Գրեգորի Պեկ
Էլդրեդ Գրեգորի Պեկ (անգլ.՝ Eldred Gregory Peck, ապրիլի 5, 1916[1][2][3][…], Սան Դիեգո, Կալիֆոռնիա, ԱՄՆ - հունիսի 12, 2003[1][4][5][…], Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ[6]), ամերիկացի դերասան, 1940-1960-ական թվականների Հոլիվուդի ամենահայտնի դերասաններից մեկը։
«Օսկար» մրցանակի դափնեկիր է Օսկար լավագույն դերասանի համար անվանակարգում։ Ամերիկյան կինոակադեմիան իր կողմից հրապարակած Ամերիկյան բոլոր ժամանակների ֆիլմերի 100 մեծագույն աստղերի ցանկում նրան ընդգրկել է 12-րդ տեղում։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Էլդրեդ Գրեգորի Պեկը ծնվել է 1916 թվականի ապրիլի 5-ին ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգի Լա Հոյյա քաղաքում, դեղատան աշխատակցի ընտանիքում։ Պեկը 3 տարեկան էր, երբ մայրը հեռացավ ամուսնուց։ Նրա ծնողները կաթոլիկ էին, ծագումով Մեծ Բրիտանիայից։ Հայրը՝ հոր կողմից անգլիացի, մոր կողմից իռլանդացի[9][10], իսկ մայրը հոր կողմից շոտլանդացի, մոր կողմից անգլիացի[11]։ Պեկին դաստիարակել է հիմնականում տատը՝ Քեյթ Էյերսը։
Գրեգորի Պեկը սովորել է Լոս Անջելեսի Սենթ Ջո ռազմական ակադեմիայում և Կալիֆորնիայի Բերկլիի համալսարանում։ Նա ինքն էր վճարում ուսման համար, այդ ընթացքում և դրանից հետո աշխատելով որպես դռնապան, մատուցող, ամաններ լվացող, շուկայի վաճառող։ Նաև աշխատել է Ռադիո-սիթիում որպես տոմսավաճառ։
Համալսարանում առարկաներից նրան ամենից շատ հետաքրքրում էին գրականությունը և դերասանական վարպետությունը։ 1939 թվականին ստանում է գիտության բակալավրի կոչում, սակայն որոշում է դերասան դառնալ և մեկնում է Նյու Յորք։
Լուրջ հիվանդությունը պատճառ դարձավ, որ Պեկը ազատվի ծառայությունից Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ և ստանա նաև հիվանդության թոշակ։
Արդեն առաջին մեծության աստղ լինելով անգամ Գրեգորի Պեկը շարունակում էր ժամանակ առ ժամանակ հանդես գալ իր ծննդավայրում, հոլիվուդյան դերասան Մել Ֆերրերի հետ 1947 թվականին հիմնած Պլեյհաուզ անվանում ունեցող փոքր թատրոնում։ Իսկ կյանքի վերջին տարիներին վարում էր սեփական «Հարցազրույցներ Գրեգորի Պեկի հետ» հեռուստաշոուն, որը մեծ լսարան ուներ ԱՄՆ-ում։
Մահացել է 2003 թվականի հունիսի 12-ին Լոս Անջելեսի իր սեփական տանը 87 տարեկան հասակում։ Թաղված է Լոս Անջելեսի դամբարաններից մեկում։
Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծառայությունից ազատվելուց հետո հիմնականում իր ստացած թոշակի գումարով նա անցնում է դերասանական վարպետության կուրսեր Ստանիսլավսկու մեթոդով։ Մեկ-երկու ներկայացումներում հանդես գալուց հետո Պեկը սկսում է խաղալ նաև Բրոդվեյում, և չնայած նրա մասնակցությամբ ներկայացումները հաջողություն չեն ունենում, սակայն նրան նկատում են որպես տաղանդավոր դերասան և հրավիրում Հոլիվուդ։
1944 թվականին կայանում է նրա նորամուտը կինոյում «Փառքի օրեր» ֆիլմում, որտեղ նրա խաղընկերն էր Թամարա Թումանովան։ Նույն թվականին էկրան բարձրացած «Թագավորությունների բանալին» ֆիլմում կերտած հոգևորականի կերպարի համար առաջադրվում է Օսկարի և ճանաչում է ձեռք բերում։
Գրեգորի Պեկի պահանջարկը որպես դերասան բարձրանում է, քանի որ այդ ժամանակներում շատ Հոլիվուդյան դերասաններ մասնակցում էին պատերազմին։ 1946 թվականին երկրորդ անգամ է ներկայացվում Օսկարի «Եղնիկի ձագը» ֆիլմի համար։
1953 թվականին էկրան է բարձրանում Գրեգորի Պեկի ամենայտնի ֆիլմերից մեկը՝ Օդրի Հեփբերնի մասնակցությամբ «Հռոմեական արձակուրդներ» կատակերգությունը, իսկ 1961-ին «Նավարոնե կղզու հրացանափողերը» մարտաֆիլմը Էնթոնի Քուինի մասնակցությամբ։
1962 թվականի «Սպանել ծաղրասարյակին» ֆիլմը առավել լայն ճանաչում է բերում Պեկին, իսկ ֆիլմը դառնում է ոչ միայն կինոյի պատմության, այլ նաև ԱՄՆ-ի պատմության կարևոր հասարակական քաղաքական իրադարձություններից մեկը։ Ֆիլմում նկարագրվում էր սևամորթների պայքարը ռասիստական խտրականության դեմ։
Նույն թվականին նկարահանվում է «Վախի հրվանդանը» ֆիլմում, իսկ 1991 թվականին նկարահանվում նաև նույն ֆիլմի Մարտին Սկորսեզեի նկարահանած համանուն ռիմեյքում։ Վերջին ֆիլմում նրա խաղընկներներն էին Հոլիվուդյան հայտնի դերասաններ Ռոբերտ Դե Նիրոն, Նիկ Նոլթին և Ջեսիկա Լենգը։
1969 թվականին նկարահանվում է դասական դարձած Մակենայի ոսկին վեստեռնում, ուր նրա խաղընկերն էր Օմար Շարիֆը։ Մյուս հայտնի ֆիլմերից կարելի է նշել Ալֆրեդ Հիչքոքի «Կախարդվածը» դետեկտիվ թրիլլերը Ինգրիդ Բերգմանի ընկերակցությամբ, «Ինչպես է նվաճվել Արևմուտքը» էպիկական վեստեռնը, «Օմեն» սարսափ ֆիլմը և նացիստների մասին պատմող Տղաները Բրազիլիայից քաղաքական թրիլլերը։
Մի քանի անգամ ներկայացվել է Օսկարի, ստացել է այդ մրցանակը Օսկար լավագույն դերասանի համար անվանակարգում «Սպանել ծաղրասարյակին» ֆիլմի գլխավոր հերոս, փաստաբան Ատիկուս Ֆինչի կերպարի մարմնավորման համար։ Ի դեպ Ամերիկյան կինոկադեմիայի կողմից հրապարակված Ամերիկյան բոլոր ժամանակների ֆիլմերի 100 լավագույն դրական և բացասական հերոսների ցանկում որպես դրական հերոս առաջինը Գրեգորի Պեկի հերոս Ատիկուս Ֆինչն է։
1968 թվականին ստացել է Ջին Հերշոլտի անվան մրցանակ, 1967 - 1970 թթ. եղել է Կինոարվեստի և գիտության ակադեմիայի նախագահ։
Ֆիլմեր[խմբագրել | խմբագրել կոդը]
Կինոյում իր գրեթե 50 տարվա աշխատանքի ընթացքում կերտել է մոտ 60 մեծ ու փոքր դերեր, առավել նշանավոր ֆիլմերն են.
տարեթիվ | ֆիլմ | ռեժիսոր | խաղընկերներ |
---|---|---|---|
1944 | Փառքի օրեր | Ջեք Թուրներ | Թամարա Թումանովա |
1945 | Թագավորությունների բանալին | Ջոզեֆ Լեո Մանկևիչ | Թոմաս Միտչել |
1945 | Կախարդվածը | Ալֆրեդ Հիչքոք | Ինգրիդ Բերգման |
1946 | Եղնիկի ձագը | Կլարենս Բրոուն | |
1946 | Մենամարտ արևի տակ | Քինգ Վիդոր | Ջոզեֆ Քոթթեն Ջենիֆեր Ջոնս Լայոնել Բերիմոր |
1947 | Ջենտլմենական համաձայնություն | Էլիա Կազան | Դորոտի ՄակԳուայեր Սելեստա Հոլմ |
1950 | Հրաձիգը | Հենրի Քինգ | |
1951 | Կապիտան Հորացիո Հորնբլոուեր | Ռաուլ Ուոլշ | Վիրջինիա Մայո Քրիստոֆեր Լի |
1952 | Կիլիմանջարոյի ձյուները | Հենրի Քինգ | Ավա Գարդներ Սյուզան Հեյվորդ |
1953 | Հռոմեական արձակուրդներ | Ուիլյամ Ուայլեր | Օդրի Հեփբերն |
1953 | Միլիոն դոլարանոց բանկի տոմսը | Ռոնալդ Նիմ | |
1956 | Մոբի Դիկ | Ջոն Հյուսթոն | Օրսոն Ուելս |
1957 | Ստեղծելով կնոջը | Վինսենթ Մինելլի | Լորեն Բեքոլ |
1959 | Ափին | Սթենլի Կրամեր | Ֆրեդ Ասթեր Ավա Գարդներ Էնթոնի Պերկինս |
1961 | Նավարոնե կղզու հրացանափողերը | Ջեյ Լի Թոմպսոն | Էնթոնի Քուին Դևիդ Նայվեն |
1962 | Վախի հրվանդանը | Ջեյ Լի Թոմպսոն | Ռոբերտ Միտչեմ Մարտին Բոլսամ |
1962 | Ինչպես է նվաճվել Արևմուտքը | Ջոն Ֆորդ Հենրի Հաթաուեյ Ռիչարդ Թորփ Ջորջ Մարշալ |
Ջեյմս Ստյուարտ Սփենսեր Թրեյսի Ջոն Ուեյն Էլի Ուոլլակ Հենրի Ֆոնդա Լի Ջեյ Կոբբ Ռիչարդ Ուիդմարկ Լի Վան Կլիֆ Ուոլտեր Բրեննան |
1962 | Սպանել ծաղրասարյակին | Ռոբերտ Մալլիգան | Ռոբերտ Դյուվալ |
1969 | Մակենայի ոսկին | Ջեյ Լի Թոմպսոն | Օմար Շարիֆ Էլի Ուոլլակ Լի Ջեյ Կոբբ Էնթոնի Քուեյլ |
1976 | Օմեն | Ռիչարդ Դոններ | |
1978 | Տղաները Բրազիլիայից | Ֆրանկլին Ջեյ Շեֆներ | Լոուրենս Օլիվիե Ջեյմս Մեյսոն |
1991 | Ուրիշի փողերը | Նորման Ջուիսոն | Դենի Դե Վիտո |
1991 | Վախի հրվանդանը | Ջեյ Լի Թոմպսոն | Ռոբերտ Դե Նիրո Ջեսիկա Լենգ Նիկ Նոլթի Ռոբերտ Միտչեմ Մարտին Բոլսամ |
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 Encyclopædia Britannica
- ↑ 3,0 3,1 Internet Broadway Database — 2000.
- ↑ 4,0 4,1 4,2 http://www.aveleyman.com/FilmCredit.aspx?FilmID=11755&Extra=Y
- ↑ 5,0 5,1 5,2 http://www.aveleyman.com/FilmCredit.aspx?FilmID=14333&Extra=Y
- ↑ 6,0 6,1 6,2 http://lifeinlegacy.com/2003/WIR20030614.html
- ↑ 7,0 7,1 geni.com(բազմ․) — 2006. — ed. size: 175000000
- ↑ 8,0 8,1 https://www.goldenglobes.com/person/gregory-peck
- ↑ Freedland, Michael. Gregory Peck: A Biography. New York: William Morrow and Company. 1980. ISBN 0-688-03619-8 p.10
- ↑ United States Census records for La Jolla, California 1910
- ↑ United States Census records for St. Louis, Missouri - 1860, 1870, 1880, 1900, 1910
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Fishgall, Gary. Gregory Peck: A Biography. New York: Scribner. 2002. ISBN 0-684-85290-X
- Freedland, Michael. Gregory Peck: A Biography. New York: William Morrow and Company. 1980. ISBN 0-688-03619-8
- Haney, Lynn. Gregory Peck: A Charmed Life. New York: Carroll & Graf Publishers. 2004. ISBN 0-7867-1473-5
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
|
|
Այս հոդվածն ընտրվել է Հայերեն Վիքիպեդիայի օրվա հոդված: |
- Ապրիլի 5 ծնունդներ
- 1916 ծնունդներ
- Կալիֆոռնիայում ծնվածներ
- Հունիսի 12 մահեր
- 2003 մահեր
- Լոս Անջելես քաղաքում մահացածներ
- Ազատության նախագահական մեդալով պարգևատրվածներ
- Լավագույն դերասան Օսկարի մրցանակակիրներ
- Անձինք այբբենական կարգով
- Դերասաններ այբբենական կարգով
- Ամերիկացի դերասաններ
- Հոլիվուդյան դերասաններ
- Օսկարակիրներ
- «Սեզար» մրցանակի դափնեկիրներ
- Ամերիկացիներ իռլանդական ծագմամբ
- Ամերիկացի տղամարդ թատերական դերասաններ
- Հեռուստատեսային դերասաններ
- Ամերիկացի կինոպրոդյուսերներ
- «Ոսկե գլոբուս» մրցանակի դափնեկիրներ
- Ամերիկացի տղամարդ կինոդերասաններ
- «Էմմի» մրցանակի դափնեկիրներ