Գևորգ Արմենյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Արմենյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Գևորգ Արմենյան | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Ի ծնե անուն | Գևորգ Արտաշեսի Խաչատրյան |
Ծնվել է | հունվարի 5, 1920[1][2] Թիֆլիս, Վրաստանի Դեմոկրատական Հանրապետություն[1][2] |
Երկիր | ԽՍՀՄ և Հայաստան |
Մահացել է | ապրիլի 12, 2005 (85 տարեկան) Երևան, Հայաստան |
Մասնագիտություն | կոմպոզիտոր և երաժշտության ուսուցիչ |
Գործունեություն | 1958–2005 |
Աշխատավայր | Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա[1] և Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն |
Կրթություն | Ռոմանոս Մելիքյանի անվան պետական երաժշտական քոլեջ (1948), Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա (1953)[1] և Սանկտ Պետերբուրգի կոնսերվատորիա (1958)[1] |
Անդամակցություն | Հայաստանի կոմպոզիտորների միություն |
Պարգևներ |
Գևորգ Արտաշեսի Արմենյան (իսկական՝ Խաչատրյան, հունվարի 5, 1920[1][2], Թիֆլիս, Վրաստանի Դեմոկրատական Հանրապետություն[1][2] - ապրիլի 12, 2005, Երևան, Հայաստան), հայ կոմպոզիտոր, երաժիշտ-մանկավարժ։ ՀԽՍՀ ժողովրդական արտիստ (1985)։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է Թբիլիսիում 1920 թվականին։ 1934-1939 թվականներին եղել է տեղի հայկական Պատանի հանդիսատեսի թատրոնի դերասանական կազմում։ 1937-1941 թվականներին աշխատել է Թբիլիսիի դպրոցներում։ 1941 թվականին ավարտել է երաժշտական ուսումնարանը։ 1941-1945 թվականներին մասնակցել է Երկրորդ համաշխարհային պատերազմին։ 1946 թվականին տեղափոխվել է Երևան, իսկ 1948 թվականին ավարտել է Երևանի Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանը։ 1948-1951 թվականներին դասավանդել է նույն ուսումնարանում։ 1953 թվականին ավարտել է Երևանի պետական կոնսերվատորիան (ղեկավար՝ Գևորգ Եղիազարյան), 1958 թվականին՝ Լենինգրադի կոնսերվատորիայի ասպիրանտուրան (ղեկավար՝ Բ. Արապով)։ 1958 թվականից դասավանդում է Երևանի կոնսերվատորիայում։ 1958 թվականից մինչ կյանքի վերջ դասավանդել է Երևանի կոնսերվատորիայում (1983 թվականից՝ պրոֆեսոր)։ 1968-1970 թվականներին եղել է Երևանի Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնի տնօրենն ու գեղարվեստական ղեկավարը։ 1950 թվականից եղել է Հայաստանի կոմպոզիտորների միության անդամ։ 1971-1973 թվականներին՝ Հայաստանի կոմպոզիտորների միության ղեկավարը[3][4]։
Մահացել է Երևանում 2005 թվականին։
Ստեղծագործություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Մանկությունից հաղորդակից լինելով երաժշտությանը երաժշտասեր ընտանիքում, հարուստ ու բազմապիսի երաժշտական կենցաղով ապրող Թիֆլիսում, նա պատանեկության տարիներին առանձնակի սիրով կապվեց օպերային ու դրամատիկական թատրոնին։ Ապագա կոմպոզիտորի կյանքի ուղին արվեստի հետ կապվել է Թիֆլիսի պատանի հանդիսատեսի հայկական թատրոնում, որտեղ մի շարք դերեր է կատարել։ Ծանոթությունը, իսկ այնուհետև բարեկամությունը երգչուհի ու մանկավարժ, մի շարք երաժշտական գործերի հեղինակ Արուս Բաբալյանի (Ռ.Մելիքյանի կինը) հետ, մեծ ու դրական ներգործություն ունեցավ նրա վրա։ Բարեկիրթ, լայն մտահորիզոնի տեր երգչուհին նպաստեց ապագա երաժշտի մասնագիտական հետաքրքրությունների զարգացմանը և, մասնավորապես, երաժշտական գիտելիքների ընդլայնմանը։ Թատրոնի ու երաժշտության հանդեպ անհագ սերն իր արտահայտությունը գտավ առաջին երաժշտական-թատերական գործում` «Մարո» օպերայում (ըստ՝ Հ.Թումանյանի)։ Թիֆլիսի 40-րդ միջնակարգ դպրոցում օպերային բեմադրությունն աշակերտության ջերմ ընդունելությանն արժանացավ։
Ստեղծագործական հաջողությունների լուրջ վկայությունն էր «Ասք Հայաստանի մասին» քառամաս կանտատը (խոսք՝ Ա.Պողոսյանի), որը որոշակիորեն խորհրդանշական էր ապագա ստեղծագործությունների ոճական ուղղվածության տեսակետից։ Կանտատը մարմնավորում է հայրենասիրություն, հավատարմությունն ազգայինին։ Երկի գրելաոճը մատչելի է։ Վաղ երիտասարդության տարիներից դիմելով Հ.Թումանյանի պոեզիային, զգալով ազգային բանաստեղծական խոսքի հարազատությունը իր ներաշխարհին՝ Արմենյանն իր մտահղացումները կապում է հայկական թեմատիկայի հետ։ Իր ժողովրդի առաջադեմ մարդկանց կյանքում ու գործում, հեղափոխական պայքարի դրվագներում նա գտնում՛ է իր ժամանակակիցներին հուզող խոհեր։ Հրապուրված Թումանյանի «Մարո» պոեմով, Արմենյանը երազում էր օպերա գրել։ Ուսման տարիներին սկսեց «Խաչատուր Աբովյան» օպերան, որի մի դրվագը ներկայացրեց որպես դիպլոմային աշխատանք։ Երևանի կոնսերվատորիային հետևեց ուսումնառությունը Լենինգրադի կոնսերվատորիայում, որի ասպիրանտուրան ավարտեց կոմպոզիտոր Բ.Արապովի ղեկավարությամբ։ Լենինգրադյան տարիներին եկավ պրոֆեսիոնալ հասունացումը, մեծապես ընդլայնվեց երաժշտի տեսադաշտը, նորովի արժեքավորվեցին գեղարվեստական երևույթները։ Բազմապիսի համերգները, երաժշտա-թատերական հագեցած կյանքը խթանում էին երաժշտի որոնումները։ Լենինգրադում կոմպոզիտորն ավարտեց Ֆլեյտայի ու նվագախմբի կոնցերտը, շարունակեց գրել «Խաչատուր Աբովյան» օպերան։
1958 թվականից Արմենյանը, ստեղծագործական աշխատանքին զուգընթաց, Երևանի կոնսերվատորիայում ղեկավարում է գործիքագիտության դասընթացը, որը հետագայում հիմք ծառայեց ծավալուն գիտական աշխատության համար՝ դաոնալով մեզանում գրված առաջին հայերեն դասագիրքը։
1960 թվին՝ Երևանի օպերային թատրոնն իրականացրեց «Խաչատուր Աբովյան» օպերայի (լիբրետոն՝ Ե.Արմենյանի, Ա.Պողոսյանի) բեմադրությունը։ Օպերայի հաջողությունը մեծապես քաջալերեց կոմպոզիտորին։ Աշխատելով երգերի ու խմբերգերի, «Վարդգես Սուրենյանցի Պատկերասրահում» սիմֆոնիկ սյուիտի ստեղծման ուղղությամբ՝ նա ապրում է նոր օպերա գրելու տենչանքով։ Նա սկսում է նոր օպերա մտմտալ։ Դա Լ.Շանթի «Հին աստվածներն» էր։ Սակայն աշխատանքը ընդհատվեց։ Կոմպոզիտորը ձեռնարկեց գրել օպերա ժամանակակից թեմայով։
Նոր օպերայի համար սյուժետային հիմք է ծառայում Ա.Արաքսմանյանի «Վարդեր ու արյուն» դրաման։ Բանաստեղծ Ռ.Դավոյանի հետ ստեղծելով նոր օպերայի լիբրետոն՝ կոմպոզիտորը ոգեշնչված աշխատում է նոր երաժշտական-թատերական գործի վրա։ «Խորտակում» անվանումը ստացած օպերան ավարտվում ու բեմադրվում է 1968-ին Երևանում, իսկ չորս տարի անց՝ Պերմի օպերային թատրոնում։ Օպերայի բեմադրությանը հետևեց Արմենյանի՝ Երևանի Ալ.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի պետական թատրոնի տնօրեն նշանակվելը։ Թատրոնի ղեկավարման երկու տարիների ընթացքում կոմպոզիտորի ուշադրությունը հիմնականում ուղղված էր ազգային երկացանկը հարստացնելու խնդիրների լուծմանը։
Ստեղծագործական նոր մտահղացումներով լի Արմենյանը հոգեկան բավարարվածություն է ստանում՝ տեղեկանալով Բոստոնում, Ֆիլադելֆիայում իր երգերի, խմբերգերի, Ֆլեյտայի ու նվագախմբի կոնցերտի կատարման մասին։ Երկու օպերաների բեմադրությունից հետո կոմպոզիտորը վերսկսեց գրել «Հին աստվածներ» օպերան։ Անցած տարիների փորձով հարստացած՝ նա վերանայեց օպերայի պատրաստի հատվածները, նորովի իմաստավորեց ստեղծագործության դրամատուրգիան։ Օպերայի ստեղծմանը զուգահեռ Արմենյանը գրում է վոկալ շարքեր։ Առաջինը «Ղողանջներ» շարքն է (բանաստեղծ Ա.Մանուկյանի խոսքերով), երկրորդը՝ «Նվիրում» շարքը (Պ.Սևակի բանաստեղծություններով)։ Արվեստագետի համար առաջնային նշանակություն ունեցավ հոգեբանական-բարոյական կապը իր ժողովրդի պատմական անցյալի ու ներկայի, նրա ծանրակշիռ հոգևոր արժեքների հետ։ Այդ կապն ապահովեց գեղարվեստական մտածողության ազգային ուղղվածությունը։
Արմենյանի գեղարվեստական սկզբունքների ձևավորումն ու հասունացումը ընթացել է ժողովրդական, աշուղական-գոաանական, մասամբ և մոնոդիկ պրոֆեսիոնալ երաժշտությանը հարազատ մնալու պայմաններում։ Մեծ հայրենականի տարիներին մի շարք երգեր ստեղծելով ռուս բանաստեղծների խոսքերով (Ի.Սլավինսկի, Ի.Ուտկին), ինքնահաստատվելով որպես պրոֆեսիոնալ երաժիշտ՝ այնուհետև կոմպոզիտորն իր ստեղծագործական աշխատանքն ամբողջապես կապեց ազգային գրականության հետ. հանգամանք, որը որոշակի նշանակություն ունեցավ ազգային ոճի ստեղծման համար։ Կոմպոզիտորը նախընտրում է առավելապես վոկալ ու վոկալ-գործիքային երաժշտության ժանրերը և, բնականաբար, մեծ տեղ է հատկացնում արտահայտիչ, հուզական, երգային տիպի մեղեդիներին։ Արմենյանի մեղեդային ոճը, բնութա՛գրվելով խոսքի Ելևէջների նուրբ զգացողությամբ, ժամանակի ընթացքում որոշակի փոփոխություններ է կրում։ Այն մասնավորապես նկատելի է «Խորտակում» օպերայում, «Ղողանջներ» ու «Նվիրում» վոկալ շարքերում, որտեղ, երգային մեղեդայնության կողքին, արտահայտչականությանը մարմնավորում են զուսպ ու խիստ, խոսքի իմաստը խորացնող ասերգային բազմաբնույթ կառույցները։
ժամանակի ընթացքում առանձնակի զարգացում է ապրում կոմպոզիտորի գործիքային ոճը։ Երաժշտական ոճի նկատելի փոփոխություններ տեղի ունեցան առանցքային նշանակություն ունեցող գործերում։ Այսպես, Ֆլեյտայի ու նվագախմբի համար կոնցերտը ունի ուրույն գեղարվեստական արժանիքներ. անկաշկանդ, վառ ազգային բնույթի երգայնություն, լուսավոր-կենսուրախ բնավորություն։ Ֆլեյտայի կոնցերտը արժեքավոր ներդրում էր փողային գործիքների համար գրված խոշոր կտավի երկերում։ Ջերմ, հուզական մեղեդայնությամբ է ողողված «Խաչատուր Աբովյան» օպերայի երաժշտությունը, որի կարևոր արժանիքներից էր բեմական երաժշտության առանձնահատկություններին տիրապեւոելը։
«Խորտակում» օպերան գեղարվեստական հասունությամբ զգալիորեն տարբերվում է կոմպոզիտորի նախորդ օպերայից։ «Խաչատուր Աբովյան» օպերայում իշխող վոկալ արտահայտչականությանը հակադրվել է նվագախմբի առաջնային դերը՝ պահպանելով երաժշտության զարգացման միջանցիկ սկզբունքը։ Նվագախմբին է հատկացվում բովանդակության բացահայտման ծանրակշիռ մասը, և մեծ վարպետությամբ է իրականացված խորհրդանշական հեռվից մոտեցող, ընթացքը արագացնող գնացքի շարժումը։ Նվագախմբին հանձնարարված օպերայի գաղափարական էությունը բացահայտող ամենից ծանրակշիռ հատվածն այլաբանական նշանակություն ունի։ Օպերայի ձևագոյացման հանդեպ նոր դիրքորոշումը հնարավորություն տվեց հայ ժողովրդի պատմական կյանքի շրջադարձային պահերից մեկին նվիրված երաժշտական-թատերական գործին համոզիչ գեղարվեստական մարմնավորում տալ։ «Խաչատուր Աբովյան» օպերայի ստեղծման ու բեմադրության աշխատանքը օգտավետ էր «Խորտակում» օպերայի դրամատուրգիայի հասունացման, գեղարվեստական խնդիրների անհամեմատ տպավորիչ լուծման համար։ «Խորտակում» օպերայի սյուժեի զարգացման դինամիկ ընթացքը, իրադարձությունների լարված հաջորդականությունը բխում էին ժամանակի գեղարվեստական մղումներից։ Դրամատուրգիական ճիշտ տեղադրում ստացան սյուժետային-թեմատիկ հանգույցները։ Ավելի հետևողական է լայտմոտիվների կիրառումը, դրանց դերը շարադրանքի միջանցիկ զարգացման գործում։
Կոմպոզիտոր Գ.Արմենյանի ստեղծագործական դիմանկարը լրացնում է կինոերաժշտության արտահայտչական ու նկարագրական կողմերի ամբողջական պատկերը։ Նրա ստեղծած երաժշտությունը դառնում է ֆիլմերի բովանդակության կարևոր գործոն՝ նպաստելով ռեժիսորական մտահղացման իրականացմանը և, միաժամանակ, չկորցնելով իր անհատական մտածելակերպը[5]։ :
Գ.Արմենյանի գրչին են պատկանում մի շարք հոդվածներ, օպերային ներկայացումների գրախոսականներ։
Ուշագրավ են մանուկների գեղագիտական դաստիարակության հարցերին և երեխաներին ուղղված հոդվածները, որոնք գրված են փոքրիկների հոգեբանության և ըմբռնումների խոր գիտակցությամբ։ Արմենյանը երեխաների գեղարվեստական դաստիարակությանը նպաստեց նաև դպրոցականների երգչախումբ կազմակերպելով ու ղեկավարելով։ Ուսման և կոնսերվատորիայում մանկավարժական գործունեության տարիներին, օպերային թատրոնը ղեկավարելու շրջանում, կոմպոզիտորների միությունում գործելիս Արմենյանն ի հայտ է բերել հասունացած գեղարվեստական ու հասարակական խնդիրների խոր ըմբռնում, գտել է դրանց լուծման հնարավոր ձևերը։
Կոմպոզիտորի ստեղծագործական հետաքրքրությունների ոլորտում գլխավոր աշխատանքն է օպերայի ստեղծումը՝ ըստ Լ.Շանթի «Հին աստվածների»։ Իր որոնումների մեջ կոմպոզիտորը ձգտում է հայտնաբերել օպերային ու բալետային ժանրերի սինթեզման ուղիներ[6]։
- «Խաչատուր Աբովյան» օպերա (1958, լիբրետտո՝ Գ․ Արմենյանի և Ա․ Պողոսյանի, բեմադրվել է՝ 1960 թվականին Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնում)
- «Խորտակում» օպերա (լիբրետտո՝ Գ․ Արմենյանի և Ռազմիկ Դավոյանի, բեմադրվել է՝ 1968 թվականին, Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնում))
- «Ասք Հայաստանի մասին» կանտատը (խոսք՝ Ա․ Պողոսյանի, 1950),
- կոնցերտ ֆլեյտայի և սիմֆոնիկ նվագախմբի համար (1954),
- ռոմանսներ,
- երգեր, խմբերգեր
Կինոնկարների երաժշտություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ 1965
- ՀԽՍՀ ժողովրդական արտիստ 1985
- Հայրենական պատերազմի 2-րդ կարգի մեդալ
- «Բելգրադի ազատագրման համար» մեդալ
- «Գերմանիայի դեմ հաղթանակի» մեդալ
- «Աշխատանքային գերազանցիկ» մեդալ
- «Աշխատանքի ազատամարտիկ» մեդալ
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Գրիգորյան Ք., Գևորգ Արմենյան [Կոմպոզիտորի կյանքն ու գործունեությունը], Ե., 1981:
- Բարսամյան Ա․, Հարությունյան Մ․, Հայ երաժշտության պատմություն, Ե․, 1999։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 Հայկական համառոտ հանրագիտարան (հայ.) — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1990. — հատոր 1.
- ↑ «Ով ով է։ Հայեր» հանրագիտարան, հատոր առաջին, գլխավոր խմբագիր՝ Հովաննես Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատարակչություն, Երևան, 2007։.
- ↑ «Zarkfoundation - Գևորգ Արմենյան». zarkfoundation.com.
- ↑ «Գևորգ Արմենյան | Music of Armenia». musicofarmenia.com. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մայիսի 17-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 5-ին.
- ↑ «Գևորգ Արմենյան». www.findarmenia.com. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ սեպտեմբերի 29-ին. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 15-ին.
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գևորգ Արմենյան» հոդվածին։ |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 95)։ |
- Հունվարի 5 ծնունդներ
- 1920 ծնունդներ
- Թբիլիսի քաղաքում ծնվածներ
- Ապրիլի 12 մահեր
- 2005 մահեր
- Երևան քաղաքում մահացածներ
- Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի գիտական անձնակազմ
- Ռոմանոս Մելիքյանի անվան պետական երաժշտական քոլեջի շրջանավարտներ
- Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի շրջանավարտներ
- Սանկտ Պետերբուրգի կոնսերվատորիայի շրջանավարտներ
- Հայաստանի կոմպոզիտորների և երաժշտագետների միության անդամներ
- Հայրենական պատերազմի 2-րդ աստիճանի շքանշանակիրներ
- «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար» մեդալակիրներ
- ՀԽՍՀ ժողովրդական արտիստներ
- ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչներ
- Անձինք այբբենական կարգով
- Երաժիշտներ այբբենական կարգով
- ԽՄԿԿ անդամներ
- Կոմպոզիտորներ այբբենական կարգով
- Հայ երաժիշտներ
- Հայ կոմպոզիտորներ
- Հայ մանկավարժներ
- Հայրենական մեծ պատերազմի հայ մասնակիցներ