Գոհար Գասպարյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Գասպարյան ազգանունով այլ մարդկանց մասին։
- Այս հոդվածը երգչուհու մասին է։ Այլ գործածությունների համար այցելեք Գոհար Գասպարյան (այլ կիրառումներ)։
Գոհար Գասպարյան | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Ի ծնե անուն | Գոհար Միքայելի Խաչատուրյան |
Ծնվել է | դեկտեմբերի 14, 1924[1][2] Կահիրե, Եգիպտոս[3][1][2] |
Երկիր | Եգիպտոսի թագավորություն, ԽՍՀՄ, Հայաստան և Եգիպտոս |
Մահացել է | մայիսի 16, 2007[4] (82 տարեկան) Երևան, Հայաստան[2] |
Գերեզման | Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոն |
Ժանրեր | օպերա |
Մասնագիտություն | օպերային երգչուհի, երաժշտության ուսուցիչ և քաղաքական գործիչ |
Երգչաձայն | կոլորատուրային սոպրանո[1] և սոպրանո |
Գործիքներ | վոկալ |
Աշխատավայր | Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն[1] և Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա[1] |
Ամուսին | Տիգրան Լևոնյան |
Պարգևներ | |
Gohar Gasparyan (singer) Վիքիպահեստում |
Գոհար Միքայելի Գասպարյան (օրիորդական ազգանունը՝ Խաչատուրյան, դեկտեմբերի 14, 1924[1][2], Կահիրե, Եգիպտոս[3][1][2] - մայիսի 16, 2007[4], Երևան, Հայաստան[2]), օպերային արվեստի մեծագույն հայ վարպետ, քնարակոլորատուրային սոպրանո, ԽՍՀՄ ժողովրդական արտիստուհի, սոցիալիստական աշխատանքի հերոս։
Ընտանիքը
[խմբագրել | խմբագրել կոդը]Գոհար Գասպարյանը ծնվել է 1924 թվականին Կահիրեում, Միքայել և Արուսյակ Խաչատուրյանների երաժշտասեր ընտանիքում։ Նա լույս աշխարհ էր եկել յոթ ամսական տարիքում։ Այն տարիներին բժշկությունը դեռևս անկարող էր ապահովել անհաս նորածինների առողջությունը։ «Չի ապրի, երեխան չափից շատ նվազ է ու թույլ»,- ցավով նշում էին ընտանիքի անդամները։ Սակայն նրա տատը հակառակն էր պնդել՝ ասելով. «Կապրի և բոլորիս հպարտությունը կդառնա»։
Հայրը մասնագիտությամբ իրավաբան էր։ Եղել է Կոմիտասի սաներից մեկը և տիրապետում էր ֆլեյտա գործիքին։ Մայրը հայոց լեզվի ուսուցչուհի էր և նվագում էր դաշնամուր։ Ուներ մի եղբայր, որը մահացել էր տիֆից։
19-րդ դարի սկզբին ծագած թուրք-եգիպտական առաջին պատերազմին եգիպտացի զորավար Մուհամմադ Ալին (1769-1849), օսմանների դեմ պատերազմելով, հասնում է մինչև Խարբերդ, Չնքուշ գյուղ։ Եգիպտացի զինվորների շրջանում սկսվում է տիֆի համաճարակ։ Մուհամմադ Ալիի զորքին օգնության է հասնում տեղացի մեծահարուստ Խաչատուր էֆենդիի տղաներից մեկը՝ Միշել Խաչատուրյանը։ Գերմանիայում ուսանած երիտասարդ բժիշկը, ով Գոհար Գասպարյանի հոր պապն էր, կարողանում է բուժել հիվանդ զինվորներին։ Օսմանյան կայսրության և Եգիպտոսի միջև կնքվում է հաշտության պայմանագիր, ինչից հետո եգիպտական բանակը վերադառնում է հայրենիք։ Մուհամմադ Ալին ցանկանում էր պարգևատրել երիտասարդ բժշկին իր կատարած ծառայությունների դիմաց, սակայն նա հրաժարվում է՝ խնդրելով իրեն և իր ընտանիքը իրենց հետ տանել Կահիրե։ Այնուհետև նա ծառայության է անցնում որպես պալատական բժիշկ և ամուսնանում սուլթան Հուսեյնի քրոջ՝ Ջավհարի հետ[5]։
Գոհար Գասպարյանի մանկությունն անցել է Նեղոսի ափամերձ Շարկիա գյուղաքաղաքի հենց այն տանը, որը սուլթան Հուսեյնը կառուցել էր իր քրոջ համար և որպես օժիտ տվել էր 30 ուղտ։ Եռահարկ շքեղ տունը՝ իր 100 հա կալվածքով, բամբակի պլանտացիաներով, 200-ի չափ ծառաներով ու բանվորներով հանդերձ, մնացին Գոհարի մանկության հիշողության անբաժանելի մասը[6]։
Ազգակցական կապեր է ունեցել գրող, փիլիսոփա, բառարանագիր Եղիա Տեմիրճիպաշյանի հետ։
1948 թվականին իր առաջին ամուսնու՝ բանասեր Հայկ Գասպարյանի հետ հայրենադարձվել է Խորհրդային Հայաստան։ 1949 թվականին Երևանում ծնվել է նրանց դուստրը՝ Սեդա Գասպարյանը։ 1956 թվականին նրանք ամուսնալուծվել են և նույն թվականի հունիսի 9-ին Մոսկվայում նա ամուսնացել է անվանի օպերային երգիչ, ռեժիսոր Տիգրան Լևոնյանի հետ։ 1958 թվականին ծնվել է նրանց որդին, ով մեկն է դառնում այն 11 երեխաներից, որոնք մահանում են այդ նույն օրը բժիշկների անփութության պատճառով։ Գոհար Գասպարյանը խոստովանել է, որ ամեն անգամ օրորոցային երգելիս որդուն է հիշել ու արցունքներով հեռացել բեմից։
Կրթություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ինը տարեկանից երգել է Կահիրեի հայոց եկեղեցում։ Նախնական կրթությունը ստացել է Կահիրեի Գալուստյան ազգային վարժարանում։ Այնուհետև սովորել է Կահիրեի երաժշտական ակադեմիայում՝ ուսանելով եվրոպացի վարպետներ Էլիզ Ֆելդմանի և Վինչենցո Կարրոյի դասարաններում։ Աշակերտել է նաև աշխարհահռչակ դիրիժորներ Ֆրանչեսկո Մոլինարիին և Հյուտտելին, որոնք պատերազմի տարիներին շուրջ հինգ տարի ապրեցին և ստեղծագործեցին Կահիրեում[7]։ Դաշնամուրի դասեր է վերցրել հույն դաշնակահար Ժորժ Թեմելիից։
Կատարողական գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1940 թվականից դեռևս կոնսերվատորիայում ուսանելու տարիներին ելույթներ է ունեցել Կահիրեում։ Երգել է Եգիպտոսի ռադիոյում՝ որպես մեներգչուհի։ Ռադիոյի ղեկավարությունը բացառության կարգով խախտեց ռադիոյի կանոնադրությունը, ըստ որի մեներգիչներ կարող էին լինել բացառապես մուսուլմանները։ 1948 թվականին հրավեր է ստանում Միլանի «Լա Սկալա» օպերային թատրոնից, սակայն նա ոչ միայն մերժել է այդ առաջարկը, այլև նույն թվականին 24 տարեկան հասակում հայրենադարձվել Հայաստան։ 1949 թվականից Հայաստանի օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մեներգչուհի է։ Երևանյան թատրոնում նրա առաջին բեմելը նշանավորվել է «Լակմե»-ի դերերգով համանուն օպերայից։ Հանդես է եկել 23 օպերաների գլխավոր դերերում։ Նրա երգացանկում տեղ են գտել ավելի քան 500 ստեղծագործություններ։
Ելույթներ է ունեցել Ֆրանսիայում, Գերմանիայում, Մեծ Բրիտանիայում, Իսպանիայում, Հունգարիայում, Թուրքիայում, Ճապոնիայում, ԱՄՆ-ում, Բրազիլիայում, Ուրուգվայում, Սիրիայում, Լիբանանում, Իրանում, ԽՍՀՄ նախկին հանրապետություններում և այլուր։ Նրան ծափահարել են աշխարհի նշանավոր թատրոններում՝ Նյու Յորքի «Carnegie Hall», Փարիզի «Grand Opéra», Մոսկվայի «Bolshoi Théâtre» և այլուր։ Նրան անվանել են «Հայաստանի սոխակ»։
Երկար տարիներ նրան նվագակցել են Էլեոնորա Ոսկանյանը, Լևոն Աբրահամյանը, ինչպես նաև Հարություն Փափազյանը։
Դերերգերը
[խմբագրել | խմբագրել կոդը]- Անուշ (Ա. Տիգրանյանի «Անուշ»)
- Շուշան (Ա. Տիգրանյանի «Դավիթ Բեկ»)
- Օլիմպիա (Տ. Չուխաճյանի «Արշակ Բ»)
- Կարինե (Տ. Չուխաճյանի «Լեբլեբիջի Հոր-հոր աղա»)
- Գոհար (Հարո Ստեփանյանի «Հերոսուհի»)
- Ռոզինա (Ջ. Ռոսինիի «Սևիլյացի սափրիչը»)
- Մարգարիտ (Շ. Գունոյի «Ֆաուստ»)
- Լակմե (Լ. Դելիբի «Լակմե»)
- Լյուչիա (Գ. Դոնիցետիի «Լյուչիա դի Լամերմուր»)
- Նորմա (Վ. Բելլինիի «Նորմա»)
- Վիոլետա (Ջ. Վերդիի «Տրավիատա»)
- Ջիլդա (Ջ. Վերդիի «Ռիգոլետտո»)
- Մարֆա (Ն. Ռիմսկի-Կորսակովի «Թագավորի հարսնացուն»)
Հարուստ է եղել Գոհար Գասպարյանի երգացանկը՝ հայ, ռուս և արևմտաեվրոպացի կոմպոզիտորների մեծակտավ ու փոքրածավալ ստեղծագործություններ, հոգևոր ու ժողովրդական երգեր։
Տիրապետում էր հայերեն, իտալերեն, ֆրանսերեն, գերմաներեն, արաբերեն ու անգլերեն լեզուներին։
Մանկավարժական գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1962-2007 թվականներին դասավանդել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում (1973 թվականից՝ պրոֆեսոր)։ Նրա բազմաթիվ աշակերտներ դարձել են համաշխարհային լավագույն բեմերի մեներգիչներ (Օլգա Զաքարյան, Ռաֆայել Հակոբյանց, Դավիթ Վարժապետյան, Էլլադա Չախոյան, Շաքե Ասչյան, Գայանե Գրիգորյան, Վարդուհի Խաչատրյան, Վարդուհի Աբրահամյան և այլք)։ Նրա ուսանողն է եղել նաև ապագա ամուսինը՝ օպերային երգիչ, ռեժիսոր, դերասան Տիգրան Լևոնյանը։
Հասարակական գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Երեք անգամ ընտրվել է ԽՍՀՄ Գերագույն սովետի և Հայկական ԽՍՀ Գերագույն սովետի դեպուտատ։
Գոհար Գասպարյանի մասին
[խմբագրել | խմբագրել կոդը]Թռչունները Գոհար Գասպարյանին սովորեցրել են երգել, իսկ նա թռչուններին՝ ծլվլալ։ - Բանաստեղծ Ավետիք Իսահակյան
|
Նման տիտաններ, ինչպիսին Գոհար Գասպարյանն է, ծնվում են հարյուր տարին մեկ։ Համաշխարհային դասականների ամենաբարդ գործերը, որոնք, թվում է, անհնար է կատարել, գասպարյանական մեկնաբանությամբ նոր կյանք են ստանում։ Գոհարը վոկալային աստղ է, որ մի քանի համաստեղություն արժե։ - Օպերային երգչուհի Զարուհի Դոլուխանյան
|
Մինչև Գոհար Գասպարյանը մեր երկրում չգիտեին, թե ինչ է կոլորատուրային սոպրանոն։ - Օպերային երգչուհի Իրինա Արխիպովա
|
Արքիմեդյան լապտերով փնտրված արվեստագետներից է մեր Գոհարը՝ իր անվան նման թանկ ու նվիրական։ Ծնվեց ճիշտ ժամանակին, որպեսզի իր «Կռունկով» ու «Ծիծեռնակով», «Մայր Արաքսով» ու «Անտունիով» հռչակեր և՛ իրեն, և՛ իր ժողովրդին։ - Գեղանկարիչ Մարտիրոս Սարյան
|
Գոհար Գասպարյանը կինոյում
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Հայկական կինոհամերգ», Երևանի կ/ս, 1954 թ., 57 րոպե (ռեժիսորներ՝ Լևոն Իսահակյան, Գ. Սարկիսով)։ Կինոհամերգում ընդգրկված են հատվածներ հայ հեղինակների օպերաներից։ Կատարոողներից մեկը Գոհար Գասպարյանն է[8]։
- «Երգում է Գոհար Գասպարյանը», Հայֆիլմ, 1963 թ., երաժշտական ֆիլմ, 66 րոպե (բեմադրող ռեժիսոր՝ Գրիգոր Մելիք-Ավագյան)։ Տասնմեկ նովելներից բաղկացած այս ֆիլմի հիմքում դասական երաժշտական ստեղծագործություններ են, որոնց կատարումով հանդես է գալիս Գոհար Գասպարյանը[9]։
- «Կարինե», Հայֆիլմ, 1967 թ., երաժշտական կատակերգություն (Տ. Չուխաճյանի «Լեբլեբիջի Հոր-հոր աղա» կոմիկական օպերայի էկրանավորումը), 94 րոպե (բեմադրող ռեժիսոր՝ Արման Մանարյան)։ Կարինեի դերը կատարում է Լ. Հարությունյանը, երգում է Գոհար Գասպարյանը[10]։
- «Անուշ», «Երևան» ՀՖՍ, 1983 թ., ֆիլմ-օպերա (Արմեն Տիգրանյանի համանուն օպերայի էկրանավորումը), 129 րոպե (բեմադրող ռեժիսոր՝ Մարատ Վարժապետյան), 129 րոպե։ Անուշի դերը կատարում է Սաթենիկ Սահակյանցը (Սաթի Սպիվակովա), երգում է Գոհար Գասպարյանը[11]։
- «Արշակ Երկրորդ», Հայֆիլմ, 1988 (Տ. Չուխաճյանի համանուն օպերայի էկրանավորումը), 146 րոպե (բեմադրող ռեժիսոր՝ Տիգրան Լևոնյան)։ Օլիմպիայի դերը կատարում է Մ. Պետրոսյանը, երգում է Գոհար Գասպարյանը[12]։
- «Լեռնային լճի գաղտնիքը», Երևանի կ/ս, 1954 թ., մանկական (Վ. Անանյանի «Սևանի ափին» վիպակի էկրանավորումը), 70 րոպե (բեմադրող ռեժիսոր՝ Ալեքսանդր Ռոու)։ Կարինեի երգը կատարում է Գոհար Գասպարյանը[13]։
- «Գոհար», «Երևան» ՀՖՍ, 1974 թ., վավերագրական ֆիլմ (ռեժիսոր՝ Մարատ Վարժապետյան), 26 րոպե։ Ֆիլմ-համերգ Գոհար Գասպարյանի մասնակցությամբ[14]։
Պարգևներ, մրցանակներ, կոչումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1951 թ.՝ Ստալինյան մրցանակ
- 1953 թ.՝ ՀԽՍՀ ժողովրդական արտիստ
- 1956 թ.՝ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ
- 1965 թ.՝ ՀԽՍՀ պետական մրցանակ
- 1973 թ.՝ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր
- 1981 թ.՝ Ժողովուրդների բարեկամության շքանշան
- 1984 թ.՝ Սոցիալիստական աշխատանքի հերոս, Լենինի շքանշան
- 1984 թ.՝ Երևանի պատվավոր քաղաքացի
- 1997 թ.՝ Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշան
Գրքեր Գոհար Գասպարյանի մասին
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ալեքսանդր Թադևոսյան, Գոհար Գասպարյան (ակնարկ), Երևան, 1959
- Տիգրան Լևոնյան, Էմանվել Մանուկյան, Գոհար Գասպարյան (ալբոմ-ժողովածու), Երևան, 2001
- Համասփյուռ Մանուկյան, Իմ ութ և կես տարիները Գոհար Գասպարյանի հետ (հուշագրություն), Երևան, 2004
- Ольга Захарян, Гоар Гаспарян и ее вокальная школа, Ереван, 2005
- Արմինե Մելիք-Իսրայելյան, Նվարդ Մարուխյան, Գոհար Գասպարյան (մեկ ժամ ձայնավարժություն), Երևան, 2007
- Արմինե Մելիք-Իսրայելյան, Գոհար Գասպարյանի ֆենոմենը, Երևան, 2007
- Սերգեյ Առաքելյան, Գոհար Գասպարյան (ալբոմ-ժողովածու), Երևան, 2007
- Ռոբերտ Դավթյան, Հայոց սոխակը (հոդվածների և հարցազրույցների ժողովածու), Երևան, 2008[15]
- Արմինե Մելիք-Իսրայելյան, Երբ աշխարհն է ծափահարում (մենագրություն), Երևան, 2010[16]
Հարգանքի տուրք
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1996 թվականին ԱՄՆ-ի Աստղերի միջազգային հաշվառումը որոշեց աստղերից մեկն անվանակոչել Գոհար Գասպարյանի անունով։
- 2020 թվականին Երևան քաղաքի ավագանու որոշմամբ Երևանի Լեոնիդ Ազգալդյան փողոցից մինչև «Կասկադ» համալիր ձգվող ճանապարհահատվածը (Վերին անտառային 19 Ա հասցեից մինչև Վերին անտառային 122 հասցե) անվանակոչվել է Գոհար Գասպարյանի անվամբ[17]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 Ով ով է. հայեր (հայ.) / Հ. Այվազյան — Երևան: Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 2005.
- ↑ 3,0 3,1 3,2 Гаспарян Гоар Микаэловна // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ 4,0 4,1 4,2 http://armenianow.com/?action=viewArticle&AID=2201&CID=2243&IID=1133&lng=eng
- ↑ Մելիք-Իսրայելյան, Արմինե (2010). Երբ աշխարհն է ծափահարում. Երևան. էջեր 41–44.
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link) - ↑ Մելիք-Իսրայելյան, Արմինե (2010). Երբ աշխարհն է ծափահարում. Երևան. էջ 39.
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link) - ↑ «Գ․Գասպարյան․ «Անհատը կարող է մի ամբողջ ազգ ու երկիր ներկայացնել»».
- ↑ «Հայկական կինոհամերգ 54». www.arm-cinema.am. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մայիսի 12-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 11-ին.
- ↑ «Երգում է Գոհար Գասպարյանը». www.arm-cinema.am. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 11-ին.
- ↑ «Կարինե». www.arm-cinema.am. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 11-ին.
- ↑ «Անուշ». www.arm-cinema.am. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունիսի 23-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 11-ին.
- ↑ «Արշակ Երկրորդ». www.arm-cinema.am. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 26-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 11-ին.
- ↑ «Լեռնային լճի գաղտնիքը». www.arm-cinema.am. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 11-ին.
- ↑ «Գոհար». www.arm-cinema.am. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մայիսի 11-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 11-ին.
- ↑ «Առասպե՞լ էր, թե՞ երգչուհի».
- ↑ «1965-ԻՆ ԳՈՀԱՐ ԳԱՍՊԱՐԵԱՆ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹԵԱՆ ՊԱՏՄԱԿԱՆ ՓԱՍՏԸ ԲԱՐՁՐԱՁԱՅՆ ԿԸ ՆԵՐԿԱՅԱՑՆԷՐ ԹՈՒՐՔԻՈՅ ՄԷՋ». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ նոյեմբերի 6-ին.
- ↑ «Գոհար Գասպարյանի անվան փողոց՝ Երևանում».
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Րաֆֆի Օրացույց, Րաֆֆի Օրացույցների Հրատարակչական Կազմ, Թեհրան, Իրան, 2008
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գոհար Գասպարյան» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գոհար Գասպարյան» հոդվածին։ |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 693)։ |
Այս հոդվածն ընտրվել է Հայերեն Վիքիպեդիայի օրվա հոդված: |
- Դեկտեմբերի 14 ծնունդներ
- 1924 ծնունդներ
- Կահիրե քաղաքում ծնվածներ
- Մայիսի 16 մահեր
- 2007 մահեր
- Երևան քաղաքում մահացածներ
- Կոմիտասի անվան պանթեոնում թաղվածներ
- Սոպրանոներ
- Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի գիտական անձնակազմ
- Սոցիալիստական աշխատանքի հերոսներ
- Լենինի շքանշանի ասպետներ
- Ժողովուրդների բարեկամության շքանշանի դափնեկիրներ
- ԽՍՀՄ ժողովրդական արտիստներ
- Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանի ասպետներ
- Ստալինյան մրցանակի դափնեկիրներ
- Երևանի պատվավոր քաղաքացիներ
- ՀԽՍՀ պետական մրցանակի դափնեկիրներ
- Անձինք այբբենական կարգով
- Երաժիշտներ այբբենական կարգով
- 20-րդ դարի օպերային երգիչներ
- ԽՍՀՄ ԳԽ 7-րդ գումարման պատգամավորներ
- ԽՍՀՄ ԳԽ 8-րդ գումարման պատգամավորներ
- ԽՍՀՄ Պետական մրցանակի դափնեկիրներ
- Խորհրդային ակադեմիական երաժիշտներ
- Խորհրդային օպերային երգիչներ և երգչուհիներ
- ՀԽՍՀ ժողովրդական արտիստներ
- Հայ սոպրանոներ
- Հայ օպերային երգչուհիներ
- Հայկական ԽՍՀ Գերագույն Խորհրդի 5-րդ գումարման պատգամավորներ