Վահագն Ստամբոլցյան
Վահագն Ստամբոլցյան | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Ծնվել է | ապրիլի 19, 1931 Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Երկիր | ԽՍՀՄ և Հայաստան |
Մահացել է | հուլիսի 5, 2011 (80 տարեկան) Երևան, Հայաստան |
Գերեզման | Նուբարաշենի գերեզմանատուն |
Ժանրեր | դասական երաժշտություն և organ repertoire? |
Մասնագիտություն | երգեհոնահար և երաժշտության ուսուցիչ |
Գործիքներ | երգեհոն |
Աշխատավայր | Ռոմանոս Մելիքյանի անվան պետական երաժշտական քոլեջ և Հայկական պետական մանկավարժական համալսարան |
Կրթություն | Երևանի միջնակարգ մասնագիտական երաժշտական դպրոց Չայկովսկու անվան, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա և Սանկտ Պետերբուրգի կոնսերվատորիա (1962) |
Պարգևներ |
Վահագն Պարույրի Ստամբոլցյան (ապրիլի 19, 1931, Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - հուլիսի 5, 2011, Երևան, Հայաստան), երգեհոնահար, մանկավարժ։ Հայաստանի ժողովրդական արտիստ (2006)։
Բժիշկներ Ռաֆայել և Ելենա Ստամբոլցյանների եղբայրը։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մինչև ուսանողական տարիները կրել է Վլադիմիր անունը։ Հայրը տնտեսագետ, ստալինյան բռնատիրության զոհ Պարույր Ստամբոլցյանն է, մայրը՝ ռուսերենի ուսուցչուհի Սրբուհի Ազատյանը։ 1937 թ. հայրը բանտարկվել է և 1941 թվականին գնդակահարվել Ռուսաստանի բանտերից մեկում։ Հոր բանտարկությունից հետո Վահագն Ստամբոլցյանը կրել է Ազատյան ազգանունը. հայրական ազգանունը վերականգնել, իսկ Վլադիմիր անունը փոխարինել է Վահագնով ուսանողության տարիներին Լենինգրադում։ Ավարտել է Երևանի Չայկովսկու անվան դպրոցը, ապա մեկ տարի սովորել Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դաշնամուրի բաժնում՝ Առնո Բաբաջանյանի դասարանում։ Այնուհետև ընդունվել և 1962 թ. ավարտել է Լենինգրադի Ռիմսկի-Կորսակովի անվան կոնսերվատորիայի երգեհոնի դասարանը (Յու. Բրյուշկովի դաշնամուրի և Ի. Բրաուդոյի երգեհոնի դասարանները)։ Եղել է Հայֆիլհարմոնիայի մենակատար։ 1963 թվականից մանկավարժական գործունեություն է ծավալել Երևանի Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանում։ 1966 թվականից դասավանդել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում, բացել երգեհոնի դասարան (1970-1985 թթ., միաժամանակ՝ ՀՊՄՀ-ում), պրոֆեսոր՝ 1990 թվականից, երգեհոնի ամբիոնի վարիչ՝ 1997 թվականից։
Ստամբոլցյանը մեծապես նպաստել է Հայաստանում երգեհոնային արվեստի տարածմանը։ Նվագացանկն ընդգրկում է մինչդասական շրջանի, Յոհան Սեբաստիան Բախի, Հենդելի, նաև Քրիստափոր Քուշնարյանի, Հարո Ստեփանյանի, Տիգրան Մանսուրյանի և այլոց երկերից։ Ստամբոլցյանն առաջին անգամ երգեհոնով հնչեցրել է Ներսես Շնորհալու, Խաչատուր Տարոնացու, Գրիգոր Մագիստրոս Պահլավունու շարականները (Կոմիտասի ու Եկմալյանի մշակմամբ և սեփական փոխադրությամբ)։ Կատարումն աչքի է ընկնում գունեղ հնչողությամբ, ոճական ճշգրիտ մեկնաբանումով։ Համերգներով հանդես է եկել նաև արտասահմանում։
Առաջին անգամ 1965 թվականի ապրիլի 24-25-ին Խորհրդային Հայաստանում Վահագն Ստամբոլցյանը Լուսինե Զաքարյանի մասնակցությամբ հոգևոր երաժշտության համերգային ծրագրով նշել է Մեծ եղեռնի տարելիցը։ Վահագն Ստամբոլցյանի շնորհիվ հայ հոգևոր երգը տեղ է գտել բազմաթիվ եվրոպական երգեհոնահարների ծրագրային կատարումների ցանկում։
Համերգներով հանդես է եկել Հայաստանում, Հոլանդիայում, Ֆրանսիայում, Լիբանանում, Խորհրդային Միության համարյա բոլոր քաղաքներում, ուր կային երգեհոնային համերգային դահլիճներ, մասնավորապես Մոսկվայում, Պետերբուրգում, Կիևում, Ռիգայում, Վիլնյուսում և այլուր[1]։
Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ՀԽՍՀ վաստակավոր արտիստ, 1970 թ.
- Հայաստանի ժողովրդական արտիստ, 2006 թ.
- «Սուրբ Սահակ-Սուրբ Մեսրոպ» շքանշան, 2009 թ.
Մեջբերումներ Վահագն Ստամբոլցյանից
[խմբագրել | խմբագրել կոդը]Իմը սա է, հոգևորը, որովհետև առանց հոգևորի աղքատ է կյանքը[2]։ |
Գոհ եմ, որ մի խումբ աշակերտներ ունեմ և բոլորին հավասար եմ վերաբերվում, սովորեցնում։ Առանց պարտադրանքի, երկուստեք սիրով և ըմբռնումով։ |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Նրա ժառանգությունը երգեհոններն են, որ շարունակում են աստվածային լույսեր վառել...». ՍՐԲՈՒՀԻ ՍՏԱՄԲՈԼՑՅԱՆ
- Վահագն Ստամբոլցյան, «Տեր Ողորմյա», Եկմալյան
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 11, էջ 100)։ |
- Ապրիլի 19 ծնունդներ
- 1931 ծնունդներ
- Երևան քաղաքում ծնվածներ
- Հուլիսի 5 մահեր
- 2011 մահեր
- Երևան քաղաքում մահացածներ
- Երևան քաղաքում թաղվածներ
- Հայկական պետական մանկավարժական համալսարանի դասախոսներ
- Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի շրջանավարտներ
- Սանկտ Պետերբուրգի կոնսերվատորիայի շրջանավարտներ
- ՀՀ ժողովրդական արտիստներ
- Անձինք այբբենական կարգով
- Երաժիշտներ այբբենական կարգով
- Հայ երգեհոնահարներ
- Հայ մանկավարժներ