Կորդուք
Երկիր | Մեծ Հայք |
---|---|
Կարգավիճակ | գավառ |
Հիմնական լեզու | ասորերեն, հայերեն |
Ազգային կազմ | ասորիներ, հայեր |
Կրոնական կազմ | զրադաշտականություն, հայ առաքելական եկեղեցի, ասորական ուղղափառ եկեղեցի |
Կորդուք, գավառ Մեծ Հայքի Կորճայք նահանգի կազմում[1][2]՝ ըստ Աշխարհացույցի[3]։ Վարչական կենտրոնը եղել է Փինիկ (Փինիկա) բնակավայրը։ Հունահռոմեական պատմիչները Կորդուքի բնակավայրերից հիշատակում են նաև Սարիսա և Սիդալագա բերդաքաղաքները։ «Աշխարհացոյցը» հիշում է Կորդուքի Թման ավանը (Հռիփսիմեանց պատմության մեջ՝ Թմնիս, ասորերեն՝ Թեմանոն, արաբերեն՝ Թամանոն, այժմ՝ Թմնին գյուղ)։ Վերջինս, սակայն, գտնվում էր Ներքին Կորդիք գավառում։
Անվանում
[խմբագրել | խմբագրել կոդը]Ըստ Պլինիոս Ավագի՝ Կորդուենե գավառանունն առաջացել է տեղաբնիկների «կորտ», «կորդ» կամ «գորդ» ցեղանունից։ Կորդուքի անունով է կոչվում նաև Կորդվաց լեռնաշղթան։ Ադիաբենեում բնակվող ասորիները, հայերին ու նրանց երկրին առաջին անգամ ծանոթանալով Կորդուքի միջոցով, Հայաստանը կոչել են «Կարդու», «Քարդու» (Աստվածաշնչի հին ասորական և հին արաբական թարգամանություններն այդ անունները գործածել են «Հայաստան» անվան փոխարեն)։ Հայ մատենագիրները Կորճայք նահանգը հաճախ կոչել են «Կորդուաց աշխարհ»։ Հայ հնագույն պատմության մեջ Կորդուքը հիշատակվում է Կադմեաց տուն (հայոց անվանադիր նախնի Հայկի թոռան և Արամանյակի որդու՝ Կադմոսի անունով)։
Ասորեստանի թագավոր Թիգլաթպալասար I-ի (մ.թ.ա. 1115-1077 թվականներ) տարեգրության մեջ Կադմեաց տունը հիշատակվում է Կադմուխի երկիր անունով, իսկ նրա բնակիչներին՝ ասորեստանցիներին, անվանել են նաև կուրիտներ կամ ընդհանուր հորջորջմամբ՝ բաբխեցիներ (լեռնականներ)։
Մ.թ.ա. 401 թվականին 7 օր անդադար հալածելով Հայաստանով նահանջող հույն զինվորներին (10 հազար)՝ Կորդուքի հայերը զգալի կորուստներ են պատճառել նրանց և դուրս մղել իրենց հողերից։ Ստրաբոնը Կորդուքի հայերին անվանում է քաջ պատերազմիկներ, ներհուն արվեստագետներ և ճարտարապետներ։ Անտիկ պատմիչները Կորդուքը անվանել են «արգավանդ գավառ» (Ամմիանոս), «գինեվետ երկիր» (Քսենոփոն)։
Աշխարհագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կորդուքը եղել է Կորճայքի ինը գավառներից մեկը։ Արևելքում սահմանակցել է Վերին Կորդրիք, հարավ-արևելքում՝ Միջին Կորդրիք, իսկ հարավում՝ Ներքին Կորդրիք գավառներին։ Հարավ-արևմուտքում և արևմուտքում Տիգրիս գետն էր, որից այն կողմ գտնվող Ծավդեք գավառը ժամանակ առ ժամանակ հայտնվում էր հայոց պետության սահմաններում։ Հյուսիսում՝ Արևելյան Տիգրիս գետով, ընդհանուր սահման ուներ Աղձնիք նահանգի Աղձն, իսկ Կորդվաց լեռնաշղթայով՝ Մոկք նահանգի Ջերմաձոր գավառների հետ։
Ունի լեռնային ռելիեֆ, նպաստավոր երկրագործության և այգեգործության համար։ Տեղակայված է Արևելյան Տիգրիս, Ջերմ և Խաբուր գետերի հովտում։
Գավառի տարածքը համապատասխանում է ներկայիս Թուրքիայի Հարավարևելյան Անատոլիա տարածաշրջանի Շըրնաքի մարզի Շըրնաքի շրջանի (թուրքերեն՝ Şırnak ilçe) մեծ մասին և Բեյթ ալ-Շաբաբի շրջանի (թուրքերեն՝ Beytüşşebap ilçe) մի մասին։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կորդուքը՝ իբրև վասալ թագավորություն, հայոց պետության կազմում հայտնվում է Տիգրան Մեծի (մ․թ․ա․ 95 - մ․թ․ա․ 55) իշխանության տարիներին։ Հաջորդ Արտաշեսյանների և Արշակունիների թագավորության ժամանակ Կորդուքը հավասարվում է երեք ծայրագավառների (Նոր Շիրական, Գուգարք, Աղձնիք) բդեշխներին և հանդես գալիս որպես Հայաստանի հարավային զորաթևի կուսակալ-բդեշխ։
Քրիստոնեության տարածման ժամանակաշրջանում (1-4-րդ դարեր) Կորդուքում հաստատվել են ասորական համայնքներ։ Միաժամանակ, Կորդուքից առանձնանում է Տմորիք երկրամասը (Վերին, Միջին և Ներքին Կորդրիք) և մի քանի այլ արևելյան գավառներ, որոշ ժամանակ անց նաև վերջնականապես առանձնանում է անդրտիգրիսյան միակ երկրամասը՝ Ծավդեքը։ Այսպիսով՝ Կորդուքի թագավորության տարածքը վերածվում է Կորճայք նահանգի, իսկ Կորդուքի բդեշխությունը հիշատակվում է որպես իր գավառներից մեկը։ Հայաստանի առաջին բաժանումից (387) և Մեծ Հայքի թագավորության վերացումից (428) հետո Կորդուքն այլևս չի մտնում հայկական պետությունների կազմ, ի տարբերություն Տմորիքի և արևելյան մյուս գավառների, որոնք անցնում են Արծրունիների իշխանության ներքո։
640 թվական Կորդուքը գրավել են արաբները։ Արաբական և հատկապես սելջուկյան նվաճումներից (11-րդ դար) հետո Կորդուքում հաստատվել են քրդական վաչկատուն աշիրաթներ։ 16-րդ դարում ընկնելով թուրքական տիրապետության տակ՝ Կորդուքը մտցվել է Դիարբեքիրի նահանգի Ջազիրա-Բոհտան հուքյումեթի մեջ, սակայն օսմանյան գերիշխանությունն այնտեղ եղել է անվանական (սուլթանությունը քրդերին հնազանդեցրել է միայն 1840-ական թվականների վերջին)։ 1868 թվականին մտել է Դիարբեքիր նահանգի Բոհտան գավառի մեջ։ 1878 թվականին Կորդուքի հյուսիսարևմտյան հատվածը՝ Արվահը կամ Դեհը, անցավ նորաստեղծ Բիթլիսի վիլայեթին։ Մինչև Առաջին համաշխարհային պատերազմը մեծաթիվ հայեր էին բնակվում Կորդուքի Դարաբան, Դեհ (Տըհ), Դերգոլ, Դերիմ, Դերշըմըշ, Թիլ (Թելուկ), Կոտմուս (Կոտմոս), Հարգոլ, Մլյանց, Շերնակ (Շրնախ), Պարիս, Սևադի, Փինիկ, Ֆնդըխ ավաններում և գյուղերում։
1915 թվականի հայոց ցեղասպանության ժամանակ՝ հայերի և ասորիների կոտորածից ու բռնագաղթից հետո, Կորդուքը հիմնականում դարձել է քրդաբնակ։ Մինչև 1980-ական թվականները Կորդուքի որոշ շրջաններում դեռ հանդիպում էին սակավաթիվ, գերազանցապես՝ քրդախոս հայեր։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Կորդուք գավառ
- ↑ Հայկական համառոտ հանրագիտարան, Հատոր 3, Երևան, 1999
- ↑ «Մեծ Հայքի վարչական բաժանումը». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 27-ին. Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 2-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կորդուք» հոդվածին։ |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 645)։ |