Հռոմեացի այրի
Հռոմեացի այրի | |
---|---|
տեսակ | գեղանկար |
նկարիչ | Դանթե Գաբրիել Ռոսսետտի |
տարի | 1874 |
ուղղություն | Պրեռաֆայելիտներ |
ժանր | դիմապատկեր |
նյութ | յուղաներկ և կտավ |
գտնվում է | Պոնսեի արվեստի թանգարան |
հավաքածու | Պոնսեի արվեստի թանգարան |
Ծանոթագրություններ | |
Roman Widow by Dante Gabriel Rossetti Վիքիպահեստում |
«Հռոմեացի այրի» (կամ «Dîs Manibus», անգլ.՝ Roman Widow), անգլիացի պրեռաֆայելիտ նկարիչ Դանթե Գաբրիել Ռոսսետտիի նկարը՝ ստեղծված 1874 թվականին։ Ներկայումս նկարը գտնվում է Պուերտո Ռիկոյի Պոնսեի պատկերասրահի հավաքածուում։
Տեղեկություն նկարի մասին
[խմբագրել | խմբագրել կոդը]Ռոսսետտին սկսել է նկարի աշխատանքը 1873 թվականի հոկտեմբերին[1]։ Ինչպես գրել է ինքը Ռոսսետտին. «սպիտակ մարմարը, ֆոնը և սափորը, սպիտակ վարագուրումը և սպիտակ վարդերը կհամադրվեն իրար, ես հավատում եմ, և կստեղծեն հիանալի տպավորություն, իսկ նկարը իմ կարծիքով կլինի նույնչափ գեղեցիկ և վսեմ, ինչպես իմ ստեղծած յուրաքանչյուրը»[1]։ Գրականության մեջ որոշ դեպքերում նշված է, որ նկարի համար բնորդուհի է եղել Ալեքսա Ուայլդինգը, սակայն նկարչի եղբայր Ուիլյամ Մայքլ Ռոսսետտին և արվեստաբան Հենրի Մարիլյերը պնդել են, որ եղել է Մարիա Սպարտալի Սթիլմանը[1][2]։ Ռոսսետտին մտադիր է եղել նկարը վաճառել Ֆրեդերիկ Լեյլանդին, սակայն վախեցել է, որ նկարը «չափազանց խստաշունչ և ողբերգական կլինի նրա ճաշակի համար»[2]։
«Dîs Manibus» | |
«Dîs Manibus» էլեգիա | |
Նկարում պատկերված է հռոմեացի կին, որը նստած է իր ամուսնու գերեզմանի մոտ և երկու երաժշտական գործիք է նվագում։ Հերոսուհին սպիտակ է հագած, ինչը հին հռոմեացիների համար սգո գույն էր[1]։ Նկարի երկրորդ անվանում՝ «Dîs Manibus», կապված է Ռոսսետտիի մակագրության հետ՝ գրված Գյուստավ Ֆլոբերի մահվան առիթով, որով նկարիչը զուգահեռ է անցկացրել Ներոնի ժամանակ Հռոմի անկման և Երկրորդ կայսրության կործանման միջև[1]։ «Dîs Manibus»-ը նաև երաժշտական եղերգության անվանում է, որը նվագում է հերոսուհին տավիղով, և այդ բառերը գրված են աճյունասափորի վրա, որը պատկերված է նկարում (լատին․՝ Dîs Manibus L. Aelio Aquino Marito Carissimo Papiria Gemina Fecit Ave Domine Vale Domine.)[2]։
Նկարը կարելի է դասել Ռոսսետտիի 1872—1877 թվականների աշխատանքների շարքին, դրանք են՝ «Վերոնիկա Վերոնեզե», «La Ghirlandata» և «Ծովային հմայություն»։ «Հռոմեացի այրի» նկարի հետ դրանք ունեն գաղափարական և կոմպոզիցիոն մի շարք առանձնահատկություններ, իսկ բոլորը միասին արտահայտում են մեկ կերպարի չորս կողմերը կամ տեսանկյուններ[1]։ Ինչպես նաև բոլոր այդ չորս նկարներում որևէ ձևով արտահայտված է երաժշտության թեման[1]։ «Հռոմեացի այրի» նկարը ստեղծվել է «Ծովային հմայություն» կտավի հետ միաժամանակ, քանի որ Ֆրեդերիկ Լեյլանդը ցանկացել է գնել մի քանի նման աշխատանքներ, սակայն ավելի ուշ Լեյլանդը հրաժարվել է այդ գաղափարից[3]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 «Roman Widow». Rossetti Archive (անգլերեն). Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 24-ին.
- ↑ 2,0 2,1 2,2 Marillier, Henry Currie. Dante Gabriel Rossetti: an illustrated memorial of his art and life. — George Bell and Sons, Chiswick Press, Charles Whittingham and Co., 1899. — С. 175—176.
- ↑ Dante Gabriel Rossetti; William Evan Fredeman The Correspondence of Dante Gabriel Rossetti. — Boydell & Brewer[en], 2002. — С. 619, 638, 645. — ISBN 978-1-84384-060-2