնելով այն և դրանից հետո հեռացնել կաղապարը: |
Հրթիռային շարժիչ (ՀՇ), ռեակտիվ շարժիչ, որն իր աշխատանքի համար օգտագործում է տեղաշարժվող ապարատի (թռչող, վերերկրյա, ստորջրյա) պաշարում ունեցած նյութերը և էներգիայի աղբյուրները։ Կախված էներգիայի տեսակից, որը հրթիռային շարժիչում փոխակերպվում է ռեակտիվ շիթի կինետիկ էներգիայի, տարբերում են քիմիական (ջերմաքիմիական), միջուկային, էլեկտրական հրթիռային շարժիչներ։ Առավել լայն տարածում են ստացել քիմիական հրթիռային շարժիչները (աշխատում են քիմիական հրթիռային վառելիքով)։ Հայտնի են մեծ թվով այդպիսի շարժիչներ, որոնք տարբերվում են վառելիքի բաղադրամասերով և դրանց ագրեգատային վիճակով, ռեակտիվ քարշուժի մեծությամբ, կառուցվածքով, նշանակմամբ և այլն։ Սակայն զանազան տիպի քիմիական հրթիռային շարժիչների սկզբունքային սխեմաներն ու աշխատանքային պրոցեսները գործնականորեն նման են։ Նրանցից յուրաքանչյուրն ունի հիմնական ագրեգատ, որը բաղկացած է այրման խցից և ռեակտիվ ծայրափողակից։ Խցում կատարվում է վառելիքի օքսիդացում և ռեակցիայի արդյունքի՝ շիկացած գազերի անջատում։ Ռեակտիվ ծայրափողակում գազերը ցրվում են (ընդարձակման հետևանքով) և մեծ արագությամբ արտանետվում՝ գոյացնելով ռեակտիվ շիթ, այսինքն՝ ստեղծելով շարժիչի ռեակտիվ քարշուժ։ Բոլոր քիմիական հրթիռային շարժիչները աշխատում են անընդհատ ռեժիմով, շարժիչի աշխատանքի ժամանակ այրման խցում գազի ճնշումը մնում է մոտավորապես հաստատուն։ Որոշ քիմիական հրթիռային շարժիչներ (ըստ չափսերի ամենափոքրերը) աշխատում են իմպուլսային ռեժիմով։ Ըստ վառելիքի ագրեգատային վիճակի՝ քիմիական հրթիռային շարժիչները լինում են հեղուկային, պինդ վառելիքով, հիբրիդային (համակցված), դոնդողանման և այլ վառելիքներով աշխատող։ Պինդ վառելիքով աշխատող հրթիռային շարժիչները բոլոր հրթիռային շարժիչների առաջնեկն են, կիրառվում են ազդանշանային, հրավառության, մարտական հրթիռների արձակման համար, ինչպես նաև տիեզերագնացության մեջ։ Ժամանակակից հրթիռային շարժիչներից առավել կատարելագործված են հեղուկ ա-հրթիռային շարժիչները։ Համակցված վառելիքով աշխատող հրթիռային շարժիչներում միաժամանակ կիրառվում են վառելիքի հեղուկ և պինդ բաղադրամասեր։ Այս շարժիչների այրման խցում սովորաբար տեղավորվում է պինդ վառելիքը, իսկ օքսիդիչ հեղուկը մատուցվում է բաքից, երբեմն այրման խցում տեղավորում են պինդ օքսիդիչը, իսկ բաքում՝ հեղուկ վառելիքը։ Միջուկային հրթիռային շարժիչներում կարելի է ստանալ քիմիական հրթիռային շարժիչի՝ իմպուլսը գերազանցող տեսակարար իմպուլս։ Ռեակտորում անջատվող ջերմությունը ծախսվում է աշխատող մարմնի տաքացման վրա, այսինքն՝ ի տարբերություն քիմիական հրթիռային շարժիչների, այդ հրթիռային շարժիչներում էներգիայի աղբյուրը և աշխատող մարմինն անջատված են իրարից։ Ըստ հրթիռային և տիեզերական տեխնիկայում կիրառման բնույթի հրթիռային շարժիչները կարող են լինել երթային, կառավարող, արգելակային, ճշգրտիչ, կողմնորոշիչ, կայունացնող և այլնː Ավիացիայում հրթիռային շարժիչները կիրառվում են որպես հիմնական և օժանդակ (ստարտային, արագացուցիչ) շարժիչներ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 632)։ |