Խորհուրդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Խորհուրդ (հուն.` "mysterion"-ծածուկ, թաքուն բան, լատ. "sacramentum"), Աստվածապաշտության մեջ խորհուրդները բազմազան են, սակայն դրանցից առանձնացվում են մի քանիսը՝ անվանելով «Սրբազան Խորհուրդներ» կամ «Եկեղեցու Խորհուրդներ»։ Ըստ քրիստոնեական վարդապետության՝ դրանք սրբազան արարողություններն են, որոնց ընթացքում որոշակի արտաքին, տեսանելի նշանի և գործողության միջոցով անտեսանելի կերպով տրվում են Սուրբ Հոգու շնորհները՝ մարդուն միավորելով Քրիստոսի և Եկեղեցու հետ՝ նրան օժտելով հոգևոր կարողություններով։ Սրբազան խորհուրդները պարտադիր պետք է վկայված լինեն Սուրբ Գրքով։

«Խորհուրդ» բառի ստուգաբանությունը[խմբագրել]

«Խորհուրդ» նշանակում է մեզնից ծածկված, անտեսանելի իրողություն։ Աստվածաշնչում մեծաքանակ են երևույթները, որոնք ներկայանում են որպես խորհուրդ, այսինքն բաներ, որ ըմբռնելի են միայն հավատի աչքերով։ Ուրեմն խորհուրդ ասելով հասկացվում է խորհրդավոր՝ աստվածային մի բան, որ տեսանելի կերպով չենք կարող ընկալել, այլ՝ հոգևոր աչքերով, այսինքն՝ հավատով[1]։ Սուրբ Խորհուրդները չեն կարող կոչվել «նշան» (լատ.` simbole), քանի որ, ինչպես բառն է ցույց տալիս, «նշանը» գաղափարի նշանն է կամ պատկերը, որով հեռավոր ու անտեսանելի բան կամ գաղափար է ներկայացվում, ինչի արդյունքում գաղափարի և նշանի մեջ իրական ու էական միություն չի լինում։ Իսկ Սուրբ Խորհուրդի մեջ նյութականի և տեսանելի արարողության հետ սերտորեն կապված են անզգալի և անտեսանելի շնորհները. դրանք իրարից առանձին չեն բաշխվում, այնպես որ Սուրբ Խորհուրդի տեսանելի նյութով ու արարողությամբ հավատացյալները ստանում են իրապես աստվածային փրկարար շնորհներ ու ներգործություն[2]։

Խորհուրդները Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցում[խմբագրել]

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցում խորհուրդները թվով 7-ն են՝ համաձայն Սուրբ Հոգու 7 շնորհների (Առակ. 9։1) և 7 առաքինությունների թվին։ Խորհուրդներից միայն 2-ը՝ Մկրտությունը և Հաղորդությունն են հաստատված անմիջականորեն Հիսուս Քրիստոսի կողմից, մնացած հինգ խորհուրդները, ունենալով սուրբգրային հիմք, զարգացել, ձևավորվել և իրենց վերջնական տեսքն են ստացել ամենաուշը 12 դ.-ում[3]։ Ըստ այդմ Հայոց Եկեղեցու խորհուրդներն են՝

  1. Մկրտություն
  2. Դրոշմ
  3. Ապաշխարություն
  4. Հաղորդություն
  5. Պսակ Ամուսնության
  6. Վերջին օծում կամ կարգ հիվանդաց
  7. Ձեռնադրություն

Սրանք ընդգրկում են քրիստոնեական կյանքի կարևորագույն բոլոր կողմերը։ Այսպես՝

  • Մկրտությունը մեզ ազատում է ադամական մեղքից և որդեգրում Քրիստոսին։
  • Դրոշմը պարգևում է Սուրբ Հոգու շնորհները և զորացնում ընդդեմ փորձությունների։
  • Ապաշխարությունն օգնում է ազատվել այն մեղքերից, որոնք մարդը գործում է մկրտությունից հետո։
  • Հաղորդությունը, իբրև հոգևոր կերակուր, մեր մեջ հասունացնում է առաքինություններն ու հոգևոր գիտակցությունը, մաքրում է մեղքերից և հավիտենական կյանքի հույս է տալիս։
  • Պսակ Ամուսնության օրհնում և հոգեղինացնում է ամուսնական կյանքը և որդեծնությունը։
  • Ձեռնադրությունն ապահովում է քահանայագործության և բոլոր խորհուրդների կատարումը հանձինս հոգևորականների։
  • Հիվանդաց կարգը բժշկում է մարմնի տկարությունները՝ քավելով հիվանդության պատճառը՝ մեղքերը։

Հայոց Եկեղեցում խորհուրդներից 4-ը՝ Մկրտությունը, Դրոշմը, Ապաշխարությունը, և Հաղորդությունըպարտադիր են յուրաքանչյուր քրիստոնյայի համար, իսկ Պսակը, Ձեռնադրությունը և Վերջին Օծումը ` կամավոր: Խսրհուրդներից 3-ը` Մկրտությունը, Դրոշմը, Ձեռնադրությունը, կատարվում են մեկ անգամ, մյուսները կրկնելի խորհուրդներ են[4]։

Առանց Եկեղեցու խորհուրդների անհնար է ապրել ճշմարիտ քրիստոնեական կյանքով, քանի որ դրանց շնորհիվ «իրապես յուրաքանչյուր ոք նախ Քրիստոսի և եկեղեցու իսկական և միակից անդամն է ճանաչվում ու զինքը խոստովանում, և երկրորդ` իրականապես թե՛ իբրև անհատ և թե՛ իբրև համայնքի մի անդամ մտնում է Քրիստոսի ամենամտերիմ և էական հաղորդակցության մեջ և այդ կենսական հաղորդակցության մեջ մնում, ամրանում և շնորհներ վայելում (Ա Կոր., Է 17)։...մեր Եկեղեցու արարողության գերագույն կատարելությունը իրականանում է ս. խորհրդի մեջ։ Ըստ այսմ՝ ս. խորհուրդների արարողական մասը մենք տեսնում ենք մեր աչքերով, միայն չենք տեսնում, թե ինչպե՞ս այդ տեսանելի արարողությունները Ս. Հոգու անտեսանելի շնորհաց միջոց են դառնում և մեզ վրա ներգործում։ Ուրեմն աստվածադիր ս. խորհուրդների մի առանձնահատկությունն այն է, որ Ս. Հոգու անտեսանելի և աննյութական շնորհներն ու պարգևները, ծածկվելով տեսանելի և նյութական տարրերի մեջ, ընդունվում են այդպես մեր արտաքին զգայարանքներով, որպեսզի ոչ միայն հավատքով, այլև զգայությամբ համոզված լինինք, որ ընդունում ենք աստվածային շնորհներ և Աստուծո հետ մտերմական հարաμերության մեջ մտնում[5]։

Խորհրդի կատարման պայմանները[խմբագրել]

Խորհուրդները կատարելու անհրաժեշտ պայմաններն են՝

  1. Խորհրդակատար հոգևորական (եպիսկոպոս կամ քահանա),
  2. Խորհուրդի արտաքին նշան՝ նյութ (մյուռոն, ջուր, գինի) և ծես, արարողություն,
  3. Խորհրդի հատուկ բանաձև (խոսք, աղոթք, շարական), որը սրբագործում է ենթակային՝ խորհուրդ ընդունողին,
  4. Խորհուրդն ընդունող անձնավորություն[6]։

Անհրաժեշտ պայմանների բացակայության դեպքում խորհուրդը կարող է ճանաչվել անվավեր։ Խորհրդին պետք է պատրաստվել ամենայն լրջությամբ, որպեսզի տրվող շնորհը դատապարտության պատճառ չդառնա, քանզի ովքեր նրան մասնակցում են ոչ հոգևոր նկատառումով կամ այն սոսկ արտաքին ծիսական նշան համարելով, ոչ միայն անհաղորդ են մնում Եկեղեցու Խորհրդի փրկարար ներգործությանը, այլև ենթակա են դառնում չարի հարձակումներին (հմմտ. Ա Կորնթ. 11։29-30)։

Խորհրդակատարը[խմբագրել]

Եկեղեցու բոլոր խորհուրդներն էլ իրականացվում են միայն հոգևորականների կողմից՝ այն ծիսակարգով, որը զետեղված է «Մաշտոց» ծիսամատյաններում։ Բացի Ձեռնադրության խորհրդից, մնացած 6 խորհուրդները կարող է կատարել քահանայական օծում ունեցող հոգևորականը։ Եպիսկոպոսը իրավունք ունի կատարել բոլոր 7 խորհուրդները։ Պատշաճ արարողությամբ կատարվող խորհուրդը տեղի է ունենում ստուգապես՝ անկախ հավատացյալի պատրաստվածության աստիճանից և հոգևորականի անձնական հատկանիշներից։ Խորհուրդի միջոցով շնորհը փոխանցողը ոչ թե խորհրդակատարն է, այլ՝ Աստված՝ Սուրբ Երրորդությունը։

Խորհուրդները այլ Եկեղեցիներում[խմբագրել]

Ավանդական բոլոր եկեղեցիները, այդ թվում և Կաթոլիկ ու Ուղղափառ (օրթոդոքս) եկեղեցիները համակարծիք են խորհուրդների 7-ը լինելու շուրջ, սակայն նրանք տարբերվում են Հայ Առաքելական եկեղեցուց ծիսական նրբություններով՝ չխախտելով Ընդհանրական Եկեղեցու կողմից հաստատված կարևոր ընդհանուր բանաձևերը։ «Քրիստոս, հաստատելով խորհուրդները, նրանց կատարման մանրամասները թողեց առաքեալներին։ Ամէն օրէնսդիր եւ իշխող ինքն է որոշում սկզբունքները և օրէնքները, գործադրութեան պայմանները թողնելով կարգուած պաշտօնեաներին։ Այստեղից էլ գալիս է տարբեր եկեղեցիներում միևնոյն խորհրդի կատարման թէ՛ ձևի թէ՛ նիւթի տարբերութիւնը։ Պօղոս Առաքեալը գրում էր կորնթացիներին. «և ուրիշ բաներ պիտի պատուիրեմ ձեզ՝ երμ գամ» (Ա Կորնթ., ԺԱ, 35)։ Եկեղեցու հայրերը այդ պատուէրների մէջ տեսել են խորհուրդների կատարման մանրամասները»[7]։ Անգլիկան եկեղեցին ևս ընդունում է այս յոթ խորհուրդները, բայց տարբերվում է իր մեկնաբանություններով։ Բողոքական եկեղեցիների մեծ մասը միայն երկու խորհուրդ է ընդունում (Մկրտությունը և Հաղորդությունը), մյուսները՝ երեք (նաև Ձեռնադրությունը)[3]։ Բողոքական եկեղեցու կողմից ընդունված խորհուրդներն էլ իրենց բովանդակությամբ տարբերվում են Ավանդական եկեղեցուց։ «Խորհուրդ» ասելով Բողոքականությունը ընկալում է միայն «նշան և հիշեցում, որոնց արժեքը կախված է անհատի հավատից»։ Մարտին Լյութերը դրանք դիտում էր որպես «հավատն արթնացնելու միջոց», իսկ Կալվինը՝ «Քրիստոսի խոսքերի վրա ընտրյալի մեջ վստահություն առաջացնող միջոց»[8]։

Աղբյուրներ[խմբագրել]

  1. Արշակ Տեր-Միքելյան, Հայաստանյայց Սուրբ Եկեղեցու Քրիստոնեականը, Ս. Էջմիածին, 2007։
  2. Քրիստոնյա Հայաստան հանրագիտարան, Երևան, 2002։
  3. Ս.Ս. Մայիլեան, Ոսկեփորիկ, մասն Բ, 1993։

Հղումներ[խմբագրել]

  1. Ս.Ս. Մայիլեան, Ոսկեփորիկ, մասն Բ, 1993, էջ 36
  2. Արշակ Տեր-Միքելյան, Հայաստանյայց Սուրբ Եկեղեցու Քրիստոնեականը, Ս. Էջմիածին, 2007, էջ 380
  3. 3,0 3,1 Քրիստոնյա Հայաստան հանրագիտարան, Երևան, 2002, էջ 446
  4. Արշակ Տեր-Միքելյան, Հայաստանյայց Սուրբ Եկեղեցու Քրիստոնեականը, Ս. Էջմիածին, 2007, էջ 386
  5. Արշակ Տեր-Միքելյան, Հայաստանյայց Սուրբ Եկեղեցու Քրիստոնեականը, Ս. Էջմիածին, 2007, էջ 379-380
  6. Քրիստոնյա Հայաստան հանրագիտարան, Երևան, 2002, էջ 447, Ս.Ս. Մայիլեան, Ոսկեփորիկ, մասն Բ, 1993, էջ 40-41
  7. Ս.Ս. Մայիլեան, Ոսկեփորիկ, մասն Բ, 1993, էջ 43
  8. Ս.Ս. Մայիլեան, Ոսկեփորիկ, մասն Բ, 1993, էջ 38, տես նաև Արշակ Տեր-Միքելյան, Հայաստանյայց Սուրբ Եկեղեցու Քրիստոնեականը, Ս. Էջմիածին, 2007, էջ 383-385