Նահապետ Ա Եդեսացի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նահապետ Ա Եդեսացի
Ծնվել էհունիսի 13, 1705(1705-06-13)[1]
Մահացել է1705
Մասնագիտությունքահանա
Զբաղեցրած պաշտոններԱմենայն Հայոց Կաթողիկոս

Նահապետ Ա Եդեսացի կամ Ուռհայեցի (հունիսի 13, 1705(1705-06-13)[1] - 1705, թաղվել է Սուրբ Շողակաթ եկեղեցու բակում), Ամենայն հայոց կաթողիկոս 1691 թվականից։ Հաջորդել է Եղիազար Ա Այնթապցուն։

Եղել է Եդեսիայի եպիսկոպոսը, կաթողիկոսի խորհրդակիցն ու գործակիցը։ Կաթողիկոս է օծվել Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանության ընտրությամբ։ Հայտնի է շինարարական աշխատանքներով։ Կառուցել է Օշականի կամուրջը, Մայր աթոռի վանատունը, վերակառուցել Էջմիածնի Շողակաթ եկեղեցին (1694), վանատունն ու հարակից շինությունները, նորոգել Երևանի, Ձորագյուղի, Կոնդի, Քանաքեռի եկեղեցիները, Հրազդանից ջրանցք է անցկացրել վանքապատկան հողերը ոռոգելու համար, ընդարձակել է Էջմիածնի վանքի կալվածքները։ Նահապետ Ա Եդեսացու գահակալության օրոք, Աղթամարի Թովմաս կաթողիկոսը 1693-ին խզել է հարաբերությունները Սուրբ Էջմիածնի հետ։ Նահապետ Ա Եդեսացին Թովմասին զրկել է կաթողիկոսությունից և Աղթամարի կաթողիկոս է ձեռնադրել Ավետիս եպիսկոպոսին։ Սակայն Թովմասը թուրք կուսակալի օգնությամբ Ավետիսին վտարել է Աղթամարից և աթոռակից օծել Սահակ Արծկեցի եպիսկոպոսին (որպեսզի իր ծերության պատճառով աթոռը թափուր չմնա և անկախ լինի Սուրբ Էջմիածնից)։ 1697-ին Թովմաս կաթողիկոսը թուրք կուսակալի միջոցով վտարել է Սուրբ Էջմիածնի հպատակ Վանի եպիսկոպոսին և Վանի եպիսկոպոսությունը ենթարկել Աղթամարի կաթողիկոսությանը։

Մայր աթոռի միաբանները, դժգոհ Նահապետ Ա Եդեսացու կառավարումից, Նախիջևանի և Գողթնի եպիսկոպոսների գլխավորությամբ դիմել են Նոր Ջուղայի հայերին՝ կաթողիկոսին գահընկեց անելու և Իրանա-Հնդկաստանի թեմի առաջնորդ Ստեփանոս Ջուղայեցուն կաթողիկոս կարգելու խնդրանքով։ Կաթողիկոսը անցել է Թավրիզ, իսկ Ստեփանոս Ջուղայեցին ժամանել է Սուրբ Էջմիածին և 1695-ին օծվել կաթողիկոս։ Սակայն տասը ամիս անց Նահապետ Ա Եդեսացին Իրանի շահ Սուլթան Հուսեյնի օժանդակությամբ գահընկեց է արել նրան և, վերադառնալով Էջմիածին, վերականգնվել կաթողիկոսական գահին։ Պարսկակակն իշխանությունների հետ հարաբերությունները չվատացնելու նպատակով 1699-ին մերժել է Իսրայել Օրու՝ դավանափոխության միջոցով ազգային-ազատագրական պայքար ծավալելու ծրագիրը։

Կաթողիկոսական գահին Նահապետ Ա Եդեսացուն հաջորդել է Աղեքսանդր Ա Ջուղայեցին։


Նախորդող՝
Եղիազար Ա Այնթափցի
Կաթողիկոս
1691–1705
Հաջորդող՝
Աղեքսանդր Ա Ջուղայեցի

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 172