Հավ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Տնային հավ
Chickenfamily.jpg
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Տիպ [[Քորդավորներ]]
Դաս [[Թռչուններ]]
Կարգ [[Հավազգիներ]]
Ենթաընտանիք [[Ֆազաններ]]
Լատիներեն անվանում
Gallus gallus (Linnaeus, 1758)


Հավ (լատ.՝ Gallus gallus domesticus, արուն՝ աքաղաղ կամ աքլոր), թվաքանակով աշխարհում ամենամեծ և ամենատարածված ընտանի թռչուններն են։ Պատկանում են հավազգիների կարգին։ Կարողանում են թռչել, սակայն ոչ հեռու և շատ վատ։ Հավերը մարդու կողմից բուծվում են միս, ձու, ինչպես նաև փետուր և աղվափետուր (բմբուլ) ստանալու համար, որպես պարարտանյութ օգտագործվում է նաև թռչնաղբը։ Հավերի ընտելացման երկարատև պատմության ընթացքում մարդու կողմից ստացվել և բուծվել են հավերի բազմաթիվ ցեղեր։

Ընտելացման պատմությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Համարվում է, որ ընտանի հավերը ծագել են Ասիայում հանդիպող բանկիվյան հավերից կամ ջունգլիների վայրի հավերից, որոնք հանդիպում էին Հնդկաստանի, Հնդկաչինի, Հարավային Չինաստանի, Ինդոնեզիայի և Ֆիլիպինների տարածքներում։ Հավերի ընտելացման ամենավաղ վկայությունները վերագրվում են Հնդկաստանին՝ մոտ մթա 2000 տարի առաջ։ Ավելի ուշ ժամանակների հետազոտողների մի մասը պնդում էին, որ հավերի ընտելացման գործընթացը սկսվել է մոտ մթա 3200 տարի առաջ։ Ներկայումս բավականին շատ փաստեր են առկա, որ դա տեղի է ունեցել Հարավ-Արևելյան Ասիայում և Չինաստանում ` դեռևս մթա 6000-8000 տարի առաջ: Միտոքոնդրիումային ԴՆԹ-ի հետազոտումները ցույց են տվել, որ ժամանակակից հավերի նախնիները ընտելացվել են մոտավորապես մթա 3500 տարի առաջ` Ասիայում։

Մթա 14-րդ դարում հավերը հայտնվել են Հին Եգիպտոսում: Ավելի վաղ նրանք հայտնվել էին Մերձավոր Արևելքում: Անտիկ ժամանակաշրջանում հավերը հայտնվել են Հունաստանում, իսկ այնտեղից տարածվել Եվրոպայում:

Արտաքին տեսքը և բազմացումը[խմբագրել | խմբագրել կոդը]

Հավերի մարմինը համաչափ է և ունի միջին երկարություն։ Կուրծքը լավ է զարգացած՝ հատկապես մսատու ցեղերի մոտ։ Կատարը (երկրորդային սեռական օրգան) ունի տերևի, վարդի, պատիճի կամ ընկույզի ձև։ Ականջաբլթակները՝ կարմիր, հազվադեպ՝ սպիտակ։ Սեռահասուն են դառնում և ձվարկում 5-6 ամսականում։ Սաղմի զարգացման տևողությունը 21-22 օր է։ Ձվատվության քանակը կապված է վերարտադրական օրգանների, մասնավորապես ձվարանի և ձվատար խողովակի գործառնության հետ։ Սեռահասուն հավի ձվարանի արտաքին կեղևային շերտում հաշվվում է 2000-3500 ձվաբջիջ, որի միայն մեկ քառորդն է ստացվում մթերատվության ընթացքում (2-2,5 տարի)։ Մեծահասակ հավերի մթերատվությունը կարելի է 7-8 ամսով երկարացնել՝ արհեստական փետրափոխության միջոցով։

Ցեղերը[խմբագրել | խմբագրել կոդը]

Հավերը բաժանվում են երեք հիմնական խմբերի՝ ձվատու, մսաձվատու և մսատու։ Առավել տարածված են ձվատու ցեղերը՝ լեգհոռն, մինորկա, անդալուզյան, համբուրգյան, իսպանական, օռլովյան, ռուսական սպիտակ և այլն։ Ձվատու ցեղի հավերը կշռում են մինչև 2 կգ (աքաղաղները՝ մինչև 3 կգ), տարեկան ձվատվությունը մինչև 250 ձու, ռեկորդը՝ 365 ձու։ Մսաձվատու ցեղերից են՝ ռոդ-այլենդ, նյու-հեմփշիր, պլիմուտրոկ, վիանդոտ, սուսկես, երևանյան, ֆավերոլ և այլն։ Կշռում են մինչև 4 կգ, միսը որակով է և համեղ, միջին ձվատվությունը՝ մինչև 240 ձու։ Մսատու ցեղերից են՝ կորնիշ, լանգշան, կոխինխին և այլն։ Կենդանի զանգվածը մինչև 4,5 կգ, ձվատվությունը մինչև 130 ձու։ Դրանցից կորնիշները օգտագործվում են մսաձվատու ցեղերի հետ տրամախաչելու և բրոյլերներ (մսացու ճուտ) ստանալու համար։ Բրոյլերների միսը լավագույն դիետիկ սննդամթերք է, պարունակում է մինչև 20% լիարժեք սպիտակուց և միայն 5-7% ճարպ:

Wikiquote-logo-hy.svg
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են
Հավ հոդվածին
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png