Լուսինե Զաքարյան
Լուսինե Զաքարյան | |
---|---|
| |
Բնօրինակ անուն | հայ․՝ Լուսինե Զաքարյան |
Ծնվել է |
հունիսի 1, 1937 Ախալցխա, Վրաստան |
Երկիր |
![]() ![]() |
Մահացել է |
1992 թվականի դեկտեմբերի 30 (55 տարեկանում) Երևան, Հայաստան |
Մասնագիտություն | օպերային երգչուհի |
Երգչաձայն | սոպրանո |
Գործիքներ | վոկալ |
Շրջանավարտ | Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա |
Ամուսին | Խորեն Պալյան |
Կայք | intlsolidarity.blogspot.com/2007/10/lusine-zakaryan.html |
Լուսինե Հաբեթի Զաքարյան (1937, հունիսի 1, Ախալցխա, Ջավախք, Վրաստան - 1992, դեկտեմբերի 30, Երևան), հայ երգչուհի, Կոմիտասի, հայ հոգևոր երգերի ու տաղերի կատարող։ Ժողովրդի կողմից շատ սիրված երգչուհու աճյունը գտնվում է Էջմիածին քաղաքի Սուրբ Գայանե եկեղեցու բակի գերեզմանատանը։
Բովանդակություն
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Լուսինե Զաքարյանը ծնվել է 1937 թվականի հունիսի 1-ին Վրաստանի Մեցխեթի շրջանի Ախալցխա քաղաքում: Մինչև 15 տարեկանը ապրել և մեծացել է Ախալցխայում։ 1952 թվականին իր ընտանիքի հետ տեղափոխվել է Երևան, սովորել Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանում: 1957 թվականին ընդունվել է Երևանի պետական կոնսերվատորիա: Այդ տարիներին նրա տաղանդն արդեն բացահայտ էր։ Լուսինե Զաքարյանը սերում է երաժիշտների գերդաստանից։ Մորական կողմից պապը՝ Իոսիֆ Տոմաշեվիչը (ծագումով լեհահայ) եղել է Սանկտ Պետերբուրգի Կայսերական օպերային թատրոնի մեներգիչ, ձայնային հարուստ տվյալներով օժտված բաս-պրոֆունդո, որն իր ձայնը մշակել էր Իտալիայում։ Տատը՝ Ելենա Տոմաշեվսկայան, դաշնակահարուհի էր։ 1970-1983 թթ. եղել է Հայաստանի Ազգային հեռուստաընկերության և ռադիոյի սիմֆոնիկ նվագախմբի մեներգչուհի։ Այդ ընթացքում երգել է նաև Էջմիածնի Մայր տաճարի երգչախմբում։ Գերազանց կատարել է ինչպես արևմտաեվրոպական ստեղծագործություններ, այնպես էլ՝ հայկական ժողովրդական և հոգևոր երաժշտություն։ Դեռևս խորհրդային տարիներին, երբ արգելվում էին բազմաթիվ երաժշտական ոճեր, ինչպես նաև հոգևոր երաժշտությունը, նա համարձակություն է ունեցել հայկական հոգևոր երաժշտությունը բարձրացնել բեմ։
1972 թվականին արժանացել է ՀԽՍՀ ժողովրդական արտիստի կոչմանը[1]:
Բազմիցս համերգներով եղել է արտերկրում, որտեղ փառքով ներկայացրել է Կոմիտասին, հայ ժողովրդական երգերը, տաղերը և շարականները։ Պարբերաբար համերգներ է տվել հայազգի աշխարհահռչակ երգեհոնահար Պերճ Ժամկոչյանի հետ։ Լուսինեի համար է կոմպոզիտոր Առնո Բաբաջանյանը գրել իր «Վոկալիզը»: Նրան բանաստեղծություններ են ձոնել Սիլվա Կապուտիկյանը, Վահագն Դավթյանը, Արշալույս Մարգարյանը, այլազգի բանաստեղծներ (Էդուարդաս Մեժելայտիս, Անտոն Խիժնյակ, Միխայիլ Մատուսովսկի)։ Շնորհիվ հոգեթով ձայնի, Լուսինե Զաքարյանի ձայնագրությունները մտել են համաշխարհային երաժշտության ձայնադարան։
Լուսինե Զաքարյանը ծանր հիվանդությունից վախճանվել է 1992 թվականի դեկտեմբերի 30-ին Երևանում: Քանի որ այդ ժամանակվա ՀՀ կառավարությունը թույլ չի տվել նրա հուղարկավորությունը կատարել Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոնում, ամենայն հայոց կաթողիկոս Վազգեն Ա-ի համաձայնությամբ Լուսինեի մարմինը 1993 թվականի հունվարի 4-ին հողին են հանձնել Էջմիածին քաղաքի Սուրբ Գայանե եկեղեցու բակի գերեզմանատանը, ուր և այժմ գտնվում է ժողովրդի կողմից շատ սիրված մեծանուն երգչուհու շիրիմը:
Գրքեր Լուսինե Զաքարյանի մասին[խմբագրել | խմբագրել կոդը]
Մինչև այժմ հրատարակվել է մեծանուն երգչուհու մասին պատմող երեք գիրք: Դեռևս Լուսինեի ստեղծագործական գործունեության բուռն շրջանում գրականագետ Կարլեն Դանիելյանը գրում և 1981 թվականին Երևանում հրատարակում է «Լուսինե Զաքարյան» 204 էջից բաղկացած աշխատությունը: Լուսինեի մահից հետո նրա ամուսնու՝ Խորեն Պալյանի և բանասեր Լիդա Գևորգյանի կողմից կազմվում և 1999 թվականին Երևանում հրատարակվում է «Լուսինե» ժողովածուն: Սակայն, տեսնելով ընթերցող հասարակության անտարբերությունը, Խորեն Պալյանը գնել է «Լուսինե» գրքի բոլոր չվաճառված օրինակները և տեղափոխել իր բնակարան: 2015 թվականին հրատարակվել է Լուսինե Զաքարյանի մասին պատմող թվով 3-րդ գիրքը՝ Սերգեյ Մանվելյանի աշխատասիրությամբ հրատարակված «Լուսինե Զաքարյանը ժամանակակիցների հուշերում» ժողովածուն[2]:
Մեջբերումներ Լուսինե Զաքարյանի մասին[խմբագրել | խմբագրել կոդը]
![]() |
Երբ Լուսինեն երգում է «Սուրբ, սուրբը», բոլոր հրեշտակները բազմությամբ իջնում են Մայր Աթոռ ու փառաբանում Աստծուն իր այդ երգեցողության ու նրան ի վերուստ տրված շնորհի համար[3][4][5][6][7][8] | ![]() |
![]() |
Լուսինեն հայ երգարվեստի մեջ նույն դերն ունի, ինչ ճարտարապետության մեջ՝ Թորոս Թորամանյանը[3][4][4]: | ![]() |
![]() |
![]() |
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Կարլեն Դանիելյան «Լուսինե Զաքարյան», Երևան, 1981, 204 էջ:
- Լիդա Գևորգյան, Խորեն Պալյան «Լուսինե», Երևան, 1999, 192 էջ:
- Սերգեյ Մանվելյան «Լուսինե Զաքարյանը ժամանակակիցների հուշերում», Երևան, 2015, 264 էջ:
- Հայկական սովետական հանրագիտարան, հատոր 3, Երևան, 1977, էջ 675:
- Հայկական համառոտ հանրագիտարան, հատ. 2, Երևան, 1995, էջ 190:
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005
- ↑ «http://www.nyut.am/?p=93718&l=am»
- ↑ 3,0 3,1 Այսօր Լուսինե Զաքարյանի ծննդյան օրն է
- ↑ 4,0 4,1 4,2 Անուններ
- ↑ Լուսինե Զաքարյանի մասին mediamall.am կայքում
- ↑ Լուսինե Զաքարյան. նրա ձայնը երկնքից էր գալիս
- ↑ «Սուրբ էր, աստվածային»
- ↑ Այսօր հայ անվանի երգչուհի Լուսինե Զաքարյանի ծննդյան օրն է
|