Լա Սկալա
![]() Teatro alla Scala | |
---|---|
![]() Լա Սկալան երեկոյան | |
Տեսակ | օպերայի թատրոն, իտալական թատրոն և տեսարժանություն |
Տնօրեն | Մարիա Դի Ֆրեդա |
Երկիր | ![]() |
Գտնվելու վայրը | Միլան, Իտալիա |
Հիմնադրման ամսաթիվ | օգոստոսի 3, 1778 |
Անվանված է | Սանտա Մարիա ալլա Սկալա եկեղեցի |
Գեղարվեստական ղեկավար | Ալեքսանդր Պերեյրա |
Գլխավոր բալետմեյստեր | Մախար Վազիև |
Երգչախմբի ղեկավար | Բրունո Կազոնի |
Ճարտարապետ | Ջուզեպպե Պիերմարինի |
Կայք | teatroallascala.org |
Teatro alla Scala Վիքիպահեստում |
Լա Սկալա (իտալ.՝ La Scala կամ լրիվ իտալ.՝ Teatro alla Scala), հայտնի օպերային թատրոն Միլանում, համաշխարհային օպերային կենտրոններից` հիմնված 1778 թվականին:
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Թատրոնի շենքը կառուցվել է ճարտարապետ Ջուզեպպե Պյերմարինիի նախագծով 1776-1778 թվականներին այնտեղ, որտեղ ժամանակին Սանտա-Լուչիա դելլա Սկալա եկեղեցին էր: Այստեղից էլ ծնվեց թատրոնի անվանումը: Եկեղեցին իր անվանումը ստացել է 1831 թվականին ոչ թե «աստիճան» բառից (իտալ.՝ skala), այլ նրա հովանավորուհու ազգանունից` Բեատրիչե Ռեջինա դելլա Սկալա (Beatrice Regina della Scala), ով Վերոնայի տիրակալների ցեղի ներկայացուցիչ էր:
Թատրոնի բացումը մեկնարկել է Անտոնիո Սալիերիի «Հանրաճանաչ Եվրոպա» օպերայով 1778 թվականի օգոստոսի 3-ին: 18-րդ դարի վերջին և 19-րդ դարի սկզբին թատրոնի խաղացանկում ավելացան իտալացի կոմպոզիտորներ Պասկուալե Անֆոսսիի, Դոմենիկո Չիմարոզայի, Լուիջի Քերուբինիի, Ջովանի Պաիզիելլոյի, Սիմոն Մայրի օպերաները: Սկսած 1830 թվականից՝ խաղացանկում ավելացան Գաետանո Դոնիցետտիի, Վինչենցո Բելլինիի, Ջուզեպպե Վերդիի, Ջակոմո Պուչինիի ստեղծագործությունները: Այստեղ են առաջին անգամ ցուցադրվել Բալլինիի «Ծովահենը» (1827), «Նորմա» (1831) օպերաները, Վերդիի «Նաբուկկո»-ն (1842), «Օթելլո»-ն (1887), Պուչինիի «Մադամ Բատերֆլայ»-ը (1904) և «Տուրանդոտ»-ը:
Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ՝ 1943 թվականի օգոստոսի 16-ին, շենքը լիովին ավերվել է։ Վերականգնել է ճարտարագետ Լ. Սեկկին։ Շենքը վերաբացվել է 1946 թվականին[2]: Թատրոնի շենքը ժամանակ առ ժամանակ վերանորոգվել է: Վերջին անգամ դա կատարվել է 2001-2004 թվականներին: Այդ ընթացքում ներկայացումները տեղի էին ունենում Առչիմբոլդի թատրոնում: 2004 թվականի դեկտեմբերի 7-ին նոր վերանորոգված բեմում ցուցադրվեց Անտոնիո Սալիերիի «Հանրաճանաչ Եվրոպա» օպերան:
«Լա Սկալան» (իտալ.՝ Teatro alla Scala կամ La Scala) օպերային մշակույթի համաշխարհային կենտրոն է:
Շենքի կառուցվածք[խմբագրել | խմբագրել կոդը]
Թատրոնի շենքի շինարարական պեղումների ընթացքում գտնվել է մարմարե մի հսկայական մեծաբեկոր, որի վրա պատկերված էր Հին Հռոմում ճանաչված միմոս Պիլադը: Շատերը դա ընդունեցին որպես լավ նշան:
Ճարտարապետ Ջուզեպպե Պյերմարինիի կառուցած թատրոնի շենքը աշխարհի ամենագեղեցիկ կառույցներից է: Պահպանված է խիստ նեոդասական ոճը, ունի անթերի լսելիականություն: Նստատեղերի դասավորությունը համապատասխանում է օպտիկայի խիստ կանոններին: Թատրոնի երկարությունը 100 մետր է, իսկ լայնությունը` 38 մետր: Կառույցի ճակատային մասի կենտրոնում վեր է խոյանում կառքերի համար նախատեսված շքամուտք:
Սրահը պայտաձև էր: Այնտեղ կար եռահարկ օթյակ և պատշգամբ: Ընդամենը 194 օթյակ և թագավորական օթյակ: Ամեն օթյակում տեղավորվում էր 8-10 մարդ: Օթյակները միմյանց միանում էին միջանցքով: Հետևում օթյակների երկրորդ շարքն էր, ուր տեղադրված էին սեղաններ խաղաքարտի և խմիչքի սիրահարների համար: Բեմը այդքան էլ մեծ չէր: Սկզբնական շրջանում պարտերում աթոռ չկար: Դրա փոխարեն ծալվող և տեղաշարժվող աթոռներ էին:
Լուսավորությունը թույլ էր: Օթյակներում մոմեր էին վառում, այդ պատճառով պարտերում նստածները հալչող մոմի կաթոցից խուսափելու համար գլխարկները չէին հանում: Ջեռուցում ևս չկար: Սրահը հրաշալի էր՝ սպիտակ արծաթագույն և ոսկեգույն երանգներով: Այստեղ տեղի էին ունենում տարբեր արարողություններ՝ պարահանդեսներ, մոլեխաղեր: Շենքի կառուցման համար այն ժամանակ ծախսվել է 1 միլիոն լիրա: Ծախսերն իրենց վրա էին վերցրել քաղաքի 90 մեծահարուստ:
Խաղացանկ[խմբագրել | խմբագրել կոդը]
19-րդ դարի 30-ականներից սկսած՝ Լա Սկալայի պատմությունը սերտաճում է իտալացի մեծանուն երաժիշտներ Գաետանո Դոնիցետտիի, Վինչենցո Բելլինիի, Ջուզեպպե Վերդիի, Ջակոմո Պուչինիի հետ: Նրանց ստեղծագործությունները այստեղ ցուցադրվում էին առաջին անգամ: Դրանք էին Բելլինիի «Նորմա» (1831) և «Ծովահենը» (1827) օպերաները, Դոնիցետտիի «Լուկրեցիա Բորջիա» օպերան (1833), Վերդիի «Նաբուկկո»-ն (1842), «Օթելլո»-ն (1887), «Ֆալստաֆ»-ը (1893), Պուչինիի «Մադամ Բատերֆլայ»-ը (1904) և «Տուրանդոտ»-ը (1926):
Գլխավոր դիրիժորներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ֆրանկո Ֆաչչո (1871-1889)
- Արտուրո Տոսկանինի (1898-1908)
- Տուլիո Սերաֆին (1909-1914, 1917-1918)
- Արտուրո Տոսկանինի (1921-1929)
- Վիկտոր դե Սաբատա (1930-1953)
- Կառլո Մարիա Ջուլինի (1953-1956)
- Գվիդո Կանտելլի (1956)
- Ջանանդրեա Գավացցենի (1966-1968)
- Կլաուդիո Աբադո (1968-1986)
- Ռիկարդո Մուտի (1986-2005)
- Դանիել Բարենբոյմ (2007-2011)
- Ռիկարդո Շայի (2015-2022)
Օպերային թատերախումբ[խմբագրել | խմբագրել կոդը]
Թատրոնի բեմում երգել են Զինկա Միլանովան, Մարիա Կալասը, Մարիո դել Մոնակոն, Ռենատա Տեբալդին, իսկ ռուս երգիչներից` Ելենա Օբրազցովան, Թամարա Սինյավսկայան:
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ archINFORM — 1994.
- ↑ Энциклопедический музыкальный словарь, Москва 1966 (ռուս.)
|