Գևորգ Զ Նորնախիջևանցի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Գևորգ Զ. Նորնախիջևանցիից)
Jump to navigation Jump to search
Գևորգ Զ Նորնախիջևանցի
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գևորգ Զ
129-րդ Ծայրագույն Պատրիարք
և Կաթողիկոս Ամենայն Հայոց
GevorgVI.jpg
Ընդհանուր տեղեկություններ
ԵկեղեցիՀայ Առաքելական եկեղեցի Հայ Առաքելական եկեղեցի
ԱնունԳևորգ Զ Չորեքչյան
ՏիտղոսՆ.Ս.Օ.Տ.Տ. Գևորգ Զ
Ծայրագույն Պատրիարք
և Կաթողիկոս Ամենայն Հայոց
Գահակալություն19451954 թթ.
ԻրավանախորդԽորեն Ա Մուրադբեկյան (Տփղիսեցի)
(1932-1938),
ազատ (1938-1945)
ԻրավահաջորդՎազգեն Ա Պալճյան (Բուխարեստցի) (1955-1994)
Ծնվել է1868 դեկտեմբերի 2
ԾննդավայրՆոր Նախիջևան Նոր Նախիջևան Ռուսաստան Ռուսաստան
Մահացել էմայիսի 9, 1954(1954-05-09) (տարիքը 85)
Մահվան վայրԷջմիածին Վաղարշապատ Հայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն Հայկական ԽՍՀ
ԿրթությունԳևորգյան ճեմարան (1879 - 1889),
Լայպցիգի համալսարան (աստվածաբանության և փիլիսոփայության բաժիններ),
Լայպցիգի կոնսերվատորիա (18891894)
Gevorg VI Վիքիպահեստում

Գևորգ Զ Չորեքչյան (դեկտեմբերի 2, 1868(1868-12-02), Նոր Նախիջևան, Եկատերինոսլավի նահանգ, Ռուսական կայսրություն - սեպտեմբերի 26, 1954(1954-09-26), Վաղարշապատ), Ամենայն Հայոց 129-րդ Կաթողիկոս, ծնվել է Նոր Նախիջևան քաղաքում։ Ամենայն հայոց կաթողիկոս 1945 թվականից։ Հաջորդել է Խորեն Ա Մուրադբեկյանին։

Սովորել է նախ Նոր Նախիջեւանի ծխական դպրոցում, այնուհետև 1879 թվականին ընդունվել է Ս. Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարան։ 1889 թվականին ձեռնադրվել է սարկավագ, Մակար Ա կաթողիկոսի տնօրինությամբ նոյն տարին մեկնում է Գերմանիա։ 1889-1894 թվականներին ուսանում է Լայպցիգի համալսարանի աստվածաբանության ֆակուլտետում և նույն քաղաքի կոնսերվատորիայում։

Վերադառնալով հայրենիք, Գևորգ սարկավագ Չորեքչյանը մեկ տարի Գևորգյան ճեմարանում դասավանդում է երաժշտություն, ապա մեկնում է Նոր Նախիջևան՝ ծավալելով այստեղ բուռն մանկավարժական, հայրենասիրական ու երաժշտական գործունեություն։ 1913 թվականին Գևորգ Ե կաթողիկոսը նրան հրավիրում է Մայր Աթոռ, ձեռնադրում է վարդապետ և նորից Նոր Նախիջևան ուղարկում՝ այս անգամ արդեն առաջնորդական տեղապահի պաշտոնով։ 1915 թվականի հայկական կոտորածներից փրկված գաղթականների Եղբայրական օգնության կոմիտեի անդամ էր, իսկ 1916 թվականից՝ նախագահ։

1916 թվականին Գևորգ վարդապետ Չորեքչյանը վերադառնում է Մայր Աթոռ։ Նույն թվականին նա արժանանում է ծայրագույն վարդապետության աստիճանի, ապա նշանակվում է Սինոդի անդամ։ 1917-ին ձեռնադրում է եպիսկոպոս, 1917 դառնալով վանական կառավարության նախագահ և Մայր Տաճարի լուսարարապետ։ 1922 թվականին Գևորգ եպս. Չորեքչյանը նշանակվում է Վիրահայոց թեմի հոգևոր առաջնորդ։ Նա վարում է այդ պաշտոնը մինչեւ 1927 թ.։ 1925 թվականին նրան շնորհվում է արքություն։ 1927 թվականից եղել է Գերագույն հոգևոր խորհրդի անդամ։ 1938 թվականին կաթողիկոս Խորեն Ա. Մուրադբեկյանի եղերական մահից հետո, համաձայն նրա թիվ 620 կոնդակի, 1938 թ. ապրիլի 10-ից ստանձնում է Հայ եկեղեցու գործերի ղեկավարումը։ 1941 թվականի ապրիլին Ազգային եկեղեցական ժողովում ընտրվել է կաթողիկոսական տեղապահ։ 1945 թվականի հունիսի 16-22-ը Մայր Աթոռում հրավիրված Ազգային-եկեղեցական ժողովը Ամենայն հայոց կաթողիկոս է ընտրում Գևորգ արքեպիսկոպոս Չորեքչյանին (1945-1954)։

Գևորգ Չորեքչյանի երգչախումբը Նոր Նախիջևանում

Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին սփյուռքահայության շրջանում կազմակերպել է հանգանակություն «Սասունցի Դավիթ» և «Գեներալ Բաղրամյան» տանկային շարասյուների ստեղծման համար։ Նրա կաթողիկոսության օրոք վերածնունդ են ապրել ԽՍՀՄ տարածքում գտնվող հայոց թեմերը, հրատարակվել է «Էջմիածին» ամսագիրը, վերաբացվել են Էջմիածնի հոգևոր ճեմարանը, տպարանը, վերադարձվել ճեմարանի գրադարանը, վանքապատկան շենքերի մի մասը, ինչպես նաև՝ Ս. Հռիփսիմե, Ս. Գեղարդավանք և Խոր վիրապի վանքերը։ Գևորգ Զ Չորեքչյանը կարևոր խնդիր է համարել մայր հայրենիքի և սփյուռքահայության կապերի ամրապնդումը, սփյուռքի եկեղեցական և ազգային միասնության ապահովումը։ Մեծ ավանդ է ունեցել 1946–1948 թվականների հայրենադարձության կազմակերպման գործում։ 1945 թվականի ապրիլի 19-ին Մոսկվայում Ի. Ստալինի հետ հանդիպման ժամանակ բարձրացրել է Արևմտյան Հայաստանի հողերի խնդիրը, իսկ 1945 թվականի հոկտեմբերի 25-ին կոնդակով դիմել է ԽՍՀՄ-ի, ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի կառավարություններին՝ հայկական հողերը Թուրքիայից հետ ստանալու խնդրանքով։ 1947 թվականի ապրիլի 20-ին հրապարակել է ընդարձակ մի կոնդակ՝ «Հայկական հարցի լուծման մասին»։ Ողջունել է 1947 թվականի ապրիլին Նյու Յորքում գումարված Հայկական համաշխարհային կոնգրեսը, որի նպատակն էր վերստին արծարծել Թուրքիայի բռնագրաված հայկական տարածքների վերադարձման հարցը։ Ինը տարվա գահակալության ընթացքում նա հասցրել է վերակազմակերպել Մայր Աթոռի ներքին և արտաքին թեմերը։ Միանգամից ձեռնադրել է տասը եպիսկոպոսներ, հետագայում (1951)՝ ևս հինգը, որոնց հաստատում է թեմերի առաջնորդների թափուր պաշտոններում։

Մահացել է 1954 թվականի սեպտեմբերի 26-ին։ Կաթողիկոսական գահին Զ Չորեքչյանին հաջորդել է Վազգեն Ա Պալճյանը։


Նախորդող՝
Խորեն Ա Մուրադբեկյան
Կաթողիկոս
1945–1954
Հաջորդող՝
Վազգեն Ա Բուխարեստցի


Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Վավերագրեր հայ եկեղեցու պատմության», գիրք Զ. Գևորգ Զ Չորեքչյան կաթողիկոս Ամենայն Հայոց (1938-1955 թթ.), կազմեց Ս. Բեհբուդյանը, Երան, 1999։
  • «Նշանավոր Ճեմարանականներ», Պրակ Ա, Մայր Աթոռ Ս. Էջմիածին, 2005։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]