Ռուդոլֆ Բինգ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ռուդոլֆ Բինգ
Ծնվել էհունվարի 9, 1902(1902-01-09)[1][2][3]
ԾննդավայրՎիեննա, Ավստրո-Հունգարիա[4]
Մահացել էսեպտեմբերի 2, 1997(1997-09-02)[1][2][3] (95 տարեկանում)
Մահվան վայրSt. Joseph's Medical Center, Յոնկերս, Վեստչեստեր շրջան, Նյու Յորք, ԱՄՆ
ՔաղաքացիությունFlag of the United Kingdom.svg Միացյալ Թագավորություն
Flag of Austria.svg Ավստրիա
Flag of the United States.svg ԱՄՆ
ԿրթությունՎիեննայի համալսարան
Մասնագիտությունimpresario
ԱշխատավայրՄետրոպոլիտեն օպերա
Պարգևներ և
մրցանակներ
«Ավստրիայի Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար» մեծ ոսկե մեդալ և «Գերմանիայի Դաշնային Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար» շքանշանի հրամանատարական խաչ

Ռուդոլֆ Ֆրանց Յոզեֆ Բինգ (անգլ.՝ Rudolf Franz Joseph Bing, հունվարի 9, 1902(1902-01-09)[1][2][3], Վիեննա, Ավստրո-Հունգարիա[4] - սեպտեմբերի 2, 1997(1997-09-02)[1][2][3], St. Joseph's Medical Center, Յոնկերս, Վեստչեստեր շրջան, Նյու Յորք, ԱՄՆ), օպերային իմպրեսարիո: Աշխատել է Գերմանիայում, Մեծ Բրիտանիայում, ԱՄՆ-ում: 1950-1972 թվականներին եղել է Մետրոպոլիտեն օպերայի գլխավոր մենեջերը: Բրիտանական կայսրության օրդենի ասպետ է:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Եվրոպայում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռուդոլֆ Բինգը ծնվել է 1902 թվականին Վիեննայում: Եղել է ընտանիքի երեք երեխաներից կրտսերը: Պատանին օժտված է եղել բարիտոնով և սովորել է երգեցողություն: Դպրոցն ավարտելուց հետո աշխատանքի է ընդունվել համերգային ընկերությունում և 1921 թվականից զբաղվել է համերգների կազմակերպմամբ, օպերային ու թատերական քասթինգով: 1928 թվականին դարձել է Դարմշտադտի Հեսե թատրոնի նոր կառավարչի օգնականը: Մինչև 1933 թվականը աշխատել է Բեռլինում և Դարմշտադտում: Նացիոնալ-սոցիալիստների` իշխանության գլուխ գալուց հետո արտագաղթել է Մեծ Բրիտանիա: 1935-1948 թվականներին զբաղեցրել է Գլայնդբորնի օպերային փառատոնի գլխավոր տնօրենի պաշտոնը[5][6]:

Պատերազմից հետո եղել է կատարողական արվեստի` Էդինբուրգի միջազգային փառատոնի (1947) հիմնադիրներից մեկը, իսկ 1947-1949 թվականներին` նրա տնօրենը[7][5]:

1946 թվականին ստանալով բրիտանական քաղաքացիություն` Բինգը բրիտանահպատակ է եղել նաև ԱՄՆ-ում ապրած տարիներին: Անգլո-ամերիկյան հաաբերությունների զարգացման համար Բինգը ներկայացվել է Բրիտանական կայսրության օրդենի ասպետի կոչման (1971))[8][6]:

Մետրոպոլիտեն օպերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռուդոլֆ Բինգը գլխավորել է Նյու Յորքի Մետրոպոլիտեն օպերան 1950 թվականին և մոտ երկու տասնամյակ զբաղեցրել այդ պաշտոնը մինչև 1972 թվականը: Բինգը թատրոնի ամենաազդեցիկ ղեկավարներից մեկն է եղել և մեծ բարենորոգիչ: Որպես աշխարհի ամենահայտնի թատրոններից մեկի գլխավոր մենեջեր` հայտնի է եղել ներկայացումների նկատմամբ իր պահանջկոտությամբ: Հակվածություն չունենալով հանդերձ աստղերի քմահաճույքներին ընդառաջելուն` նա Մետրոպոլիտեն օպերայի բեմ է բարձրացրել իր ժամանակի ամենամեծ կատարողներին: Նրա օրոք են իրենց առաջին բեմելն ունեցել Ջոան Սազերլենդը, Էլիզաբեթ Շվարցկոպֆը, Լուչանո Պավարոտին, Ռենատա Տեբալդին, Մոնսերատ Կաբալիեն, Միրելլա Ֆրենին, Չեզարե Սիեպին, Մարիո Դել Մոնակոն, Նիկոլայ Գեդան, Կարլո Բերգոնցին, Ֆրանկո Կորելլին[9][5]: Նրա և Մարիա Կալլասի միջև եղած բազմամյա կոնֆլիկտը լայնորեն լուսաբանվել է մամուլում և հուշագրություններում. 1968 թվականին Բինգը սատացել է «Կալլասին հեռացրած մարդ» մականունը[6][10]:

Բինգն ակտիվորեն ելույթ է ունեցել ռասայական խտրությունների դեմ` հայտարարելով, որ Մետրոպոլիտեն օպերան ելույթ կունենա միայն խառը լսարանի առաջ (1961)[11][5][10]: Նրա ղեկավարման տարիներին առաջին անգամ Մետրոպոլիտեն օպերայում ելույթ են ունեցել աֆրոամերիկացի երգիչներ` Անդերսոն, Պրայս, Բրեյս Բամբրի, Շիրլի Վերեթ և այլք:

Բինգի ղեկավարման տարիներին Մետրոպոլիտե օպերան Բրոդվեյի հին շենքից տեղափոխվել է Մանհեթենի Լինկոլն կենտրոնի նոր շինություն (1966): Բինգի` օպերային նոր ներկայացումներ բեմադրելու մոտեցումը էականորեն տարբերվում էր իր նախորդներից և շատ այլ թատրոններից: Իր ժամանակի համար դա նորարարություն էր: Օպերային ներկայացում ստեղծելու համար նա ներգրավում էր թատերական ռեժիսորների ու նկարիչների, ապահովում էր երաժշտական լուրջ մոտեցում և ամբողջ սեզոնի համար կատարողների մշտական կազմ[12]:

Բինգի` թատրոն գալու պահին այն գտնվում էր լճացած իրավիճակում, սակայն նրա ջանքերով թատրոնը վերածվել է աշխարհի լավագույն թատրոններից մեկը[6]: Մետրոպոլիտեն օպերան գլխավոր մենեջերին ճանապարհել է 1972 թվականի ապրիլի 22-ին կայացած նրա պատվին կազմակերպված գալա-համերգով[13]:

Վերջին տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պաշտոնաթող լինելուց հետո Բինգը դասախոսություններ է կարդացել Բրուքլինի քոլեջում, հրատարակել է հուշագությունների երկու գիրք: Նրա կինը` ռուս բալետի պարող Նինա Շելեմսկայա-Շլեսնայան, ում հետ Բինգն ամուսնացել էր 1928 թվականին, մահացել է կաթվածից 1983 թվականին: 85-ամյա Բինգն ամուսնացել է 47-ամյա Քերոլ Դուգլասի հետ, ում կասկածում էին ամուսնական խարդավանքների մեջ. արդյունքում ամուսնությունը չեղյալ է հայտարարվել: Կյանքի վերջին տարիներին Ռուդոլֆ Բինգը տառապել է Ալվհայմերի հիվանդությամբ և ապրել Բրոնքսում` ծերերի համար նախատեսված հրեական տանը[6][10]:

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 5000 Nights at the Opera: The Memoirs of Sir Rudolf Bing. — New York, London: Doubleday, 1972. — P. 360. — ISBN 978-0385092593, русский перевод: За кулисами "Метрополитен Опера" / перевод И. Прусс. — М.: Аграф, 2001. — 368 с. — (Волшебная флейта. Из кладовой истории). — 3000 экз. — ISBN 5-7784-0175-2
  • A Knight at the Opera. — New York: Putnam, 1981. — P. 287. — ISBN 978-0399126536

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 data.bnf.fr: տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 SNAC — 2010.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Encyclopædia Britannica
  4. 4,0 4,1 4,2 German National Library, Berlin State Library, Bavarian State Library et al. Record #118511041 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
  5. 5,0 5,1 5,2 5,3 Акопян Л. О. Музыка XX века: энциклопедический словарь / Научный редактор Двоскина Е. М.. — М.: «Практика», 2010. — С. 77. — 855 с. — 2500 экз. — ISBN 978-5-89816-092-0
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 Elizabeth Forbes (1997-09-04)։ «OBITUARY : Sir Rudolf Bing» (անգլերեն)։ The Guardian։ Վերցված է 2016-01-05 
  7. Без политики, но с Петером Штайном // Коммерсантъ Власть : еженедельник. — М.: ИД Коммерсантъ, 1998. — В. 25 августа. — № 32 (284). — С. 47.
  8. Alexander Chancellor (2015-11-21)։ «How the Germans made Glyndebourne» (անգլերեն)։ The Spectator։ Վերցված է 2016-01-05 
  9. Л. Паваротти На завоевание Нью-Йорка // Я, Лучано Паваротти, или Восхождение к славе / пер. И. Константинова. — М.: Алгоритм, 2014. — 288 p. — (Мемуары великих). — ISBN 978-5-4438-0666-2
  10. 10,0 10,1 10,2 James R. Oestreich (1997-09-03)։ «Rudolf Bing, Titan of the Met, Dies at 95» (անգլերեն)։ The New York Times։ Վերցված է 2016-01-05 
  11. М. Стуруа (2013-09-24)։ «Метрополитен-опера открыла сезон под аккомпанемент геев-протестников»։ МК.RU։ Վերցված է 2016-01-05 
  12. James Jorden (2013-06-12)։ «Out With the Old: This Production of Der Rosenkavalier Has Run Its Course» (անգլերեն)։ Observer։ Վերցված է 2016-01-05 
  13. The Met Salutes Rudolf Bing // The Nevada Daily Mail : newspaper. — 1972. — В. 28 April.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]