Jump to content

Հակոբ Շահվելեդյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հակոբ Շահվելեդյան
Դիմանկար
Հակոբ Շահվելեդյանը կնոջ՝ Բերթա Քլայն-Շահվելեդյանի, դուստրերի և որդու հետ Բուլղարիայում
Ծնվել էհունվարի 25, 1856(1856-01-25)
ԾննդավայրԱմասիա, Թուրքիա
Մահացել էօգոստոսի 30, 1931(1931-08-30) (75 տարեկան)
Մահվան վայրՍոֆիա, Բուլղարիա
Մասնագիտությունպաստոր

Հակոբ Շահվելեդյան (գերմ.՝ Agop Schahveled, բուլղար․՝ Агоп Шахвеледян, հունվարի 25, 1856(1856-01-25), Ամասիա, Թուրքիա - օգոստոսի 30, 1931(1931-08-30), Սոֆիա, Բուլղարիա), հայ բողոքական հովիվ, հասարակական գործիչ, լրագրող։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հակոբ Շահվելեդյանը ծնվել է 1856 թվականի հունվարի 25-ին Օսմանյան կայսրության Ամասիա քաղաքում։ Նա որբացել է 8 տարեկանում։ Սկզբում սովորել է Օսմանյան կայսրության ամերիկյան աստվածաբանական դպրոցում, այնուհետև ավարտել է շվեյցարական Բազել քաղաքի համալսարանի աստվածաբանության բաժինը, որից հետո իր որակավորումը շարունակել է Անգլիայում։ 1887 թվականին վերադարձել է Ամասիա, որտեղ որպես հոգևոր հովիվ է ծառայել Հայ ավետարանական եկեղեցում։ Սուլթան Աբդուլ Համիդ II-ի կառավարության՝ հայերի դեմ բռնաճնշումների ժամանակ բանտարկվել է։ Ազատվելուց հետո գնացել է Բազել։ Բողոքական միսիոներ և հայ ժողովրդի բարեկամ դոկտոր Յոհաննես Լեփսիուսի[1] աջակցությամբ հովիվ Շահվելեդյանը շրջել է Շվեյցարիայում, Գերմանիայում և Ավստրո-Հունգարիայում, որտեղ հանդիպումների ժամանակ պաշտպանել է հայկական հարցը։ Շվեյցարիայի ավետարանչական ընկերության օգնությամբ 1897 թվականի նոյեմբերի 29-ին Հակոբ Շահվելեդյանը ժամանել է Վառնա՝ երիտասարդ բուլղարական պետության ընդունած և ապաստանած հայ փախստականների մասին հոգալու համար։ Ծովափնյա քաղաքում հովիվ Շահվելեդյանն աշխատել է հովիվ Աբրահամ Ամիրխանյանցի[2], Գրիգոր Գևորգյանի և հովիվ Յոհաննես Ավետարանյանի (նախկին թուրք-իսլամական հոգևորական Մեհմեդ Շյուքրի էֆենդին[3], որին Ռուսաստանում մկրտել է հովիվ Ամիրխանյանցը) հետ համատեղ[4]։

Հովիվ Հակոբ Շահվելեդյանը համագործակցել է դոկտոր Լեփսիուսի հիմնած «Գերմանական առաքելությունն Արևելքում» կազմակերպության (Deutsche Orient-Mission, DOM)[5], Բազելի կոմիտեի, Արևելքում քրիստոնեական բարեգործության գերմանական միության (Deutscher Hülfsbund für chrisliches Liebeswerk im Orient) և, առաջին հերթին, շվեյցարացի հովիվ Կառլ Սարասին-Ֆորքարտի հետ (Karl Sarasin-Forcart)։

1903 թվականի մարտից Շահվելեդյանը դարձել է Ռուսեում լույս տեսնող առաջին մանկական թերթի՝ «Ձիթենի»-ի գլխավոր խմբագիրը[6]։

Հաջորդ տարի՝ 1904 թվականին, նա տեղափոխվել է Սոֆիա, որտեղ ծառայել է որպես ավետարանական հովիվ։ Նա համագործակցել է Հայ Առաքելական Եկեղեցու հետ, մասնակցել Բուլղարիայի մայրաքաղաքի Պավլովո թաղամասի «Մեսրոպյան» հայկական դպրոցի հոգաբարձուների խորհրդին, նախագահել Կիլիկիայի միությունում՝ որբերին աջակցելու նպատակով։ Շահվելեդյանը մասնակցել է Սոֆիայում Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) մասնաճյուղի հիմնադրմանը և զբաղեցրել է Բուլղարիայի և Ռումինիայի ընկերության քարտուղարի պաշտոնը։

Բալկանյան պատերազմի ժամանակ նա գնացել է ռազմաճակատ, որտեղ Աստվածաշունչ է բաժանել բուլղար զինվորներին և Պլովդիվի ու Ադրիանապոլսի թուրք գերիներին։

1916 թվականին նա կրկին մեկնել է Շվեյցարիա՝ օգնություն հավաքելու ցեղասպանությունից փրկված հայերի համար։

Հովիվ Հակոբ Շահվելեդյանը մահացել է 1931 թվականի օգոստոսի 30-ին Սոֆիայում։

Պահպանվել է Հակոբ Շահվելեդյանի ընտանիքի լուսանկարը[7]։ Նրա կինը՝ Բերթա Քլայն-Շահվելեդյանը, գերմանուհի էր, մեծացել և կրթվել է հայի մոտ։ Նրանց դուստրերն են Վեհանը, Մայդին (Մարի) և Սոֆիայի գերմանական դպրոցի ուսուցչուհի Կլարան[8], որն Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ ծառայել է որպես գթասրտության քույր[9]։ Նրանց որդիներն են նկարիչ Կառլոն (Կառլ Յոհաննես)[10] և պետական ծառայող Վեհազուն Գրիգոր Շահվելեդը։

Հակոբ Շահվելեդյանի եղբայրը՝ Տիգրան Շահվելեդյանը, Սոֆիայում նույնպես ծառայել է որպես բողոքական հովիվ։

Բուլղարիայի կենտրոնական պետական արխիվում գտնվում է հովիվ Հակոբ Շահվելեդյանի անձնական արխիվային ֆոնդը[11]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Hermann Goltz. Deutschland, Armenien und die Türkei 1895 – 1925, Dokumente und Zeitschriften aus dem Dr. Johannes-Lepsius-Archiv. Drei Teile; Saur, München, 1998 – 2004.
  2. Узлова, Лилия. Пощенските картички като източник на информация за генеалогични изследвания – Venets: The Belogradchik Journal for Local History, Cultural Heritage and Folk Studies Volume 2, Number 3, 2011, p. 346
  3. ԳՈԼՏՑ, ՀԵՐՄԱՆ. «ԳԵՐՄԱՆԻԱՅԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԻՋԵՎ. ԴՈԿՏՈՐ ՅՈՀԱՆՆԵՍ ԼԵՊՍԻՈՒՍ (1858-1926)» (PDF). էջ 130.
  4. A Muslim who became a Christian by John Bechard (English translation).
  5. Atanas Damianov: Die Arbeit der Deutschen Orient-Mission unter den türkischen Muslimen in Bulgarien von Anfang des 20. Jahrhunderts bis zum 2. Weltkrieg Halle 2002, p. 123, 133 – 134.
  6. Живодар Душков. Русенският периодичен печат в първото десетилетие на ХХ век. – Известия на Съюза на учените – Русе, серия 2 (обществени науки), т. 6, 2011, с. 57.
  7. Арменска общност в България. Евангелисткият пастор Шахвеледян със семейството си. www.europeana.eu. Посетен на 24 февруари 2020 г.
  8. www.europeana.eu Арменска общност в България. Изложба на ръкоделия в Дойче шуле. Клара Шахвеледян, посетен на 24 февруари 2020 г.
  9. www.europeana.eu Арменска общност в България. Клара Шахвеледян като милосърдна сестра по време на Първата световна война с ранени войници. Посетен на 24 февруари 2020 г.
  10. www.europeana.eu Арменска общност в България. Карл Шахвеледян – художник посетен на 24 февруари 2020 г.
  11. ЦДА, ф. 2026К, Информационна система на Държавните архиви. Посетен на 23 септември 2020 г.