Վիքիպեդիա:Օրվա հոդված/Հունվար 2017 թ.

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Թարմացնել այս էջի քեշը
Հունվար ամսվա հոդվածները
Հունվարի 1
«Ձյունե թագուհին» հեքիաթի նկարազարդումը Ելենա Ռինգոյի կողմից
«Ձյունե թագուհին» հեքիաթի նկարազարդումը Ելենա Ռինգոյի կողմից

Ձյունե թագուհին (դան․՝ Snedronningen), Հանս Քրիստիան Անդերսենի հեքիաթը, որը կազմված է 7 գլխից, առաջին անգամ հրատարակվել է 1844 թվականի դեկտեմբերի 21-ին՝ «Նոր հեքիաթներ։ Առաջին հատոր։ Երկրորդ հավաքածու։ 1845։» (դան․՝ Nye Eventyr. Første Bind. Anden Samling. 1845.) հատորում։ Անդերսենի ամենաերկար և ամենահայտնի հեքիաթներից մեկն է։ Ըստ կենսագիր Քերոլ Ռոուզենի՝ սառցե սրտով Ձյունե թագուհու նախատիպը եղել է օպերային երգչուհի Ջեննի Լինդը, ում անպատասխան սիրել է Անդերսենը. նրանք ծանոթացել են 1840 թվականին։

Չար տրոլը պատրաստում է մի հայելի, որի մեջ ամեն բարի և գեղեցիկ բան արտացոլվում է որպես չար ու այլանդակ, իսկ չարն ուղղակի աչք էր ծակում և ավելի վատ երևում: Մի անգամ տրոլի աշակերտները վերցրին հայելին և սկսեցին ամենուր շրջել հայելով: Ի վերջո նրանք որոշում են բարձրանալ երկինք, «որպեսզի ծաղրեն հրեշտակներին և հենց Արարչին»:

Մի մեծ քաղաքում ապրում էին երկու աղքատ երեխա՝ Կայը և Գերդան: Նրանք ազգականներ չէին, բայց իրար սիրում էին քույր ու եղբոր պես: Երկու ընտանիքներն էլ աճեցնում են գեղեցիկ վարդեր և երեխաները սիրում են նստել վարդերի թփերի մոտ: Ձմռանը, ճիշտ է, այգում հնարավոր չէր խաղալ, այդ պատճառով էլ նրանք միմյանց հյուր էին գնում:... Ավելին

Հունվարի 2
Զլատան Իբրահիմովիչ
Զլատան Իբրահիմովիչ

Զլատան Իբրահիմովիչ (բոս․՝ Zlatan Ibrahimović, հոկտեմբերի 3, 1981, Մալմյո, Շվեդիա), բոսնիա-խորվաթական ծագում ունեցող շվեդ ֆուտբոլիստ, ֆրանսիական «Պարի Սեն-Ժերմեն» ֆուտբոլային ակումբի և Շվեդիայի հավաքականի հարձակվող, որտեղ հանդիսանում է թիմի ավագ: Համարվում է իր սերնդի ամենաանկանխատեսելի և արհեստավարժ հարձակվողներից մեկը: The Guardian թերթի վարկածով՝ Զլատանը 2013 թվականի լավագույն ֆուտբոլիստների ցանկում զբաղեցրել է 3-րդ տեղը: Շվեդական Dagens Nyheter ամսագրի վարկածով՝ Իբրահիմովիչը պետության բոլոր ժամանակների լավագույն մարզիկների շարքում զբաղեցրել է 2-րդ տեղը:

12 տարեկան հասակից հանդես է եկել «Մալմյոյի» երիտասարդական ակումբների կազմում, իսկ 1999 թվականին նորամուտն է նշել հիմնական կազմում: Ակումբի հիմնական կազմում 2 տարի անցկացնելուց հետո 2001 թվականի ամռանը 7,8 միլիոն եվրոյի դիմաց տեղափոխվեց հոլանդական «Այաքս»: Ամստերդամում անցկացրած 3 տարվա ընթացքում Զլատանը նվաճեց 2 չեմպիոնական տիտղոս և մեկ երկրի գավաթ: 2004 թվականի ամռանը 16 միլիոն եվրոյի դիմաց տեղափոխվեց իտալական «Յուվենտուս»: Իր առաջին մրցաշրջանում նա դարձավ Իտալիայի չեմպիոն: 2005-06 մրցաշրջանում պաշտպանեց տիտղոսը, սակայն... Ավելին

Հունվարի 3
Մկանագլոբինի կառուցվածքի 3D-ով ներկայացված պատկերը, որտեղ փիրուզագույնով ցուցադրված են ալֆա-պարույրները
Մկանագլոբինի կառուցվածքի 3D-ով ներկայացված պատկերը, որտեղ փիրուզագույնով ցուցադրված են ալֆա-պարույրները

Սպիտակուցներ (պրոտեիններ, պոլիպեպտիդներ), բարձրամոլեկուլային օրգանական միացություններ, որոնք կազմված են պեպտիդային կապով իրար միացած ալֆա-ամինաթթուներից: Կենդանի օրգանիզմներում սպիտակուցների ամինաթթվային հաջորդականությունը որոշվում է գենետիկական կոդով, սինթեզելիս հիմնականում օգտագործվում է ամինաթթուների 20 տեսակ։ Ամինաթթուների տարբեր հաջորդականություններն առաջացնում են տարբեր հատկություններով օժտված սպիտակուցներ։ Ամինաթթվի մնացորդները սպիտակուցի կազմում կարող են ենթարկվել նաև հետատրանսլյացիոն ձևափոխությունների, ինչպես բջջում ֆունկցիայի իրականացման ժամանակ, այնպես էլ մինչև ֆունկցիայի իրականացումը։ Հաճախ կենդանի օրգանիզմներում սպիտակուցի երկու տարբեր մոլեկուլներ միանում են միմյանց՝ առաջացնելով բարդ սպիտակուցային կոմպլեքսներ, ինչպիսին, օրինակ, ֆոտոսինթեզի սպիտակուցային կոմպլեքսն է։

Կենդանի օրգանիզմներում սպիտակուցների գործառույթները բազմազան են։ Սպիտակուց ֆերմենտները կատալիզում են օրգանիզմում ընթացող կենսաքիմիական ռեակցիաները և կարևոր դեր են խաղում նյութափոխանակության մեջ։ Որոշ սպիտակուցներ կատարում են կառուցվածքային և մեխանիկական գործառույթ՝ առաջացնելով բջջային կմախքը: Սպիտակուցները կարևոր դեր են կատարում նաև բջիջների ազդանշանային համակարգում, իմունային պատասխանում և բջջային ցիկլում:

Սպիտակուցները մարդու և կենդանիների սննդի կարևոր մասն են կազմում... Ավելին

Հունվարի 4
ՀՇ հետազոտությունը ցույց է տալիս ենթաոստայնային արյունազեղումը նկարի կենտրոնում սպիտակ գույնի տեղամասի ձևով (նշված է սլաքով)
ՀՇ հետազոտությունը ցույց է տալիս ենթաոստայնային արյունազեղումը նկարի կենտրոնում սպիտակ գույնի տեղամասի ձևով (նշված է սլաքով)

Ենթաոստայնային արյունազեղում (ԵՈԱ, նաև՝ սուբարախնոիդալ արյունազեղում), արյան կուտակումը ոստայնենու և նրբենու միջև առկա տարածության՝ ենթաոստայնային տարածության մեջ։ Այն կարող է առաջանալ ինքնաբուխ կերպով՝ սովորաբար ուղեղային անոթալայնանքի պատռվածքի հետևանքով կամ կարող է լինել գլխի վնասվածքի հետևանք։

ԵՈԱ-ի դեպքում դիտվող ախտանիշերից են՝ հանկարծակի սկսված ուժեղ գլխացավը (որը հիշեցնում է հարված գլխի շրջանում), փսխումը, գիտակցության մթագնումը, երբեմն նաև դիտվում են ցնցումներ։ Ընդհանուր դեպքերում ախտորոշումը հաստատվում է գլխի ՀՇ հետազոտության, երբեմն նաև գոտկային պունկցիայի միջոցով։ Բուժումը կատարվում է շտապ նյարդավիրահատական միջամտության կամ ճառագայթային հսկողությամբ կատարվող միջամտությունների միջոցով՝ զուգակցված դեղորայքային կամ այլ միջոցների հետ, որոնք օգնում են կանխել կրկնությունը և բարդությունների զարգացումը։ Անոթալայնանքների դեպքում վիրահատական բուժումն առաջարկվել է 1930-ական թվականներին։ 1990-ական թվականներից սկսած անոթալայնանքները բուժվում են... Ավելին

Հունվարի 5
Սթիվեն Քինգ
Սթիվեն Քինգ

Միզերի (անգլ.՝ Misery), հոգեբանական թրիլեր ժանրի վեպ, որը գրել է ամերիկացի գրող Սթիվեն Քինգը։ Առաջին անգամ տպագրվել է 1987 թվականին՝ Viking Press հրատարակչության կողմից։ Սյուժեի հիմքում ընկած է գրքի երկու հերոսների՝ հայտնի գրող Փոլ Շելդոնի և հոգեկան հիվանդ երկրպագուհի Էննի Ուիլքսի հարաբերությունները։ Ավտոճանապարհային պատահարից հետո Փոլը լուջ վնասվածքներ է ստանում։ Նախկին բուժքույր Էննին քարշ է տալիս նրան իր տուն, որտեղ էլ հենց գրողը ստանում է ցավազրկողների չափաբաժիններ և բուժում։ Աստիճանաբար գրողը հասկանում է, որ ինքը կալանավոր է, ով ստիպված պետք է ենթարկվի իր հսկիչի քմահաճույքներին։

Վեպի անվանումը, որը թարգմանաբար նշանակում է «տառապանք», ունի մի քանի իմաստներ։ Մի կողմից այդ անունն է կրում Փոլ Շելդոնի գրքերի հերոսուհին, մյուս կողմից էլ հեղինակն այդպիսի զգացմունքով է նկարագրել իր հոգեվիճակը՝ ստեղծագործությունը գրելիս։ «Միզերի»-ի ստեղծման պատմությունը Քինգը շարադրել է իր գրականական հիշողություններում՝ հիշեցնելով, որ Էննի Ուիլքսի կերպարը և պատմության հանգույցն իր մոտ առաջացել են երազում։

Վեպն արժանացավ... Ավելին

Հունվարի 6
Յիսուս Քրիստոսի Ծնունդը
Յիսուս Քրիստոսի Ծնունդը

Սուրբ Ծնունդ (Հայ առաքելական եկեղեցւոյ համար՝ Սուրբ ծնունդ եւ Աստուածայայտնութիւն, յուն.՝ Ή κατά σάρκα Γέννησις τού Κυρίου καί Θεού καί Σωτήρος ημών Ιησού Χριστού), քրիստոնէական գլխաւոր տօներէն մէկը, որ կը նշուի ի պատիւ Սուրբ Մարիամ Աստուածածնայ ծնունդ տալը՝ Յիսուս Քրիստոսի։

Հայ Առաքելական Եկեղեցին Յիսուս Քրիստոսի Սուրբ Ծննեան տօնը կը նշէ Յունուար 6-ին։ Կաթողիկէ եկեղեցին այդ տօնը կը նշէ Դեկտեմբեր 25-ին։

Մինչեւ 4-րդ դար, բոլոր քրիստոնեաները Ս. Ծնունդը նշած են Յունուար 6-ին։ Սակայն քրիստոնեութեան ընդունումէն անմիջապէս ետք, հռոմեացիները կը շարունակէին հեթանոսական տօներ նշանակել։ Բանն այն է, որ ‎Դեկտեմբեր 25-ին մեծ շուքով կը նշուէր արեւի պաշտամունքին նուիրուած տօնը։ Հեթանոսական աւանդութիւնները խափանելու համար, 336 թուականին Հռոմի եկեղեցին Դեկտեմբեր 25-ը պաշտօնապէս հռչակեց Յիսուս Քրիստոսի ծննդեան օրը։ Հետագային Ասորիքի մէջ եւ գրեթէ արեւելքի մէջ Քրիստոսի Ծննդեան տօնի օրը փոխադրուեցաւ Դեկտեմբեր 25-ին, իսկ Յունուար 6-ը մնաց որպէս Տիրոջ Աստուածայայտնութեան եւ... Ավելին

Հունվարի 7
Հունաստանի ներկայիս վարչապետ Ալեքսիս Ցիպրասը
Հունաստանի ներկայիս վարչապետ Ալեքսիս Ցիպրասը

Հունաստանի վարչապետների ցանկ (հուն․՝ Πρωθυπουργός της Ελλάδος), Հունաստանի Հանրապետության կառավարության ղեկավարը:

Վարչապետին նշանակում է Հանրապետության նախագահը: Վարչապետի առաջարկությամբ Նախագահը նշանակում և պաշտոնից ազատում է կառավարության անդամներին և նրանց տեղակալներին: Վարչապետը նշանակվում է խորհրդարանում ամենաշատ տեղեր ունեցող կուսակցության առաջնորդ: Եթե կուսակցություններից ոչ մեկը մեծամասնություն չի կազմում, խորհրդարանում համեմատաբար շատ տեղեր ստացած կուսակցության ղեկավարը նախագահից հնարավորություն է ստանում կառավարություն ձևավորել, որը կունենա խորհրդարանի վստահությունը:

Ցանկացած փորձնական մանդատ ուժի մեջ է երեք օր, որից հետո, եթե չի հաջողվում արդյունքի հասնել, նախագահը խորհրդակցում է կուսակցությունների ղեկավարների հետ, և եթե արդյունքի չի հաջողվում հասնել, մինչ հաջորդ ընտրությունները կառավարություն է ձևավորում խորհրդարանական բոլոր կուսակցությունների անդամներից: Եթե այս փորձն էլ է ձախողվում, այդ դեպքում ձևավորվում է «Լայն համաձայնության կառավարություն» (ժամանակավոր կառավարություն) կամ խորհրդարանը ցրվում է:

Նախագահը իրավասու է նաև պարտականությունների կատարումից ազատել կառավարությանը, եթե նրա անդամները հրաժարական են... Ավելին

Հունվարի 8
Ալեքսանդրա Դանիացի
Ալեքսանդրա Դանիացի

Ալեքսանդրա Դանիացի, Դանիայի արքայադուստր, Էդուարդ VII-ի կինը, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի, Հնդկաստանի կայսրուհի:

Սերել է Գլյուքսբուրգների գերմանական դինաստիայից և եղել է արքայազն Քրիստիան IX և Լուիզա Հեսսեն Կասելացիի դուստրը: Նրա հայրը Մեծ տերությունների կամքով դարձել է դանիական անժառանգ թագավոր Ֆրեդերիկ VII-ի ժառանգորդը: Վիկտորիա թագուհին տասնվեցամյա Ալեքսանդրային ընտրել է իր ավագ որդի ու ժառանգորդ, Ուելսի արքայազն Ալբերտ Էդուարդին կնության վերցնելու համար: Նրանց հարսանիքը կայացել է 1863 թվականին, և այդ նույն թվականին նրա հայրը ժառանգել է դանիական գահը: Ալեքսանդրան Ուելսի արքայազնից ունեցել է վեց երեխա, որոնց թվում էին ապագա թագավոր Ջորջ V և Նորվեգիայի Մոդ Շառլոտա Մարիյա Վիկտորիա թագուհին:

Ալեքսանդրան իր նոր հայրենիքում հայտնի է եղել բարեգործական և հասարակական ակտիվ գործունեությամբ, համարվել է երկրի նորաձևության թելադրող: Քաղաքականության մեջ նա փորձել է ամուսնուն և կառավարությանը ուղղորդել ի շահ Դանիայի և Հունաստանի, սակայն այդ փորձերը անհաջող են եղել: Ամբողջ կյանքում չի համակրել Գերմանիային և կայսր Վիլհելմ IIին, հատկապես Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ: 1901 թվականին Վիկտորիա թագուհու մահից հետո, ամուսինները գահ են բարձրացել և իշխել են մինչև... Ավելին

Հունվարի 9
Նիդարոսի Մայր Տաճար, լյութերական ամենամեծ եկեղեցին Նորվեգիայում
Նիդարոսի Մայր Տաճար, լյութերական ամենամեծ եկեղեցին Նորվեգիայում

Կրոնը Նորվեգիայում. Նորվեգիայի Թագավորության պետական կրոնը համարվում է լյութերականությունը: Կան նաև բողոքականության այլ ուղղությունների զգալի թվով հետևորդներ: Նորվեգիայի ամբողջ բնակչության 78,9 %-ը առաքելական-լյութերական եկեղեցու հետևորդներ են ու պատկանում են Նորվեգիայի եկեղեցուն: Շնորհիվ քրիստոնեական միսիոներների ջանքերի Նորվեգիան կամաց-կամաց հեթանոսությունից անցավ քրիստոնեության: Այն ընդունվեց մոտավորապես 1000 թվականին, և երկիրը վերջնականապես քրիստոնյա դարձավ 1150 թվականին: Մինչ Ռեֆորմացիայի առաջացումն ու ձևավորումը նորվեգացիները պատկանում էին Հռոմի կաթոլիկ եկեղեցուն. նրանք կաթոլիկ էին:

Իսլամը ներկայիս դրությամբ հավատացյալների թվով դարձել է Նորվեգիայի երկրորդ կրոնը: Այս կրոնի հետևորդների թիվը Նորվեգիայում մեծանում է ներգաղթյալների շնորհիվ, որոնք հիմնականում գալիս են իսլամադավան երկրներից, մասնավորապես Իրաքից, Սիրիայից, Թուրքիայից և այլն: Իսկ Լեհաստանից, Եթովպիայից և Ֆիլիպիններից ներգաղթողները հիմնականում ստվարացնում են քրիստոնեական համայնքի շարքերը:

Նորվեգիայում ամենաարագ կերպով տարածվող քրիստոնեության ուղղությունը, որը կրկին ի շնորհիվ ներգաղթյալների է, համարվում է ուղղափառությունը՝ 2000-ից 2009 թվականներն ընկած ժամանակահատվածում հավատացյալների թիվն աճել է 231,1 %‐ով: Այս ցուցանիշը գերազանցում է... Ավելին

Հունվարի 10
IQ-թեստերը հատուկ նախատեսված են արդյունքների նորմալ բաշխման պատկերն ստանալու համար
IQ-թեստերը հատուկ նախատեսված են արդյունքների նորմալ բաշխման պատկերն ստանալու համար

Ինտելեկտի գործակից (անգլ.՝ IQ — intelligence quotient, կարդացվում է «այ քյու»), անձի ինտելեկտի մակարդակի քանակական գնահատականը (մտավոր զարգացման գործակից), ինտելեկտի մակարդակը միջին վիճակագրական անձի ինտելեկտի մակարդակի համեմատությամբ (նույն կամ միջին տարիքի), ավելի նեղ իմաստով՝ այսպես կոչված մտավոր տարիքի հարաբերակցությունը տվյալ անձի իրական կենսաբանական տարիքին։ Այն որոշվում է հատուկ թեստերի կիրառմամբ։ Ինտելեկտի գործակցի չափումը հնարավորություն է տալիս գնահատել ընդհանուր ինտելեկտի գործակիցը՝ «g գործոնը»։

«Ինտելեկտի գործակից» հասկացությունը ներմուծել է գերմանացի գիտնական Վիլյամ Շտեռնը 1912 թվականին։ Նա ուշադրություն է դարձրել Բինեի սանդղակով մտավոր տարիքի լուրջ թերություներին։ IQ-ն առաջին անգամ կիրառվել է Ստենֆորդ-Բինեի ինտելեկտի սանդղակում 1916 թվականին (ի սկզբանե Բինեի կողմից 1903 թվականին)։

Ներկայումս IQ թեստերի նկատմամբ հետաքրքրությունն աճել է, ինչի արդյունքում ի հայտ են եկել նոր թեստեր և սանդղակներ։ Այդ է պատճառը, որ դժվարություն է առաջանում համեմատել տարբեր թեստերի արդյունքները։

IQ թեստերը մշակված են այնպես, որպեսզի արդյունքները նորմալ համարվեն 100-ի հավասար IQ֊ի միջին նշանակության համեմատությամբ, և այնպիսի բաշխվածությամբ, որ մարդկանց 50 %֊ի IQ-ն լինի 90-110-ի միջև, իսկ 25֊ական % -ը՝ 90-ից ցածր և 110-ից բարձր։ 70-ից ցածր IQ-ն հաճախ որակվում է... Ավելին

Հունվարի 11
Ֆավզիա Ֆուադ
Ֆավզիա Ֆուադ

Ֆավզիա Ֆուադ, եգիպտացի արքայադուստր, դառնալով Իրանի շահ Մոհամմադ Ռեզա Փահլավիի առաջին կինը՝ ստացել է Իրանի թագուհու տիտղոս:

1949 թվականին՝ երկրորդ անգամ ամուսնանալուց հետո, նա հայտնի է եղել նաև որպես Ֆավզիա Շիրին: 1952 թվականի եգիպտական հեղափոխությունից հետո նրա թագավորական տիտղոսները կառավարության կողմից չեն ճանաչվել, սակայն, համաձայն միջազգային արձանագրության, նախկինում իշխող թագավորական ընտանիքի ներկայացուցիչները (ինչպես միապետերը, այնպես էլ անդամները) առաջվա պես պահպանել են իրենց տիտղոսները, որոնք ստացել էին այն ժամանակ, երբ իշխող էր իրենց տունը: Ֆավզիա Ֆունդը Մուհամմադ Ալիի կործանված դինաստիայի ամենահին ներկայացուցիչն էր, ով ուներ ալբանական ծագում և ապրում էր Եգիպտոսում: Նրա զարմիկ Ֆուադը, որ հեղափոխությունից հետո Եգիպտոսում և Սուդանում թագավոր է հռչակվել որպես Ֆուադ II, այժմ բնակվում է Շվեյցարիայում:

Արքայադուստր Ֆավզիան ծնվել է 1921 թվականի նոյեմբերի 5-ին Ալեքսանդրիայի Ռաս-էլ-Թին պալատում, ի ծնե ստացել է... Ավելին

Հունվարի 12

Pentatonix , ամերիկյան ակապելա խումբ, որը ձևավորվել է Արլինգտոնում (Տեխաս): Խմբի անդամներն են վոկալիստներ Սքոթ Հոինգը, Միտչ Գրասսին, Քիրստին Մալդոնադոն, Ավի Կապլանը և բիթբոքսեր Քևին Օլուշոլան:

Pentatonix-ը չունի երաժշտական հստակ ուղղվածությունը, քանի որ կրում է մի շարք ուղղությունների ազդեցությունները, որոնցից են փոփ երաժշտությունը, դաբստեպը, էլեկտրոն, ռեգգին և այլն: Խումբը կատարում է հայտնի կատարողների երգերի քավեր տարբերակները, նաև ստեղծում սեփական երգերը:

Խումբը ձևավորվել է 2011 թվականին և հենց նույն ժամանակ հաղթող ճանաչվել «The Sing-Off» երաժշտական մրցույթի երրորդ եթերաշրջանում՝ շահելով 200 000$ և պայմանագիր Sony Music-ի հետ: Ավելի ուշ նրանք ստեղծում են իրենց YouTube-ալիքը և տարածում երաժշտությունը Madison Gate Records-ի միջոցով, որը Sony Music-ին պատկանող ոչ մեծ անկախ լեյբլ է, ու նաև որոշ ֆիլմերի սաունդթրեքներ: Այժմ Pentatonix-ը ունի ավելի քան 10 մլն հետևորդ և 1 մլրդ 675 մլն դիտում, իսկ նրանց Youtube-ի ալիքը գտնվում է 12-րդ հորիզոնականում երաժշտական ալիքների մեջ, և 42-րդում՝ ամերիկյան Youtube-ալիքների մեջ: «Daft Punk» տեսահոլովակը հավաքել է ավելի քան 200 մլն դիտում:

Առաջին մինի-ալբոմի՝ PTX, Volume 1-ի, դեբյուտը կայացել է... Ավելին

Հունվարի 13
Ռնգեղջյուր, Ալբրեխտ Դյուրեր
Ռնգեղջյուր, Ալբրեխտ Դյուրեր

Ռնգեղջյուր (գերմ.՝ Rhinocerus), գերմանացի նկարիչ Ալբրեխտ Դյուրերի` փայտի վրա արված փորագրություն (1515): Այն ներկայացնում է հնդկական ռնգեղջյուր այնպես, ինչպես կենդանուն պատկերացրել է հեղինակը եղած նկարագրությունների և ուրվանկարների հիման վրա:

Առաջին անգամ 3-րդ դարից ի վեր Եվրոպայում կենդանի ռնգեղջյուր է հայտնվել Պորտուգալիայում: 1515 թվականին այն բերվել է Լիսաբոն: Ռնգեղջյուրին բերել էին Հնդկաստանից որպես նվեր Պորտուգալիայի արքա Մանուել I-ին Արևմտյան Հնդկաստանի Կանբեյ իշխանության կառավարչի կողմից: Այնուհետև ռնգեղջյուրը ցուցադրվել է հանրությանը, ինչից հետո նվեր է ուղարկվել Հռոմի պապին: Սակայն ռնգեղջյուրին տեղափոխող նավը խորտակվել է:

Դյուրերի ձեռքն են ընկել լիսաբոնյան ռնգեղջյուրը պատկերող նկարներ ու փորագրություններ: Դրանց հիման վրա նկարիչը պատկերել է ռնգեղջյուր` իրականում երբեք տեսած չլինելով այդ կենդանուն: Նրա փորագրությունում ռնգեղջյուրը ծածկված է զրահներով: Բացի այդ` Դյուրերը կենդանու մեջքին դուրս ցցված եղջյուր է պատկերել, ոտքերին` թեփուկներ, իսկ մեջքին` սրացված կուզ: Նշված հատկանիշները բնորոշ չեն ռնգեղջյուրին: Չնայած կենսաբանական անճշտություններին` այս փորագրությունը լայն տարածում է գտել Եվրոպայում` հետագա երեք հարյուրամյակների ընթացքում բազմիցս կրկնօրինակվելով: Փորագրությունը մինչև 18-րդ դարի վերջերը կենդանու ճշգրիտ պատկեր էր համարվում: Հետագայում այն փոխարինվել է առավել ճիշտ պատկերներով, մասնավորապես` Կլարա ռնգեղջյուրի պատկերով, որին 18-րդ դարի կեսերից... Ավելին

Հունվարի 14

Ադրբեջանի Ռուստամ Մուստաֆաևի անվան արվեստի ազգային թանգարան (ադրբ.՝ Rüstəm Mustafayev adına Azərbaycan Milli İncəsənət Muzeyi), Ադրբեջանի արվեստի ամենամեծ թանգարանը, որտեղ պահվում է ավելի քան 17000 արվեստի գործ։ Թանգարանը հիմնադրվել է 1936 թվականին։ 1943 թվականին կոչվել է ադրբեջանցի նշանավոր թատերական նկարիչ Ռուստամ Մուստաֆաևի անունով, որը երկրում թատերական-դեկորատիվ արվեստի հիմնադիրներից մեկն է:

Թանգարանը տեղակայված է միմյանց հարևանությամբ գտնվող Բաքվի երկու շենքերում, որոնք կառուցվել են 19-րդ դարի վերջում։ Թանգարանում հավաքված են Ադրբեջանի, Արևմտյան Եվրոպայի, Ռուսաստանի, Արևելքի արվեստի գործերից։ Թանգարանի ցուցանմուշները ցուցադրվել են Կանադայում (1966), Կուբայում (1967), Սիրիայում (1968), Ֆրանսիայում (1969), Չեխոսլովակիայում (1970), Ալժիրում (1970), Իրաքում (1971)։ Թանգարանը բաց է երեքշաբթիից կիրակի:

1920 թվականին Ադրբեջանի պետական թանգարանում ստեղծվեց կերպարվեստի բաժին։ Արվեստի բաժնի համալրումների հետևանքով, հաշվի առնելով նրանց գեղարվեստական և պատմական արժեքները, 1936 թվականին որոշում կայացվեց ստեղծել առանձին թանգարան՝ Ադրբեջանի արվեստի... Ավելին

Հունվարի 15
Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի երկրների Վիքիմեդիա համաժողով 2016, Դիլիջան
Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի երկրների Վիքիմեդիա համաժողով 2016, Դիլիջան

Վիքիպեդիստներ (անգլ.՝ Wikipedians) կամ Վիքիհամայնք (անգլ.՝ Wikipedia community), մարդիկ, որոնք իրենց ներդրումն ունեն Վիքիպեդիա ինտերնետ-հանրագիտարանի զարգացման գործում: «Վիքիպեդիստ» (Wikipedian) բառը 2012 թվականի օգոստոսին ավելացվել է Օքսֆորդի համալսարանի կողմից հրատարակվող անգլերենի բառարանում: Գրեթե բոլոր վիքիպեդիստները կամավորներ են, որոնք աշխատում են անվարձահատույց, բայց կան նաև վիքի-բնակիչներ, որոնց համար Վիքիպեդիայում խմբագրելն ու այն համալրելը կազմակերպությունում (հիմնականում կրթական, գիտական կամ մշակութային) իրենց աշխատանքի մի մասն է, և ուսանողները, որոնց ուսումնական աշխատանքը կապված է Վիքիպեդիայի խմբագրման հետ:

Վիքիպեդիստների թվաքանակի դինամիկայի ուսումնասիրությունները ցույց են տվել, որ Վիքիպեդիայի զարգացման վաղ տարիներին այդ թվաքանակն աճել է էքսպոնենտի օրենքով: 2008 թվականի ապրիլին գրող Քլեյ Շիրկին (անգլ.՝ Clay Shirky) և համակարգչային մասնագետ Մարտին Մ. Ուատենբերգը (անգլ.՝ Martin M. Wattenberg) հաշվարկել են, որ Վիքիպեդիան ստեղծելու վրա մասնակիցները ընդհանոր առմամբ ծախսել են շուրջ 100 միլիոն ժամ: 2011 թվականի նոյեմբերին Վիքիպեդիայի՝ տարբեր լեզուներով գոյություն ունեցող բոլոր բաժիններում կային մոտ 31,7 միլիոն գրանցված մասնակիցներ, որոնցից 270 000-ը ակտիվ էր (ամսվա ընթացքում կատարում էր առնվազն մեկ խմբագրում):

Ուսումնասիրություններ են անցկացվել Վիքիպեդիան անշահախնդրորեն խմբագրելու մոտիվների վերաբերյալ: 2003 թվականին տնտեսագետ Անդրեա Ցիֆոլիլին (անգլ.՝ Andrea Ciffolilli), ով ուսումնասիրում էր... Ավելին

Հունվարի 16
Loud, բարբադոսցի R&B-փոփ կատարող Ռիհաննայի հինգերորդ ստուդիական ալբոմը՝ թողարկված 2010 թվականի նոյեմբերի 12-ին: Ալբոմի ձայնագրությունը Ռիհաննան սկսել է 2010 թվականի փետրվարին և ավարտել վեց ամիս անց՝ 2010 թվականի օգոստոսին: «Loud» ալբոմի առաջին սինգլը «Only Girl (In the World)» երգն է, որը թողարկվել է 2010 թվականի սեպտեմբերի 10-ին միայն թվային ներբեռնման համար: Հետագայում թողարկվել են ևս վեց սինգլներ։ Ալբոմի սինգլներից երեքը՝ "Only Girl (In the World)", "What's My Name?" և "S&M", դարձել են միջազգային սինգլներ, ինչպես նաև գլխավորել են US Billboard Hot 100 հիթ-շքերթը։

2010 թվականի հունիսին Ռիհաննան ծրագրել է թողարկել իր հինգերորդ ստուդիական ալբոմը: Ալբոմի վրա կատարվող աշխատանքներին մասնակցել են նաև երգիչներ, երգի հեղինակներ և պրոդյուսերներ Թայո Կրուզը, Ալեքս դա Քիդը, Շոն Գարթը, Ne-Yo-ն, Rico Love-ը, Timbaland-ը, Shontelle-ն, Դեյվիդ Գետտան և Drake-ը: «Ես կկարոտեմ Rated R դարաշրջանը, բայց ոչինչ չի համեմատվի այն ալբոմի հետ, որը ես հենց նոր ստեղծեցի»,- ասել է Ռիհաննան՝ ավելացնելով․ «Ես հավատում եմ, որ Ձեզ հուսախաբ չեմ արել իմ երգով: Դուք միշտ հավատացել եք ինձ, այնպես որ հիմա Դուք ունեք մի քանի նոր հիթային երգեր ինձնից: Ես չեմ ցանկացել գնալ հետ և ռեմեյք անել Good Girl Gone Bad-ը: Ես ցանկացել եմ անել քայլ առաջ իմ կերպարի զարգացման մեջ, և դա հիասքանչ է»: 2010 թվականի սեպտեմբերի սկզբին Ռիաննան հայտարարել է, որ ալբոմը կկոչվի «Loud»:

Այն ժամանակ, երբ Ռիհաննան մասնակցում էր լսումների «Battleship» ֆիլմի համար, նա Entertainment Tonight-ին տված հարցազրույցում հայտարարել է... Ավելին

Հունվարի 17
Կառլ Նորում, նորվեգացի ճարտարապետ, ով զգալի ներդրում է ունեցել Թրոնհեյմի ճարտարապետության մեջ, որտեղ զբաղվել է նաև հասարակական և մանկավարժական գործունեությամբ: Մասնակցել է Օլեսունի վերականգնման աշխատանքներին: Յակոբ Դիգրեի շինարարական ընկերությունում զբաղեցրել է գլխավոր ճարտարապետի պաշտոնը, որտեղ նրա հետ իրականացրել է մի շարք նախագծեր դրագեստիլի՝ նորվեգական ազգային ճարտարապետական ոճի շինությունների մասով:

Կառլ Մարտին Նորումը ծնվել է 1852 թվականի փետրվարի 16-ին Լևանգերում: Ընտանիքն աղքատ էր, հայրը ֆերմերությամբ էր զբաղվում: Մայրը մահացել է, երբ Կառլն ընդամենը չորս տարեկան էր: Նրա հետագա դաստիարակությամբ զբաղվել են հայրն ու խորթ մայրը:

Ապագա ճարտարապետը կրթություն ստացել է Թրոնհեյմի տեխնիկական ուսումնարանում, որտեղ սովորել է 1872-1875 թվականներն ընկած ժամանակահատվածում: Այս ուսումնարանը դարբնոց հանդիսացավ նորվեգացի շատ ականավոր ճարտարապետների համար, սակայն այն տալիս էր կիսատ կրթություն ու թերի մասնագետի որակավորում: Ըստ արմատացած սովորության, կրթությունը ավարտին հասցնելու համար շրջանավարտը պիտի մեկներ արտասահման, մասնավորապես Գերմանիայի համալսարաններ, սակայն Կառլ Մարտին Նորումի ընտանիքը այդքան միջոցներ չուներ նրա երազանքը իրականացնելու համար: Արդյունքում Նորումը հետո դարձավ այդ ուսումնարանի դասավանդող և ընտրվեց քաղաքային խորհրդի անդամ ու մասնակցեց... Ավելին

Հունվարի 18
«Դոկտոր Ժիվագո» վեպի բնօրինակ հրատարակությունը
«Դոկտոր Ժիվագո» վեպի բնօրինակ հրատարակությունը

Դոկտոր Ժիվագո (ռուս.՝ Доктор Живаго), Բորիս Պաստեռնակի վեպը, որ գրվել է 10 տարվա ընթացքում՝ 1945-1955 թվականներին, և համարվում է Պաստեռնակ արձակագրի տաղանդի բարձրակետը։ Վեպն ուղեկցվում է գլխավոր հերոսի՝ Յուրի Անդրեևիչ Ժիվագոյի բանաստեղծություններով։ Վեպը կրում է գլխավոր հերոսի անունը, որը բժիշկ էր և բանաստեղծ: Վեպի գործողություններն ընդգրկում են 1905 թվականի ռուսական հեղափոխությունից մինչև Հայրենական մեծ պատերազմն ընկած ժամանակաշրջանը:

Ստեղծելով ռուսական մտավորականության կյանքի լայնակտավ պատկերը դարասկզբից մինչև Հայրենական մեծ պատերազմ՝ հեղինակը գրքում անդրադառնում է կյանքի և մահվան խնդիրներին, ռուսական պատմության հարցերին, մտավորականությանը և հեղափոխությանը, քրիստոնեությանը, հրեականությանը։

Գիրքը բացասաբար է ընդունվել խորհրդային պաշտոնական գրական միջավայրում և արգելվել է հեղինակի՝ 1917 թվականի Հոկտեմբերյան հեղափոխության և երկրի հետագա կյանքի հանդեպ ունեցած ոչ միանշանակ վերաբերմունքի պատճառով։ Իտալացի հրատարակիչ և գործարար Ջանջակոմո Ֆելտրինելիի դրդմամբ վեպի ձեռագիրը գաղտնիաբար տարվում է Միլան, թարգմանվում և հրատարակվում 1957 թվականին: Հաջորդ տարի` 1958 թվականին, Պաստեռնակին շնորհվում է Գրականության Նոբելյան մրցանակ, իրադարձություն, որը շփոթեցնում և զայրացնում է... Ավելին

Հունվարի 19
Երկրներ, որտեղ 2016 թվականի տվյալներով հոլոքոստի ժխտումը քրեական կարգով հետապնդվում է
Երկրներ, որտեղ 2016 թվականի տվյալներով հոլոքոստի ժխտումը քրեական կարգով հետապնդվում է

Հոլոքոստի ժխտման քրեական հետապնդում, Հոլոքոստի ժխտումը քրեականացնող համակարգ նացիոնալ-սոցիալիզմը և նեոնացիզմը արգելող առավել ընդհանրական օրենքների շրջանակներում, որոնք գոյություն ունեն աշխարհի ու հատկապես Եվրոպայի մի շարք երկրներում, որոնք Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ մեծապես տուժել են նացիոնալ-սոցիալիստական գաղափարախոսությունից։

Հոլոքոստի հանրային ժխտումը, նացիստների կատարած հանցագործություններին հավանություն տալը կամ դրանք արդարացնելն ուղղակիորեն արգելող օրենքներ ընդունված են Ավստրիայում, Բելգիայում, Գերմանիայում, Լիտվայում, Լյուքսեմբուրգում, Լեհաստանում, Ռուսաստանում, Սլովենիայում, Ֆրանսիայում, Շվեյցարիայում, ինչպես նաև Կանադայում և Իսրայելում։ Համանման օրենքներ գործում են նաև Լիխտենշտայնում, Պորտուգալիայում, Չեխիայում և Սլովակիայում։ 2010 թվականին օրենքը, որը պատիժ է սահմանում տոտալիտար քաղաքական ռեժիմի կողմից իրականացրած հանցագործությունների ժխտման համար, ընդունվել է Հունգարիայում։

ԱՄՆ-ում հոլոքոստի ժխտումը քրեորեն պատժելի չէ, քանի որ սեփական հայացքների ազատ արտահայտումը պաշտպանված է ԱՄՆ Սահմանադրության առաջին փոփոխմամբ։ 2011 թվականին համանման որոշում է կայացրել նաև Իսպանիայի բարձրագույն դատարանը։ Դանիայում և Նորվեգիայում ժխտումը նույնպես... Ավելին

Հունվարի 20
Յովսէփ Գաթըրճեան
Յովսէփ Գաթըրճեան

Յովսէփ Գաթըրճեան (19 Փետրուար 1820, Պոլիս - 9 Յունուար 1882, Պոլիս), բանասէր, պատմագէտ եւ թարգմանիչ։ Վիեննայի Մխիթարեան Միաբանութեան անդամ։

Ծնած է Պոլիս։ Փոքր հասակէն ղրկուած է Վիեննայի Մխիթարեան վանքը, որու ուսման շրջանը աւարտելէ ետք, 30 Մայիս 1841-ին կուսակրօն քահանայ ձեռնադրուած է:

Հ. Գաթըրճեանի անունը անմահացած է իր արդիւնալից գրական գործունէութեամբ: Իր բազմաթիւ գործերը մասամբ աստուածաբանական են, մասամբ պատմական եւ մասամբ ալ պատմամատենագրական: Իր սրատեսութիւնը սակայն կ՚ուղղուի նաեւ այս սահմաններէն անդին՝ հեռաւոր հորիզոններ, ուր զինք կը տեսնենք դեգերած նաեւ այնպիսի խնդիրներու մէջ, որոնք դուրս են իր գրական հետազօտութեանց ծիրէն:

Աշակերտական տարիներէն կը սկսի իր գրական գործունէութիւնը, երբ Գարագաշեանի ընկերակցութեամբ, Յովհանեանի Ոսկեդարեան հայերէնին կեանք կու տայ, կ’իւրացնէ զայն եւ նոյն յստակ պատկերալից լեզուով ալ կը սկսի գրել: Միաժամանակ հմուտ էր նաեւ հին եւ նոր դասականներուն՝ լատիներէնին, յունարէնին, ֆրանսերէնին եւայլն: Կը ձեռնարկէ հայերէնի թարգմանելու... Ավելին

Հունվարի 21
1408, ամերիկացի գրող Սթիվեն Քինգի սարսափ ժանրի պատմվածքը, որն առաջին անգամ հանրությանը ներկայացվել է հեղինակի՝ 1999 թվականի նոյեմբերին թողարկված «Արյուն և ծուխ» աուդիոգրքում։ Տպագրվել է 2002 թվականի մարտին «Ամեն ինչ հնարավոր է» ժողովածուում, որը լույս է տեսել Scribner հրատարակչությունում։ Ավելի ուշ ներառվել է «Սթիվեն Քինգը գնում է կինո» ժողովածուում։

Սյուժետային շղթան պատմում է գրող Մայք Էնսլինի (անգլ.՝ Mike Enslin) մասին, ով ցականում է հայտնվել 1408-րդ համարում, որպեսզի նոր գրքի համար նյութեր հավաքի։ Ցուցաբերելով համառություն՝ նա չի ենթարկվում «Դելֆին» հյուրանոցի ղեկավար պարոն Օլինին (անգլ.՝ Olin), ով ամեն կերպ փորձում է հետ պահել նրան այդ համար ներխուժելուց։ Հյուրանոցի այդ սենյակում հերոսի հետ տեղի են ունենում գերբնական երևույթներ։

Ստեղծագործության առաջին գրվածքները հայտնվեցին մի անձրևոտ օր Ֆլորիդայում գտնվող Սանիբել կղզում։ Պատմվածքի մի քանի էջանոց սկիզբը Քինգը ներառեց «Ինչպես գրել գրքեր» գրականագիտական հուշագրություններում որպես խմբագրության կենդանի օրինակ, թե ինչպես է գրվածքը փոխվում ամեն ուղղումից հետո։ Նախապես չնպատակադրվելով ավարտել ստեղծագործությունը՝ Քինգը տարվում է պատմվածքով և, այնուամենայնիվ, ավարտում այն։ Գրողը հասկացավ, որ «1408»-ը սյուժետային նոր վարիացիա է «ուրվականները հյուրանոցում» ֆաբուլայով։ Գրաքննադատները դրական ընդունեցին հեղինակի այս աշխատանքը՝ պատմվածքն անվանելով օրինակելի և սարսափելի։ «1408»-ն էկրանավորեց շվեդ ռեժիսոր Միկայել Հովսթրյոմը 2007 թվականին։ Գլխավոր դերերը մարմնավորեցին... Ավելին

Հունվարի 22
Բորգունդի ստավկիրկան
Բորգունդի ստավկիրկան

Նորվեգիայի եկեղեցի, լյութերական եկեղեցիներից մեկը, որը համարվում է Նորվեգիայի պաշտոնական եկեղեցին: Մինչև 1969 թվականն այն կոչվում էր «պետական եկեղեցի» (նորվ.՝ statskirken): Պաշտոնական եկեղեցու գլխավորն այսօր համարվում է Նորվեգիայի թագավորը, իսկ դրա կառավարումը իրականացնում է Նորվեգիայի եկեղեցու և մշակութային հարցերի նախարարությունը:

2012 թվականի մայիսի 21-ին եկեղեցին առանձնացել է պետությունից:

Նորվեգիայի եկեղեցին պատկանում է լյութերական ուսմունքին: Համաձայն այդ ուսմունքի՝ Աստվածաշունչը պատմում է Աստծո պահանջների և պարգևների կամ էլ օրենքի և մարգարեությունների մասին: Դա նշանակում է, որ Հին կտակարանն Աստծո օրենքների պատմությունն է, որոնց խախտման համար մարդիկ զոհաբերություն են մատուցում բարձրյալին ու այդ կերպ մեղքերին թողություն է շնորհվում: Իսկ Նոր կտակարանում ներկայացված է, որ վասն մեղաց մարդոց Հիսուս Քրիստոսը մահացավ՝ խաչ բարձրանալով:

Ինչպես և քրիստոնեության մյուս ճյուղերում, լյութերականության մեջ նույնպես եկեղեցին ընդունում է... Ավելին

Հունվարի 23
Թովմա Մեծոփեցի
Թովմա Մեծոփեցի

Ուշ միջնադարի հայկական դպրոց, հայկական կրթությունը և գիտությունը պատմական հայրենիքում և Եվրոպայի ու Ասիայի հայկական գաղթավայրերում 15-17-րդ դարերում։

Հայկական լեռնաշխարհում գոյություն ունեցող Բագրատունիների թագավորությունը (885-1045) դեռ 10-րդ դարից բաժանվել էր մի քանի հայկական թագավորությունների և իշխանությունների։ Պետության կործանումից հետո դրանք անցնում են նախ Բյուզանդական կայսրության, ապա՝ Սելջուկյան սուլթանության կազմ։ 12-րդ դարում վրաց միապետերի, մասնավորապես՝ Դավիթ Շինարարի (1089-1125) և Թամար թագուհու (1184-1213) շնորհիվ, հյուսիսային և արևելյան Հայաստանի մեծ մասն ազատագրվում է վրաց զորքերի հրամանատար Սարգիս Զաքարյանի, ապա իր որդիների՝ Զաքարեի ու Իվանեի գլխավորությամբ։ Զաքարյան իշխանապետությունը, ինչպես և բուն Հայկական լեռնաշխարհի սահմաններից դուրս գտնվող Կիլիկիայի հայկական թագավորությունը 14-րդ դարում կործանվում են։ 15-րդ դարում ասպարեզից հեռանում կամ տարածքով ու հզորությամբ խիստ կրճատվում են նաև պատմական Հայաստանում գոյություն ունեցող իշխանությունները:

Հայաստանն ուշ միջնադար էր թևակոխել առանց պետականության. կարա-կոյունլու և ակ-կոյունլու թուրքմենական ցեղերի միջև պատերազմի դաշտ դառնալուց հետո երկիրը երկու անգամ (1555, 1639) բաժանվել էր Մերձավոր Արևելքում ստեղծված... Ավելին

Հունվարի 24

Ֆրանց Մեյերի թանգարան (իսպ.՝ Museo Franz Mayer), 1986 թվականին Մեխիկոյում բացված Լատինական Ամերիկայի դեկորատիվ արվեստի ամենամեծ հավաքածուն ներառող թանգարան, որն ստեղծվել է բորսային միջնորդ, ֆինանսիստ, հավաքորդ Ֆրանց Մեյերի՝ ավելի քան հիսուն տարիների ընթացքում ձեռք բերած արվեստի աշխատանքների հիման վրա՝ դեկորատիվ արվեստի նմուշներ, գրքեր, կահույք, կերամիկա և այլն։ Հավաքածուն ներառում է 15-20-րդ դարերի նմուշներ Ասիայից, Եվրոպայից, իսկ հիմնական մասը՝ Մեքսիկայից։

Թանգարանը տեղակայված է Մեխիկոյի պատմական կենտրոնում՝ նախկին Սան Խուան դե Դիոս վանքի և հիվանդանոցի շենքում. այն 18-րդ դարի կառույց է, որը վերակառուցվել է թանգարանի համար։ Ի լրումն Մեյերի հավաքածուի, որի միայն մեկ քառորդն է ցուցադրվում, թանգարանն ունենում է նոր ձեռքբերումներ, կազմակերպվում են դասընթացներ, ցուցահանդեսներ: Կենտրոնական այգում գործում է սրճարան։

Թանգարանը հիմնադրվել և շարունակում է գործել որպես մի վայր, որտեղ ցուցադրվում է Ֆրանց Մեյերի՝ ավելի քան 50 տարիների ընթացքում ձեռք բերած... Ավելին

Հունվարի 25
«Մետաքսի մեծ ճանապարհ» հուշադրամի դարձերեսը
«Մետաքսի մեծ ճանապարհ» հուշադրամի դարձերեսը

Հիշատակային և հոբելյանական մետաղադրամները (կամ պարզապես՝ հուշադրամներ) թողարկվում են Ղրղզական Հանրապետության Ազգային բանկի կողմից՝ սկսած 1995 թվականից։ Ի տարբերություն հիմնական շրջանառու մետաղադրամների՝ դրանք հատվել են ոչ թե դրամաշրջանառությունն ապահովելու նպատակով, այլ թողարկվել են ի հիշատակ պատմական և ժամանակակից նշանակալից իրադարձությունների և ունեն հավաքորդական և դրամագիտական նշանակություն։

Նշված մետաղադրամները պատրաստված են թանկարժեք (916, 999 հարգի ոսկի, 925 հարգի արծաթ) և ոչ թանկարժեք (մելքիոր) մետաղներից։ Ոսկե մետաղադրամները թողարկվել են 100 և 200 սոմ անվանական արժեքով, արծաթե դրամները՝ 10 սոմ, մելքիորից՝ 1 և 5 սոմ։ Մետաղադրամները հատվել են UNC, BU, proof-like և proof որակներով։

Ղրղզստանի Ազգային բանկի կողմից թողարկված առաջին հուշադրամներն են «Մանաս էպոսի 1000-ամյակ» արծաթե և ոսկե մետաղադրամները։ Ամենափոքր հուշադրամը «Մանաս էպոսի 1000-ամյակ» ոսկե դրամն է՝ ընդամենը 6.22 գ քաշով, իսկ ամենամեծը՝ «Մեր երեխաների աշխարհը» արծաթե դրամը, որը կշռում է 33.94 գ։

Ղրղզստանում պետական դրամահատարանի բացակայության պատճառով Ղրղզստանի Ազգային բանկի կողմից թողարկված հուշադրամները հատվում են... Ավելին

Հունվարի 26
Սքոթ Բրաուն
Սքոթ Բրաուն

Սքոթ Բրաուն, շոտլանդացի ֆուտբոլիստ, կենտրոնական կիսապաշտպան: Շոտլանդական «Սելտիկ» ակումբի ավագ: Հանդես է գալիս նաև Շոտլանդիայի հավաքականում: 2007 թվականի ամռանը նրա տեղափոխությունը «Հիբերնիանից» «Սելտիկ» դարձել է շոտլանդական ակումբների միջև կատարված ամենաթանկարժեք տրանսֆերը:

Վաղ տարիքում Բրաունը խաղացել է հարազատ տարածաշրջանի՝ Ֆայֆի մի քանի ակումբներում, որոնցից են «Ինվերկիտինգ Յունայթեդը» և «Ֆոլֆորդ Ռոյալսը»:

Պրոֆեսինալ կարիերան Սքոթն սկսել է 2002 թվականին, երբ պայմանագիր կնքեց «Հիբերնիան» ակումբի հետ: Բրաունի նորամուտը «հիբսի» կազմում տեղի է ունեցել 2003 թվականի մայիսի 3-ին՝ «Աբերդին» ակումբի դեմ տնային խաղում: Մեկ շաբաթ անց Բրաունն առաջին անգամ խաղադաշտ դուրս եկավ էդինբուրգյան «Հիբերնիանի» մեկնարկային կազմում: Դա «Մոտերուել» ակումբի դեմ խաղն էր, որտեղ նրանք հաղթեցին 1:0 հաշվով: Մասնակցելով 2002-03 մրցաշրջանի վերջին 2 խաղերին՝ երիտասարդ ֆուտբոլիստը 3 գոլ խփեց: Նախավերջին՝ «Լիվինգստոնի» դեմ խաղում նա դուբլ ձևակերպեց, իսկ ամեկ շաբաթ անց գրավեց «Պարտիկ Տիսլի» դարպասը:

Հաջորդ մրցաշրջանում Սքոթ Բրաունը դարձավ «հիբսի» հիմնական կազմի խաղացող: Այդ տարի նա անցկացրեց 41 հանդիպում և խփեց 4 գոլ: Չնայած նրան, որ «Հիբերնիան» շոտլանդիայի առաջնությունում զբաղեցրեց ընդամենը... Ավելին

Հունվարի 27

Նուր Թրյոնդելագ (նորվ.՝ Nord-Trøndelag fylke՝ նուր Թրյոնդելագ ֆյուլքե), առաջին աստիճանի վարչաքաղաքական միավոր Նորվեգիայում, որն ունի կոմսության (ֆյուլքե) կարգավիճակ։ Տեղակայված է Կենտրոնական Նորվեգիայում։

Վարչական կենտրոնը Ստրեյնքհեր քաղաքն է։ Ստյորդալ, Լևանգեր, Նամսոս և Վերդալ քաղաքները կոմսության խոշորագույն արդյունաբերական կենտրոններն են, որոնք ունեն 12000-21000 բնակիչ։ Քաղաքային արդյունաբերությունը հիմնականում կենտրոնացած է սպասարկման ոլորտի ծառայությունների, թեթև և սննդի, անտառային արդյունաբերության ու էլեկտրաէներգիայի արտադրության վրա։ Այստեղ Նորվեգիայի ՀՆԱ-ի՝ մեկ մարդուն հասնող ամենաքիչ չափաբաժինն է երկրում։

Տարածքը 22 412 կմ² է, ըստ մեծության այն երկրի վեցերորդ կոմսությունն է։ Ներառում է 23 շրջան։ Առավել խիտ բնակեցված հատվածը Թրոնհեյմս ֆյորդի երկայնքով ձգվող Ինհերեդի շրջանն է, որտեղ բնակչությունը զբաղվում է երկրագործությամբ։ Դրանից հարավ ընկած է Ստյորդալենի շրջանը, իսկ հյուսիս՝ տարածքով ամենախոշորը՝ Նամդալենը։ Վերջինս ձգվում է Նորվեգական ծովի ափերից մինչև Սկանդինավյան լեռներ՝ սահմանակցելով Շվեդիայի հետ։ Նուր Թրյոնդելագը հարավից սահմանակցում է Սյուր Թրյոնդելագին, հյուսիսից՝ Նուրլանին։ Կոմսության արևելյան հատվածը զբաղեցնում են մի քանի ընդարձակ հովիտներ և անբնակ տարածքներ, որտեղ գտնվում են ազգային չորս պարկեր։ Նուր Թրյոնդելագի տարածքում գտնվում են մի քանի խոշոր լճեր՝ Սնոսավատնետը, Նամսենը... Ավելին

Հունվարի 28
Անուշաւան Եպս. Դանիէլեան, Կիլիկիոյ Կաթողիկոսութեան միաբանութեան անդամ, Ամերիկայի Միացեալ Նահանգներու Արեւելեան Թեմի առաջնորդական փոխանորդ։

Աւազանի անունով՝ Թորգոմ Դանիէլեան, ծնած է 29 Յունուար 1951-ին։ Վեցերորդ զաւակն էր Անդրանիկ եւ Արաքսի ամոլին։ Նախնական ուսումը ստացած է Ազգ. Քառասնից Մանկանց Վարժարանը: Իր մեծ հայրը՝ Արթին, մայրն ու հայրը եղած են հաւատքի իր առաջին դասիարակները։ Փոքրիկն Թորգոմին կեանքը լեցուն եղած է Դպրաց դասի, Կիրանօրեայի եւ մանաւանդ ՀՄԸՄ-ականի քաղցր յիշատակներով։

Թորգոմ իր կեանքի անկիւնադարձային քայլը կ'առնէ, երբ մանուկ հասակին ձգելով ընտանիքը, կը յաճախէ Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան Դպրեվանքը, Անթիլիաս, ուր կ'ուռճանայ մարմնով, մտքով ու հոգիով։ Մանուկի պարզ եւ անգիտակ հաւատքէն կը ճախրէ տոկուն եւ անդրդուելի հաւատքի բարձրունքները ՝ Ս.Գրքի եւ եկեղեցական հայրերու գործերու ընթերցումներով, որոնք կը կաղապարեն իր ամբողջ աշխարհահայեացքը ծառայութեան, ընծայումի եւ սիրոյ ու զոհողութեան ճշմարիտ ըմբռնումին հանդէպ։

26 Նոյեմբեր 1972-ին, Թորգոմ Սարկաւագ քահանայ կը ձեռնադրուի... Ավելին

Հունվարի 29

iPhone 4, սենսորային սմարթֆոն, որը մշակվել է Apple ընկերության կողմից։ Դա iPhone-ի 4-րդ մակարդակն է և iPhone 3GS-ի հաջորդը։ Օգտագործվում է տեսազանգեր կատարելու (FaceTime անվանումով), մեդիայի օգտագործման (գրքերի և պարբերական հրատարակությունների, ֆիլմերի, երգերի և խաղերի), ինչպես նաև համացանց և էլեկտրոնային փոստ մուտք գործելու համար։ Ներկայացված է եղել 2010 թվականին հունիսի 7-ին Worldwide Developers Conference-ում, որը տեղի է ունեցել Սան-Ֆրանցիսկոյում, և վաճառքի հանվեց 2010 թվականի հունիսի 24-ին ԱՄՆ-ում, Մեծ Բրիտանիայում, Ֆրանսիայում, Գերմանիայում և Ճապոնիայում։

iPhone 4-ն աշխատում է iOS օպերացիոն համակարգով. նույն օպերացիոն համակարգով են աշխատում նախորդ iPhone-ները, iPad-ները և iPod touch-երը։ Այն հիմնականում կառավարվում է օգտվողի մատների օգնությամբ multitouch էկրանի միջոցով, որը զգայուն է մատերի շփմանը։

iPhone 4-ի և իր նախորդների միջև եղած առավել նկատելի տարբերությունը նոր դիզայնն է, որը ներառում է չժանգոտվող պողպատից պատրաստված շրջանակ, որը ծառայում է որպես սարքի ալեհավաք։ Սարքի ներքին բաղադրիչները տեղակայված են քիմիական կապով ամրացված ալյումինասիլիկոնային երկու ապակիների միջև։ iPhone 4-ն ունի Apple A4 պրոցեսոր և 512 ՄԲ eDRAM, ինչը երկու անգամ շատ է իր նախորդից և չորս անգամ շատ է առաջին iPhone-ից։ Նրա 3,5 դյույմանոց (89 մմ) LCD էկրանը, որն ունի LED լուսավորություն և 960×640 փիքսել թույլտվություն, կոչվում է ... Ավելին

Հունվարի 30
Հովարդ Նորտվեյթ
Հովարդ Նորտվեյթ

Հովարդ Նորտվեյթ (նորվ.՝ Håvard Nordtveit, հունիսի 21, 1990 թվական, Վաթս, Վինդաֆորդ, Նորվեգիա), նորվեգացի ֆուտբոլիստ, անգլիական «Վեստ Հեմ Յունայթեդ» ֆուտբոլային ակումբի և Նորվեգիայի ֆուտբոլի ազգային հավաքականի հենակետային կիսապաշտպան:

Հովարդը սկսել է իր ֆուտբոլային կարիերան «Վաթս 94» ֆուտբոլային ակումբում: Այնուհետև նա տեղափոխվել է «Շոլդ», որի կազմում հանդես է եկել 2004-2005 մրցաշրջանում: 2006 թվականի օգոստոսի 20-ին նա դառնում է նորվեգական «Հյոուգեսուն» ակումբի ամենաերիտասարդ ֆուտբոլիստը: Այդ ակումբում նորվեգացի կիսապաշտպանը մասնակցում է 10 պաշտոնական հանդիպման:

Տաղանդավոր նորվեգացին զգալի հետաքրքրություն էր առաջացրել խոշոր եվրոպական ակումբների շրջանակներում: Հայտնի ակումբներից «Արսենալնը» ամենահամառն է գտնվում: «Զինագործների» մենեջերը 2007 թվականի հունիսի 11-ին ուղևորվում է Նորվեգիա, որպեսզի պայմանագիր կնքի Հովարդի հետ: Ակումբի տնօրինությունը հայտարարում է, որ Հովարդի տեղափոխության հետ կապված սկզբնական առաջարկը նորվեգական ակումբի կողմից մերժվել էր: Անձամբ ֆուտբոլիստն ասում է, որ իր ակումբը տրանսֆերի համար պահանջում էր «անհավանական բարձր» գումար: Նորվեգական ԶԼՄ-ների տարածած լուրերի համաձայն՝ տրանսֆերի համար ակումբը պահանջում էր... Ավելին

Հունվարի 31
Լյուսե ֆյորդի տեսքը Փրեքեսթուլեն ժայռից
Լյուսե ֆյորդի տեսքը Փրեքեսթուլեն ժայռից

Լյուսե ֆյորդ (նորվ.՝ Lysefjord), ֆյորդ Նորվեգիայի Թագավորությունում, գտնվում է Վեսթլանում՝ Ռուգլան կոմսությունում, Ստավանգերի հարևանությամբ: Շնորհիվ իր հասանելիության, գեղեցկագույն տեսարանների և ճանաչողական արժեքների՝ Լյուսե ֆյորդը համարվում է Նորվեգիայի ամենաշատ այցելուներն ունեցող զբոսաշրջային վայրերից մեկն: 20-րդ դարի վերջին տասնամյակում հենց այսշրջանում իր տարածումը գտավ անկարգելային սպորտի նոր ուղղությունը՝ բեյսջամփինգը, որը գնային առումով առավել հասանելի է, քան սովորական դասական անկարգելային սպորտը, որի համար հատուկ թռչող օբյեկտներ են անհրաժեշտ: Լյուսե ֆյորդը հայտնի է նաև ցամաքային և ջրային զբոսաշրջություններով:

Լյուսե ֆյորդի երկարությունը կազմում է 42 կմ: Ամենափոքր խորությունը 13 մետր է (Ֆորսանի տարածքում), առավելագույնը՝ 422 մետր (Պրեքեսթուլենի շրջանում):

Ինչպես Նորվեգիայի մյուս բոլոր ֆյորդերը, Լյուսե ֆյորդը նույնպես ձևավորվել է խզումային խախտումների ձևով: Վերջիններս առաջացել են երկրակեղևի սալերի տատանողական շարժումների արդյունքում, որը եղել է Կալեդոնյան լեռնակազմական պրոցեսի... Ավելին

2017 թ. Օրվա հոդվածներ(պահոց). Հունվար  • Փետրվար  • Մարտ  • Ապրիլ  • Մայիս  • Հունիս  • Հուլիս  • Օգոստոս  • Սեպտեմբեր  • Հոկտեմբեր  • Նոյեմբեր  • Դեկտեմբեր