Երևանի բիայնական դամբարան
Երևանի բիայնական դամբարան | |
---|---|
Երևանի բիայնական դամբարան | |
Տեսակ | դամբարան, դամբարան և հնագիտական հուշարձան |
Երկիր | Հայաստան |
Բնակավայր | Երևան |
Երևանի բիայնական դամբարան, Վանի Արարատյան թագավորության երեքհազարամյա դամբարան Երևանի հարավարևմտյան հատվածում՝ «Երևան Մոլ» առևտրի կենտրոնի տարածքում[1][2]։
Պատմական նկարագիր
[խմբագրել | խմբագրել կոդը]Դամբարանը թվագրվում է մ.թ.ա. 8-րդ դարին, այն հայտնաբերվել 1984 թվականի մարտին տարածքում գործող Երևանի «Ավտոագրեգատ» գործարանի շինարարական աշխատանքների ժամանակ։ Հայտնաբերված բիայնական դամբարանը պեղվել է ՀՀ ԳԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի արշավախմբի կողմից` Էրեբունու թանգարանի աշխատակիցների օգնությամբ։
Դամբարանը կառուցված է եղել հին և մեծ դամբարանադաշտում[3][4]։ Ներկայումս դամբարանի պատերը կրում են ժամանակին այնտեղ գործած արդյունաբերական ձեռնարկության թափոնների հետքերը․ գործարանից դեպի դամբարան է արտահոսել նավթի, բենզինի և յուղի խառնուրդ[1]։
Կառուցվածք
[խմբագրել | խմբագրել կոդը]Դամբարանն ուղղանկյունաձև կառույց է՝ հյուսիս-հարավ կողմնորոշմամբ։ Այն կառուցված է կարմիր, սև, մուգ դարչնագույն և շագանակագույն տուֆով։ Ներքին չափերով կառույցի երկարությունը 3,46 մ է, լայնությունը՝ 1,97 մ, բարձրությունը` 2,15 մ։ Դամբարանի մուտքը, որը գտնվում է կառույցի հյուսիսային կողմում, փակված է եղել հսկա սալաքարով, որն այժմ ցուցադրվում է դամբարանի տարածքում։ Դամբարանախցի հատակը շարված է տուֆե սալերով, որոնց տակ գտնվում են գաղտնարաններ։ Դամբարանախուցն ունի հինգ որմնախորշ, որոնցից երեքը արևմտյան պատի մեջ են, մեկը՝ հարավային, մյուսն՝ արևելյան։
Ծածկը բաղկացած է եղել տուֆե հինգ երկայնական քարասալից, որոնք դրված են եղել կողք-կողքի` սրահի լայնքով մեկ (արևմուտքից արևելք ուղվածությամբ) և հենվել են պատերի շարվածքի վերին՝ հինգերորդ շարքի քարերի ձևավորած քիվի վրա։
Պեղածո նյութ
[խմբագրել | խմբագրել կոդը]Պեղումների արդյունքում արևմտյան պատի որմնախորշերում հայտնաբերվել են մեկական աճյունասափոր՝ լցված մարդու, կենդանիների և թռչունների մանրացված ոսկորներով։ Արևելյան որմնախորշում եղել է ցլի գլխի արձանիկներով մեծ կավանոթ և մի թաս, որի հատակին պահպանված էր նապաստակի պատկերով դրոշմ։ Դամբարանի հյուսիսարևելյան անկյունում գտնվել են մի քանի մեծ ու փոքր թասեր, սափոր ու ճրագ[4]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 «Հնավայր «Երևան մոլում». ի՞նչ է թաքնված երեքհազարամյա ուրարտական դամբարանի որմնախորշերում».
- ↑ ««Երևան մոլի» տարածքում ուրարտական ժամանակաշրջանի դամբարան կա».
- ↑ «Էրեբունի թանգարան սրահ 2-ցուցափեղք 14».(չաշխատող հղում)
- ↑ 4,0 4,1 «Հայաստանի հնագիտական հուշարձանները, Մոնթե Մելքոնյան, Երևան 1995» (PDF).