Վիքիպեդիա:Օրվա հոդված/Մայիս 2012 թ.

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մայիս ամսվա հոդվածները
Մայիսի 1
Դրվագ ֆիլմից. Անրի Վերդուն իր հերթական կնոջ հետ
Դրվագ ֆիլմից. Անրի Վերդուն իր հերթական կնոջ հետ

«Մըսյե Վերդու» (անգլ.՝ Monsieur Verdoux), Չառլի Չապլինի քրեական տրագիկոմեդիա։ Ֆիլմի երկրորդ անվանումն է՝ «սպանությունների կատակերգություն»։ Ֆիլմը նկարահանվել է 1947 թվականին. առաջին անգամ ցուցադրվել է՝ 1947 թվականի ապրիլի 11-ին՝ ԱՄՆ-ում։ Անրի Վերդուն շատ կրթված, բանիմաց, սրամիտ, կյանքի լավագույն տարիներն ապրած ֆրանսիացի ջենթլմեն է։ Նա երեսուն տարի ազնիվ ու արդար ձևով աշխատել է մի բանկում։ Սակայն Առաջին աշխարհամարտի ու Մեծ Ճգնաժամի տարիներին, Վերդուն շատ ցավալի ձևով կորցրել է աշխատանքը։ Անդամալույծ կնոջն ու որդուն գումարով ապահովելու համար, նա սկսում է զբաղվել «կեղտոտ» բիզնեսով։ շարունակել...

Մայիսի 2
Թարգմանչաց անապատ վանք, ներկայիս Ադրբեջանի Դաշքեսանի շրջանում Բանանց գյուղից 1 կմ դեպի հարավ՝ Բոլորաջուր (Բոլորանց) գետակի աջ ձորալանջին գտնվող միջնադարյան հայկական վանական համալիր, որը շրջապատված է գեղատեսիլ, անտառածածկ լեռներով:

Հիմնադրումն ավանդաբար վերագրվում է 5-րդ դարին: 1845 թվականին նորոգվել է սենյակներից առաջինը, որի համար ծախսվել է 15 ռուբլի: Անապատի կառույցները շարունակ քայքայվելով և երկար ժամանակ նորոգության չենթարկվելով 1880-ական թվականներին հայտնվել են անմխիթար վիճակում: շարունակել...

Մայիսի 3
Պետրոս առաքյալը
Պետրոս առաքյալը

Պետրոս առաքյալ (Սուրբ Պետրոս; (հունարեն՝ Απόστολος Πέτρος; Պետրոս - արամեերեն Կեփաս` «վեմ»), ծնված՝ Սիմոն (արամ.` «ունկնդրում»), եբրայերեն՝ שמעון‎), Հիսուս Քրիստոսի 12 աշակերտներից (առաքյալներից) մեկը: Ծննդյան թվականն անհայտ է, բայց Կաթոլիկ եկեղեցին Սբ. Պետրոսին ավանդաբար համարում է Քրիստոսի հասակակից (ծ. 1): Ըստ Ավետարանի, ծնվել է Պաղեստինի Բեթսայիդա քաղաքում, եղբայրն էր Անդրեաս առաքյալի և որդին Հովնանի (հմմտ. Մատթ.4:18, Հովհ. 1:42, 44): Ապրել է նաև Կափառնայումում, որտեղ հավանաբար ամուսնացել է (հմմտ. Մատթ. 8:14): Հիշյալ 2 քաղաքներն էլ գտնվում էին Տիբերական լճի ափին, ինչն էլ հիմնավորում է Պետրոսի` ձկնորս լինելու հանգամանքը (հմմտ. Մատթ. 4:18): Առաքյալների շարքում ամենից շատ տեղեկությունները հենց Պետրոսի մասին են. նա գործող դեմք է թե Ավետարանում և թե Գործք առաքելոցում: շարունակել...

Մայիսի 4
Մեծ պանդա
Մեծ պանդա

Մեծ պանդա կամ բամբուկե արջ (լատին․՝ Ailuropoda melanoleuca) - «սև-սպիտակ կատվաթաթ»), կաթնասուն, որի հայրենիքը հանդիսանում է կենտրոնական Չինաստանը: Մեծ պանդան ապրում է լեռնային շրջաններում, ինչպիսիք են Սիչուանը և Տիբեթը: 20-րդ դարի երկրորդ կեսից սկսած պանդան դարձել է Չինաստանի ազգային խորհրդանիշը: Չինարեն անվանումը նշանակում է «արջ- կատու», և անգամ հակառակ կողմից կարդալիս այն դարձյալ նույնն բանն է նշանակում: Նրա արևմտյան անվանումը ծագել է փոքր պանդա տեսակի անվանումից: Նախկինում նրան անվանել են նաև բծավոր արջ (լատին․՝ Ailuropus melanoleucus): շարունակել...

Մայիսի 5
Հայաստնաի Էմիրության քարտեզը
Հայաստնաի Էմիրության քարտեզը

Հայաստանի Էմիրություն կամ Հայաստանի Իշխանություն, Հայաստանի կիսանկախ վիճակն էր Արաբական խալիֆայության կազմում: Դրան վերջ դրվեց 880 թ-ին, երբ երկրից վռնդվեց վերջին արաբ ոստիկանը, իսկ հինգ տարի անց Հայաստանը հռչակվեց թագավորություն: Էմիրայությունը, բացի Պատմական Հայաստանից ժամանակ առ ժամանակ ընդգրկել է նաև Միջագետքն ու Ատրպատականը, մինչև Կովկասյան Մեծ լեռներ: Երկիրը կառավարվել է արաբ ոսիկանի կողմից, ում նստավայրը եղել է Դվին քաղաքը, չնայած փաստացի իշխանությունը գտնվում էր հայազգի իշխանների ձեռքում: շարունակել...

Մայիսի 6
Ջալալ Ա կամ Հասան-Ջալալ, հայկական Խաչենի իշխանության ամենանշանավոր տիրակալներից մեկը։ 1214-ին հաջորդել է հորը՝ Վախթանգ-Տանգիկ Բ-ին, որպես Խաչենի գահերեց իշխան։ Նրա իշխանության շրջանում նկատվել է մշակութային և տնտեսական մեծ վերելք, որը 13-րդ դարի սկզբում ընդհանուր էր հայ և վրաց ժողովուրդների համար։ Հասան-Ջալալը զգալիորեն ամրապնդել է Խաչենի իշխանությունը։ Նա իշխել է որպես Արցախի թագավոր և սկիզբ է դրել Հասան-Ջալալյանների տոհմի, որի պայազատները մինչև 1827 թ. իշխել են Արցախի Խաչեն գավառում։ Հասան-Ջալալը Խաչենի իշխանական տոհմի շառավիղն էր, որը իշխել է Արցախում դեռևս 9-րդ դարից և համարվում է Առանշահիկների թագավորական տոհմի շարունակությունը։ շարունակել...
Մայիսի 7
«Մեծ քաղաքի լույսերը» (անգլ.՝ City Lights: A Comedy Romance in Pantomime), համր լիամետրաժ ֆիլմ, նկարահանված 1931 թվականին: Առաջին անգամ ցուցադրվել է՝ 1931 թվականի հունվարի 30–ին, ԱՄՆ–ում: Չառլի Չապլինի ամենահայտնի ֆիլմերից մեկն է:

Ֆիլմի նկարահանումներնը սկսվել են 1927 թվականի դեկտեմբերի 31-ին և տևեցին մոտավորապես երեք տարի: Ֆիլմը նկարահանվում էր Մեծ Ճգնաժամի տարիներին: Չապլինը ներդնում էր սեփական երաժշտությունն ու ձայնային հնարքները: Ֆիլմի նկարահանումներն ավարտվում են 1931 թվականի հունվարի 31-ին: Առաջին ցուցադրությունը տեղի ունեցավ 1931 թվականի հունվարի 30-ին Լոս-Անջելեսում: շարունակել...

Մայիսի 8
Medieval II: Total War: Kingdoms-ը (թարգմանաբար` Միջնադար 2. համընդհանուր պատերազմ. թագավորություններ) Creative Assembly ընկերության կողմից 2007 թ-ին թողարկած համակարգչային խաղի լրացում է, հանդիսանում է 2006 թ-ին թողարկած Medieval II: Total War-ի միակ պաշտոնական ադոնը: Ադոնում, ինչպես ամբողջ Total War սերիայում, գլոբալ քայլափոխային ռազմավարությունը համատեղված է իրական ժամանակում մարտավարական մարտերի հետ:

Ադոնը բաղկացած է իրարից անկախ 4 կամպանիաներից` Ամերիկյան, Բրիտանական, Խաչակիրների և Տևտոնական: Խաղը հնարավորություն է տալիս յուրաքանչյուր կամպանիան առանձին-առանձին տեղադրել, ինչը կարևոր է համակարգչի կոշտ սկավառակի տարածության սակավության պայմաններում: շարունակել...

Մայիսի 9
Թբիլիսի (վրացերեն՝ თბილისი, հին հայկական անվանումը` Տփղիս, 19-րդ դարում և 20-րդ դարի առաջին կեսում հայկական միջավայրում տարածված էր նաև Թիֆլիս անվանումը (փոխառություն ռուսերենից (Тифлис), որը մինչև այսօր գործածվում է ավանդական Սփյուռքի և արևմտահայերի կողմից), Վրաստանի մայրաքաղաք և Կովկասի խոշորագույն բնակավայրերից մեկը: Գտնվում է Կուր գետի ափին։ Բնակչությունը՝ 1.181.700, որից 82,600 (7,63 %)-ը` հայեր (2002 թ. մարդահամարի տվյալներ):

Թբիլիսի անվան հետ կապված շատ լեգենդներ կան: Լեգենդներից մեկում պատմվում է, որ Թբիլիսիի տարածքը եղել է անտառապատ: Մի օր թագավորը (ըստ տարբերակներից մեկի` Վախթանգ Գորգասալը) որսորդության ժամանակ կեռնեխ վիրավորեց: Կեռնեխն ընկնում է ջուրը և բուժված դուրս է թռչում ու փախչում որսորդներից: շարունակել...

Մայիսի 10
Իսրայել Օրին
Իսրայել Օրին

Իսրայել Օրի (1659-1711), հայ ազգային–ազատագրական շարժման գործիչ: Իսրայելի Օրին առաջինն էր, որ սկզբնավորեց հայ ժողովրդի ազգային–ազատագրական պայքարի ռուսական կողմնորոշումը: Իսրայելի Օրու գաղափարները երկար սնուցեցին հայ ազատագրական միտքը, դարձան հայ ազատագրական պայքարի ուղենիշը:

Հայաստանի ազատագրության խնդրով 1677–ին Էջմիածնի գաղտնի ժողովում ընտրված պատվիրակների և հոր՝ Մելիք Իսրայելի հետ 1679–ի դեկտեմբերին մեկնել է Կոստանդնուպոլիս: Պատվիրակության՝ Եվրոպա մեկնելու ձախողումից հետո պատվիրակ արքեպիսկոպոսներից մեկի հանձնարարությամբ, հայ վաճառականների հետ 1680–ի վերջինս անցել է Վենետիկ, 1683–ին՝ Փարիզ: շարունակել...

Մայիսի 11
Իսրայելի քարտեզը
Իսրայելի քարտեզը

Իսրայել (եբրայերեն՝ מְדִינַת יִשְׂרָאֵל‎), պետություն Միջին Արևելքում` Միջերկրական ծովի հարավ-արևելքում: Հարավում սահմանակից է Լիբանանին, արևելքում՝ Սիրիային և Հորդանանին, իսկ հարավ-արևմուտքում՝ Եգիպտոսին:

Իսրայելը անկախություն հռչակեց 1948 թվականին, երբ 1947 թվականի նոյեմբերին Միացյալ Ազգերի Կազմակերպությունը որոշեց բաժանել Բրիտանական Պաղեստինը երկու պետությունների՝ հրեական և արաբական: Արաբական երկրները չճանաչեցին այս որոշումը և հարձակվեցին Իսրայելի վրա: 1948 թ-ի Արաբ-Իսրայելյան Պատերազմում Իսրայելի հաղթանակի հետևանքով Հրեական պետությունը ՄԱԿ-ի նախորոշած սահմաններից անցավ: շարունակել...

Մայիսի 12
Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարան կամ ուղղակի - Մատենադարան, հին ձեռագրերի և փաստաթղթերի պահպանման և ուսումնասիրման հայկական կենտրոն։ Գտնվում է Հայաստանի մայրաքաղաք Երևանում։ Ունի ձեռագրերի և միջնադարյան գրքերի աշխարհի ամենախոշոր հավաքածուներից մեկը։

Ստեղծվել է 1921 թ-ին՝ Էջմիածնի մատենադարանի հիմքի վրա, և առաջին գիտահետազոտական հաստատությունն է Հայաստանում։ Նախապես կոչվել է Կուլտուր-պատմական ինստիտուտ։

Մատենադարանի մասին առաջին տեղեկությունները մեզ են հասել 5-րդ դարից։ Ըստ Ղազար Փարպեցու՝ Էջմիածնի կաթողիկոսությանը կից գործել է գրատուն, որտեղ պահվել են հայերեն ու հունարեն մատյաններ։ շարունակել...

Մայիսի 13
«Դաշնակահարը» (անգլ.՝ The pianist), հայտնի ռեժիսոր՝ Ռոման Պոլանսկու գեղարվեստական ֆիլմ, նկարահանված 2002 թվականին: Ֆիլմի կարգախոսն է՝ «Երաժշտությունը նրա կիրքն էր, գոյատևումը՝ նրա գլուխգործոցը»: Առաջին անգամ ցուցադրվել է 2002 թվականի մայիսի 24-ին, Ֆրանսիայում: Պոլանսկու ամենահայտնի ֆիլմերից մեկն է: Նկարահանված է 1930-ական թվականների, Լեհաստանի լավագույն դաշնակահար՝ Վլադիսլավ Շփիլմանի ինքնակենսագրության հիման վրա: Ֆիլմը ներկայացնում է Լեհաստանի իրավիճակը Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին: «Դաշնակահարը» արժանացել և ներկայացվել է բազմաթիվ մրցանակների, որոնց թվում՝ 3 Օսկար. Օսկար լավագույն դերասանի համար, Օսկար լավագույն ռեժիսորի համար և Օսկար լավագույն հարմարեցված սցենարի համար: շարունակել...
Մայիսի 14
Երվանդյան Հայաստանը
Երվանդյան Հայաստանը

Երվանդյան Հայաստան, պետություն Հայկական Լեռնաշխարհում մ.թ.ա. 6-րդ դար - մ.թ.ա. 331 թթ.: Թագավորությունն անկախացավ Երվանդունիների արքայատոհմի օրոք, Ուրարտուի կործանումից քիչ անց: Սակայն հետագայում Հայաստանն ընկավ Աքեմենյանների իշխանության տակ և վերածվեց սատրապության, չնայած այն պահպանում էր ներքին ինքնավարություն: Ալեքսանդր Մակեդոնացու արշավանքներից և Աքեմենյան Պարսկաստանի կործանումից հետո, Երվանդյան Հայաստանը բաժանվեց մի քանի ինքնուրույն թագավորությունների` Մեծ Հայք, Փոքր Հայք, Ծոփք, և հետագայում Կոմմագենե:

Մ․թ․ա․ VI դարում 70-ական թթ․ Հայոց թագավորությունը, բախվելով Մերձավոր Արևելքում ահեղ ուժ դարձած մարա-պարսկական տերությանը և հարկադրված ճանաչելով նրա գերիշխանությունը՝ այնուամենայնիվ պահպանել է իր պետետական անկախությունը, տարածքային ամբողջականությունը, հոգևոր-մշակութային ինքնուրույնությունն ու կենսունակությունը, որոնք հաստատուն հիմքերի վրա էին դրվել նախընթաց դարերում: շարունակել...

Մայիսի 15
Տյանոյույի արարողություն
Տյանոյույի արարողություն

Տյանոյու (ճապոներեն՝ 茶の湯), թեյախմության արարողություն Ճապոնիայում, որը դասվում է ինքնօրինակ, եզակի արվեստների շարքը։ Հոգևոր ու հասարակական կյանքում այն էական դեր է խաղում արդեն մի քանի դար շարունակ։

Տյանոյուն կարգավորված ծես է, որին մասնակցում են թեյի վարպետը, որը թեյ է պատրաստում և լցնում գավաթները, և նրանք, որոնք ներկա են լինում ծեսին և խմում թեյը:

Ծեսի ժամանակ ամեն մեկն ունի իր վարվելաոճը, որն ընդգրկում է նստելադիրքը, բոլոր շարժումները, դեմքի արտահայտությունը, խոսելաձևը։ Տյանոյուի գեղագիտությունը ենթարկվում է ձեն-բուդդայականության կանոններին շարունակել...

Մայիսի 16
Գրեգորի Պեկը
Գրեգորի Պեկը

Էլդրեդ Գրեգորի Պեկ (անգլ.՝ Eldred Gregory Peck; ապրիլի 5, 1916 թ. - հունիսի 12, 2003 թ.), ամերիկացի դերասան, (ըստ որոշ աղբյուրների` հայկական արմատներով), 1940-60 ական թթ. Հոլիվուդի ամենահայտնի դերասաններից մեկը: «Օսկար» մրցանակի դափնեկիր է Օսկար լավագույն դերասանի համար անվանակարգում: Ամերիկյան կինոակադեմիան իր կողմից հրապարակած Ամերիկյան բոլոր ժամանակների ֆիլմերի 100 մեծագույն աստղերի ցանկում նրան ընդգրկել է 12-րդ տեղում:

Էլդրեդ Գրեգորի Պեկը ծնվել է 1916 թվականի ապրիլի 5-ին ԱՄՆԿալիֆորնիա նահանգի Լա Հոյյա քաղաքում, դեղատան աշխատակցի ընտանիքում: շարունակել...

Մայիսի 17
Իբուպրոֆեն
Իբուպրոֆեն

Ոչ ստերոիդային հակաբորբոքային դեղամիջոցներ, դեղամիջոցներ: Ոչ ստերոիդային հակաբորբոքային դեղամիջոցներ են համարվում այն դեղամիջոցները, որոնք օժտված են հակաբորբոքային, ցավազրկող և ջերմիջեցնող ազդեցությունները: Այս խմբի դեղերը կոչվում են նաև ոչ թմրաբեր ցավազրկողներ, քանզի թմրաբեր ցավազրկողների հետ համեմատած, այս խմբի դեղամիջոցները`

  • օժտված են ավելի թույլ արտահայտված ցավազրկող (անալգետիկ) ազդեցությամբ (ավելի քիչ արդյունավետ են սուր, ծանր աստիճանի վնասվածքների, այրվածքների դեպքում առաջացած ցավերի ժամանակ)
  • չեն առաջացնում էյֆորիա
  • օժտված չեն քնաբեր ազդեցությամբ
  • չեն ընկճում հազի և շնչական կենտրոնները
  • չեն առաջացնում ընտելացում և կախյալություն: շարունակել...
Մայիսի 18
Յոկո Օնոն
Յոկո Օնոն

Յոկո Օնո (ճապ.` オノ・ヨーコ(小野 洋子), անգլ.` Yoko Ono, ծնվ.` փետրվարի 18, 1933թ.), ճապոնացի նկարչուհի, գրող, կինոռեժիսոր և խաղաղության ակտիվիստ, հանրահայտ «Բիթլզ» համույթի մենակատար Ջոն Լենոնի այրին: Օնոն հայտնի է ավանգարդ արվեստում իր կատարած մի շարք ներդրումներերով:

Օնոյի ծնողները սերում էին հարուստ ընտանիքներից: Հայրն իր հերթին սերում էր ճապոնական կայսերական տոհմից և մասնագիտությամբ դաշնակահար էր, սակայն թողնում է մասնագիտությունը և մտնում աշխատելու բանկային համակարգում: Օնոն սկզբում կրթվում է մասնավոր ուսուցչի կողմից, իսկ հետո արդեն տեղափոխվում մասնավոր դպրոց, որտեղ ուսուցանում է դասական երաժշտության և առհասարակ արվեստի հիմունքները, ինչպես նաև` սովորում է անգլերեն լեզուն: շարունակել...

Մայիսի 19
Մարդու սիրտ
Մարդու սիրտ

Սիրտ (լատին․՝ cor, եբրայերեն՝ καρδιά, kardia‎), մկանային օրգան, որի հիմնական գործառույթը մարմնի բոլոր օրգաններին և հյուսվածքներին արյան մատակարարումն է: Սիրտ-անոթային համակարգում այն հանդիսանում է կենտրոնական օրգան, որի ռիթմիկ կծկումները նպաստում են արյունատար անոթներով արյան հոսքին:

Մարդու սիրտը գտնվում է կրծքավանդակի խոռոչում: Այն կշռում է մոտ 250-350 գրամ: Այն տեղակայված է ողնասյան առջևում և կրծոսկրի հետևում, ունի գագաթ և հիմք: Սիրտը հոծ միջնապատով բաժանվում է աջ և ձախ կեսերի: Սրտի աջ կեսով շրջանառում է միայն երակային արյուն (թթվածնով աղքատ), իսկ ձախով կեսով` միայն զարկերակային արյուն (թթվածնով հարուստ): շարունակել...

Մայիսի 20
Ուինսթոն Չերչիլը
Ուինսթոն Չերչիլը

Պարոն Ուինսթոն Չերչիլ (անգլ.՝ Sir Winston Leonard Spencer Churchill; Նոյեմբեր 30, 1874 - Հունվար 24, 1965), Միավորված Թագավորության վարչապետ 1940—1945 և 1951—1955 թվականներին, Բրիտանական ակադեմիայի պատվավոր անդամ, Նոբելյան մրցանակի գրականության դափնեկիր:

Ուինսթոն Չերչիլը ծնվել է Մարլբորո հերցոգների Բլեինհեիմ պալատում: Նրա հայրը՝ լորդ Ռենդոլֆ Սպենսեր Չերչիլը, ճանաչված քաղաքական գործիչ էր. նա պառլամենտի Հանրային պալատի պատգամավոր էր: Ինչպես հետագայում Ուինսթոնը, այնպես էլ նրա հայրը Պահպանողական կուսակցության անդամ էր: շարունակել...

Մայիսի 21
Հովհաննես Մկրտիչը
Հովհաննես Մկրտիչը

Սուրբ Հովհաննես Մկրտիչ (լատին․՝ Io[h]annes Baptista, հուն․՝ Ιωάννης ο Βαπτιστής, եբրայերեն՝ יוֹחָנָן הַמַּטְבִּילՅոխանան բեն Սախարիա), Քրիստոնեական կրոնի գլխավոր գործող անձանցից մեկը։ Բազմաթիվ եկեղեցիների կողմից ճանաչվել է սուրբ։ Հովհաննես Մկրտիչի մասին պատմվում է ինչպես Ավետարանում, այնպես էլ Ղուրանում։ Համաձայն Ղուկասի Ավետարանի, որն ի տարբերություն մյուսների (Մատթոեսի, Մարկոսի և Հովհաննեսի Ավետարանների) միակն է, որ ներկայացնում է Հովհաննեսի նախածննդյան և ծննդյան պատմությունը, Մկրտիչը որդին էր արդար կյանքով ապրող Եղիսաբեթի և քահանա Զաքարիայի, ովքեր չնայած ծեր տարիքին երկար տարիներ զավակ չէին ունենում (Ավետարան ըստ Ղուկասի|Ղուկ. 1:5-7), ինչը հրեական միջավայրում մեծ անպատվություն էր համարվում: շարունակել...

Մայիսի 22
Գրիգոր Լուսավորիչը մկրտում է Տրդատ Երրորդին
Գրիգոր Լուսավորիչը մկրտում է Տրդատ Երրորդին

Մկրտություն (հուն․՝ βάπτισμά - ընկղմում, սուզում), ջրով կատարվող ծիսական արարողություն, քրիստոնեական սուրբ խորհուրդ` հաստատված Հիսուս Քրիստոսի կողմից:

Ջուրը` իբրև մաքրության խորհրդանիշ, հնուց ի վեր եղել է կրոնական արարողությունների բաղկացուցիչ մաս. դա բացատրվում է մարդկային բնության` բարոյական մաքրության համընդհանուր կրոնական պահանջով: Այն կիրառելի է եղել բաբելոնացիների (Էնկիի պաշտամունք), պարսիկների, հնդիկների, եգիպտացիների (Իսիսի պաշտամունք), հռոմեացիների ու հույների (Դեմետրայի պաշտամունք), հայերի (Աստղիկի պաշտամունք) և հրեաների շրջանում: Այս վերջինը թեև ոչ այնքան գաղափարապես, որքան արտաքին ձևով իր փոքրիկ ազդեցությունն ունի քրիստոնեական մկրտության վրա: շարունակել...

Մայիսի 23
Մեծ Հայքն իր հզորության գագաթնակետին
Մեծ Հայքն իր հզորության գագաթնակետին

Մեծ Հայք, պետություն Հայկական Լեռնաշխարհում մ.թ.ա. 331-մ.թ. 428 թթ.: Թագավորությունն անկախացավ Ալեքսանդր Մակեդոնացու արշավանքներից քիչ անց` Երվանդունիների արքայատոհմի օրոք: Մ.թ.ա. 189 թ-ից սկսած Հայոց գահին հաստատվեց Արտաշեսյանների արքայատոհմը, որի հիմնադիր Արտաշես Ա-ն կարճ ժամանակում միավորեց երկիրն ու անցկացրեց մի շարք բարեփոխումներ: Մեծ Հայքը հասավ իր հզորության գագաթնակետին Տիգրան Մեծի կառավարման ընթացքում, երբ այն ձգվում էր Կովկասյան լեռներից մինչև Եգիպտոս և Կասպից ծովից մինչև Միջերկրական ծով: Այդ ժամանակաշրջանում Մեծ Հայքը կամ Հայկական կայսրությունը համարվում էր արևելքի հզորագույն պետությունը: շարունակել...

Մայիսի 24
Կենդանակերպի նշանների գծապատկերը
Կենդանակերպի նշանների գծապատկերը

Հորոսկոպ (հունարեն` ώρα` ժամ, ժամանակահատված, ժամկետ և σκοπός` հսկիչ, դիտող, բառացիորեն` իր ժամը հսկող, հայերեն` ժամադիտակ, նաև ռադիքս լատիներեն radix` արմատ), աստղագուշակության մեջ մոլորակների, լուսատուների և այլ երկնային մարմինների դիրքերի արտապատկերումը էկլիպտիկայի վրա ժամանակի տվյալ պահի և աշխարհագրական տվյալ վայրի նկատմամբ: Ժամանակակից աստղագուշակության մեջ հորոսկոպ է կոչվում որոշակի ժամանակահատվածում երկնային քարտեզի ոճավորված գծապատկերը, այդ գծապատկերը գերազանցապես երկրակենտրոն է, չնայած կան նաև այնպիսի ուղղություններ, որոնք կիրառում են են արևակենտրոն համակարգը: շարունակել...

Մայիսի 25
Հաղարծին վանքը վերանորոգումից հետո
Հաղարծին վանքը վերանորոգումից հետո

Հաղարծին, 10-րդ դարի հայկական վանքային համալիր Հայաստանի Տավուշի մարզում, Դիլիջան քաղաքից 18 կմ հեռավորության վրա։ Վանքային համալիրը կառուցվել է 10-13-րդ դարերի ընթացքում։ Վանքի մասին տեղեկություններ է տալիս Կիրակոս Գանձակեցին։ Ծաղկում է ապրել XII դարի վերջին - XIII դարի սկզբին՝ Խաչատուր Տարոնացու առաջնորդության ժամանակ։ Որպես ուսումնագիտական կենտրոն հիշատակվում է (Կոստանդին Դ, Ստեփանոս Օրբելյան) XIII դարի առաջատար մշակութային կենտրոնների շարքում։ Հաղարծինի համալիրի կազմում են երեք եկեղեցի, երկու գավիթ (մեկը՝ ավերված), սեղանատուն, աղոթարաններ, խաչքարեր։ Վանքի տարածքում, հուշարձանների գլխավոր խմբից արևելք, ժայռալանջին աղոթարաններ են, գեղաքանդակ խաչքարեր։ շարունակել...

Մայիսի 26
Ավարայրի ճակատամարտ, ճակատամարտ քրիստոնյա հայերի և զրադաշտ պարսիկների միջև 451 թ-ի մայիսի 26-ին: Հայ ժողովուրդն ապստամբել էր պարսիկների դեմ, ի պատասխան վերջիններիս հայերին կրոնափոխ անելու պահանջին: Չնայած ճակատամարտում զոհվեց ապստամբության առաջնորդ Վարդան Մամիկոնյանը, պարսիկները կրեցին ծանր կորուստներ և հետագայում ստիպված էին հրաժարվել հայերին կրոնափոխ անելու մտադրությունից: Հայ ժողովորդն այս ճակատամարտում տարավ բարոյական հաղթանակ:

Թափ առնող Վարդանանց պատերազմի պայմաններում 451 թվականի մայիսին, ցանկանալով վերջնականապես արյան մեջ խեղդել հայերին, Հազկերտ II-ը հայերի դեմ շարժեց իր թագավորության ռազմական ուժերի հիմնական մասի կենտրոնացման արդյունքում հավաքած մի խոշոր բանակ: շարունակել...

Մայիսի 27
Հունական զորքերը Զմյուռնիայում
Հունական զորքերը Զմյուռնիայում

Հույն-թուրքական պատերազմներ, հույների և թուրքերի միջև տեղի ունեցած մի շարք պատերազմներ: Առաջին պատերազմի առիթը 1896-ին Կրետեում բռնկած ապստամբությունն էր, որի նպատակն էր ազատագրվել թուրքական լծից և վերամիավորվել Հունաստանի հետ: 1897-ի փետրվարին ապստամբներին օգնության է հասել հունական 2 հազարանոց մի ջոկատ, միաժամանակ կրետական ջրեր է ժամանել հունական ռազմական նավատորմը: 1897ապրիլի 17-ին Օսմանյան կայսրությունը պատերազմ է հայտարարել Հունաստանին: Թուրքական մեծաթիվ բանակը Թեսալիայում և Էպիրոսում պարտության է մատնել հունական փոքրաքանակ ուժերին: շարունակել...

Մայիսի 28
Գեներալ Մովսես Սիլիկյանը
Գեներալ Մովսես Սիլիկյանը

Սարդարապատի ճակատամարտ, ճակատամարտ: Տեղի է ունեցել 1918 թ-ի մայիսի 21-27` հայկական կանոնավոր զորամասերի, աշխարհազորի և Արևելյան Հայաստան ներխուժած թուրքական զորաբանակի միջև: Սարդարապատի հերոսամարտը հաճախ անվանում են «20-րդ դարի Ավարայր»:

1917 թ-ի հոկտեմբերին Ռուսական կայսրությունում կատարված հեղաշրջումից հետո երկրի նոր՝ խորհրդային իշխանությունը հայտարարեց, որ Ռուսական կայսրությունը դուրս է գալիս առաջին համաշխարհային պատերազմից։ Ռուսական զորքերը լքեցին Կովկասյան ռազմաճակատը, հեռացան Ռուսաստան։ Հայ ժողովրդի համար ստեղծվեց չափազանց վտանգավոր վիճակ. թուրքական զորքերի դեմ Կովկասյան ռազմաճակատում կանգնած էին միայն Հայկական կորպուսի զորամասերը։ շարունակել...

Մայիսի 29
Ուիլյամ Բուգրոյի ինքնապատկերը
Ուիլյամ Բուգրոյի ինքնապատկերը

Ուիլյամ-Ադոլֆ Բուգրոն (1825 թ. նոյեմբերի 30 - 1905 թ. օգոստոսի 19), ֆրանսիացի նկարիչ է՝ ակադեմիական սալոնային կերպարվեստի ակնառու ներկայացուցիչ արվեստի պատմության մեջ։

Ծնվել է 1825 թ. նոյեմբերի 30-ին Ֆրանսիայի Լա Ռոշել քաղաքում։ Կերպարվեստն ուսումնասիրել է գեղեցիկ արվեստների Թագավորական դպրոցում։ 1850 թ. արժանացել է «Prix de Rome» կրթաթոշակին, որն այն ժամանակ հատկացվում էր կերպարվեստ ուսումնասիրող ուսանողներին։ Անհրաժեշտ դրամական միջոցներ ձեռք բերելով՝ Բուգրոն ամբողջապես նվիրվեց իր սիրելի գործին՝ գեղանկարչությանը։ Ընդհանուր առմամբ, կյանքի ընթացքում նա նկարել է ութ հարյուր քսանվեց կտավ։ շարունակել...

Մայիսի 30
Սթիվեն Ջերարդը
Սթիվեն Ջերարդը

Սթիվեն Ջորջ Ջերարդ (անգլ.՝ Steven George Gerrard, Մայիսի 30, 1980, Ուիսթոն, Անգլիա), անգլիացի ֆուտբոլիստ, «Լիվերպուլ» ակումբի ավագ: Ջերարդը համարվում է ժամանակակից ֆուտբոլի լավագույն կիսապաշտպաններից մեկը: Հիմնականում հանդես է գալիս կիսապաշտպանության կենտրոնում, ինչպես նաև ձախ կիսապաշտպանի դիրքում:

Ջերարդը, ով իր ամբողջ կարիերան անց է կացրել «Էնֆիլդում», առաջին անգամ խաղադաշտ է դուրս եկել 1998 թվականին և ամրապնդվել է թիմի հիմնական կազմում 2000-01 մրցաշրջանում: 2003-ին նա դարձել է թիմի ավագը` փոխարինելով Սաամի Հյուպիային: Ջերարդի նվաճած մրցանակների թվոմ են երկու Անգլիայի գավաթները, երկու Ֆուտբոլային լիգայի գավաթները և հաղթանակը Չեմպիոնների Լիգայում 2005-ին: շարունակել...

Մայիսի 31
Սինտոիստական տաճար Իսեում
Սինտոիստական տաճար Իսեում

Սինտոիզմ (ճապ.՝ 神道, «սինտո» - «աստվածների ուղի»), ճապոնական հնագույն կրոնը։ Սինտոիզմի դիցարանը բազկացած է բազմաթիվ աստվածներից և հոգիներից: Դիցարանը գլխավորում է արևի աստվածուհի Ան մատրասուն, որից սկիզբ է առնում ճապոնիայի կայսրի տոհմաբանությունը: 1868 թ. սինտոիզմը ճանաչվել է Ճապոնիայի պետական կրոն: 1947 թ. սահմանադրությանբ այն հավասարվեց Ճապոնիայի մյուս պաշտամունքներին և այսպիսով դադարեց պետական կրոն լինելուց :

Ի տարբերություն համաշխարհային կրոնների, սինտոիզմը չունի որևէ հիմնադիր անձ, գլխավոր ուսուցիչ, օրենսդիր և հեղինակություն։ Սինտոիստները երկրպագում են բազմաթիվ աստվածությունների (կամիներ), որոնք ծնունդ են այն ժամանակների, երբ մարդիկ երկրպագում էին բնության կույր ուժերին, հավատում տանը և գետերում, սարերում ծառերի մեջ բնակվող այլ ոգիների գոյությանը։ շարունակել...

2012 թ. Օրվա հոդվածներ(պահոց). Փետրվար  • Մարտ  • Ապրիլ  • Մայիս  • Հունիս  • Հուլիս  • Օգոստոս  • Սեպտեմբեր  • Հոկտեմբեր  • Նոյեմբեր  • Դեկտեմբեր