Մարիա Կալաս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մարիա Կալաս
Մարիա Կալաս (1958 թ. լուսանկար)
Բնօրինակ անունMaria Callas
Ի ծնե անունանգլ.՝ Maria Anna Cecilia Sofia Kalogeropoulouglouglou[1][2] և հուն․՝ Μαρία Άννα Καικιλία Σοφία[1][2]
Ծնվել էդեկտեմբերի 2, 1923(1923-12-02)[3][4][5][…]
Նյու Յորք շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ կամ Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[6]
Երկիր Հունաստան և  ԱՄՆ
Մահացել էսեպտեմբերի 16, 1977(1977-09-16)[7][3][5][…] (53 տարեկան)
Փարիզի 16-րդ շրջան, Փարիզ[8]
ԳերեզմանԵգեյան ծով[7]
Ժանրերօպերա
Մասնագիտությունօպերային երգչուհի, երգչուհի և դերասանուհի
Երգչաձայնdramatic coloratura soprano?
Գործիքներվոկալ
ԱշխատավայրՋուլիարդ դպրոց
ԼեյբլEMI
ԿրթությունԱթենքի կոնսերվատորիա և George Washington Educational Campus?
ԱնդամակցությունPanhellenic Musician Union?
ԱմուսինՋովաննի Բատիստա Մենեգինի[9]
Պարգևներ
Կայքmaria-callas.com/en/
 Maria Callas Վիքիպահեստում

Մարիա Կալաս (ազգանվան գրության այլ ձևը՝ Կալլաս, անգլ.՝ Maria Callas, հունարեն՝ Μαρία Κάλλας, իսկական անունը՝ Աննա Սոֆի Չեչիլիա Կալոգերոպուլու (հուն․՝ Μαρία Άννα Σοφία Καικιλία Καλογεροπούλου), դեկտեմբերի 2, 1923(1923-12-02)[3][4][5][…], Նյու Յորք շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ և Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[6] - սեպտեմբերի 16, 1977(1977-09-16)[7][3][5][…], Փարիզի 16-րդ շրջան, Փարիզ[8]), ամերիկյան օպերային երգչուհի (սոպրանո)։ Ազգությամբ՝ հույն։

Կալլասի արվեստի ընդհանուր բնութագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարիա Կալլասը համարվում է 20-րդ դարի ամենանշանավոր օպերային երգչուհիներից մեկը։ Նա փայլուն տիրապետում էր երգեցողության բելկանտո ոճի տեխնիկային, ինչպես նաև օժտված էր մեծ դրամատիկական տաղանդով։ Բազմակողմանի երգչուհի էր, որի երգացանկը տարածվում էր 18-րդ դարի դասական օպերա-սերիաներից մինչև Ջոակինո Ռոսսինիի, Վինչենցո Բելլինիի, Գաետանո Դոնիցետտիի, Ջուզեպե Վերդիի, Ջակոմո Պուչինիի օպերաները։ Բեմական գործունեության առաջին տարիներին Մարիա Կալլասը նաև երգել է Վագների երաժշտական դրամաներում։ Իր ակնառու երաժշտական և դրամատիկական տաղանդի շնորհիվ երկրպագուների կողմից ստացել է «La Divina» (Աստվածային) տիտղոսը։

Ծնվելով Նյու Յորքում և դաստիարակվելով հրամայական հատկություններ ունեցող մոր կողմից՝ Մարիա Կալլասը երաժշտական կրթություն է ստացել Հունաստանում և մեծ հռչակ է ձեռք բերել՝ հանդես գալով Իտալիայի օպերային բեմերում Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո։ Ստիպված լինելով հաղթահարել ինչպես պատերազմական ժամանակի զրկանքները, այնպես էլ իր առողջության, այդ թվում՝ վատ տեսողության հետ կապված խնդիրները՝ նա իր կյանքի ընթացքում անցել է բազմաթիվ մարտահրավերների և սկանդալների միջով։ Իր երաժշտական կարիերայի միջին շրջանում (50-ական թթ. կեսեր) գեր քաշ ունեցող կնոջից նա վերափոխել է իրեն բարեկազմ և նրբակազմ էակի։ Քաշի այդ կորուստը, հնարավոր է, դեր է խաղացել նրա ձայնի անկման և 1965 թ. օպերային կարիերայի վաղաժամ ավարտի մեջ։

Մամուլը հաճախ էր անդրադառնում Կալլասի դյուրագրգիռ բնավորությանը, իտալական երգչուհի Ռենատա Տեբալդիի հետ մրցակցությանը և հույն գործարար Արիստոտել Օնասիսի հետ սիրավեպին։ Անձանական կյանքում Կալլասի անհաջողությունները երբեմն ստվերի մեջ էին թողնում նրա արվեստը։ Սակայն երգչուհու արտիստական ձեռքբերումները այնքան նշանակալից են, որ ամերիկացի երգահան Լեոնարդ Բերնսթայնը անվանել է նրան «Օպերայի Աստվածաշունչ»[10], իսկ նրա ազդեցությունն այնքան տևական է, որ 2006 թ.-ին Opera News ամսագիրը գրել է. «Իր մահից երեսուն տարի անց նա մնում է արվեստագետ-պրիմադոննայի տիպար, ինչպես նաև դասական երաժշտության առավել լավ վաճառվող երգիչներից մեկը»[11]։

Կալլասի ձայնի դիապազոնը (ամենաբարձր և ամենացածր նոտաները նշված են կարմիր գույնով)՝ փոքր օկտավայի ֆա դիեզից մինչև երրորդ օկտավայի մի

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարիա Կալլասը ծնվել է 1923 թ. դեկտեմբերի 3-ին Նյու Յորքում։ Նրա ծնողները՝ Ջորջ և Էվանգելինա Կալոգերոպուլոսները ԱՄՆ էին գաղթել և հաստատվել նույն թվականի օգոստոսին Հունաստանից։ 1929 թ. Ջորջ Կալոգերոպուլոսը դեղատուն է հաստատում Մանհեթընի հունական թաղամասում և փոխում ազգանունը՝ Կալլաս։ 1932 թ. Մարիա Կալլասը դաշնամուրի դասերի է հաճախում։ Հետագայում, իր ողջ կյանքում, նա իր դերերգերը սովորում է ինքնուրույն, առանց կրկնուսույցի օգնության։ 1937 թ. Կալլասի ծնողները բաժանվում են։ Էվանգելինան վերադառնում է Հունաստան իր երկու դուստրերի հետ և ընտանիքի անունը նորից Կալոգերոպուլոս է դարձնում։

1938 թ. Մարիա Կալլասն ընդունվում է Աթենքի ազգային կոնսերվատորիա, հակառակ որ պահանջված նվազագույն 16 տարեկանը դեռ չէր լրացրել։ Սկսում է դասերը Մարիա Տրիվելայի ղեկավարությամբ։ Նույն տարվա ապրիլին դասընկերների հետ հրապարակային առաջին համերգին է մասնակցում։1939 թ. ապրիլի 2-ին նա բեմական առաջին ելույթն է ունենում՝ կատարելով Սանտուցայի դերերգը Պիետրո Մասկանիի «Գեղջկական ասպետությունը» օպերայի ուսանողական բեմադրության մեջ և շահում կոնսերվատորիայի մրցանակը։ Երգչուհի Էլվիրա դե Հիդալգոն դառնում է Մարիայի դասատուն կոնսերվատորիայում։ Մարիա Կալլասը կենտրոնանում է կոլորատուրային մարզումների վրա։

1941 թ. հունվարի 21-ին Կալլասն ունենում է առաջին պրոֆեսիոնալ դեբյուտը Աթենքի «Լիրիկ» թատրոնի հետ, «Պալաս» կինոթատրոնում որպես Բեատրիչե (Ֆրանց Զուպպեի «Բոկաչիո» օպերետ)։ Նույն թատերախմբի հետ հետագա 4 տարիներին երգում է «Տոսկա» (Պուչչինի), «Հովիտ» (դ՛Ալբեր), «Գեղջկական ասպետություն» (Մասկանի), «Ֆիդելիո» (Բեթհովեն) և «Թշվառ ուսանող» (Կարլ Միլոկեր) օպերաներում։

1944 թ. գերմանական բանակը կորցնում է Հունաստանի նկատմամբ վերահսկողությունը, և բրիտանական նավատորմը հասնում է Պիրեա նավահանգիստ։ Մարիա Կալլասը որոշում է վերադառնալ Միացյալ Նահանգներ ու գտնել հորը։ 1945 թ. օգոստոսի 3-ին տալիս է հրաժեշտի համերգ Աթենքում դեպի Միացյալ Նահանգներ ուղևորության ծախսը հայթայթելու համար։ Դա Մարիայի առաջին մենահամերգն էր։ 1945 թ. սեպտեմբերին վերադառնում է Նյու Յորք, որտեղ վերցնում է Կալլաս ազգանունը։ 1945 թ. դեկտեմբերին տեղի է ունենում Կալլասի ունկնդրությունը Մետրոպոլիտեն օպերայում, որի արդյունքում սակայն նրան չի հաջողվում պայմանագիր ձեռք բերել։

1946 թ.՝ ապարդյուն փորձեր աշխատանք գտնելու, սակայն հետևողականորեն շարունակում է մարզումները տեխնիկան կատարելագործելու համար։ Հանդիպում է երաժշտական գործակալ Էդի Բագարոզիին։ Ընդունում է Չիկագոյում 1947 թ.-ի հունվարին Եվրոպայի նշանավոր երգիչների հետ Բագարոզիի և իտալացի իմպրեսարիո Օտտավիո Սկոտոյի հիմնադրելիք ընկերության կազմում «Տուրանդոտ» օպերայում հանդես գալու առաջարկը, սակայն ծրագրված առաջին ներկայացումից մի քանի օր առաջ ընկերությունը սնանկանում է։ Նիկոլա Ռոսսի-Լեմենին, հայտնի բաս երգիչը, որ նմանապես մաս էր կազմում ընկերության, Կալլասին ներկայացնում է Ջիովաննի Զենատելլոյին, ով այդ օրերին Միացյալ Նահանգներ էր եկել երգիչներ հավաքագրելու Վերոնայի 1947-ի օպերային փառատոնի համար, որի գեղարվեստական ղեկավարն էր։ Նա պայմանագիր է կնքում Կալլասի հետ «Ջոկոնդա» օպերայում գլխավոր դերերգը կատարելու համար։

1947 թ. հունիսի 27-ին Կալլասը ժամանում է Նեապոլ և հաջորդ օրն իսկ գնում է Վերոնա փորձերն սկսելու։ Մի քանի օր հետո հանդիպում է իտալացի հայտնի արդյունաբերող և օպերայի սիրահար Ջիովաննի Բատիստա Մենեգինիի հետ, որի հետ հետագայում ամուսնանում է։ 1947 թ. օգոստոս 2-ին տեղի է ունենում Կալլասի իտալական դեբյուտը Վերոնայի Արենայում որպես Ջոկոնդա, Տուլիո Սերաֆինի ղեկավարությամբ։ Թեև ներկայացումներն անցնում են բավական հաջող, սակայն Կալլասն առանձնահատուկ տպավորություն չի թողնում։

1947 թ. դեկտեմբեր 30-ին Վենետիկի «Լա Ֆենիչե» թատրոնում Կալլասը Սերաֆինի ղեկավարությամբ իտալերենով երգում է Իզոլդայի դերերգը Ռիխարդ Վագների «Տրիստան և Իզոլդա» օպերայում, ինչը դուռ է բացում իտալական այլ պայմանավորվածությունների, գլխավորաբար «Տուրանդոտ»-ի համար։ 1948 թ. նոյեմբերի 30-ին Ֆլորենցիայում Կալլասն առաջին անգամ հանդես է գալիս Նորմայի դերով, մի օպերա, որը նա կատարելու էր ամենաշատը իր կարիերայի ընթացքում։

1949 թ. հունվարի 19-ին առաջին անգամ Վագների «Վալկիրիա» օպերայում Բրունհիլդեի դերակատարումից ընդամենը 11 օր անց, Կալլասը, Սերաֆինի պնդումներից հետո, «Պուրիտաններ» օպերայի հերոսուհու՝ Էլվիրայի գլխավոր դերում փոխարինում է այդ օրն անտրամադիր Մարգերիտա Կարոզիոյին «Լա Ֆենիչեի» բեմի վրա։ Սա դառնում է Կալլասի կարիերայում դարձակետ և սկիզբ իտալական բելկանտո ռեփերտուարի վերականգնման գործում իր ներգրավմանը։

1949 թ. ապրիլ 21-ին Կալլասը ամուսնանում է Մենեգինիի հետ և նույն գիշեր ուղևորվում Արգենտինա՝ երգելու Բուենոս Այրեսի «Թեատրո Կոլոնի» բեմում։ Մենեգինիի օգնությամբ, որպես ամուսին ու մենեջեր, Կալլասն իր կարիերան է զարգացնում Իտալիայում և արտասահմանում շուրջ 2 տարի։

1951 թ. դեկտեմբեր 7-ին Կալլասը բացում է «Լա Սկալայի» թատերաշրջանը՝ մեծ հաջողությամբ կատարելով Ելենայի դերերգը Վերդիի «Սիցիլիական ժամերգություն» օպերայում։ Հաջորդող յոթ տարիներին «Լա Սկալան» դառնում է նրա մեծագույն հաղթանակների թատերաբեմը, դերերգերի ամենալայն սպեկտրով։

1952 թ. հուլիսի 29-ին Կալլասը ձայնագրման առաջին պայմանագիրն է կնքում EMI-ի հետ, իսկ օգոստոսին փորձնական ձայնագրությունն է արվում «Դոն Ջիովանիի» օպերայից «Non mi dir» արիայով։

1953 թ. փետրվարին Կալլասը մասնակցում է Ֆլորենցիայում EMI-ի հետ առաջին առևտրային ձայնագրությանը՝ կատարելով Լուչիայի դերերգը Դոնիցետտիի «Լուչիա դի Լամերմուր» օպերայում։ Նույն տարում Կալլասը մի ամբողջ շարք ձայնագրություններ է անում Լա Սկալայում, «Պուրիտաններից» և «Գեղջկական ասպետությունից» մինչև «Տոսկա», Սերաֆինի և Վիկտոր դե Սաբատայի ղեկավարությամբ։

1954 թ. կարճ ժամանակամիջոցում Կալլասը կորցնում է 30 կգ քաշ և արտաքնապես ամբողջովին փոխվում է։ «Լա Սկալայում» ձայնագրում է ամբողջական 4 օպերա, ձայնասկավառակի են վերածվում նրա լոնդոնյան 2 համերգները։ Նոյեմբերին վերադառնում է Միացյալ Նահանգներ՝ երգելու «Նորմա», «Տրավիատա» և «Լուչիա դի Լամերմուր» Չիկագոյի օպերայում։ Դեկտեմբերին «Լա Սկալայում» համերգաշրջանի բացումն է կատարում, առաջին անգամ համագործակցում է թատրոնի և ֆիլմի ռեժիսոր Լուկինո Վիսկոնտիի հետ։

1956 թ. հոկտեմբերի 29-ին առաջին անգամ դուրս է գալիս Մետրոպոլիտեն օպերայի բեմ՝ կատարելով Նորմայի դերերգը, որին հաջորդում է Տոսկան և Լուչիան։

1957 թ. սեպտեմբերին Վենետիկում մի ընդունելության ժամանակ Կալլասը ծանոթանում է նավային մագնատ, հույն մեծահարուստ Արիստոտել Օնասիսի հետ։

1958 թ. հունվարի 2-ին պատճառաբանելով հիվանդությունը Կալլասն առաջին արարից հետո լքում է գալա-համերգը Հռոմում, «Նորմա» օպերայի կատարման ժամանակ. ներկայացմանը ներկա էր Իտալիայի նախագահը և բարձրաշխարհիկ ողջ հասարակությունը։ Մամուլը բիրտ քննադատում է Կալլասին։

1958 թ. մայիսին «Լա Սկալայում», Բելլինիի «Ծովահենը» օպերայի ներկայացման ժամանակ վիճում է թատրոնի գլխավոր տնօրեն Անտոնիո Գիրինգելլիի հետ և որոշում այլևս չբարձրանալ Լա Սկալայի բեմ՝ քանի դեռ նա շարունակում է պաշտոնավարել։

1958 թ. նոյեմբերի 6-ին Մետրոպոլիտեն օպերայի տնօրեն Ռուդոլֆ Բինգը խզում է Կալլասի հետ բոլոր պայմանավորվածությունները՝ հաջորդ համերգաշրջանի ներկայացման հարցում համաձայնության չգալու պատճառով։

1958 թ. դեկտեմբերի 6-ին Կալլասը հանդես է գալիս Փարիզի օպերայում դեբյուտ գալա-համերգով։ Հանդիսատեսների մեջ է նաև Օնասիսը, որն սկսել էր արդեն ավելի մոտիկից հետաքրքրվել Կալլասով։

1959 թ-ից սկսած Կալլասը հետզհետե ավելի քիչ ելույթներ է ունենում։ Ամուսնու հետ ծովային կրուիզի է հրավիրվում Օնասիսի «Քրիստինա» զբոսանավով, որի վրա նշանավոր տարբեր դեմքերի թվում էին նաև Չերչիլ ամուսինները։ Կրուիզի ավարտին Կալլասն ու Օնասիսը դառնում են սիրահարներ, Կալլասը խզում է հարաբերությունը Մենեգինիի հետ։ 1960-1963 թթ. Կալլասը բոլորովին լքում է բեմը և Օնասիսի հետ իրեն նվիրում միջազգային բարձրաշխարհիկ կյանքին՝ միայն 1963 թ.-ին տալով մի քանի մենահամերգ։

1964 թ.հունվարին Ֆրանկո Զեֆիրելին համոզում է Կալլասին վերադառնալ օպերա և Կովենտ Գարդենում մասնակցել «Տոսկայի» նոր բեմադրության։ Մայիսին Կալասը երևում է փարիզյան բեմում Նորմայի դերով (ռեժիսոր՝ Զեֆիրելի)։ Հակառակ վոկալ որոշ խնդիրների, կատարումն ընդհանրապես հաջող է անցնում։

1965 թ. փետրվարին Կալլասը երգում է «Տոսկա» Փարիզում, 9 անգամ։ Մարտին հաղթական վերադառնում է Մետրոպոլիտեն՝ միշտ «Տոսկայով»։ Մայիսին 5 նոր կատարումներ Նորմայի դերով՝ Փարիզում։ Հոգնած է զգում իրեն, սակայն չեղյալ չի հայտարարում ելույթները։ Մայիսին 29-ի ներկայացման ժամանակ Կալլասը 2-րդ արարն ավարտում է փաստական կոմայում։ Վերջին տեսարանը չի կայանում։ Հուլիսին պատրաստվում է 4 ներկայացում տալ Կովենտ Գարդենում։ Բժիշկները խորհուրդ չեն տալիս։ Կալլասը որոշում է ընդամենը մեկ՝ արքայական գալա-ներկայացումը հուլիսի 5-ին։ Դա իր վերջին կատարումն էր։

1966 թ. Կալլասը հրաժարվում է ամերիկյան քաղաքացիությունից և ընդունում հունականը, դրանով գործնապես ջնջելով իր ամուսնությունը Մենեգինիի հետ։ Նա ակնկալում է Օնասիսի ամուսնության առաջարկը, որը երբեք չի ստանում։

1968 թ. հոկտեմբերի 10-ին Օնասիսը պսակվում է Ջեքլին Քենեդու հետ՝ Կալլասի հետ հարաբերությունները սառեցնելուց հետո։

1969 թ. հունիս-հուլիսին Կալլասը Մեդեա է խաղում Եվրիպիդեսի համանուն թատերախաղի կինոբեմադրության մեջ։ Ռեժիսորը Պիեր Պաոլո Պազոլինին է։

1971-1972 թթ.- Կալլասը Նյու Յորքի Ջուլիարդ քոլեջում վարպետաց դասընթաց է տալիս։ Նա կրկին հանդիպում է իր հին ընկերոջը՝ նշանավոր տենոր Ջուզեպպե դի Ստեֆանոյին, նրանք սերտ բարեկամներ են դառնում։

Կալլասը դի Ստեֆանոյի հետ համերգի ժամանակ (1973 թ. Ամստերդամ)

1973 թ. դի Ստեֆանոն Կալլասին համոզում է միջազգային մեծ շրջագայություն ձեռնարկել ի նպաստ իր հիվանդ դստեր բժշկության։ Շրջագայությունը, որ անձնական հաղթանակ և արտիստական ձախողություն է դառնում, սկսվում է Համբուրգում հոկտեմբերի 25-ին և ավարտվում 1974 թ.-ին։ 1974 թ. նոյեմբերի 11-ին կայանում է շրջագայության վերջին համերգը դի Ստեֆանոյի հետ Սապպորոյում, Ճապոնիա։ Դա Կալլասի վերջին համերգն է։ Խզվում է կապը Դի Ստեֆանոյի հետ։

1975 թ. մարտի 15-ին Օնասիսը վիրահատությունից հետո մահանում է, Կալլասը մենակյաց կյանք է վարում Փարիզում՝ փակվելով իր առանձնատան մեջ։

1977 թ. սեպտեմբերի 17-ին Կալլասը, մենակ իր փարիզյան բնակարանում, մահանում է բնական պատճառներով։

Օպերային դերեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Նշանավոր ձայնագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բոլոր ձայնագրությունները «մոնո», եթե այլապես չի նշված։ «Կենդանի» ձայնագրությունները հասանելի են տարբեր լեյբլների թողարկմամբ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Գերմանիայի ազգային գրադարան — 1912.
  2. 2,0 2,1 Encyclopædia Britannica
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  4. 4,0 4,1 Կոնգրեսի գրադարանի ստուգիչ համար
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 filmportal.de — 2005.
  6. 6,0 6,1 6,2 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
  7. 7,0 7,1 7,2 7,3 Bauer P. Deux siècles d'histoire au Père Lachaise (ֆր.)Versailles: 2006. — P. 166. — ISBN 978-2-914611-48-0
  8. 8,0 8,1 8,2 DiGaetani J. L. The definitive diva: the life and career of Maria CallasNC: McFarland & Company, 2021. — P. 193. — ISBN 978-1-4766-4340-3
  9. Davis P. G. The Eternal Husband's Story // The New York Times / J. KahnManhattan, NYC: New York Times Company, A. G. Sulzberger, 1982. — ISSN 0362-4331; 1553-8095; 1542-667X
  10. PBS փաստագրական ֆիլմ Կալլասի մասին, նրա մահվան տարելիցին, 1983։
  11. Մարիա Կալլասի զրույց Լորդ Հեյրվուդի հետ BBC-ի համար, Փարիզում, Ապրիլ 1968՝ Maria Callas: The Callas Conversations, DVD EMI Classics
  12. Maria Callas, Norma - Casta Diva - Bellini 1 9 5 4
  13. Maria Callas - Carmen
  14. Paul Gruber (ed.), The Metropolitan Guide to Recorded Opera, Norton, 1993, p. 415

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 169