Ռուսական երաժշտություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
«Գուսլյարներ», Վիկտոր Վասնեցով, 1899 թվական

Ռուսական երաժշտություն, ռուսերենով կամ ռուսների կողմից ստեղծված երաժշտություն, ռուս ժողովրդի երաժշտական մշակութային նվաճումների ամբողջությունը, որ ներառում է ռուսական երաժշտական ֆոլկլորը, XVI-XXI դարերի ռուս կոմպոզիտորների ստեղծագործությունները, ռուսական ռոմանսը, բարդերի արվեստը։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վաղ շրջան[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռուս ժողովրդի երաժշտությունը սկզբնավորվել է արևելասլովանական ցեղերի մշակույթից և կենցաղից։ Ռուսական ժողովրդական երաժշտության հնագույն մասն են կազմում ծիսական և աշխատանքային երգերը։ Կիևյան Ռուսիայի ժամանակաշրջանին է վերաբերում հերոսական էպոսի ծաղկումը (սյուժեների մեծ մասը պահպանվել է XIX–XX դարերում գրառված բիլինաներում), XVI-XVII դարերը քնարական երգի ծաղկման շրջանն են։ Լայնաշունչ մեղեդայնությամբ աչքի ընկնող այդ երգը ռուսական բանահյուսության արժեքավոր նվաճումներից է։ XVI դարում ձևավորվել է պատմական երգի ժանրը, որն ընդհանուր գծեր ունի բիլինաների և քնարական երգերի հետ, բայց և ի տարբերություն բիլինաների, դրանցում գովերգվում են իրական մարդիկ։ XIX դարում տարածվել է գեղջկական երգի ուրույն տեսակը՝ չաստուշկան։ Ժողովրդական երաժշտական գործիքներից են՝ գուսլին, բալալայկան, դոմրան (լարային), գուդոկը, կուվիկլները, փողերը (փողային), դափերը, նակրաները (հարվածային)։ XIX դարում տարածվեցին հարմոնը, բայանը։

Իշխանական պալատներում ձևավորվեցին պալատական նվագածության ձևեր, դրանցից են «փառք»-երը։ X դարի վերջերից զարգացել է եկեղեցական երաժշտությունը՝ ժամանակի պրոֆեսիոնալ երաժշտության միակ տեսակը։ XVII դարում ծնունդ են առել երաժշտական նոր ձևեր՝ կապված աշխարհայացքային ընդհանուր տեղաշարժերի հետ։ Միաձայն «զնամեեննի» երգեցողությունը իր տեղը զիջել է առավել գունեղ հարմոնիկ կերտվածք ունեցող բազմաձայն «պարտեսային» երգեցողությանը։ «Պարտեսային» ոճի աչքի ընկնող ներկայացուցիչներից են Վ․ Պ․ Տիտովը, Ն․ Կալաշնիկովը։ Երևան են եկել կենցաղային բազմաձայն երգեր՝ կանտեր, որոնք աստիճանաբար ազատվել են կրոնական սյուժեներից։

18-19-րդ դարեր[խմբագրել | խմբագրել կոդը]

18-րդ դարում զարգացել է սիրողական նվագածությունը, երևան են եկել օպերային թատրոններ (իտալական պալատական օպերա, ճորտական թատրոններ), ստեղծագործել են իտալացի նշանավոր կոմպոզիտորներ (Բ․ Գալուպի, Դոմենիկո Չիմարոզա1780 թվականին Մոսկվայում բացվել է Պետրովկայի թատրոնը (այժմ՝ Մեծ թատրոն), իսկ Պետերբուրգում 1783 թվականին՝ Կամեննի թատրոնը (այժմ՝ Մարիինյան թատրոն)։ Ռուսական ժողովրդական երաժշտությունը դարձել է կոմպոզիտորական ստեղծագործության կարևորագույն աղբյուր։ Հրատարակվել են ռուսական ժողովրդական երգերի առաջին ժողովածուները (կազմողներ՝ Վ․ Տրուտովսկի, Ն․ Լվով, Ի. Պրաչ)։ 18-րդ դարի վերջին լուսավորականության գաղափարների ազդեցությամբ սկսել է ձևավորվել ռուսական ազգային կոմպոզիտորական դպրոցը (աչքի ընկնող ներկայացուցիչներից են Վ․ Պաշկևիչը (մոտ 1742-1797), Մ․ Բերեզովսկին (1745-1777), Իվան Խանդոշկինը (1747-1804), Դմիտրի Բորտնյանսկին (1751-1825), Ե․ Ֆոմինը (1761-1800))։ Ռուս կոմպոզիտորների ուշադրության կենտրոնում էր կատակերգական օպերան (առաջիններից մեկը ստեղծվել է 1779 թվականին, Մ․ Սոկոլովսկու «Ստախոս խնամախոս կախարդ ջրաղացպանը»՝ Ա․ Աբլեսիմովի տեքստով, որի երաժշտության մեջ օգտագործված են ռուսական բուն ժողովրդական մեղեդիներ)։ Ազգային սիմֆոնիզմի սաղմեր են պարունակում օպերային նախերգանքները։ Կոմպոզիտորներ Գ․ Տեպլովը (1711-1773), Օսիպ Կոզլովսկին (1757-1831), Ֆ․ Դուբյանսկին (1760-96) ժամանակի բանաստեղծների տեքստերով ստեղծել են սենտիմենտալ-քնարական ռոմանսատիպ երգեր, այսպես կոչված, ռուսաստանյան երգեր։

19-րդ դարում ռուսական երաժշտություն են ներթափանցել ռոմանտիկական միտումներ՝ նպաստելով թեմատիկ և կերպարային-ոճական թարմացմանը։ Երաժշտության մեջ արտացոլում են գտել 1812 թվականի Հայրենական պատերազմի իրադարձությունները։ Ռուսական օպերային ռոմանտիզմի խոշորագույն ներկայացուցիչներից է Ալեքսեյ Վերստովսկին («Ասկոլդի շիրիմը», 1835 և այլն)։ Վոկալ երաժշտությանը ռոմանտիկական շունչ է հաղորդել Ալեքսանդր Ալյաբևը (1787-1851)։ Հանդես են եկել դեմոկրատական երգային լիրիկայի ներկայացուցիչներ Ալեքսանդր Վառլամովը (1801-1848) և Ալեքսանդր Գուրիլյովը (1803-1858)։

Միխայիլ Գլինկայի (1804-1857) ստեղծագործությունը նշանավորել է դասական բարձր վերելքի դարաշրջան ռուսական երաժշտության մեջ։ Նրա շնորհիվ ռուսական երաժշտական դպրոցը դարձավ առաջատարներից մեկը Եվրոպայում։ Կոմպոզիտորի ժառանգության մեջ կենտրոնական տեղ են գրավում «Իվան Սուսանին» (1836), «Ռուսլան և Լյուդմիլա» (1842) օպերաները։ Նրա «Կամարինյան»-ը (1848) և նվագախմբային այլ երկեր ռուսական ազգային սիմֆոնիզմի հիմքն են։ Կոմպոզիտոր Ալեքսանդր Դարգոմիժսկու (1813-1869) ստեղծագործությունը կապված է 19-րդ դարի կեսերին ռուս գրականության մեջ հաստատված քննադատական ռեալիզմի միտումներին («Ջրահարսը» օպերան, 1855, ըստ Ա․ Պուշկինի դրամայի, սոցիալական-մերկացնող բնույթի տեքստերով ռոմանսներ)։ Կոմպոզիտորի առեղծագործական սկզբունքները (մարդկային խոսքի ճշմարտացի արտաբերում) առավել արմատականորեն կիրառվել են «Քարե հյուր» օպերայում (ըստ Ա․ Պուշկինի ողբերգության)։

19-րդ դարի կեսերին երաժշտական կյանքն ավելի լայն ծավալ է ստացել։ 1859 թվականին Պետերբուրգում կոմպոզիտոր, դաշնակահար և երաժշտական գործիչ Անտոն Ռուբինշտեյնի (1829-1894) նախաձեռնությամբ հիմնվել է Ռուսական երաժշտական ընկերությունը (1860 թվականից Նիկոլայ Ռուբինշտեյնի գլխավորությամբ ունեցել է մասնաճյուղ Մոսկվայում, ավելի ուշ՝ նաև այլ քաղաքներում), որը կազմակերպել է սիմֆոնիկ և կամերային երաժշտության համերգներ, բացել երաժշտական դասարաններ, որոնց հիման վրա ստեղծվել են Պետերբուրգի (1862) և Մոսկվայի (1866) կոնսերվատորիաները։ Երաժշտական լուսավորության գործում կարևոր աշխատանք է կատարել կոմպոզիտոր Միլի Բալակիրևի և խմբավար Գավրիիլ Լոմակինի՝ 1862 թվականին Պետերբուրգում հիմնած Անվճար երաժշտական դպրոցը։ 1860-ական թվականներին հեղափոխական-դեմոկրատական գաղափարները արտացոլում են գտել «Հզոր խմբակի» կոմպոզիտորների ստեղծագործություններում։ Միլի Բալակիրևի ղեկավարած այդ խմբի անդամներն էին Ալեքսանդր Բորոդինը (1833-1887), Ցեզար Կյուին (1835-1918), Մոդեստ Մուսորգսկին (1839-1881), Նիկոլայ Ռիմսկի-Կորսակովը (1844-1908)։ Ընկերակցության գաղափարական սկզբունքները (ժողովրդայնություն, ռեալիզմ, ծառայել առաջադեմ հասարակական իդեալներին) բանաձևել է արվեստաբան Վլադիմիր Ստասովը (1824-1906)։

Երաժշտական քննադատության ասպարեզում նշանակալի աշխատություններ են հրատարակել Վլադիմիր Օդոևսկին (1804-1869), Ալեքսանդր Սերովը (1820-1871, հայտնի է նաև որպես օպերաների հեղինակ), Գերման Լարոշը (1845-1904)։

Չայկովսկին Խարկովում, 1893 թվական (ֆոտոդիմանկարը՝ Ալֆրեդ Ֆեդեցկու)

19-րդ դարի 2-րդ կեսի ռուսական երաժշտությունը համաշխարհային երաժշտական արվեստի ամենավառ էջերից է։ Ստեղծվել են ռեալիստական խորությամբ և երաժշտական ինքնատիպ լեզվով աչքի ընկնող ստեղծագործություններ։ Պատմության, ժողովրդական էպոսի կերպարներն իրենց արտացոլումն են գտել Բորոդինի «Իշխան Իգոր» մոնումենտալ օպերայում (բեմադրվել է 1890 թվականին), Մուսորգսկու «Բորիս Գոդունով» (1869, 2-րդ խմբ․՝ 1872), «Խովանշչինա» (1872-1880) երաժշտական դրամաներում։ Ռիմսկի-Կորսակովը դիմել է, գլխավորապես, հեքիաթալեգենդային բնույթի սյուժեների և կերպարների («Գարնանային հեքիաթ», «Ձյունանուշիկ», 1881, բիլինա-օպերա «Սադկո», 1896)։ Պյոտր Չայկովսկու օպերաներում («Եվգենի Օնեգին», 1878, «Պիկովայա դամա», 1890) արտահայտվել է կոմպոզիտորի հետաքրքրությունը մարդու հոգեկան աշխարհի նկատմամբ։

Ռուսական սիմֆոնիզմի ազգային ինքնատիպ տեսակի ստեղծողներն են Չայկովսկին (վառ դրամատիկական լարվածություն, կոնֆլիկտային համադրությունների սրություն՝ միավորված ժանրային տարրերի հետ, 4-րդ, 6-րդ սիմֆոնիաներ) և Բորոդինը (2-րդ «Դյուցազնական» սիմֆոնիա, 1876)։

Ռուսական սիմֆոնիզմի ասպարեզում խոշոր ավանդ են ներմուծել Ռիմսկի-Կորասկովը («Շեհերազադե», 1888), Բալակիրևը։ Բալետի զարգացման մեջ նոր փուլ են բացել Չայկովսկու բալետները («Կարապի լիճը», 1876, «Քնած գեղեցկուհին», 1889, «Շչելկունչիկ», 1892), որոնցում երաժշտությունը դարձել է դրամատուրգիայի կարևորագույն տարր։ 19-20-րդ դարերի սահմանագծին ստեղծագործել են Ալեքսանդր Գլազունովը (գործիքային խոշոր ձևերի վարպետ), Սերգեյ Տանեևը (փիլիսոփայական խոր մտահղացումների արտահայտմանը ձգտող երաժիշտ-մտածող), Անատոլի Լյադովը (մանրանվագների վարպետ), Անտոն Արենսկին, Վասիլի Կալիննիկովը, Ալեքսանդր Գրեչանինովը, Սերգեյ Լյապունովը։ Ճանաչվել են ռուս կատարողներ․ դաշնակահարներ Անտոն Ռուբինշտեյնը (1829-1904), Նիկոլայ Ռուբինշտեյնը (1835-1881), Աննա Եսիպովան (1851-1914), Վասիլի Սաֆոնովը (1852-1918), ջութակահար Լեոպոլդ Աուերը (1845-1930), երգիչներ Օսիպ Պետրովը (1806-1878), Ֆեոդոր Ստրավինսկին (1843-1902), Ֆեոդոր Շալյապինը (1873-1938), Անտոնինա Նեժդանովան (1873-1950), Լեոնիդ Սոբինովը (1872-1934)։

20-րդ դար[խմբագրել | խմբագրել կոդը]

20-րդ դարի սկզբի ռուսական երաժշտության մեջ ուղղակի կամ անուղղակի ձևով արտացոլվել է հեղափոխական շարժման վերելքը (Ռիմսկի-Կորսակովի «Անմահ Կաշչեյը» (1902) և «Ոսկի աքլորիկ» (1907) օպերաները)։ Խռովահույզ պաթոսով են ներթափանցված 19-րդ դարի վերջի և 20-րդ դարի կոմպոզիտորներ Ալեքսանդր Սկրյաբինի և Սերգեյ Ռախմանինովի ստեղծագործությունները, որոնք, լինելով ինքնատիպ սիմֆոնիստներ, նաև մեծ ավանդ են ներդրել դաշնամուրային երաժշտության մեջ՝ որպես խոշորագույն կատարողներ և նշանակալից երկերի հեղինակներ։ Իրենց ստեղծագործական գործունեությունն են սկսել Իգոր Ստրավինսկին (1882-1971) և Սերգեյ Պրոկոֆևը (1891-1953), որոնք ձգտել են ուշ ռոմանտիկական արվեստի չափազանցված զգացմունքայնությանը և մոդեռնիստական հոսանքների նրբացածությանը հակադրել առողջ պարզությունը։

Երաժշտության զարգացման համար Հոկտեմբերյան հեղափոխության հաղթանակը վճռական շրջադարձ էր։ Երաժշտությունը հասանելի դարձավ ժողովրդի լայն զանգվածներին։ Ռուսական երաժշտության անցյալի և նոր շրջանի կենդանի կապը իրականացրին կոմպոզիտորներ Ալեքսանդր Գլազունովը, Միխայիլ Իպոլիտով-Իվանովը, Ալեքսանդր Կաստալսկին, Ռեյնգոլդ Գլիերը, Սերգեյ Վասիլենկոն, Ալեքսանդր Գեդիկեն, Միխայիլ Գնեսինը, կատարողներ և մանկավարժներ Կոնստանտին Իգումնովը, Ալեքսանդր Գոլդենվեյզերը, Լեոնիդ Նիկոլաևը, երաժշտագետներ և քննադատներ Վասիլի Կարատիգինը, Ալեքսանդր Օսսովսկին, Բ. Ասաֆևը, Բոլեսլավ Յավորսկին, Միխայիլ Իվանով-Բորեցկին։

Դմիտրի Շոստակովիչը Բախի համերգին, 28 հուլիսի, 1950 թվական

Ետհոկտեմբերյան շրջանի ռուսական երաժշտությունը ԽՍՀՄ բազմազգ մշակույթի մի մասն է։ Ռուսական սովետական երաժշտության՝ որպես սոցիալիստական ռեալիզմի քաղաքացիական արվեստի հիմնական գծերը ձևավորվել են նոր խնդիրների հաղթահարման ընթացքում, սխեմատիզմի, ձախ ֆորմալիստական միտումների դեմ մղած պայքարում։ Համաշխարհային ճանաչման են արժանացել մարդասիրական բարձր պաթոսով, արտահայտչական մեծ ուժով, փիլիսոփայական մտքի խորությամբ ներթափանցված սիմֆոնիկ ժանրի երկերը։ Դրանց հեղինակներն են ռուսական սովետական սիմֆոնիզմի հիմնադիր Նիկոլայ Մյասկովսկին (27 սիմֆոնիա), ականավոր սիմֆոնիստ Դմիտրի Շոստակովիչը (15 սիմֆոնիա), Սերգեյ Պրոկոֆևը (7 սիմֆոնիա), Արամ Խաչատրյանը, ինչպես նաև Վլադիմիր Շչերբաչովը, Լև Կնիպպերը, Վիսարիոն Շեբալինը, Նիկոլայ Պեյկոն, Տիխոն Խրեննիկովը, Վադիմ Սալմանովը, Պյոտր Չայկովսկին։

Սովետական օպերայի բնագավառում առաջին հաջողությունները ձեռք բերվեցին 1930-ական թվականներին։ Ստեղծվեցին Իվան Ձերժինսկու «Խաղաղ Դոն» (1935), Տիխոն Խրեննիկովի «Փոթորկի պահին» (1939, 2-րդ խմբ․՝ 1952), Սերգեյ Պրոկոֆևի «Սեմյոն Կոտկո» (1939), Դմիտրի Շոստակովիչի «Կատերինա Իզմայլովա» («Մցենսկի գավառի լեդի Մակբեթը», 1932, նոր խմբ․՝ 1962)։ Հայրենական մեծ պատերազմի տարիներին ծնվեց Պրոկոֆևի մոնումենտալ-հայրենասիրական «Պատերազմ և խաղաղություն» օպերա–էպոպեայի մտահղացումը (ըստ Լև Տոլստոյի վեպի, վերջնական խմբ․ 1952)։ Պատմահեղափոխական թեման իր արտացոլումն է գտել Յուրի Շապորինի «Դեկաբրիստներ» օպերայում (1953)։ Մյուս նշանավոր օպերաներից են՝ Դմիտրի Կաբալևսկու «Կոլա Բրյունյոն» (1938, 2-րդ խմբ․ 1968), Սերգեյ Սլոնիմսկու «Վիրինեա» (1967), Ռոդիոն Շչեդրինի «Ոչ միայն սերը» (1961), «Մեռած հոգիներ» (1977), Անդրեյ Պետրովի «Պետրոս Առաջին» (1975)։

Արմատական վերափոխումներ է կրել բալետը։ Հեղափոխական ժողովրդի կերպարները գեղարվեստական համոզիչ արտացոլում են գտել Ռեյնգոլդ Գլիերի «Կարմիր կակաչ» («Կարմիր ծաղիկ», 1927, 2-րդ խմբ․ 1949), Ասաֆևի «Փարիզի հուրը» (1932), Ա․ Կրեյնի «Լաուրենսիա» (1927) բալետներում։ Համարձակ ռեֆորմատոր էր Ս․ Պրոկոֆևը՝ «Ռոմեո և Ջուլիետ» բալետի (1936) հեղինակը։ Շատ կոմպոզիտորներ դիմել են հերոսա–էպիկական, փիլիսոփայական և հոգեբանական հնչողություն ունեցող թեմաների՝ Արամ Խաչատրյանի «Սպարտակ» (1954), Սերգեյ Սլոնիմսկու «Իկարոս» (1969), Ա․ Պետրովի «Աշխարհի արարումը», Ռոդիոն Շչեդրինի «Աննա Կարենինա» (1972), «Ճայը» (1980), Բորիս Տիշչենկոյի «Յարոսլավնա» (1974), Ա․ էշպայի «Անգարա» (1976)։

Կանտատ–օրատորիայի ժանրի ակնառու օրինակներ են Ս․ Պրոկոֆևի «Ալեքսանդր Նևսկի» (1938), Յուրի Շապորինի «Կուլիկովո դաշտում» (1939), Մարիան Կովալի «Եմելյան Պուգաչով» (1939), Գեորգի Սվիրիդովի «Պոեմ Սերգեյ Եսենինի հիշատակին» (1955) և «Պաթետիկ օրատորիա» (1959), Դմիտրի Շոստակովիչի «Ստեպան Ռազինի մահապատիժը» վոկալ-սիմֆոնիկ պոեմը (1964), Շչեդրինի «Պոետորիա» (1968)։ Կամերային, վոկալ և գործիքային երաժշտության մեջ ավանդ են ներդրել Ա․ Ն․ Ալեքսանդրովը, Ն․ Մյասկովսկին, Ս․ Պրոկոֆևը, Դ․ Սվիրիդովը, Յու․ Շապորինը, Վ․ Շեբալինը, Դ․ Շոստակովիչը, Պյոտր Չայկովսկին, Բորիս Տիշչենկոն, Վ․ Գավրիլինը։

Առանձնահատուկ նշանակություն է ստացել երգի ժանրը։ Ռուսական սովետական երգը սկզբնավորվել է պրոլետարական հեղափոխական երգից։ Երգը՝ որպես ամենամասսայական ժանր, Իսահակ Դունաևսկու, Դ․ Միլյուտինի և ուրիշների լավագույն օպերետների, կինոյի և դրամատիկ ներկայացումների երաժշտության հիմքն է։ Լայն ժողովրդայնություն են վայելում Ա․ Վ․ Ալեքսանդրովի, Վ. Բելիի, Մ․ Բլանտերի, Ա․ Դավիդենկոյի, Իսահակ Դունաևսկու, է․ Կոլմանովսկու, Բորիս Մոկրոուսովի, Վ․ Մուրադելու, Ա․ Նովիկովի, Ա․ Օստրովսկու, Ալեքսանդրա Պախմուտովայի, Ա․ Պետրովի, Դ․ Պոկրասսի, Վասիլի Սոլովյով-Սեդոյի, Ս․ Տուլիկովի, Դավիթ Թուխմանովի, Օսկար Ֆելցմանի, Յան Ֆրենկելի, Տիխոն Խրեննիկովի, Ա․ էշպայի երգերը։

Կատարողական արվեստի խոշոր ներկայացուցիչներից են դիրիժորներ Վյաչեսլավ Սուկը, Սամուիլ Սամոսուդը, Արի Պազովսկին, Նիկոլայ Գոլովանովը, Եվգենի Մռավինսկին, Ալեքսանդր Մելիք-Փաշաևը, Նաթան Ռախլինը, Եվգենի Սվետլանովը, Դ․ Ռոժդեստվենսկին, խմբավարներ Նիկոլայ Դանիլինը, Միխայիլ Կլիմովը, Ալեքսանդր Սվեշնիկովը, դաշնակահարներ Կոնստանտին Իգումնովը, Ալեքսանդր Գոլդենվեյզերը, Լ․ Նիկոլաևը, Գենրիխ Նեյգաուզը, Վլադիմիր Սոֆրոնիցկին, Լև Օբորինը, Սվյատոսլավ Ռիխտերը, Էմիլ Գիլելսը, ջութակահարներ Միրոն Պոլյակինը, Դավիդ Օյստրախը, Լեոնիդ Կոգանը, թավջութակահարներ Սեմյոն Կոզոլուպովը, Դ․ Շաֆրանը, երգիչ–երգչուհիներ Իվան Երշովը, Անտոնինա Նեժդանովան, Գրիգորի Պիրոգովը, Նադեժդա Օբուխովան, Վալերիա Բարսովան, Մարկ Ռեյզենը, Ալեքսանդր Պիրոգովը, Իվան Կոզլովսկին, Սերգեյ Լեմեշևը, Ի․ Պետրովը, Բորիս Շտոկոլովը, Ելենա Օբրազցովան, երաժշտական կոլեկտիվնեներից՝ Լենինգրադի ֆիլհարմոնիայի նվագախումբը (հիմնադրվել է 1882 թվականին), ՍՍՀՄ սիմֆոնիկ նվագախումբը (հիմնադրվել է 1936 թվականին), Ռուսական երգչախումբը (հիմնադրվել է 1942 թվականին), Պյատնիցկու անվան երգչախումբը (հիմնադրվել է 1910 թվականին), Օսիպովի անվան ռուսական ժողովրդական գործիքների նվագախումբը (հիմնադրվել է 1919 թվականին), Մոսկվայի կամերային նվագախումբը (հիմնադրվել է 1956 թվականին), Բեթհովենի անվան (հիմնադրվել է 1923 թվականին) և Բորիդինի անվան (հիմնադրվել է 1945 թվականին) լարային կվարտետները, երաժշտագետներից՝ Դ․ Կոնյուսը, Միխայիլ Իվանով-Բորեցկին, Բոլեսլավ Յավորսկին, Նիկոլայ Գարբուզովը, Բ․ Ասաֆևը, Քրիստափոր Քուշնարյանը, Յու․ Տյուլինը, Ա․ Ալշվանգը, Տ․ Լիվանովան, Վ․ Ցուկկերմանը, Մ․ Դրուսկինը, Յու․ Կելդիշը, Լ․ Մազելը, Վ․ Պրոտոպոպովը։ 1981 թվականի տվյալներով՝ Ռուսաստանում գործում էին օպերայի և բալետի 18 թատրոն, 26 սիմֆոնիկ նվագախումբ, 22 երգչախումբ, բազմաթիվ կամերային անսամբլներ և ժողովրդական գործիքների նվագախմբեր։ Կազմակերպվում են երաժշտական փառատոններ («Մոսկովյան աստղեր», «Ռուսական ձմեռ»՝ Մոսկվայում, «Սպիտակ գիշերներ»՝ Լենինգրադում (ներկայում՝ Սանկտ Պետերբուրգ, բոլորը՝ 1964 թվականից), մրցույթներ (Չայկովսկու անվան Մոսկվայում, 1958 թվականից)։ 1960 թվականին հիմնադրվել է ՌՍՖՍՀ կոմպոզիտորների միությունը, 998 անդամ, 1980)։

Հայ-ռուսական երաժշտական կապեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայ-ռուսական երաժշտական կապերը, սկիզբ առնելով միջին դարերում, ընդարձակվել և խորացել են երկու ժողովուրդների տնտեսական, քաղաքական ու մշակութային փոխհարաբերությունների զարգացմանը զուգընթաց։ Դրա համար ավելի լայն հնարավորություններ են ստեղծվել 19-րդ դարի 1-ին կեսին Հայաստանի արևելյան շրջանները պարսկական ու թուրքական լծից ազատագրելու և դրանց հիման վրա Ռուսաստանի կազմում Հայկական մարզի կազմավորման պատմական գործընթացի ընթացքում։ Աննախընթաց երևույթ էր Մոսկվայի Լազարյան ճեմարանի (1815), Թիֆլիսի Ներսիսյան դպրոցի (1824), էջմիածնի Գևորգյան ճեմարանի (1874) և այլ ուսումնական հաստատությունների կազմակերպումը, որոնք զգալի գործ կատարեցին նաև երաժշտական գիտելիքների տարածման և ազգային կադրերի նախապատրաստման ուղղությամբ։ Այս գործում առանձնակի նշանակություն են ունեցել Պետերբուրգի և Մոսկվայի կոնսերվատորիաները, որոնք դաստիարակել են հայազգի շատ երաժիշտներ, ինչպես երաժշտական ստեղծագործության, նույնպես և կատարողական արվեստի բնագավառներում։ Դրանց թվում են Ղորղանյան երաժշտական ընտանիքի անդամները, Նադեժդա Պապայանը, Բեգլար Ամիրջանյանը, Հովհաննես Նալբանդյանը, Մագդալինա Գենջյանը, Արշակ Կոստանյանը և ուրիշներ, որոնք իրենց երաժշտական մասնագիտական կրթությունն ստացել են ռուս մանկավարժներից և դարձել նշանավոր երաժիշտներ։

Ռուսական երաժշտական մշակույթի բարերար ներգործությամբ և առաջավոր սկզբունքների՝ ռեալիզմի, ժողովրդայնության և դեմոկրատական ուղղվածության կիրառմամբ հայկական երաժշտական մշակույթը թևակոխել է զարգացման նոր շրջան։ Հայ երաժշտության զարգացման մեջ բացառիկ կարևոր նշանակություն է ունեցել միաձայնությունից բազմաձայնության անցումը։ 19-րդ դարի 2-րդ կեսին և 20-րդ դարի սկզբին հանդես են եկել կոմպոզիտորներ Քրիստափոր Կարա-Մուրզան, Մակար Եկմալյանը, Նիկողայոս Տիգրանյանը, Ալեքսանդր Սպենդիարյանը, Ռոմանոս Մելիքյանը, Գրիգոր Սյունին, Անուշավան Տեր-Ղևոնդյանը, Արմեն Տիգրանյանը, Սարգիս Բարխուդարյանը, Անտոն Մայիլյանը և ուրիշներ, որոնք օգտագործել են ռուսական երաժշտության հարուստ փորձը։ Այդ նույն ժամանակաշրջանում հայերը հաղորդակից են դարձել ռուսական և արևմտաեվրոպական օպերային և բալետային արվեստի նվաճումներին։ Թիֆլիսում և Բաքվում ներկայացվել են օպերաներ ու բալետներ, որոնց մասնակցել են նաև հայ արտիստ-արտիստուհիներ։ Իսկ հայ երաժշտագետները հայկական թերթերում և ամսագրերում հանդես են եկել գրախոսականներով։ Երաժշտագետ Վասիլ Ղորղանյանը գրել և հրատարակել է երաժշտա-բեմական արվեստին նվիրված ծանրակշիռ աշխատություններ (դրանց թվում՝ «Պուշկինը երաժշտության մեջ»), խրախուսել Ֆեոդոր Շալյապինին և այլոց։ Բացի այդ, հայ կոմպոզիտորները օգտագործել են ռուսական ու արեմտաեվրոպական օպերային ստեղծագործության հարուստ փորձը և հիմք դրել ազգային օպերայի ստեղծմանը։ Այդ ճանապարհով նախապատրաստվելն հասունացել է հայկական այնպիսի օպերաների ստեղծումը, ինչպիսիք են Արմեն Տիգրանյանի «Անուշ», Ալեքսանդր Սպենդիարյանի «Ալմաստ» օպերաները և այլն։ Հատկապես 19-րդ դարի 80-ական թվականներից հետո, երբ կազմակերպվել է Ռուսական երաժշտական ընկերության Թիֆլիսի բաժանմունքը և երաժշտական ուսումնարանը, հայ-ռուսական երաժշտական կապերն ավելի սերտ են դարձել։ Կոմպոզիտորներ Նիկոլայ Կլենովսկին, Միխայիլ Իպոլիտով-Իվանովը և ուրիշներ ձայնագրել, մշակել և իրենց ստեղծագործություններում օգտագործել են հայ ժողովրդական, ազգային-հայրենասիրական և գուսանական երգեր։ Շատ կոմպոզիտորներ էլ (այդ թվում՝ Միլի Բալակիրևը, Ցեզար Կյուին, Սերգեյ Ռախմանինովը և ուրիշներ) գրել են ռոմանսներ ու երգեր հայ բանաստեղծների խոսքերով։ Իրենց հերթին հայ կոմպոզիտորներ Գենարիոս Ղորղանյանը, Ալեքսանդր Սպենդիարյանը և ուրիշներ իրենց վոկալ ստեղծագործությունների համար օգտագործել են ռուս բանաստեղծների տեքստերը։ Այսպես, Գ․ Ղորղանյանը ռոմանսներ է գրել Ալեքսանդր Պուշկինի, Ալեքսեյ Տոլստոյի, Մայկովի, Աֆանասի Ֆետի բանաստեղծությունների տեքստերով, իսկ Ալեքսանդր Սպենդիարյանն առաջինն էր, որ երաժշտություն է գրել Մաքսիմ Գորկու «Ձկնորսն ու փերին» բալլադի խոսքերով (1902), որն առաջինը կատարել է Ֆեոդոր Շալյապինը։ Նա իր վոկալ գործերի համար հաճախ է դիմել ԱԼեքսանդր Պուշկինի, Միխայիլ Լերմոնտովի, Նիկոլայ Նեկրասովի, Սեմյոն Նադսոնի, Կոնստանտին Բալմոնտի և ուրիշների բանաստեղծություններին, ինչպես և Անտոն Չեխովի ու Մաքսիմ Գորկու խոսքերին՝ գրելով մելոդեկլամացիաներ, ռոմանսներ ու երգեր։ Դրանից բացի Ալեքսանդր Սպենդիարյանը Լերմոնտովի բանաստեղծության հիման վրա գրել է «Երեք արմավենի» ծրագրային սիմֆոնիկ պատկերը։ Հայ կոմպոզիտորներ Քրիստոփոր Կարա-Մուրզան, Ալեքսանդր Սպենդիարյանը և ուրիշներ ձայնագրել ու մշակել են ռուսական ժողովրդական երգեր։ Այս բնագավառում առանձնակի արժեք են ներկայացնում Ալեքսանդր Սպենդիարյանի մշակումները։ Ռուս ժողովրդական երգերից բացի, նա ձայնագրել ու մշակել է նաև ռուսական բանվորական հեղափոխական երգեր։

Հայաստանում խորհրդային կարգերի հաստատումից հետո հայ-ռուսական երաժշտական կապերն ավելի են ընդարձակվել ու խորացել։ Հատկապես Լենինգրադի և Մոսկվայի կոնսերվատորիաները սիստեմատիկ աշխատանք են կատարել հայ կոմպոզիտորական, երաժշտագիտական և կատարողական արվեստների գծով պրոֆեսիոնալ ուժերի դաստիարակման գործում։ Դրանցից են դիրիժորներ Ալեքսանդր Մելիք-Փաշաևը, Կոնստանտին Սարաջևը, Դ․ Բուդաղյանը, Միքայել Թավրիզյանը, երաժշտագետներ Քրիստափոր Քուշնարյանը, Գևորգ Տիգրանովը, կոմպոզիտորներ Հարո Ստեփանյանը, Արամ Խաչատրյանը, Գ․ Եղիազարյանը, արտիստներ Հ․ Դանիելյանը, Ն․ Կարդյանը, Ավետ Գաբրիելյանը (ջութակ), Ս․ Ասլամազյանը (թավջութակ) և շատ ուրիշներ։ Այս ուղղությամբ առանձնակի աշխատանք է ծավալվել Մոսկվայի հայ կուլաուրայի տան երաժշտական ստուդիայի ստեղծումից հետո, երբ սիստեմատիկորեն կազմակերպվել են հայկական երաժշտության համերգներ, ստեղծագործական հանդիպումներ, կոմպոզիտորների ստեղծագործությունների հրատարակություններ և այլն։ Հետագա տարիներին այստեղ կատարելագործվել են կոմպոզիտորներ Ա․ Հարությունյանը, Առնո Բաբաջանյանը, էդուարդ Միրզոյանը և շատ ուրիշներ։ 1925 թվականին Մոսկվայում կազմակերպվել է լարային կվարտետ (ավելի ուշ՝ Կոմիտասի անվան), որն անցել և շարունակում է արտիստական իր փառավոր ուղին։ Մոսկվայում են անցկացվել հայ գրականության և արվեստի տասնօրյակները (1939 թվականին, 1956 թվականին), որոնք հանդիսացել են ազգային երաժշտական արվեստի ցուցադրման տոնահանդեսներ։ Առանձնապես հարուստ է Մոսկվայի Մեծ թատրոնի, Սանկտ Պետերբուրգի օպերայի և բալետի թատրոնի հայ-ռուսական երաժշտական կապերի պատմությունը։ Այս ամենը մեծապես նպաստել են սովետահայ երաժշտության զարգացմանը, հայ-ռուսական երաժշտական կապերի հետագա ընդլայնմանն ու խորացմանը։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Третьякова Л. С. Русская музыка XIX века: книга для учащихся старших классов. — М.: Просвещение, 1976. — 205 с.
  • Русская музыка / Келдыш Ю. В. // Окунев — Симович. — М. : Советская энциклопедия : Советский композитор, 1978. — (Музыкальная энциклопедия : [в 6 т.] / гл. ред. Ю. В. Келдыш ; 1973—1982, т. 4).

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png