Խորհրդային շրջանի հայկական երաժշտություն
Նախախորհրդային Հայաստանում երաժշտական մշակույթի զարգացման հնարավորությունները սահմանափակ էին. չկային երաժշտական դպրոցներ, օպերային թատրոն, սիմֆոնիկ նվագախումբ, մշտական երաժշտական կոլեկտիվներ և այլն։
Մշակույթի զարգացման սկիզբը
[խմբագրել | խմբագրել կոդը]Կոմպոզիտորների վերադարձը հայրենիք
[խմբագրել | խմբագրել կոդը]Խորհրդային կարգերի հաստատումից (1920) հետո Կառավարության հրավերով հայրենիք են վերադարձել մի շարք նշանավոր կոմպոզիտորներ, կատարողներ, երաժշտական գործիչներ՝ Ալեքսանդր Սպենդիարյան, Ռոմանոս Մելիքյան, Սպիրիդոն Մելիքյան, Անուշավան Տեր-Ղևոնդյան, Ավետ Գաբրիելյան, Շարա Տալյան, Հայկանուշ Դանիելյան և ուրիշներ։ 1921-ին Երևանում Ռոմանոս Մելիքյանի նախաձեռնությամբ բացվել է երաժշտական ստուդիա, որի հիման վրա ստեղծվել է կոնսերվատորիան (1923, 1946-ից՝ Կոմիտասի անվան), ապա դրան կից՝ սիմֆոնիկ նվագախումբ (ղեկավարներ՝ Ալեքսանդր Սպենդիարյան, Արշակ Ադամյան) և երգչախումբ (ղեկավար՝ Ս. Մելիքյան)։
Երաժշտական կոլեկտիվների ստեղծումը
[խմբագրել | խմբագրել կոդը]Ստեղծվել են նաև ժողովրդական և գուսանական երաժշտության կոլեկտիվներ, ժողովրդական գործիքների (1927, ղեկավար՝ Արամ Մերանգուլյան, 1967-ից՝ նրա անվան), կամերային (Կոմիտասի անվան քառյակը, 1924, և այլն) անսամբլներ, տպագրվել երաժշտական գրականություն, հեռարձակվել են երաժշտական ռադիոհաղորդումներ։ Կանոնակարգվել և ծրագրվել է համերգային կյանքը, որը ներառել է տեղի և հյուրեկ երաժիշտ կատարողների ելույթները։ 1925-ին Լենինականում (այժմ՝ Գյումրի) բացվել է երաժշտական ստուդիա, 1929-ին Երևանում՝ երաժշտական դպրոց (այժմ՝ Ալեքսանդր Սպենդիարյանի անվան)։
Նշանավոր գործեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Խորհրդահայ երաժշտությունը պահպանել ու շարունակել է անցյալի ազգային երաժշտական մշակույթի լավագույն ավանդույթները, որտեղ մեծ ներդրում ունեին հատկապես այն կոմպոզիտորները, որոնք ստեղծագործել են նաև նախահեղափոխական շրջանում։ Ալեքսանդր Սպենդիարյանը (1924 -ից բնակվել է Երևանում) մեծապես նպաստել է ազգային սիմֆոնիայի ինքնատիպ ոճի հաստատմանը, կոմպոզիտոր, դպրոցի, նրա գեղագիտական սկզբունքների, ոճական առանձնահատկությունների ձևավորմանը, հայկական երաժշտությունը հարստացրել է նոր թեմաներով, ընդարձակել ժանրերը, արտահայտչամիջոցները։ Այս շրջանում նրա ստեղծագործության մեջ նշանակալի են «Երևանյան էտյուդները» (1925, սիմֆոնիկ նվագախմբի համար), որի հիմքում բուն ժողովրդական մեղեդիներ են, և «Ալմաստ» օպերան (1928, ըստ Հովհաննես Թումանյանի «Թմկաբերդի առումը» պոեմի)։ Օպերան աչքի է ընկնում մոնումենտալությամբ, երաժշտական լեզվի հարստությամբ, կերպարների ռեալիստ, պատկերման խորությամբ, էպիկական և հոգեբանական ժանրերի հատկանիշների գուգակցմամբ։ «Ալմաստը» ազգային դասական առաջին օպերան է և առանձնահատուկ տեղ ունի հայկական երաժշտության պատմության մեջ։ Ռ. Մելիքյանի ստեղծագործության մեջ գերակշռում են երգն ու ռոմանսը։ Ազգային ինքնատիպությամբ առանձնանում են նրա «Զմրուխտի» (հրատարակված՝ 1928) և «Զառ-վառ» (հրատարակված՝ 1949) վոկալ շարքերը, որոնք եզրափակում են հայկական դասական ռոմանսի ձևավորման շրջանը։ Ա. Տեր-Ղևոնդյանը «Սեդա» օպերայի (1922, ըստ Լևոն Շանթի «Հին աստվածներ» դրամայի), ազգային սյուժեով ծրագրային սիմֆոնիկ առաջին երկերից՝ «Ախթամար» պոեմի (1923) հեղինակն է, գրել է նաև երգեր, խմբերգեր, ռոմանսներ։
Դաշնամուրային երաժշտություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սարգիս Բարխուդարյանի նրբակերտ դաշնամուրային մանրանվագները նկատելիորեն հարստացրել են դաշնամուրային երաժշտությունը, գրել է նաև «Նարինե» (1938) բալետը, «Քեռի Քուչի» (1945) մանկական օպերան, ռոմանսներ, մշակել ժողովրդական և աշուղական երգեր։ Հայկական ազգային դաշնամուրային երաժշտության հիմնադիրներից է կոմպոզիտոր Նիկողայոս Տիգրանյանը, որն առաջինն է ձայնագրել ու մշակել հայ աշուղների, դուդուկահարների և սազանդարների հորինած ու կատարած երգերը («Ձախորդ օրեր» և այլն), պարերը («Ջուռնի տրնգի», «Ուզունդարա», «Վերվերի» և այլն), նաև կատարել է մուղամների սիմֆոնիկացման հաջող փորձեր («Շահնադ», 1895, «Չարգյահ», 1896, և այլն)։ Աստիճանաբար հայկական Երաժշտություն մուտք են գործել խորհրդային իրականությունն արտացոլող թեմաներ։ Հրատարակվել են Ագատ Մանուկյանի մշակած մի քանի հեղափոխական երգեր (1917)։ Տարածված էին «Ինտերնացիոնալ», «Անվախ ընկեր», «Վարշավյանկա» և այլ երգեր, որոնք հնչել են տոնախմբությունների և հանդիսությունների ժամանակ։ Նմանատիպ երգեր են ստեղծել նաև Ռ. Մելիքյանը, Ա. Տեր-Ղևոնդյանը, Կարո Զաքարյանը, Դանիել Ղազարյանը, որտեղ գովերգել են նոր, երջանիկ կյանքը, ժողովուրդների բարեկամությունը։ 1930-ական թվականներին հիմնադրվել են երաժշտական մշակույթի նոր կենտրոններ։
Երևանի օպերայի և բալետի թատրոնի ստեղծումը
[խմբագրել | խմբագրել կոդը]1933-ին «Ալմաստ» օպերայի բեմադրությամբ բացվել է Երևանի օպերայի և բալետի թատրոնը (1939-ից՝ Ալեքսանդր Սպենդիարյանի անվան, 1956-ից՝ ակադեմիա)։ Ազգային օպերային խաղացանկի ձևավորման համար կարևոր նշանակություն է ունեցել նաև Արմեն Տիգրանյանի «Անուշ» օպերայի նոր, վերամշակված խմբագրությամբ բեմադրությունը (1935)։ Օպերային թատրոնի ստեղծման և առաջին հաջողությունների հետ է կապված երաժշտական մշակույթի նշանավոր գործիչների՝ դիրիժորներ Գևորգ Բուդաղյանի, Վլադիմիր Փիրադյանի (Պիրադով), Կոստանդին Սարաջևի, Միքայել Թավրիզյանի (1938-1957-ին՝ գլխավոր դիրիժոր), Սուրեն Չարեքյանի, Սերգեյ Շաթիրյանի, ռեժիսորներներ Արշակ Բուրջալյանի, Լևոն Քալանթարի, Արմեն Գոզակյանի, Գ. Հովհաննիսյանի, բալետմայստեր Իլյա Արբատովի (Յաղուբյան), նկարիչներ Սիմոն Ալաջալովի, Միքայել Արուտչյանի, Պատո Անանյանի, Մարտիրոս Սարյանի, երգիչ-երգչուհիներ Հ. Դանիելյանի, Շարա Տալյանի, Լևոն Իսեցկու (Տեր-Հովհաննիսյան), Ալեքսանդր Կարատովի (Կարապետյան), Գալուստ Գաբրիելյանի, Ե. Ֆանարջյանի, Թամարա Շահնազարյանի, Լյուբով Լազարևայի, բալետի մենապարողներ Լյուբով Վոինովա-Շիկանյանի, Պավլինե Բուռնագյանի, Ռուսուդան Թավրիզյանի, Սարգիս Սարգսյանի, Գ. Գևորգյանի, Զարեհ Մուրադյանի և ուրիշների գործունեությունը։
Հայֆիլհարմոնիա
[խմբագրել | խմբագրել կոդը]Երաժշտական կարևոր կենտրոն է դարձել Հայֆիլհարմոնիան (հիմնադրված՝ 1932)։ Կանոնավոր բնույթ են ստացել սիմֆոնիկ համերգները (դիրիժորներ՝ Կ. Սարաջև, Իսպիր Խարաջանյան), ստեղծվել են նոր կոլեկտիվներ՝ Հայկական ժողովրդական երգի-պարի անսամբլը (1938, գեղարվեստական ղեկավար՝ Թաթուլ Ալթունյան), Հայաստանի էստրադային նվագախումբը (1938, գեղարվեստական ղեկավար՝ Արտեմի Այվազյան), Սայաթ-Նովայի անվան հայկական գուսանական երգի անսամբլը (1938, ղեկավար՝ Շարա Տալյան, 1942-ից՝ Վաղարշակ Սահակյան)։
Կոմպոզիտորների նոր սերունդ
[խմբագրել | խմբագրել կոդը]1930-ական թվականներին Երևան է եկել կոմպոզիտորների նոր սերունդ՝ Արամ Խաչատրյան, Հարո Ստեփանյան, Լևոն Խոջա-Էյնաթով, Կարո Զաքարյան, Աշոտ Սաթյան, Վարդգես Տալյան, Ա. Այվագյան և ուրիշներ։ 1932-ին կազմակերպվել է Հայաստանի կոմպոզիտորների միությունը։ Խորհրդահայ երաժշտության խոշորագույն երևույթներից է Արամ Խաչատրյանի արվեստը։ 1930-ական թվականների նրա առաջին ստեղծագործությունները հավաստել են հայկական երաժշտարվեստի զարգացման նոր շրջանը։ Խաչատրյանը հայկական երաժշտությունը հարստացրել է նոր բովանդակությամբ, ձևերով ու արտահայտչամիջոցներով, ընդլայնել ժանրային շրջանակները։ Ստեղծել է ազգային առաջին բալետը («Երջանկություն», 1939, 2-րդ խմբագրությամբ՝ «Գայանե», 1942), Առաջին սիմֆոնիան (1934, նվիրված է Հայաստանում խորհրդային իշխանության հաստատման 15-ամյակին) և գործիքային կոնցերտները (դաշնամուրի՝ 1934, ջութակի՝ 1941, թավջութակի՝ 1946)։ Ստեղծագործության գլուխգործոցը «Սպարտակ» բալետն է (1954)։ Նա նաև հայկական կինոերաժշտության հիմնադիրն է։ Խաչատրյանի արվեստը սերտորեն առնչվում է հայկական ժողովրդական, հոգևոր և աշուղական երաժշտությանը։ Ժողովրդական երաժշտության տարրերի սիմֆոնիկացման շնորհիվ կոմպոզիտորը ճշմարտացիորեն արտահայտել է հայկական ժողովրդական երգին բնորոշ զգացմունքայնությունն ու մեղեդայնությունը։ Խաչատրյանի ստեղծագործությունը շրջադարձային նշանակություն է ունեցել հայկական երաժշտական մշակույթի պատմության մեջ, մեծապես ազդել է հայ և Արևելքի ժողովուրդների երաժշտության վրա, համաշխային ճանաչման արժանացրել հայ ագգային երաժշտարվեստը։
Երաժշտական թատրոնի զարգացումը
[խմբագրել | խմբագրել կոդը]Կոմպոզիտոր Հ. Ստեփանյանի գործունեությունը նպաստել է երաժշտական թատրոնի զարգացմանը։ Ուշագրավ է նրա «Քաջ Նազար» (բեմադրված՝ 1935) երգիծական օպերան։ «Սասունցի Դավիթ» էպիկական օպերայում (1936) օգտագործել է հին գուսանական և հոգևոր երաժշտության տարրեր։ Առավել ճանաչված է նրա «Լուսաբացին» (բեմադրված՝ 1938)՝ ժամանակակից թեմայով հայկական առաջին օպերան, որտեղ արտացոլված է հայ ժողովրդի պայքարը խորհրդային իշխանության համար։ Այդ տարիներին գրված օպերաներից են նաև Ա. Այվագյանի «Թափառնիկոսը» (բեմադրված՝ 1937), Անտոն Մայիլյանի «Սաֆան» (բեմադրված՝ 1939, Բաքու), Կ. Զաքարյանի «Մարջանը» (բեմադրված՝ 1941), բալետներից՝ Ս. Բարխուդարյանի «Նարինեն» (1938), Ա. Տեր-Ղևոնդյանի «Անահիտը» (բեմադրված՝ 1940)։ Գրվել են հայրենիքին, կոմկուսին, նոր կենցաղին, կոլտնտեսային գյուղի կյանքին նվիրված երգեր (Միքայել Միրզայան, Կ. Զաքարյան, Մարտին Մազմանյան, Արամ Սաթյան, Վ. Տալյան, Էդուարդ Կզարթմյան, Ա. Այվազյան)։ Նոր ռոմանսներ է ստեղծել Հ. Ստեփանյանը (Ավետիք Իսահակյանի խոսքերով վոկալ շարքեր)։ Կատարվել են ժողովրդական երգերի խմբերգային մշակումներ (Արամ Քոչարյան, Թ. Ալթունյան, Քրիստափոր Քուշնարյան, Ս. Մելիքյան, Մուշեղ Աղայան, Կ. Զաքարյան և ուրիշներ)։ Ստեղծվել են կամերային անսամբլների համար առաջին գործերը՝ Արամ Խաչատրյանի, Վ. Տալյանի տրիոները, Հ. Ստեփանյանի, Թունիկ Հովհաննիսյանի, Հ. Մելիքյանի, Արամ Սաթյանի կվարտետները, Սերգեյ Ասլամազյանի կվարտետային մանրանվագները։
Հայրենական մեծ պատերազմի տարիներին
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայրենական մեծ պատերազմի (1941-1945) տարիներին օպերայի և բալետի թատրոնում բեմադրվել են Միխայիլ Գլինկայի «Իվան Սուսանին», Ուզեիր Հաջիբեկովի «Քյոռ-օղլի», Ջուզեպպե Վերդիի «Օթելլո» (երեքն էլ՝ 1942), Զաքարե Փալիաշվիլու «Դաիսի» (1943) օպերաները, Ալեքսանդր Սպենդիարյանի երաժշտությամբ՝ «Խանդութ» բալետը (1945)։ Կարևոր իրադարձություն էր հայկական առաջին օպերայի՝ Տիգրան Չուխաճյանի «Արշակ Բ»-ի բեմադրությունը (1945)։ 1942-ին Երևանում բացվել է Երաժշտական կոմեդիայի թատրոնը, որը մեծապես նպաստել է օպերետի զարգացմանը։ Խորհրդահայ առաջին՝ «Ատամնաբույժն արևելյան» (բեմադրված՝ 1944), «Երջանիկ օր» (բեմադրված՝ 1945), «Քաջ Նազար» (բեմադրված՝ 1948) և այլ օպերետների հեղինակը Ա. Այվազյանն է։ Այդ և հետագա տարիներին գրված երգերի շարքում առավել հայտնի է Արամ Սաթյանի «Մարտիկի երգը»։ 1944-ին ստեղծվել է ՀԽՍՀ պետական հիմնը (խոսք՝ Սարմենի, երաժշտություն՝ Ա. Խաչատրյանի)։ Հայրենասիրության թեման խորապես մարմնավորվել է սիմֆոնիկ ստեղծագործություններում (Գ. Եղիազարյանի «Հայաստան» սիմֆոնիկ պոեմը, 1942, Հ. Ստեփանյանի Առաջին սիմֆոնիան, 1944)։ 1943-ին Արամ Խաչատրյանը գրել է մոնումենտալ, պայքարի կոչող Երկրորդ սիմֆոնիան (III մասի հիմքում ժողովրդական «Որսկան ախպեր» երգն է)։ Այդ տարիներին ստեղծված պատմահերոսական թեմայով օպերաներից է Ա. Տիգրանյանի «Դավիթ Բեկը» (բեմադրված՝ 1950), որը հաստատուն տեղ ունի ազգային օպերային խաղացանկում։ Քնարադրամատիկական ժանրով է գրված Լ. Խոջա-Էյնաթովի «Նամուս» օպերան (բեմադրված՝ 1945)։ Ազգային վառ երանգով, գեղարվեստական կատարելությամբ աչքի է ընկնում Արամ Խաչատրյանի «Գայանե» բալետի երաժշտությունը (1942)։ Հետպատերազմյան տարիներին երաժշտական կյանքը զարգացել է բարդ ու բազմազան ձևերով, որակապես նոր աստիճանի է բարձրացել կատարողական արվեստը։
Հայ-ֆիլհարմոնիայի սիմֆոնիկ նվագախմբի վերաստեղծումը
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայ-ֆիլհարմոնիայի սիմֆոնիկ նվագախմբի վերաստեղծմանը մեծապես նպաստել է դիրիժոր Միքայել Մալունցյանը (1945-1960- ին և 1966-1967-ին՝ գլխավոր դիրիժոր)։ Հետագայում նվագախմբի գործունեության նոր վերելքը խթանել է Դավիթ Խանջյանը (1974-1981-ին՝ գլխավոր դիրիժոր), որը մեծ տեղ է հատկացրել ժամանակակից երաժշտությանը (Իգոր Ստրավինսկի, Բելա Բարտոկ և ուրիշներ), ազգային նվագացանկի ընդլայնմանը։ Հայաստանի պետական երգչախմբի (կապելլա) կատարող, արվեստի առաջընթացում մեծ ներդրում ունեն Արամ Տեր-Հովհաննիսյանը (1940-1941-ին և 1954-1961-ին՝ գեղարվեստական ղեկավար և գլխավոր խմբավար), Հովհաննես Չեքիջյանը (1961-ից՝ գեղարվեստական ղեկավար), որն ընդլայնել է երգչախմբի երկացանկը, բարձրացրել գեղարվեստական մակարդակը՝ դարձնելով այն աշխարհում լավագույններից մեկը։ Այդ շրջանում ճանաչման է արժանացել նաև Կոմիտասի անվան քառյակը։
Նոր կոլեկտիվների ստեղծումը
[խմբագրել | խմբագրել կոդը]Ստեղծվել են մի շարք նոր կոլեկտիվներ՝ Հեռուստատեսության և ռադիոյի սիմֆոնիկ նվագախումբը, Հայաստանի երգչախմբային ընկերության Ա. Տեր-Հովհաննիսյանի անվան երգչախումբը (երկուսն էլ՝ 1966), որոնք ընդլայնել են հայկական սիմֆոնիկ և խմբերգային երաժշտության տարածման հնարավորությունները։ Կազմակերպվել են Հայֆիլհարմոնիայի կամերային անսամբլը (1962, հիմնադիր-գեղարվեստական ղեկավար՝ Զարեհ Սահակյանց), Երևանի կամերային նվագախումբը (1979, հիմնադիր-գեղարվեստական ղեկավար՝ Զավեն Վարդանյան), որոնց համար կամերային գործեր են գրել հայ կոմպոզիտորները։ Ճանաչման է արժանացել Հեռուստատեսության և ռադիոյի ջութակահարների անսամբլը (1970, հիմնադիր-գեղարվեստական ղեկավար՝ Գևորգ Աճեմյան, 1998-ից՝ Գևորգ Աճեմյանի անվան)։ Թ. Ալթունյանի ղեկավարությամբ Հայկական երգի-պարի անսամբլը (1974-ից՝ Թաթուլ Ալթունյանի անվան) հասել է գեղարվեստական բարձր մակարդակի, առանձնացել պարզ, ժողովրդական արվեստի ոգուն հարազատ կատարողական ուրույն ոճով։ Վերակազմավորվել է Հեռուստատեսության և ռադիոյի ժողովրդական գործիքների անսամբլը (1967-ից՝ Ա. Մերանգուլյանի անվան), առանձնակի նշանակություն է ունեցել Հայաստանի պարի պետական անսամբլի (1958, գեղարվեստական ղեկավար՝ Էդվարդ Մանուկյան) ստեղծումը։ Ճանաչված են ժողովրդական երգիչ կատարողներ Արաքսյա Գյուլզադյանը, Շողիկ Մկրտչյանը, Օֆելյա Համբարձումյանը, Արև Բաղդասարյանը, Արմենակ Տեր-Աբրահամյանը, Հովհաննես Բադալյանը, Ռուբեն Մաթևոսյանը, Վարդուհի Խաչատրյանը, Վալյա Սամվելյանը, նաև դուդուկահարներ Մարգար Մարգարյանը, Լևոն Մադոյանը, Վաչե Հովսեփյանը, Ջիվան Գասպարյանը, Գեորգի Մինասյանը, թառահար Սողոմոն Սեյրանյանը, քամանչահարներ Լևոն Կարախանը, Գուրգեն Միրզոյանը, Խաչատուր Ներսիսյանը, քանոնահարներ Խաչատուր Ավետիսյանը, Անժելա Աթաբեկյանը և ուրիշներ։ ժողովրդականություն են վայելել աշուղներ Շերամի, Հավասու, Շահենի, Աշոտի և ուրիշներ երգերը։
Էստրադա
[խմբագրել | խմբագրել կոդը]Նշանակալի առաջընթաց է ունեցել Հայաստանի էստրադային նվագախումբը (1956, գեղարվեստական ղեկավար՝ Կոնստանտին Օրբելյան), որտեղ շարունակվել են ժամանակակից ջազի, էստրադային և ագգային երաժշտության համադրման որոնումները։ 1966-ին ստեղծվել է նաև Հեռուստատեսության և ռադիոյի էստրադային նվագախումբը (գեղարվեստական ղեկավար՝ Մարտին Վարդագարյան, 1972-ից՝ էստրադային-սիմֆոնիկ, գեղարվեստական ղեկավար՝ Մելիք Մավիսակալյան, 1986-ից՝ Երվանդ Երզնկյան)։
Էստրադային նոր ոճը
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայկական էստրադային երաժշտության նոր ոճի հաստատման մեջ վճռորոշ էին Առնո Բաբաջանյանի, Կոնստանտին Օրբելյանի, Ռոբերտ Ամիրխանյանի, Էդվարդ Բաղդասարյանի, Ալեքսանդր Աճեմյանի, Մարտին Վարդազարյանի, Արամ Սաթյանի, Ստեփան Շաքարյանի, Ռուսլան Գալստյանի և ուրիշներերգերն ու գործիքային պիեսները։ Ճանաչված են երգիչ-երգչուհիներ Բելլա Դարբինյանը, Ռաիսա Մկրտչյանը, Նադեժդա Սարգսյանը, Զառա Տոնիկյանը, Էռնա Յուզբաշյանը, Տաթևիկ Հովհաննիսյանը, Էլվինա Մակարյանը, Արտաշես Ավետյանը, Գևորգի Մինասյանը և ուրիշներ։ Միջազգային և համամիութենական երաժշտական մրցույթներում մեծ հաջողությունների են հասել դաշնակահարներ Յուրի Հայրապետյանը, Սվետլանա Նավասարդյանը, ջութակահարներ Զոյա Պետրոսյանը, Անահիտ Ցիցիկյանը, Ռուբեն Ահարոնյանը, թավջութակահարներ Մեդեա Աբրահամյանը, Վահրամ Սարաջյանը, երգեհոնահար Վահագն Ստամբոլցյանը և ուրիշներ։ Կամերային երգեցողության բնագավառում համերգային գործունեությամբ մեծ ճանաչման է արժանացել Զարուհի Դոլուխանյանը, հոգևոր երգերի կատարմամբ՝ Լուսինե Զաքարյանը, ժողովրդական երգերով՝ Մելանյա Աբովյանը։ Հետպատերազմյան շրջանում Երևանի օպերայի և բալետի թատրոնի խաղացանկը հարստացել է ուշագրավ բեմադրություններով. ներկայացվել են (ԽՍՀՄ-ում առաջին անգամ) Իգոր Ստրավինսկու «Էդիպ արքա», Ջան Կառլո Մենոտտիի «Հյուպատոսը», Լեոնարդ Բեռնստայնի «Վեստսայդյան պատմություն», Վինչենցո Բելլինիի «Նորմա» օպերաները։
Անհատ կատարողներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Բարձրարվեստ կատարումներով է նշանավորվել Գոհար Գասպարյանի, Տաթևիկ Սազանդարյանի, Պավել Լիսիցյանի, Նար Հովհաննիսյանի, Միհրան Երկաթի ստեղծագործական ուղին։ Օպերային թատրոնի առաջատարներից էին նաև երգիչներ Ավագ Պետրոսյանը, Դավիթ Պողոսյանը, Արշավիր Կարապետյանը, Եվգենյա Խաչիկյանը, Գոհար Գալաչյանը, Անժելիկա Հարությունյանը, Էլվիրա Ուզունյանը, բալետի մենապարողներ Վիլեն Գալստյանը, Լյուդմիլա Սեմանովան, Թերեզա Գրիգորյանը, Բելա Հովնանյանը, Էլվիրա Մնացականյանը, Վանուշ Խանամիրյանը, դիրիժորներ Արամ Քաթանյանը (1964-1970-ին և 1974-1982-ին՝ գլխավոր դիրիժոր), Հակոբ Ոսկանյանը, Յուրի Դավթյանը, ռեժիսորներ Արմեն Գուլակյանը, Վարդան Աճեմյանը, Հրաչյա Ղափլանյանը, Վահագն Բագրատունին, Տիգրան Լևոնյանը, բալետմայստերներ Եվգենի Չանգան, Մաքսիմ Մարտիրոսյանը, Վ. Գալստյանը, Աշոտ Ասատրյանը, խմբավար Ռուբեն Այվագյանը։ Երաժիշտ-մասնագետներ պատրաստվել են երաժշտական ուսումնական հաստատություններում։ Երևանի Կոմիտասի անվան կոնսերվատորիայում սովորում և կատարելագործվում են նաև սփյուռքահայ և օտարազգի երիտասարդ երաժիշտներ։ Կոնսերվատորիայում ստեղծվել է թավջութակահարների անսամբլ (1951, հիմնադիր-գեղարվեստական ղեկավար՝ Գերոնտի Թալալյան)։ Հայաստանում բացվել են նաև բազմաթիվ երաժշտական դպրոցներ։ Հանրապետության քաղաքներում կազմակերպվել են երգի տոներ, ստեղծվել են ժողովրդական ֆիլհարմոնիաներ, ժողովրդական կոնսերվատորիա, «Դպրոցականի ֆիլհարմոնիա», սիրող, կամերային նվագախմբեր, կվարտետներ, էստրադային անսամբլներ, ազգագրական խմբեր։ 1958-ին հիմնադրվել է Հայաստանի երգչախմբային ընկերությունը, որը նպաստել է ինքնագործունեության զարգացմանը։
Արվեստի և գրականության տասնօրյակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Նշանակալի իրադարձություններ էին հայ արվեստի և գրականության տասնօրյակները Մոսկվայում (1939, 1956), «Անդրկովկասյան գարուն» փառատոները (1958, 1965, 1975), Հայաստանի և այլ հանրապետությունների (Ռուսաստան, Ուկրաինա, Էստոնիա, Մոլդովա և այլն) միջև փոխադարձ տասնօրյակները, արվեստի և երաժշտության շաբաթները։ 1960-1970-ական թվականներին երաժշտական բազմաթիվ կոլեկտիվներ (Երևանի օպերայի և բալետի թատրոնը, Կոմիտասի անվան քառյակը, Հայաստանի պետական երգչախումբը, երգի-պարի, պարի անսամբլները, էստրադային և կամերային նվագախմբերը և այլն) համերգներով հանդես են եկել ավելի քան 80 երկրում։ Հետպատերազմյան տարիներին հայ երաժշտարվեստում ստեղծվել են տարբեր ժանրերի բարձրարվեստ գործեր։ Խորհրդական շրջանի երաժշտության մեջ խոշորագույն ներդրում էին Արամ Խաչատրյանի «Սպարտակ» բալետը (1954), Երրորդ սիմֆոնիան (1947, նվիրված է Հայրենական պատերազմի հաղթանակին), նաև թավջութակի կոնցերտը (1946), ջութակի (1961), թավջութակի (1963) և դաշնամուրի (1968) կոնցերտ-ռապսոդիաները նվագախմբի համար, դաշնամուրի սոնատը (1961), մենանվագ ջութակի (1975) և մենանվագ ալտի (1976) սոնատները։ Էպիկական շնչով, ազգային վառ երանգով են օժտված Գ. Եղիազարյանի «Սևան» (բեմադրված՝ 1956), «Արա Գեղեցիկ և Շամիրամ» (բեմադրված՝ 1982) բալետները, «Հրազդան» սիմֆոնիան (1960), «Արևածագին» սիմֆոնիկ պատկերները (1952)։ Լուսավոր քնարականությամբ, մեղեդայնությամբ առանձնանում են Ալեքսանդր Հարությունյանի «Հայրենիք» կանտատը (1948), դաշնամուրի կոնցերտինոն (1951), շեփորի և նվագախմբի կոնցերտը (1950), «Սայաթ-Նովա» (բեմադրված՝ 1969) օպերան, մոնումենտալ Սիմֆոնիան (1957) ,«Ասք հայ ժողովրդի մասին» վոկալ-սիմֆոնիկ պոեմը (1961)։ Դրամատիկ երանգներ ունեն Առնո Բաբաջանյանի «Հերոսական բալլադը» դաշնամուրի և նվագախմբի համար (1950), դաշնամուրային տրիոն (1952), ջութակի և դաշնամուրի սոնատը (1959), թավջութակի կոնցերտը (1962), «Վեց պատկերը» (1965), Դմիտրի Շոստակովիչի հիշատակին նվիրված կվարտետը (1976)։ Հոգեբանական խորությամբ, դրամատիկականի և քնարականի միաձուլմամբ առանձնանում են Էդվարդ Միրզոյանի կվարտետը (1947), սիմֆոնիան (1962), թավջութակի և դաշնամուրի սոնատը (1967)։ Էդգար Հովհաննիսյանի երկերին բնորոշ են թեմայի գաղափարական հագեցվածությունը, ժողովրդական երաժշտության չօգտագործված շերտերին դիմելը. «Հավերժական կուռք» (բեմադրված՝ 1966), «Անտունի» (բեմադրված՝ 1969) բալետները, «Սասունցի Դավիթ» օպերա-բալետը (բեմադրված՝ 1976), 3 սիմֆոնիա (1957, 1982, 1983), դաշնամուրային կվինտետը (1955), 4 կվարտետ, Կոնցերտ-բարոկկո ջութակի և կամերային նվագախմբի համար (1983), «Էրեբունի» կանտատը։
Հայկական սիմֆոնիզմի արդիականացումը
[խմբագրել | խմբագրել կոդը]Արդիականության շունչն է զգացվում Ավետ Տերտերյանի «Կրակե օղակում» (բեմադրված՝ 1967) օպերայում, 6 սիմֆոնիաներում (1969-1981), որոնք նոր ուղիներ են բացել հայկական սիմֆոնիզմի զարգացման մեջ։ Նրբագեղ և հնչյունային կոլորիտով են ստեղծվել Տիգրան Մանսուրյանի «Նահապետ Քուչակի չորս հայրենները» վոկալ շարքը (1967), «Գիշերային երաժշտությունը» (1980)՝ սիմֆոնիկ նվագախմբի, Կրկնակի կոնցերտը՝ ջութակի, թավջութակի և լարային նվագախմբի համար (1978), «Թովեմ» կամերային երկը 15 մենակատարի համար (1979), կվարտետը (1984)։ Այդ շրջանում հատկապես նշանակալի են հայ կոմպոզիտորների նվաճումները սիմֆոնիայի ժանրում, որը վկայում է հայկական ժամանակակից Երաժշտական ստեղծագործության հասունության և պրոֆեսիոնալ բարձր մակարդակի մասին։ Դրամատիկական, սուր կոնֆիլկտային են Լևոն Խոջա-Էյնաթովի, Ջիվան Տեր-Թադևոսյանի, Բորիս Փարսադանյանի, Էդուարդ Խաղագործյանի սիմֆոնիաները։ Դրամատիկական և էպիկական սիմֆոնիզմի սկզբունքները զուգակցված են Գևորգ Հախինյանի, Լևոն Աստվածատրյանի, Վահրամ Բաբայանի, Մարտուն Իսրայելյանի սիմֆոնիաներում։ Հայկական սիմֆոնիզմի նվաճումներից են նաև Էդվարդ Միրզոյանի «Սիմֆոնիկ պարերը» (1945), «Տոնական նախերգանքը» (1947), Ա. Հարությունյանի «Տոնական նախերգանքը» (1949) և «Սիմֆոնիետը» (1966), Ղազարոս Սարյանի «Սիմֆոնիկ պատկերները» (1955), «Հայաստան» սիմֆոնիկ պաննոն (1966), Տիգրան Մանսուրյանի «Պրելյուդները» (1975), Էմին Արիսաակեսյանի «Հայաստանի լեռներում» սիմֆոնիկ պատկերը (1976), Մարտին Վարդազարյանի «Նվիրում Բարտոկին» (1976) պոեմը, Ստեփան Շաքարյանի, Երվանդ Երկանյանի բալետային սյուիտները։ Հայկական ժամանակակից երաժշտության մեջ գործիքային կոնցերտի ժանրի գործեր են ստեղծել Լ. Խոջա-Էյնաթովը (դաշնամուրի), Ա. Հարությունյանը (դաշնամուրի, հոբոյի, շեփորի, ֆլեյտայի), Գեղունի Չթչյանը (ջութակի), Ադամ Խուդոյանը (թավջութակի), Յուրի Գևորգյանը (դուդուկի) և ուրիշներ։ 1950-1980-ական թվականներին վոկալ-սիմֆոնիկ ստեղծագործություններ են գրվել՝ նվիրված ժողովուրդների բարեկամությանը (Մելիք Մավիսակալյանի «Ձոն բարեկամության, 1977, Էմին Արիստակեսյանի «Երգ եղբայրության», 1982, և այլն), հայրենիքին (Գայանե Չեբոտարյանի «Հայաստան» պոեմ-կանտատը, 1947, Ռուբեն Ալթունյանի «Հայաստան աշխարհ», 1972, Տիգրան Մանսուրյանի «Նաիրյան երեք երգ», 1976, Արամ Սաթունցի «Վերածնված նաիրյան երկրի երգերը», 1979, Վաղարշակ Կոտոյանի «Իմ հայրենի երգերը», 1981, և այլն)։ Պատմական անցյալն արտացոլված է Գևորգ Հախինյանի «Թոնդրակեցիներ» (1966), Էդուարդ Հայրապետյանի «1915» (1977), Մելիք Մավիսակալյանի «Ավարայրի ճակատամարտը» (1981) օրատորիաներում։ Նույն թեմաներով են գրված Գևորգ Արմենյանի, Վլադիլեն Բալյանի, Ցոլակ Բեքարյանի, Երվանդ Երկանյանի, Վ. Գրիգորյանի, Ռ. Պետրոսյանի, Ա. Շիշյանի և ուրիշներ խմբերգային ստեղծագործությունները։ Ժողովրդականություն են վայելել Աշոտ Սաթյանի, Էդգար Հովհաննիսյանի, Խ. Ավետիսյանի, Ալեքսանդր Աճեմյանի, Վաղարշակ Կոտոյանի քնարական երգերը։
Խոշորամասշտաբ երաժշտական գործեր
[խմբագրել | խմբագրել կոդը]1950-1970-ական թվականներին խոշոր ձևի երաժշտական գործերի (կվարտետ, կվինտետ, տրիո, սոնատ) ստեղծմամբ նշանակալի հաջողությունների են հասել Առնո Բաբաջանյանը, Էդվարդ Միրզոյանը, Էդգար Հովհաննիսյանը, Կոնստանտին Օրբելյանը, Ալեքսանդր Փիրումովը, Լևոն Չաուշյանը և ուրիշներ, գործիքային մանրանվագի ժանրում՝ Էդվարդ Բաղդասարյանը (դաշնամուրային 24 պրելյուդ), Հ. Ստեփանյանը, Գայանե Չեբոտարյանը, Ս. Նաղդյանը, Ա. Բոյամյանը։ Վոկալ-կամերային երաժշտության մեջ առանձնանում են Գեղունի Չթչյանի, Էդուարդ Աբրահամյանի, Արզաս Ոսկանյանի, Վարդան Աճեմյանի ստեղծագործությունները։ 1970-ական թթ-ի կեսից զարգացել է նոր ժանր՝ երաժշտություն կամերային նվագախմբի համար, ինքնատիպությամբ աչքի են ընկել Ա. Զոհրաբյանի «Կոնցերտ-էլեգիան» (1980), «Կոնցերտ-սիմֆոնիան» (1982), Վ. Բաբայանի «Կամերային սիմֆոնիան» (1980), Մ. Իսրայելյանի «Սոնետների տետրը» ձայնի և կամերային նվագախմբի համար (1980), թավջութակի կոնցերտը (1983), Հրաչյա Մելիքյանի «Դաշնամուրի կոնցերտը» (1984) և այլն։
Օպերա և բալետ
[խմբագրել | խմբագրել կոդը]Թեմայի նշանակությամբ, ժանրային և ոճական բազմազանությամբ առանձնանում են Հ. Ստեփանյանի «Հերոսուհին» (1950), Անդրեյ Բաբաևի «Արծվաբերդ» (բեմադրված՝ 1957), Գևորգ Արմենյանի «Խորտակում» (բեմադրված՝ 1968), Գևորգ Հախինյանի «Լեգենդի մարդը» (բեմադրված՝ 1971), Յուրի Ղազարյանի «Էռնեստ Հեմինգուեյ» (1983) օպերաները Նորագույն շրջանի Անկախության հռչակումից (1991) հետո երկրում ստեղծված սոցիալ-տնտեսական ծանր պայմանները բացասաբար են ազդել նաև երաժշտարվեստի զարգացման վրա։ Առաջին տարիներին անհատ ստեղծագործողները և երաժշտական խմբերը մնացել են առանց պետական հոգածության, որի պատճառով նրանց մի մասը լուծարվել է։ Սակայն իրավիճակն աստիճանաբար և Կոնստանտին Օրբելյանի «Անմահություն» (բեմադրված՝ 1969), Գ. Եղիազարյանի «Անուրջների լիճը» (բեմադրված՝ 1968) բալետները։ Հայ դասականների ստեղծագործությունների հիման վրա են գրվել Արմեն Տիգրանյանի «Դավիթ Բեկ» (բեմադրված՝ 1950), Վարդան Տիգրանյանի «Սոս և Վարդիթեր» (բեմադրված՝ 1957), Ա. Այվագյանի «Պարոն Մինթոևը Փարիզում» (բեմադրված՝ 1963), Է. Հարությունյանի «Հեքիաթ մեծերի համար» (բեմադրված՝ 1970), Յուրի Գևորգյանի «Վերք Հայաստանի» (1976), Վ. Աճեմյանի «Կիկոսի մահը» (բեմադրված՝ 1980), Ա. Տերտերյանի «Երկրաշարժ» (1984) օպերաները, Գ. Հախինյանի «Ախթամար», «Ուռենի», «Լոռեցի Սաքոն» մեկ գործողությամբ բալետները (բեմադրված՝ 1966), ըստ օտարազգի դասականների՝ Է. Արիստակեսյանի «Պրոմեթևս» (բեմադրված՝ 1967), Արամ Խաչատրյանի «Դիմակահանդես» (երաժշտայան կոմպոզիցիան՝ Է. Հովհաննիսյանի, բեմադրված՝ 1982), Վ. Բաբայանի «Պիգմալիոն» (1973), Երվանդ Երկանյանի «Օրեստես» (1974) և «Էդիպ արքա» (1975), Ա. Տերտերյանի «Ռիչարդ III» (1979) բալետները։ Ստեղծվել են մանկական երաժշտության բազմաթիվ գործեր՝ գործիքային պիեսներ, երգեր, խմբերգեր և այլն (Արամ Խաչատրյան, Էդվարդ Միրզոյան, Տիգրան Մանսուրյան, Ռոբերտ Ամիրխանյան, Լ. Սաֆարյան, Ս. Սամվելյան, Գեղունի Չթչյան, Ա. Օհանյան, Արեգ Լուսինյան, Ռ. Պետրոսյան, Է. Միհրանյան և ուրիշներ )։ Հայտնի են Ա. Տեր-Դևոնդյանի «Արեգակի ցոլքերում» (բեմադրված՝ 1949), Յ. Գևորգյանի «Խարույկ» (բեմադրված՝ 1959), Ս. Ջրբաշյանի «Գիքոր» (բեմադրված՝ 1974) օպերաները, Մ. Մազմանյանի «Ճուտիկ» (1974, վերջին խմբ.), Հ. Մելիք-Մուրադյանի «Կարմիր գլխարկը» (բեմադրված՝ 1962), Բորիս Սակիլարիի «Չոփչոփիկը» (բեմադրված՝ 1962, 2- րդ խմբ. բեմադրված՝ 1981) բալետները և այլն։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստան հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |
Այս հոդվածն ընտրվել է Հայերեն Վիքիպեդիայի օրվա հոդված: |