Ախուրյան (Շիրակի մարզ)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ախուրյան (այլ կիրառումներ)
Գյուղ | |||
---|---|---|---|
Ախուրյան | |||
Երկիր | Հայաստան | ||
Մարզ | Շիրակի | ||
Համայնք | Շիրակի մարզ, Ալեքսանդրապոլի գավառ և Ախուրյանի շրջան | ||
Մակերես | 28,46 կմ² | ||
ԲԾՄ | 1540 մ | ||
Պաշտոնական լեզու | Հայերեն | ||
Բնակչություն | 9668[1] մարդ (2012) | ||
Ազգային կազմ | Հայեր | ||
Ժամային գոտի | UTC+4 | ||
Հեռախոսային կոդ | +374 312[2] | ||
Փոստային ինդեքս | 2601, 2602 | ||
| |||
Ախուրյան, գյուղ Հայաստանի Շիրակի մարզում, մարզկենտրոնից՝ 5 կմ հարավ-արևելք։
Ախուրյանի հեռավորությունը մայրաքաղաքից 126 կմ է։ Համայնքը սահմանակից է Արևիկ, Կառնուտ, Մուսայելյան և Կամո համայնքներին։ Գյուղը գտնվում է ծովի մակարդակից միջինը 1536 մ բարձրության վրա։
Կլիմա
Կլիման ցուրտ է։ Տեղումները սակավ են. դրանց տարեկան միջին քանակը կազմում է 500 մմ։
Պատմություն
Ախուրյան գյուղը հիմնադրվել է 1828-1829 թվականներին Արևմտյան Հայաստանի Բասենի, Ղարսի, Սեբաստիայի, Ալաշկերտի գավառներից տեղահանված հայերի կողմից։ Գյուղի հիմնադիրները եղել են Ճանճուռյանների, Բաղդիայնների, Մաթոսյանների տոհմից։
Մինչ 1945 թ.-ը գյուղը կոչվել է «Դուզքենդ»՝ հարթ գյուղ։ Մ.թ.ա VIII դարում Արգիշտի թագավորը Բասենում Ախուրյան անունով քաղաք է հիմնադրել, որի անունով «Արփաչայ» գետը կոչվել է Ախուրյան, այնուհետև ՀԽՍՀ Գերագույն խորհրդի 1945 թվականի որոշմամբ գյուղը վերանվանվել է Ախուրյան՝ Արփի լճից սկիզբ առնող և Արաքս գետի աջ վտակը հանդիսացող Ախուրյան՝ «Արփաչայ» գետի անվամբ։
Ախուրյան անվան ծագման վարկածներից մեկը հետևյալն է. հաճախակի երաշտներից, աղետներից դառնացած հողագործը նայել է կիրճով հոսող գետին և հառաչել. ախ ուր, ախ ուր։ Հառաչանքը խառնվել է հոսող ջրի ձայնին և գետակը ստացել է Ախուրյան անվանումը։
Սակայն Ախուրյան անունը շատ հին է, այն առաջացել է Վանի արձանագրություններում հիշատակված «Եթիումի երկիր» Սարիղամիշի մոտակայքում գտնվող Ախուրյանի երկրամասի անունից։
Խորհրդային կարգերի հաստատվելուց հետո 1920-1924 թվականներին Ախուրյանը գտնվել է Երևանի նահանգի Ալեքսանդրապոլ գավառի կազմում։ Մինչև 1930 թվականը Անիի, Ամասիայի, Արթիկի, Ազատանի, Թալինի հետ մտել է Լենինականի գավառի մեջ և կոչվել է Դյուզքենդի գավառակ, իսկ գավառների վերացումից հետո մտել է Լենինականի շրջանի մեջ։
1937 թ. դեկտեմբեր ամսին Հայաստանում կազմավորվել են 11 նոր շրջաններ, որոնց թվում Դյուզքենդի շրջանը։ Ախուրյան շրջկենտրոն կոչվող տարածքը կառուցվել է մոտ 1960-ական թվականներին, վերջինս դարձավ Ախուրյանի շրջանի կենտրոնը՝ շրջկենտրոն։ Ունեցել է 41 բարձրահարկ շենքեր, 1404 բնակարաններով։ Իսկ 1988 թվականի երկրաշարժից մեծ մասամբ ավերվել է շրջկենտրոնային մասը։
Բնակչություն
Բնակչության նախնիները գաղթել են 1828-1829 թթ.-ին գաղթել են Արևմտյան Հայաստանի՝ Բասենի, Կարսի, Սեբաստիայի, Ալաշկերտի գավառներից։
Ախուրյանի ազգաբնակչության փոփոխությունը[3].
2011 թվականի տվյալներով մշտական բնակչությունը կազմում է 7113 մարդ, իսկ առկա՝ 6693 մարդ[4]:
Տարի | 1831 | 1897 | 1926 | 1939 | 1959 | 1970 | 1979 | 2001 | 2004 |
---|---|---|---|---|---|---|---|---|---|
Բնակիչ | 456 | 1635 | 2447 | 2320 | 2966 | 3812 | 6364 | 9696 | 10172 |
Տնտեսություն
Բնակչությունն զբաղվում է դաշտավարությամբ, ճակնդեղագործությամբ, անասնաբուծությամբ, բանջարաբոստանային կուլտուրաների, կարտոֆիլի մշակությամբ, պտղաբուծությամբ, թռչնաբուծությամբ և մեղվաբուծությամբ։
Պատմամշակութային կառույցներ
Ախուրյանն ունի 13-14-րդ դարերի սուրբ Նշան եկեղեցի և «Սրբատեղ» մատուռ։
Ժամանակակից Ախուրյանը
«Վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով 1996 թվականին Ախուրյան շրջկենտրոնը ընդգրկվել է Ախուրյան համայնքի ցանկում ներառելով երեք բնակավայր՝ գյուղ Ախուրյան, Ախուրյան շրջկենտրոն և Նոր Ախուրյան։
Մինչև 1991 թվականը գյուղում տնտեսավարման ձևը եղել է կոլտնտեսայինը, այնուհետև 1991-1992 թվականներին համայնքում իրականացվել է սեփականաշնորհման ընդհանուր գործընթաց։
Գյուղի «Սուրբ Նշան» գմբեթավոր եկեղեցին կառուցվել է 1858 թվականներին, որը վերակառուցվել է 2008 թվականին։
Նշանավոր ախուրյանցիներ
- Գեղամ Փիլոսյան - Խորհրդային Միության հերոս
- Լուսիկ Բառնակյան - գրող
- Հովհաննես Դավթյան - քիմիական գիտությունների դոկտոր-պրոֆեսոր
- Սամվել Ավետիսյան - ՀՀ ԱԺ պատգամավոր (1999- 2002 թթ.), տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր, 2002 - 2011 թթ.- ՀՀ գյուղատնտեսության նախարարի առաջին տեղակալ, Հայաստանի գյուղատնտեսական գիտությունների ակադեմիայի թղթակից-անդամ:
- Ռազմիկ Մաթևոսյան - ՀՀ ԱԺ պատգամավոր (1995-1999 թթ.), դոցենտ, ԳՄԻ պրոռեկտոր
- Սամսոն Դավոյան - տնտեսագիտության դոկտոր, ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղի ռեկտոր։
- Վարշամ Բորանյան - սպորտի վարպետ, հունա-հռոմեական ոճի ըմբշամարտի 2016 թվականի Եվրոպայի չեմպիոն, Հայաստանի բազմակի չեմպիոն, միջազգային մի շարք մրցաշարերի հաղթող
Տես նաև
Ծանոթագրություններ
- ↑ ԱՎԾ տվյալներ
- ↑ http://www.cfoa.am/HTML/option/7.htm
- ↑ «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 11» (PDF). Վերցված է 2014 Ապրիլի 19-ին.
- ↑ «ԱՎԾ» (PDF).