Անտոն Ռուբինշտեյն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անտոն Ռուբինշտեյն
Ilja Jefimowitsch Repin 007.jpg
Հիմնական տվյալներ
Ծնվել է նոյեմբերի 28, 1829({{padleft:1829|4|0}}-{{padleft:11|2|0}}-{{padleft:28|2|0}})[1][2]
Պոդոլիա
Երկիր Ռուսաստան
Մահացել է նոյեմբերի 20, 1894({{padleft:1894|4|0}}-{{padleft:11|2|0}}-{{padleft:20|2|0}})[1][2] (64 տարեկանում)
Պետերգոֆ[3]
Ժանրեր օպերա և սիմֆոնիա
Մասնագիտություն կոմպոզիտոր, դաշնակահար, դիրիժոր, երաժշտագետ, երաժշտության ուսուցիչ և համալսարանի պրոֆեսոր
Գործիքներ դաշնամուր

Անտոն Գրիգորևիչ Ռուբինշտեյն (ռուս.՝ Анто́н Григо́рьевич Рубинште́йн, 1829 - 1894), ռուս դաշնակահար, կոմպոզիտոր, դիրիժոր, մանկավարժ, երաժշտական հասարակական գործիչ: Ծագումով՝ հրեա: Ռուբինշտեյնը ռուսական դաշնամուրային կատարողական դպրոցի հիմնադիրն է:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դաշնամուր նվագել սովորել է մոր, ապա՝ Ա․Ի․Վիլլուանի մոտ: Երաժշտական տեսական առարկաները՝ Բեռլինում, Զ․ Դենի մոտ: 1840-1843 թվականներին համերգներ է տվել Եվրոպայի քաղաքներում: 1844-1848 թվականներին ապրել է Բեռլինում և Վիեննայում, ծանոթացել է Ֆ․ Մենդելսոնի, Ֆ․ Լիստի հետ, որոնք նրա ոճի ձևավորման վրա թողել են որոշակի ազդեցություն:

Վերադառնալով Ռուսաստան՝ հանդես է եկել իբրև դաշնակահար և դիրիժոր, ծավալել հասարակական լայն գործունեություն: Ռուբինշտեյնի նախաձեռնությամբ ու ղեկավարությամբ Պետերբուրգում հիմնվել են՝ Երգեցիկ ակադեմիան (1858), Ռուսական երաժշտական ընկերությունը (1859), Ռուսաստանի առաջին կոնսերվատորիան՝ Պետերբուրգում (1862), որի տնօրենն ու պրոֆեսորն էր 1862-1867 և 1887-1891: Դասավանդել է դաշնամուր, ստեղծագործություն, գործիքավորում, ստեղծել և վարել դաշնամուրային երաժշտության պատմության դասընթացը (1887-1888), աշակերտներից էր Պ․ Ի․ Չայկովսկին:

1854-1858 թվականներին և 1872-1873 թվականներին հանդես է եկել Եվրոպայում և ԱՄՆ-ում, ձեռք բերել 19-րդ դարի 2-րդ կեսի խոշորագույն դաշնակահարի համբավ: Մեծ հռչակ են ստացել Պատմական համերգները (1885-1886) Ռուսաստանում և Եվրոպայի խոշորագույն քաղաքներում․ 7 երեկոյի ընթացքում Ռուբինշտեյնը ցուցադրել է դաշնամուրային երաժշտության զարգացման ուղին՝ սկզբնավորումից մինչև ժամանակակից արևմտաեվրոպական և ռուսական կոմպոզիտորների երկերը:

Գրել է 17 օպերա՝ տարբեր ոճերով, կենցաղային՝ «Վաճառական Կալաշնիկովը» (1879), պատմահերոսական՝ «Կուլիկովյան ճակատամարտը» (1850), «Մակկավեյներ» (1874), պատմական՝ «Ներոն» (1876), կոմիկական՝ «Ավազակների մեջ» (1883), հոգևոր՝ «Սուլամիթ» (1883), «Մովսես» (1892), քնարական՝ «Ֆեռամորս» (1862), «Դև» (1871) և 2 օրատորիա «Դրախտ կորուսյալ», 1856 ու «Բաբելոնյան աշտարակաշինություն», 1869, 6 սիմֆոնիա, ծրագրային սիմֆոնիկ երկեր, դաշնամուրի 5 կոնցերտ, կամերայինգործիքային երկեր, ռոմանսներ:

Ռուբինշտեյնի երաժշտական լեզվի հիմքը քաղաքային երգն է: Նա ռուսական դաշնամուրային կոնցերտի ու ռոմանտիկական մանրանվագի հիմքն է դրել, ստեղծել ռուս, առաջին բազմամաս սիմֆոնիան, առաջին երգիծական վոկալ շարը (Իվան Կռիլովի առակների տեքստերով): Լավագույն երկերից են դաշնամուրի 4-րդ կոնցերտը և մանրանվագները, մի շարք ռոմանսներ, որոնց թվում՝ «Գիշերը» և «Պարսկական երգեր» շարը (Միրզա Շաֆիի բանաստեղծությունների գերմանական թարգմանության հիման վրա):

Ռուբինշտեյնի գլուխգործոցն է «Դև» օպերան (ըստ Միխայիլ Լերմոնտովի): Հայաստանում «Դև»-ը առաջին անգամ ներկայացվել է Գյումրիում, 1924-ի ամռանը՝ Շարա Տալյանի գլխավորած օպերա-օպերետային խմբի ուժերով: 1946-ին և 1965-ին բեմադրվել է Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում: Ռուբինշտեյնի գրական երկերից են՝ «Ինքնակենսագրական հուշեր: 1829-1889» (1889), «Երաժշտությունը և նրա ներկայացուցիչները» (1891), «Մտքեր և աֆորիզմներ» (1904), «Քաղաքականություն և կրոն» (1906): Նրա նախաձեռնությամբ կազմակերպվել է Ռուբինշտեյնի անվան դաշնակահարների և կոմպոզիտորների միջազգային մրցույթ (1890, Պետերբուրգ):

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Баренбойм Л․ А․, А․ Г․ Рубинштейн․ Жизнь, артистический путь, творчество, музыкально-общественная деятель ность, т․ 1 - 2, Л․, 1957 - 62․ Ա․ Բարսայան

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Record #118926802 // Gemeinsame Normdatei Ստուգված է հոկտեմբերի 17-ին 2015:
  2. 2,0 2,1 data.bnf.fr Ստուգված է հոկտեմբերի 10-ին 2015:
  3. Рубинштейн Антон Григорьевич, Рубинштейн Антон Григорьевич // Սովետական մեծ հանրագիտարան (1969—1978) Ստուգված է սեպտեմբերի 28-ին 2015:
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png