Jump to content

Սիմֆոնիկ երաժշտություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ֆիլհարմոնիկ համերգ

Սիմֆոնիկ երաժշտության, սիմֆոնիկ նվագախմբի կատարման համար նախատեսված երաժշտություն։ Սիմֆոնիկ երաժշտության կարևորագույն ժանրերն են՝ սիմֆոնիա, նախերգանք, կոնցերտ, սյուիտ, սիմֆոնիկ պոեմ, ֆանտազիա և այլն։ Սիմֆոնիկ երաժշտության են վերաբերում նաև օպերաների նվագախմբային հատվածները (սիմֆոնիկ պատկերներ, ինտերմեցցո) երգչախումբ, մեներգիչներ ներառող այնպիսի ստեղծագործությունները, որոնցում, սակայն, գերիշխում է գործիքային սկզբունքը։

Սիմֆոնիկ նվագախմբի տեմբրային և դինամիկ հատկանիշների հարստությունն ու բազմազանությունը, ձայնածավալի ընդարձակությունը հնարավորություն են ընձեռում ինչպես մեծ ձևերում (սիմֆոնիա, կոնցերտ, նախերգանք, սիմֆոնիկ պոեմ, ֆանտազիա, սյուիտ և այլն) նշանակալից, գաղափարա-զգացմունքային բովանդակության, այնպես էլ փոքր ձևերում (պար, քայլերգ, ընդհանրապես զվարճանքի, կենցաղային, կիրառական երաժշտություն) համեմատաբար սահմանափակ, գեղարվեստա-ստեղծագործական մտահղացումներ արտահայտելու համար։ Սիմֆոնիկ երաժշտության գոյացման նախադրյալներ էին XVI դ․ և XVII դ․ սկզբին գործիքային տարբեր անսամբլների (անպայման կլավեսինով և երգեհոնով) հատկացված ժանրերը՝ սյուիտ, կոնչերտո գրոսսո, դիվերտիսմենտ, առանձին գործիքների կոնցերտ (տարբեր կազմի անսամբլների նվագակցությամբ) և այլն։ Սիմֆոնիկ երաժշտության ձևավորումը վերաբերում է XVIII դ․ կեսերին, երբ նվագախմբում կլավեսինը և երգեհոնը աստիճանաբար փոխարինվել են լարային գործիքներով, ներմուծվել են փողային գործիքներ, ձևավորվել է նորմատիվ սիմֆոնիկ նվագախումբը։ Այդ պրոցեսում որոշիչ դեր են խաղացել Մանհայմի դպրոցը (Յա․ Ատամից, Ֆ․ Ռիխտեր, Յո․ Ք․Կաննաբիխ և ուրիշներ) և, հատկապես, Վիեննական դասական դպրոցը (Յոզեֆ Հայդն, Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտ, Լյուդվիգ վան Բեթհովեն)։ Հենց այդ շրջանում են ձևավորվել սիմֆոնիկ երաժշտության կարևորագույն ժանրերը՝ սիմֆոնիա, մենակատար գործիքային կոնցերտ (նվագախմբի հետ), նախերգանք՝ որպես ինքնուրույն ժանր և այլն։ 18-րդ դարի 19-րդ դարի վերջի սկզբի սիմֆոնիկ երաժշտության բարձրակետը Լյուդվիգ վան Բեթհովենի ստեղծագործությունն է (սիմֆոնիաներ, կոնցերտներ, նախերգանքներ), որում ամբողջական և բազմակողմանի արտացոլվել են դարաշրջանի առաջադեմ գաղափարները։

Վոլֆթանգ Ամադեուս Մոցարտ

19-րդ դարի 1-ին քառորդից երաժշտության մեջ նոր՝ ռոմանտիկական ուղղության կազմավորման պայմաններում ի հայտ են եկել ծրագրային սիմֆոնիաներ, սիմֆոնիկ-պոեմներ, պատկերներ, ֆանտազիաներ ևն (Հեկտոր Բեռլիոզ, Ֆելիքս Մենդելսոն, Ֆերենց Լիստ, Մարի Ֆրանկ և ուրիշներ)։ Նույն ժամանակաշրջանին է վերաբերում նաև ազգային երաժշտության դպրոցների ձևավորումը, որոնցում զգալի տեղ է գրավել նաև ազգային երաժշտությունը Անտոնին Դվորժակ, Յուրի Ավենսեն, Էդվարդ Գրիգ, Յան Սիբելիուս և ուրիշներ)։ Սիմֆոնիկ երաժշտության մեջ մեծ է Գուստավ Մահլերի ստեղծագործության նշանակությունը։ Սիմֆոնիկ երաժշտության բազմազան ժանրերի և ձևերի զարգացման գործում զգալի ավանդ են ներմուծել 19-րդ դարի 21-րդ դարի սկզբի ռուս կոմպոզիտորները (Անտոն Ռուբինշտեյն, Ալեքսանդր Բորոդին, Պյոտր Չայկովսկի, Նիկոլայ Ռիմսկի-Կորսակով, ավելի ուշ՝ Սերգեյ Ռախմանինով, Վասիլի Կալիննիկով, Իգոր Ստրավինսկի և ուրիշներ)։ Սիմֆոնիկ երաժշտության զարգացման նոր փուլ է սովետական բազմազգ կոմպոզիտորների ստեղծագործությունը, որ գլխավորում էին համաշխարհային ճանաչման արժանացած կոմպոզիտորներ Նիկոլայ Մյասկովսկին, Սերգեյ Պրոկոֆևը, Դմիտրի Շոստակովիչը, Արամ Խաչատրյանը։ Հայկական սիմֆոնիկ երաժշտության հիմնադիրը Ալեքսանդր Սպենդիարյանն է («Երեք արմավենի», 1905, «Ղրիմի էսքիզներ», 1903 և 1912, սիմֆոնիկ 2 սյուիտ և «Դավաճանություն» սիմֆոնիկ պատկեր «Ալմաստ» օպերայից, 1923—1924, «Երևանյան էտյուդներ», 1925 և այլն)։ Սպենդիարյանի հետ միաժամանակ սիմֆոնիկ երկեր է ստեղծել Ա․ Տեր-Ղևոնդյանը («Ախթամար» սիմֆոնիկ պոեմ, 1923, ևն)։

Հայկական ազգային երաժշտության զարգացման մեջ նշանակալից դեր են կատարել Արամ Խաչատրյանի 3 սիմֆոնիաները (1934, 1943, 1947), 3 կոնցերտները (դաշնամուրի, 1936, ջութակի, 1940, թավջութակի, 1946), 3 կոնցերտ-ռապսոդիաները (նույնպես դաշնամուրի, ջութակի, թավջութակի), սիմֆոնիկ պոեմը երգչախմբով (1938), բալետային սյուիտները («Երջանկություն», «Գայանե», «Սպարտակ», «Դիմակահանդես») և այլ ստեղծագործությունները, որոնք ազգային սիմֆոնիկ երաժշտություն դուրս բերեցին համաշխարհային ասպարեզ, կարևոր դեր խաղացին Անդրկովկասի, Միջին Ասիայի հանրապետությունների ազգային դպրոցների սիմֆոնիկ երաժշտության զարգացման և Միջին Արևելքի ժողովուրդների պրոֆեսիոնալ կոմպոզիտորական ստեղծագործության (մասնավորապես՝ սիմֆոնիկ) ձևավորման և զարգացման մեջ։ Սիմֆոնիկ երաժշտության տարբեր ժանրերի և ձևերի են դիմել Հ. Ստեփանյանը, Գ․ Եղիազարյանը, Լ․ Խոջա-էյնաթյանը, Ա․ Բալասանյանը։ Հայ ազգային երաժշտության հետագա զարգացման մեջ նշանակալից ավանդ են ներդրել Ա․ Հարությունյանը, Ղ․ Սարյանը, է․ Միրզոյանը, Ա․ Բաբաջանյանը, Ջ․ Տեր-Թադևոսյանը, է․ Հովհաննիսյանը և ուրիշներ, հաջորդ սերնդի կոմպոզիտորներից՝ Ա․ Աճեմյանը, Ա․ Տերտերյանը, Գ․ Հախինյանը, է․ Խաղագորտյանը, Լ․ Աստվածատրյանը, է․ Արիստակեսյանը, Տ․ Մանսուրյանը, Ս․ Շաքարյանը և ուրիշներ։

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Կոպտև Ս․, Տերյան Մ․, Սիմֆոնիկ երաժշտություն և գործիքային կոնցերտ, Ե․, 1973։
  • Советская симфони ческая музыка, Сб․ ст․, М․, 1955;
  • Попова Т․ В․, Симфоническая музыка, М․, 1963;
  • Соллертинский И․, Исторические типы симфонической драматургии, М․, 1963;
  • Бобровский В․, Симфоническая му зыка, в кн․։ Музыка XX века, ч․ 1, кн․ 1, М․, 1976;
  • Ulrich Н․, Symphonic music․․․» N․ Y․, 1952․
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 384