Վեպ
Վեպ - գրական ժանր, էպիկական արձակ ստեղծագործություն:
Բովանդակություն |
[խմբագրել] Վեպի սահմանումը
Վեպի մասին «Հայ վեպի պատմություն» գրքի հանձնարարականում (անոտացիա) գրված է, որ «վեպը արվեստի ինտելեկտուալացման ամենաբարձր աստիճանն է»:[1] Ժանրի միջազգային ռոման անվանումը վերագրվում է 11 - 12-րդ դարերում եվրոպական միջավայրի բոլոր այն ստեղծագործություններին, որոնք գրվել են ռոմաներեն լեզվով` ի հակադրություն լատինական գրականության: Վեպը «էպիկական ստեղծագործություն է, որի մեջ պատումը կենտրոնացված է առանձին անհատի ճակատագրի վրա, նրա բնավորության և ինքնագիտակցության ձևավորման և զարգացման վրա»: [2] Սակայն հանրագիտարանային այս ձևակերպումը երևույթի արտաքին կողմն է միայն:
Հեգելը գեղարվեստի պատմությունը բաժանում է երկու ձևի` դասական (անտիկ) և ռոմանտիկական: Ամբողջ միջնադարյան արվեստը հատկացնում է ռոմանտիկական ձևին: Վեպը վերագրելով արվեստի ռոմանտիկական ոճին` այն անվանում է «բուրժուական էպոպեա»: Համեմատելով էպոսն ու վեպը Հեգելը գրում է. «...փոխվում է նորագույն վեպերում գործող հերոսների ասպետականությունը:Որպես անհատներ, օժտված իրենց անձնական նպատակներով` սիրով, պատվով, բարեգործությամբ կամ աշխարհի բարեկարգման իդեալով, նրանք հակադրվում են տիրող կարգերին ու իրականության պրոզային, որն ամենուրեք դժվարություններ է դնում նրանց ճանապարհին»:[3]
Ըստ Բելինսկու` «մեր ժամանակի էպոսը վեպն է», որն իր մեջ կրում է էպոսի բոլոր հատկանիշները, միայն այն տարբերությամբ, որ վեպում չկան աստվածներ ու կյանքի միֆոլոգիական չափերը, այլ սովորական կյանքն է, քանզի նորագուն արվեստի համար մասնավոր մարդու ճակատագիրն էական է: «Վեպը,-գրում է Բելիսկին,- ծագել է քրիստոնեական ժողովուրդների նորագույն քաղաքակրթությունից` մարդկության պատմության այն դարաշրջանում, երբ բոլոր քաղաքացիական, հասարակական, ընտանեկան և առհասարակ մարդկային հարաբերությունները դարձել էին բազմաբարդ ու դրամատիկ, կյանքը տարածվել էր անսահման տարրերի խորությամբ ու լայնքով: Բացի հետաքրքրաշարժությունից և բովանդակային հարստությունից, վեպը ոչնչով ցածր չէ էպիկական պոեմից` նաև որպես գեղարվեստական ստեղծագործություն»:[4]