Jump to content

Նադեժդա Պապայան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նադեժդա Պապայան
Հիմնական տվյալներ
Ծնվել էմարտի 21, 1868(1868-03-21)
Աստրախան, Ռուսական կայսրություն[1]
Երկիր Ռուսական կայսրություն
Մահացել էհունվարի 19 (փետրվարի 1), 1906[1] (37 տարեկան)
Աստրախան, Ռուսական կայսրություն[1]
Մասնագիտություներգչուհի
Երգչաձայնկոլորատուրային սոպրանո[1]
Գործիքներվոկալ[1]
ԿրթությունՍանկտ Պետերբուրգի կոնսերվատորիա (1890)[1]

Նադեժդա Համբարձումի Պապայան (մարտի 21, 1868(1868-03-21), Աստրախան, Ռուսական կայսրություն[1] - հունվարի 19 (փետրվարի 1), 1906[1], Աստրախան, Ռուսական կայսրություն[1]), հայ երգչուհի (կոլորատուրային սոպրանո)։ Առաջին հայ օպերային երգչուհին[2]։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

1886 թվականին ավարտել է Աստրախանի գիմնազիան։ 1886-1890 թվականներին սովորել է Պետերբուրգի կոնսերվատորիայում (Վ․ Ի․ Ռաաբի դասարան), բեմական արվեստն ուսումնասիրել Ս․ Գաբելի օպերային դասարանում (առաջին դերերգը՝ 1888 թվականի դեկտեմբերի 18-ին, Նատալյա՝ Չայկովսկու «Օպրիչնիկ»-ում)։

1890 թվականի ամռանը ձայնը վերականգնելու համար մեկնել է Միլան, դասեր առել Ջ․ Վիլլա-Ֆիորիտայի ստուդիայում։ Ներկա լինելով «Լա Սկալա»-ի ներկայացումներին, մոտիկից ծանոթացել է իտալական վոկալ արվեստի, հատկապես բելկանտոյի գաղտնիքներին։

Նադեժդա Պապայանը 1891 թվականից, պարապմունքներին զուգընթաց, հանդես է եկել Նեապոլի «Սան Կարլո», ապա և Միլանի «Ալհամբրա» օպերային թատրոններում։ 1893 թվականին վերադարձել է Անդրկովկաս, համերգային ելույթներ ունեցել Բ. Ամիրջանյանի հետ։

Դերեր, համերգներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Պապայանը օժտված է եղել մեծ ձայնածավալի գեղեցիկ տեմբրի ձայնով, երգել է զմայլող երաժշտականությամբ և ջերմորեն։ 1893-1894 թվականներին Պապայանը հանդես է եկել Թիֆլիսի արքունական օպերային թատրոնում, Գունոյի «Ֆաուստ» (առաջին բեմելը 1893 թվականի սեպտեմբերի 29-ին, 20-ամյա Ֆ․ Շալյապին-Մեֆիստոֆելի մասնակցությամբ), Ռոսսինիի «Սևիլյան սափրիչ», Վերդիի «Տրավիատա», «Ռիգոլետտո», Բիզեի «Կարմեն», Մեյերբերի «Հուգենոտներ», Թոմայի «Մինյոն», Մասկանիի «Գեղջկական պատիվ», Պուչչինիի «Պայացներ», Չայկովսկու «Եվգենի Օնեգին», «Պիկովայա դամա», Դարգոմիժսկու «Ջրահարս», Ռուբինշտեյնի «Դև» և այլ օպերաներում, ելույթ ունեցել մենահամերգով, մասնակցել բարեգործական երեկույթների, Դոնի Ռոստովում և Տագանրոգում՝ 10 ներկայացումների, ապա մեկնել Փարիզ և (մինչև 1896 թվականը) կատարելագործվել Մ. Մարկեզիի վոկալ ստուդիայում։

1897-1898 թվականներին Թիֆլիսի օպերային թատրոնի թատերաշրջաններն ավարտելուց հետո Փարիզում մասնակցել է Մարկեզիի ստուդիայի կազմակերպած ցուցադրական համերգներին ու ներկայացումներին, ապա երգիչ Լ. Եղիազարյանի հետ Անգլիայում հանդես եկել համերգներով։ 1899 թվականին հրավիրվել է Պետերբուրգի «Արկադիա» թատրոնի հյուրախաղային ներկայացումներին, Պավլովսկի ամառային համերգասրահում հանդես եկել մենահամերգով։

1900-1904 թվականներին երգել է Մարիինյան թատրոնում (բեմելը 1900 թվականի ապրիլի 25-ին Լիզայի դերերգով, Չայկովսկու «Պիկովայա դամա»-ում), կատարել գլխավոր դերերգեր, դրանց թվում նաև առաջին անգամ բեմադրված օպերաներում Մարֆա, Սերվիլիա (Ռիմսկի-Կորսակովի «Թագավորի հարսնացուն», «Սերվիլիա»), Սուսաննա (Մոցարտի «Ֆիգարոյի ամուսնությունը») և այլն։ Այդ տարիներին Պապայանը հանդես է եկել նաև Մոսկվայում, Թիֆլիսի օպերային թատրոնում, մասնակցել նրա հյուրախաղային ներկայացումներին (Խարկով, Կիև և Օդեսա, 1901), Պետերբուրգում՝ հայկական երեկույթին (1901), ֆիլհարմոնիկ ընկերության 100-ամյակին նվիրված համերգին (1902), ուր Ա․ Նիկիշի ղեկավարությամբ կատարվել է Բեթհովենի «Հանդիսավոր մեսսան»։

Պապայանը հանդես է եկել ավելի քան 50 օպերային գլխավոր դերերում, որոնք կատարել է մեծագույն հաջողությամբ։

Պապայանը հայ առաջին օպերային մեծ երգչուհին էր։

1904 թվականի գարնանը Պապայանը վերադարձել է Թիֆլիս, մասնակցել օպերային ներկայացումների, ապա մեկնել Փարիզ, «Օպերա-կոմիկ»-ի հետ պայմանավորվել նոր թատերաշրջանում այնտեղ աշխատելու մասին։ 1905 թվականի դեկտեմբերի 30-ին Աստրախանում չարագործները կողոպտելու նպատակով մտել են Պապայանի բնակարանը, սպանել հորը, մահացու վիրավորել երգչուհուն։

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Սամվելյան Վ., Նադեժդա Պապայան, [Երգչուհու ստեղծագործական ուղին], Ե., 1955:
  • Թադևոս յան Ա., Նադեժդա Պապայան, Ե., 1979:
  • Марков А., Надежда Папаян, Астрахань, 2014.
  • Խաչատրյան Վ., Վարդան Սամվելյան. «Նադեժդա Պապայան», Հայկական ՍՍՌ Գիտությունների Ակադեմիայի Տեղեկագիր № 9, 1956, էջ 120։
  • Թատրօն և երաժշտութիւն, Երգչուհի Պապայեանի վերջին ներկայացումը, «Մշակ», N282, 1904թ.:

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 Հայկական սովետական հանրագիտարան, հատոր 9 (հայ.) — հատոր 9. — էջ 130.
  2. Հայ երաժշտության հանրագիտարան։ 2019։ էջ․ 533
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 9, էջ 130
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ երաժշտության հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։