Jump to content

Ժորժ Բիզե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Բիզե Ժորժից)
Ժորժ Բիզե
Ալեքսանդր-Ցեզար-Լեոպոլդ Բիզե
Դիմանկար
Ծնվել էհոկտեմբերի 25, 1838(1838-10-25)[1][2][3][…]
ԾննդավայրՏուր-դ’Օվերնի փողոց, Փարիզ, Հուլիսյան միապետություն[4]
Մահացել էհունիսի 3, 1875(1875-06-03)[1][3][5][…] (36 տարեկան)
Մահվան վայրԲուժիվալ[6][7][8]
ԳերեզմանՊեր Լաշեզ
Քաղաքացիություն Ֆրանսիա
ԱզգությունՖրանսիացի
Կրոնաթեիզմ
ԿրթությունՓարիզի կոնսերվատորիա
ԵրկերԿարմեն և Մարգարիտ որոնողները
Մասնագիտությունդասական կոմպոզիտոր, դիրիժոր, դաշնակահար և կոմպոզիտոր
ԱմուսինԺակ Ֆրոմետալ Գալևի
Ծնողներհայր՝ Ադոլֆ Արման Բիզե, մայր՝ Այմե Լեոպոլիդին Ժոզեֆին Դելսարտ
Պարգևներ և
մրցանակներ
ԵրեխաներԺակ Բիզե[10]
Ստորագրություն
Изображение автографа
 Georges Bizet Վիքիպահեստում

Ժորժ Բիզե (ֆր.՝ Alexandre-César-Léopold Bizet, մկրտության ժամանակ ստացել է Ժորժ (Georges) անունը, հոկտեմբերի 25, 1838(1838-10-25)[1][2][3][…], Տուր-դ’Օվերնի փողոց, Փարիզ, Հուլիսյան միապետություն[4] - հունիսի 3, 1875(1875-06-03)[1][3][5][…], Բուժիվալ[6][7][8]), ֆրանսիացի երգահան, հեղինակել է նվագախմբային ստեղծագործություններ, ռոմանսներ, դաշնամուրային երկեր, ինչպես նաև օպերաներ։ Համարվում է 19-րդ դարի երկրորդ կեսի ֆրանսիացի խոշորագույն կոմպոզիտորներից մեկը։ Նրա լավագույն ստեղծագործություններից են՝ «Կարմեն» օպերան և Ալֆոնս Դոդեի «Արլեզիանուհի» դրամայի համար գրված երաժշտությունը։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Փարիզի կոնսերվատորիան

Ժորժ Բիզեն ծնվել է 1838 թվականի հոկտեմբերի 25-ին Փարիզում՝ երգեցողության ուսուցչի ընտանիքում։ Ծննդյան անունն է եղել Ալեքսանդր-Ցեզար-Լեոպոլդ Բիզե, մկրտությունից հետո ստացել է Ժորժ անունը, որով էլ հետագայում հայտնի է դարձել։ Բիզեն ընդունվել է Փարիզի կոնսերվատորիան, երբ երկու շաբաթից նոր պիտի լրանար նրա տասը տարին։ Կոնսերվատորիայում սովորելու տարիներին (1848-1857), Բիզեն փորձում է իրեն կոմպոզիտորության բնագավառում։ Այս շրջանում նա արդեն լիովին տիրապետում է կոմպոզիտորական տեխնիկային։

1857 թվականին նա Շառլ Լեկոկի հետ կիսում է Ժակ Օֆֆենբախի կողմից կազմակերպված մրցույթի Հռոմեական մրցանակը՝ իր «Բժիշկ Միրակլը» օպերետի համար։ Նույն տարում նա մրցույթի է ներկայացնում «Կլովիս և Կլոտիլդա» կանտատը, որի համար նույնպես ստանում է Հռոմեական մրցանակ, ինչը հնարավորություն է տալիս նրան ապրել Հռոմում երեք տարի, ստեղծել երաժշտություն ու զբաղվել իր գործունեությամբ։ Այս շրջանի հաշվետու ստեղծակործությունը Դոն Պրոկոպիո օպերան էր։ Հռոմում ապրելուց հետո Բիզեն ամբողջ կյանքն անցկացրեց Փարիզում։

Հռոմից Փարիզ վերադառնալով՝ Բիզեն շարունակում է գրել երաժշտություն։ 1863 թվականին նա գրում է «Մարգարիտ որոնողները» օպերան։ Այս ժամանակաշրջանում է գրում նաև «Փերթ գեղեցկուհին», «Մանկական խաղեր» դաշնամուրի համար։ Նա գրեց նաև «Ջամիլե» ռոմանտիկ օպերան, Դո մինոր սիմֆոնիան։ Նույնիսկ Բիզեն էր մոռացել այդ սիմֆոնիան, որի մասին հիշեցին միայն 1935 թվականին, երբ գտան կոնսերվատորիայի գրադարանում։ 1874-1875 թվականներին նա աշխատում էր «Կարմեն» օպերայի վրա։ Օպերայի պրեմիերան կայացավ իսպանական Օպերա-Կոմիկ թատրոնում, 1875 թվականի մարտի 3-ին, սակայն ձախողվեց։ Իր երկրորդ սիմֆոնիան Բիզեն անավարտ թողեց։

1869 թվականի հունիսի 3-ին Բիզեն ամուսնացավ իր ուսուցչի աղջկա՝ Ժակ Ֆրոմետալ Գալեվիի հետ (1849-1926)։ Նրանց որդին՝ Ժակ Բիզեն (1872-1922, կյանքն ավարտել է ինքնասպանությամբ) եղել է Մարսել Պրուստի մտերիմ ընկերն ու համադասարանցին։ Բիզեն մահացել է 1875 թվականի հունիսի 3-ին՝ սրտի նոպայից։ Նա շատ էր մտահոգվում, որ իր «Կարմեն» օպերան վատ էր ընդունվել քննադատների ու հասարակության կողմից։ Ժորժ Բիզեն թաղվել է Փարիզի Պեռ-Լաշեզ գերեզմանատանը։

Ստեղծագործությունը

[խմբագրել | խմբագրել կոդը]
Ժորժ Բիզեն երիտասարդ տարիքում

Բիզեի ստեղծագործությանը հատուկ են մտքի ճշգրտությունն ու հստակությունը, արտահայտչամիջոցների թարմությունն ու պարզությունը, ձևի ավարտվածությունն ու նրբինությունը։ Բիզեին հատուկ է հոգեբանական սուր վերլուծությունը՝ մարդկային զգացմունքների և արարքների ըմբռնումը։ Բիզեի բազմաժանր ստեղծագործության մեջ կենտրոնական տեղը պատկանում է օպերային։ Կոմպոզիտորի օպերային արվեստը ծագել է ազգային հողի վրա և սնվել ֆրանսիական օպերային թատրոնի ավանդույթներով։

19-րդ դարի 60-ական թվականներին Ֆրանսիայի օպերային թատրոնը կորցնում է առաջատար բնույթը։ «Մեծ» օպերան, որը մի ժամանակ արտացոլում էր ազգի հասարակական վերելքը, վերածվել էր անբովանդակ տպավորիչ ներկայացման, կոմիկական օպերան դարձել էր անմիտ և զուտ զվարճալի։ Լիրիկական օպերան, որը ծնունդ առավ դարակեսին, իր լավագույն նմուշների գեղարվեստական բոլոր արժանիքներով հանդերձ, զուրկ էր վառ նորարարական ձգտումներից։ Ֆրանսիայի բուրժուական հասարակության սրտին ամենամոտը օպերան էր իր կանկանով, շքեղ զգեստներով ու թեթևամիտ սյուժեներով։ Այդ տարիներին էր, որ Բիզեն սկսեց օպերային կոմպոզիտորի ուղին։

Քննադատաբար օգտագործելով ֆրանսիական օպերայի նվաճումները, Բիզեն համարձակորեն և վճռականորեն իր լավագույն ստեղծագործություններում ժխտում էր այն ամենը, ինչ հնացած էր և խանգարում էր նրա ստեղծագործական նոր խնդիրների լուծմանը։ Պայքարելով բուրժուական հասարակության նախապաշարմունքների դեմ՝ Բիզեն ռեալիզմի ճանապարհը գտավ օպերային ժանրում։ Նրա ստեղծագործական ձգտումները ֆրանսիական արվեստի ռեալիստական միտումների (Վիկտոր Հյուգո, Ֆլոբեր, Էմիլ Զոլա, Կուրբե) ընդհանուր աճի արտացոլումն էին։ Բիզեի լիովին ավարտուն ստեղծագործությունների քանակը համեմատաբար մեծ չէ։ Բայց և այն, ինչ Բիզեն հասցրել է ստեղծել իր կարճատև կյանքի ընթացքում, բավական է, որպեսզի խոսվի նրա հսկայական ներդրման մասին համաշխարհային արվեստի գանձարանում։

Ստեղծագործության առանձնահատկությունները

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բիզեի 1870-ական թվականների հասուն ստեղծագործությունները ի հայտ են բերում նրա ինքնօրինակ գեղարվեստական ոճը։ Բիզեի արվեստը հագեցած է լավատեսությամբ, խորապես մարդկային է, հաստատում է կյանքը և միաժամանակ բացահայտում նրա հակասություններն ու կոնֆլիկտները։ Առանձին մարդկանց ողբերգական ճակատագրերը չեն կարող խախտել կյանքի հավերժ ներդաշնակությունը։ Բիզեի ստեղծագործությունների հերոսները, որոնք վայելում են նրա համակրանքը, ուժեղ կրքերով ապրող, իրենց երջանկության համար պայքարող համարձակ և հպարտ մարդիկ են։ Հերոսների ճակատագրերը բացահայտված են ժողովրդի կյանքի հետ սերտ կապի մեջ։

Օպերային արվեստը

[խմբագրել | խմբագրել կոդը]
Կարմեն օպերայի պրեմիերայի պաստառը

Հանճարով օժտված արվեստագետը՝ Ժորժ Բիզեն, ուներ բոլոր հատկանիշները օպերային երևելի կոմպոզիտոր դառնալու համար։ Բեմի նուրբ զգացողությունը, նրա յուրահատուկ օրենքների ըմբռնումը, մարդկային տարբեր կերպարները դիպուկ և վառ նկարագրելու և հերոսների զգացմունքները ցայտուն, հիշվող մեղեդիներով արտահայտելու նրա տաղանդը, վոկալ ոճի գերազանց տիրապետումը՝ այդ բոլոր հատկանիշները Բիզեին դարձրին օպերային արվեստի մեծ վարպետ։ Բիզեի օպերաների հերոսները ժողովրդից ելած հասարակ մարդիկ են։ Այստեղ ի հայտ է գալիս ժողովրդա-ժանրային երաժշտության (երգի և պարի) միջոցով բնութագրելու նոր և ինքնատիպ մեթոդը։ Այսպես է ստեղծված Կարմենի՝ 19-րդ դարի օպերային գրականության մեջ ամենավառ կերպարներից մեկը։

Կյանքի հյութեղ գույների, վառ, ցայտուն կերպարների նկատմամբ ունեցած հակումը Բիզեին հանգեցրեց հարավային և արևելյան ժողովուրդների կյանքի պատկերմանը։ Այսպես ստեղծվեցին արևելյան կոլորիտ ունեցող «Մարգարիտ որոնողները» և «Ջամիլեն», պրովանսյան «Արլեզիանուհին» և իսպանա-գնչուական «Կարմենը»։ Բիզեն զարմանալի ճշմարտանմանությամբ վերաստեղծում է Արաբիայի, Իսպանիայի, հարավային Ֆրանսիայի տեղային կոլորիտը։

Պատկերելով Իսպանիայի, Պրովանսի, Արևելքի ժողովրդական կյանքի պատկերները, Բիզեն հազվադեպ է օգտագործում բուն ժողովրդական մեղեդիներ, բայց ուսումնասիրելով այդ ժողովրդի կենցաղն ու երաժշտական ֆոլկլորը և ասես հարմարվելով դրանց, կոմպոզիտորը ստեղծագործական հանճարեղ ներըմբռնմամբ կռահում է ամենաբնորոշը, տիպականը և դրանցով հագեցնում է իր ստեղծագործությունների երաժշտական կտավը։ Ստեղծագործական շփումը ժողովրդական երաժշտության հետ հարստացրեց կոմպոզիտորի մեղեդային և առանձնապես լադահարմոնիկ լեզուն։

Նվագախմբային ստեղծագործությունները

[խմբագրել | խմբագրել կոդը]

Երաժշտական թեմատիզմի ժողովրդական էությունը հաճախ հանգեցնում է զարգացման վարիացիոն ձևին դիմելու անհրաժեշտությանը։ Դա կարելի է տեսնել գլխավորապես կոմպոզիտորի նվագախմբային ստեղծագործության մեջ։ Բիզեի երաժշտական ոճին, նրա հարմոնիզացիային, ձայնատարությանը, գործիքային և վոկալ ֆակտուրային հատուկ են հստակությունն ու նրբությունը, փոքր ու մեծ մասշտաբների երաժշտական ձևերն ու կառուցվածքները օպերային ու գործիքային ժանրերում գերում են տրամաբանությամբ, ավարտվածությամբ և ներդաշնակ գեղեցկությամբ։

Բիզեն Ֆրանսիայի նշանավոր սիմֆոնիստներից մեկն է։ «Կարմեն» օպերայի նախերգանքը, նույն օպերայի անտրակտները, «Արլեզանուհու» երաժշտությունից կազմված երկու նվագախմբային սյուիտները՝ այս ամենը Բիզեի սիմֆոնիկ երաժշտության, ավելին՝ ամբողջ ֆրանսիական սիմֆոնիկ երաժշտության գլուխգործոցներն են։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 Base Léonore (ֆր.)ministère de la Culture.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Cooper M. D. P. Encyclopædia Britannica
  4. 4,0 4,1 4,2 Archives de Paris
  5. 5,0 5,1 5,2 Internet Broadway Database — 2000.
  6. 6,0 6,1 6,2 Бизе Жорж // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  7. 7,0 7,1 7,2 Archivio Storico Ricordi — 1808.
  8. 8,0 8,1 8,2 մահվան վկայական
  9. Gran Enciclopèdia Catalana (կատ.)Grup Enciclopèdia, 1968.
  10. ծննդական
  • Stefan, Paul. Georges Bizet. Leben, Umwelt und Werk des Komponisten der Carmen. — Zürich: Atlantis, 1952.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 436