Վիքիպեդիա:Օրվա հոդված/Սեպտեմբեր 2012 թ.

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սեպտեմբեր ամսվա հոդվածները
Սեպտեմբերի 1
Մեսրոպ Մաշտոցը
Մեսրոպ Մաշտոցը

Հայոց գիր կամ Հայոց այբուբեն, հնչյունաբանական գրերի համակարգ, որը ստեղծվել է Մեսրոպ Մաշտոցի կողմից հայերենի համար։ Գրերի գյուտը տեղի է ունեցել 405 թ-ին։ Մեսրոպ Մաշտոցը, դժվարությամբ դարձի բերելով Գողթն գավառի ժողովրդին, հասկանում է, որ երկրում տիրապետող կրոնական-պաշտամունքային լեզուներով՝ հունարենով և ասորերենով հնարավոր չէ ժողովրդի մեջ տարածել քրիստոնեությունը. չնայած արդեն 100 տարի էր անցել քրիստոնեության ընդունումից, ժողովրդի մեծ մասը դեռ պահպանում էր հեթանոսական կրոնն ու սովորույթները։ Մաշտոցը հասկանում է, որ քրիստոնեության դիրքերը հնարավոր է ամրապնդել միայն այն դեպքում, երբ եկեղեցական արարողակարգը տարվի մայրենի լեզվով՝ հայերենով, իսկ դրա համար անհրաժեշտ էր սեփական գրերի գոյությունը։ Իր մտքերով նա կիսվում է Սահակ Պարթևի հետ, և պարզվում է, որ կաթողիկոսը նույնպես այդպես է կարծում։ շարունակել...

Սեպտեմբերի 2
Յուրգեն Կլինսմանը
Յուրգեն Կլինսմանը

Յուրգեն Կլինսման (գերմ.՝ Jürgen Klinsmann; հուլիսի 30 1964, Գյոպինգեմ, Բադեն-Վյուրտեմբերգ, ԳՖՀ), գերմանացի ֆուտբոլիստ, հարձակվող, բոլոր ժամանակների լավագույն գերմանացի ֆուտբոլիստներից մեկը: Մազերի գույնի և գոլեր խփելու ունակության համար համար ստացել է «ոսկե ռմբարկու» մականունը:

Ֆուտբոլ խաղալ սկսել է 8 տարեկանից, խաղալով բոլոր դիրքերում, նույնիսկ դարպասապահ: Պրոֆեսիոնալ կարիերան սկսել է 16 տարեկանից, հանդես գալով Գերմանիայի 2-րդ դիվիզիոնի «Շտուտգարտ Կիկերս» ակումբում: 1984 թվականից սկսել է խաղալ արդեն բունդեսլիգայի «Շտուտգարտ» ավելի հեղինակավոր ակումբում: Կլինսմանը հանդես է եկել նաև Մյունխենի Բավարիայի, Ինտերի, Մոնակոի, Սամպդորիայի և Տոտենհեմ Հոտսպուրի կազմում: շարունակել...

Սեպտեմբերի 3
Հնդկաստանի Մադրաս քաղաքի հայկական եկեղեցին
Հնդկաստանի Մադրաս քաղաքի հայկական եկեղեցին

Հայերը Հնդկաստանում, Հնդկաստանում բնակվող հայերն են: Դիվանագիտական հարաբերություններ Հայաստանի և Հնդկաստանի միջև հաստատվել են 1992-ին։ 1998-ին Հնդկաստանում բնակվում էր 250 հայ՝ կենտրոնացած Կալկաթայում (այստեղ գործում է հայկական ծերանոց) և Բոմբեյում։

Հայ-հնդկական առնչությունների մասին տեղեկություններ կան Քսենոփոնի (մ.թ.ա. V-IV դդ.), Զենոբ Գլակի (մ.թ. IV դ.), Մովսես Խորենացու (V դ.), Պրոկոպիոս Կեսարացու (VI դ.) երկերում։ Հնդկաստանում առաջին հայ համայնքները կազմավորվել են XVI դարում, բնակիչները հիմնականում վաճառականներ էին, պետական և զինվորական ծառայողներ։ Համայնքները ստվարացել են XVII-XVIII դդ. (շուրջ 20-25 հզ. մարդ), երբ բազմաթիվ պարսկահայեր բնակություն են հաստատել Հնդկաստանի շուրջ 20 քաղաքներում և առևտրակայաններում (Ագրա, Կալկաթա, Չինսուրահ, Սեիդաբադ, Սուրաթ, Բոմբեյ, Մադրաս, Մալաբար, Հայդարաբադ, Գվալիոր, Դաքա, Լահոր, Կոչին ևն)։ շարունակել...

Սեպտեմբերի 4
Բալթյան տունը
Բալթյան տունը

Բալթյան տուն (ռուս.՝ Балтийский дом), պետական թատրոն Սանկտ Պետերբուրգում, ՌԴ, որը ստացել է թատրոն-փառատոնի կարգավիճակ և որտեղ ամեն տարի անց են կացվում միջազգային ֆորումներ, վարպետության դասեր, բեմական փառատոներ։ Բալթյան տունը միակ նախագիծն է, որը համակարգված աշխատում է Ռուսաստանի և Բալթյան շրջանի, ինչպես նաև եվրոպական երկրների միջև մշակութային կապերի ամրապնդման ուղղությամբ։

1920-ական թվականներին Պետրոգրադ քաղաքում ստեղծվեցին Կրասնի թատրոնը և Աշխատավոր երիտասարդության թատրոնը։ Կարմիր թատրոնը, որը հիմնադրվել էր 1924 թվականին, 1926թ միացվեց Կարմիր մուրճ թատրոնին, իսկ 1930 թվականին՝ Ժողովրդական տան թատրոնին՝ դառնալով Ժողովրդական տան Կարմիր թատրոն։ 1936 թվականին Կարմիր թատրոնը և Աշխատավոր երիտասարդության թատրոնը միավորվեցին Լենինգրադի Լենինյան կոմերիտմիության պետական թատրոնի մեջ։ շարունակել...

Սեպտեմբերի 5
Ժյուլ Վեռնը
Ժյուլ Վեռնը

Ժյուլ Գաբրիել Վեռն (ֆր.՝ Jules Gabriel Verne; 1828թ. փետրվարի 8, Նանտ, Ֆրանսիա1905թ. մարտի 24, Ամիեն), ֆրանսիացի աշխարհագրագետ և գրող, արկածային գրականության դասական, գիտա-ֆանտաստիկ գրականության՝ որպես ժանրի հիմնադրներից մեկը: Ֆրանսիական աշխարհագրական ընկերության անդամ: Նրա բազմաթիվ ստեղծագործություններից շատերը թարգմանվել են տարբեր լեզուներով, այդ թվում նաև հայերեն:

Հայրը` փաստաբան Պիեռ Վեռնը (1798—1871) սերում էր փաստաբանների ընտանիքից: Մայրը` Սոֆի Ալլոտ դե լա Ֆյուին (1801—1887) բրիտանուհի է շոտլանդական ծագումով: Ժյուլ Վեռնը հինգ երեխաներից ամենսավագն էր: Նրանից հետո ծնվել են` եղբայր Պոլը (1829) և երեք քույրերը` Աննան (1836), Մատիլդան (1839) և Մարին (1842):

Ժյուլ Վեռնի կնոջ անունը Օնորինա դը Վիան էր (օրիորդական ազգանունը` Մորել): Օնորինան այրի էր և երկու երեխա ուներ առաջին ամուսնությունից: շարունակել...

Սեպտեմբերի 6
Խեղկատակների դիմակներ
Խեղկատակների դիմակներ

Ռուսական թատրոն, թատրոնը Ռուսաստանում: Թատերարվեստի բազմազան տարրեր են բովանդակել ռուսական ժողովրդակական թատերական խաղերը, ծեսերը: Այդ խաղերը թատերական ներկայացման վերածվելու գործընթացին նպաստել են ռուս թափառաշրջիկ դերասանները` սկոմորոխները:

Դերասանական գործունեությունը, որը Ռուսաստանում հայտնի է վաղուց, կապված էր կրոնական տոնախմբությունների կամ էլ հեթանոսական ծիսակատարությունների հետ։ Միջնադարյան ռուս դերասանները՝ խեղկատակները (скоморохи), հայտնի են 11-րդ դարից։ Նրանց շարքում էին երաժիշտներ, երգիչներ, պարողներ, հումորիստներ, վայրի կենդանիներ վարժեցնողներ (հատկապես արջեր վարժեցնողներ)։ շարունակել...

Սեպտեմբերի 7
Մայքլ Ջեքսոնը
Մայքլ Ջեքսոնը

Մայքլ Ջոզեֆ Ջեքսոն (անգլ.՝ Michael Joseph Jackson) (օգոստոսի 29, 1958հունիսի 25, 2009), ամերիկացի երգիչ, պարող, պրոդյուսեր և գործարար։ Նրան համարում են փոփ երաժշտության արքա, արժանացել է «Սերնդի», «Տասնամյակի», «Դարի լավագույն երգիչ», «Հազարամյակի արտիստ» կոչումներին։ Ջեքսոնը բոլոր ժամանակների ամենաշատ սկավառակ վաճառած արտիստն է (780 միլիոն սկավառակ), նրան են պատկանում աշխարհի ամենավաճառվող ստուդիական ալբոմը (Thriller վերջին տեղեկություններով 175 միլիոն օրինակ), ամենավաճառվող ռեմիքս ալբոմը (Blood on the Dance Floor: HIStory in the Mix 11 միլիոն օրինակ), ամենաշատ վաճառված երկսկավառականի ալբոմը (HIStory 20 միլիոն ալբոմ, 40 միլիոն սկավառակ) և ամենաթանկարժեք տեսահոլովակը (Scream, Ջանեթ Ջեքսոնի հետ, 7 միլիոն դոլար)։ Ջեքսոնը 13 անգամ գրանցվել է «Գինեսի» ռեկորդների գրքում և համարվում է բոլոր ժամանակների ամենանշանավոր և ազդեցիկ արտիստներից մեկը։ շարունակել...

Սեպտեմբերի 8
Մարսը
Մարսը

Մարս կամ Հրատ, (լատին․՝ Mars), Արեգակնային համակարգի Արեգակից հեռավորությամբ չորրորդ և չափերով յոթերորդ մոլորակն է: Մոլորակի զանգվածը կազմում է Երկրի զանգվածի 10,7 %-ը: Իր Մարս անունը ստացել է հռոմեական պատերազմի աստված Մարսի պատվին, հունական դիցաբանությունում՝ Արես: Երբեմն Մարսը անվանում են «կարմիր մոլորակ» մակերևույթի կարմրավուն երանգի պատճառով, որը ստացվում է երկաթի օքսիդի պատճառով:

Մարսը երկրային խմբի մոլորակ է նոսր մթնոլորտով (մթնոլորտային ճնշումը մակերևույթի մոտ 160 անգամ փոքր է երկրայինից): Մարսի մակերևույթային ռելյեֆի առանձնահատկություններից են հարվածային խառնարանները, ինչպես նաև հրաբուխները, հովիտները, անապատները և բևեռային սառցե գլխարկները: Մարսն ունի երկու բնական արբանյակ - Ֆոբոսը և Դեյմոսը (հին հունարենից թագմանաբար - «վախ» և «սարսափ» - Արեսի երկու որդիների անունները, որոնք ուղեկցում էին նրան մարտի ժամանակ), որոնք համեմատաբար փոքր են (Ֆոբոսը - 26×21 կմ, Դեյմոսը - 13 կմ կտրվածքում) և ունեն անկանոն ձև: շարունակել...

Սեպտեմբերի 9
«Ուրիշ աշխարհ. Էվոլյուցիա» (անգլ.՝ Underworld: Evolution) (2006) Լեն Ուայզմանի ֆիլմերից է, «Ուրիշ աշխարհ» (2003) ֆիլմի շարունակությունը:

Հասարակ մահկանացուներից թաքցված չարագուշակ գիշերային աշխարհում չի դադարում անզիջում պայքարը վամպիրների և մարդագայլերի ցեղախմբերի միջև: Ժամանակն է եկել, որ վամպիր ռազմուհի Սելինն ու կես մարդագայլ կես վամպիր Մայքլը պարզեն, թե ինչից է սկսվել այս դարավոր հակամարտությունը: Մարտնչելով երկու ցեղախմբերի հզոր թշնամիների հետ, նրանք իմանում են արյունալի ինտրիգայի և արգելված սիրո մասին: Նրանց մեծ պայքար է սպասվում, որը վերջ կդնի հավերժական պայքարին, որում անմահները կհատուցեն իրենց չարագործությունների համար: Ֆիլմը սկսվում է իրադարձություններով, որը տեղի է ունենում 1202 թվականին: Վամպիրրների բանակը, երեք ավագների` Վիկտորի, Մարկուսի և Ամելիայի գլխավորությամբ, հասնում է մի գյուղ, որը լիքն էր ծվեն-ծվեն արված մարդկային դիակներով: շարունակել...

Սեպտեմբերի 10
Բյուզանդիան իր հզորության գագաթնակետին
Բյուզանդիան իր հզորության գագաթնակետին

Բյուզանդական կայսրություն (Բյուզանդիա, երբեմն նաև Արևելահռոմեական կայսրություն), Ուշ անտիկ ժամանակաշրջանում և Միջին դարերում գոյություն ունեցած կայսրություն: Մայրաքաղաքը՝ Կոստանդնոպոլիս: Հարևանները և կայսրության բնակիչները կոչում էին այն նաև Հռոմեական կայսրություն (հունարեն: Βασιλεία Ῥωμαίων, Basileia Rhōmaiōn) կամ Ռոմանիա (Ῥωμανία): Բյուզանդական կայսրությունը բուն Հռոմեական կայսրության իրավահաջորդն էր: Սակայն ներկայումս Բյուզանդիան զանազանվում է Հին Հռոմից, քանի որ այնտեղ տիրապետում էր հունական մշակույթը հռոմեականի, Քրիստոնեությունը Հռոմեական հեթանոսության և հունարենը լատիներենի փոխարեն:

Հռոմեական կայսրություն - Բյուզանդական կայսրություն տարանջատման տարեթիվը հնարավոր չէ որոշել, սակայն այդ ճանապարհին կարևոր քայլ էր Կոստանդիանոս Ա Մեծի կողմից 324 թ-ին մայրաքաղաքը Նիկոմեդիա քաղաքից (Փոքր Ասիա) Բյուզանդիոն տեղափոխելը: Վերջինս հետագայում վերանվանվեց Կոստանդնուպոլիս, "Կոստանդիանոսի քաղաք" ("Նոր Հռոմ"): շարունակել...

Սեպտեմբերի 11
Գյումրին
Գյումրին

Գյումրի (նախկինում՝ Կումայրի, Ալեքսանդրապոլ, Լենինական), բնակչության թվաքանակով Հայաստանի Հանրապետության երկրորդ քաղաքն է, որը գտնվում է Հայաստանի հյուսիս արևմտյան մասում՝ Շիրակի մարզում, Երևանից 126 կմ հեռավորության վրա։ Տարածքը 3626 հա է։ Կլիման ցամաքային է, համեմատաբար տաք ամառներով և ցուրտ ձմեռներով։ Տարեկան տեղումները 500 մմ են։ Գտնվում է 8-9 բալանոց սեյսմիկ գոտում։ Վերջին ուժեղ երկրաշարժը տեղի է ունեցել 1988դեկտեմբերի 7-ին։ Բնակչության մեծ մասը հայեր են։ Ապրում են նաև ռուսներ, հույներ և եզդիներ։ Ըստ 2001 թվականին անկացված մարդահամարի պաշտոնական արդյունքների քաղաքում մշտական բնակչության թիվը 2001 թվականին կազմում էր 150 հազար մարդ, իսկ առկա բնակչությանը թվաքանակը 146 հազար է։ շարունակել...

Սեպտեմբերի 12
Նիցշեն
Նիցշեն

Ֆրիդրիխ Նիցշե (գերմ.՝ Friedrich Wilhelm Nietzsche, 1844 թ. հոկտեմբերի 15, Լյուտցենին մերձ Ռյոքեն բնակավայր - 1900. օգոստոսի 25, Վայմար), գերմանացի փիլիսոփա, բանաստեղծ, կոմպոզիտոր, դասական բանասեր: Նիցշեն 24 տարեկանում դասական բանասիրության պրոֆեսոր էր Բազելում: Ինը տարի անց ողջ կյանքում նրան ուղեկցած հիվանդության պատճառով նա թողնում է պրոֆեսուրան: Այդ ժամանակվանից նա, իբրև անհայրենիք և չճանաված հեղինակ, թափառում է Իտալիայում, Ֆրանսիայում, Գերմանիայում և Շվեյցարիայում: 45 տարեկանից իրենց զգացնել են տալիս հոգեկան խանգարման նշանները: Մնացյալ կյանքը ապրում է իբրև անաշխատունակ և անմեղսունակ, գրեթե մի տասնամյակ անցկացնում է մոր և քրոջ խնամակալության ներքո, մինչև 55 տարեկանում կնքում է իր մահկանացուն: 1890 թվականից ամբողջ աշխարհով մեկ տարածվող իր փառքին նա անհաղորդ է մնում: շարունակել...

Սեպտեմբերի 13
«Վարդանանք», հայ անվանի գրող Դերենիկ Դեմիրճյանի պատմավեպ: Հայ գրականության նշանավոր ստեղծագործություններից է:Այն գրվել է Հայրենական մեծ պատերազմի տարիներին:

Հեղինակը գրքում ներկայացնում է Հայաստանը 5-րդ դարում, հիմնականում պատմելով 451 թվականին Հայաստանում տեղի ունեցած դեպքերի մասին, երբ հայ ժողովուրդը սպարապետ Վարդան Մամիկոնյանի ղեկավարությամբ ապստամբեց և Ավարայրի դաշտում հերոսաբար կռվեց պարսիկների դեմ, որոնք, տիրելով Հայաստանին, հայ ժողովրդին ուզում էին պարտադրել իրենց հավատը:

Վեպը գրվել է Հայրենական մեծ պատերազմի տարիներին: Այդ շրջանում Հայաստանում տիրող իրավիակը կարծես-թե նույնն էր ինչ-որ 451 թվականին: Դերենիկ Դեմիրճյանը նկարագրում է 5-րդ դարում Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունները,երբ պարսից Հազկերտ II թագավորի հարկահանները ծանրացրել էին Հայաստանի վիճակը,և ցանկանում էին Հայաստանում հաստատել զրադաշտականություն: շարունակել...

Սեպտեմբերի 14
Հալեպ (Ալեպպո, Հալաբ; (անտիկ շրջանում՝ Բերոյա, հայկական աղբյուրներում` Բերիա, Տիբերիա, Խալիպոն, Խաղաբ), արաբերեն՝ حَلَب, արևմտահայերեն՝ Հալէպ), քաղաք Սիրիայի հյուսիս-արևմուտքում, Հալեպ մուհավազի վարչական կենտրոնը, Սիրիայի մեծագույն քաղաքը, Սիրիայի ամենամեծ հայաբնակ քաղաքը: Ունի 1,5 մլն բնակիչ (1999):

Հայկական գաղութի վերաբերյալ առաջին հավաստի տեղեկությունը կա 1329-ին Հալեպում գրված հայկական մի ձեռագրի հիշատակարանում, ըստ որի, XIV դ. Հալեպում եղել է հայկական համայնք և եկեղեցի՝ Սուրբ Աստվածածին: Հալեպը միջազգային տարանցիկ առևտրի կենտրոն դառնալով՝ նպաստել է հայ համայնքի վերելքին: 1616-ին Հալեպում կար շուրջ 6 հազար, 1652-ին՝ ավելի քան 20 հազար հայ (Ջուղայից, Երևանից, Ղարաբաղից, Էրզրումից, Սեբաստիայից, Կիլիկիայից գաղթած): Հիմնականում վարպետ ոսկերիչներ, ակնագործներ, կաշեգործներ, մետաքսագործներ էին: շարունակել...

Սեպտեմբերի 15
Շփում, երկու և ավելի մարդկանց համագործակցությունն, որն ուղղված է փոխադարձ ըմբռնմանը, փոխհարաբերությունների հաստատմանը և զարգացմանը, միմյանց վիճակների, հայացքների և վարքի վրա փոխադարձաբար ազդելուն, ինչպես նաև նրանց համատեղ գործունեության կարգավորմանը։ Այն իրենից ներկայացնում է բարդ գործընթաց, որը ծնվում է մարդկանց համատեղ գործունեություն ծավալելու պահանջմունքից և այդ գործունեության ընթացքում՝ այն արդյունավետ դարձնելու համար։

Շփման մասնակիցները շփման սուբյեկտներն են, որոնք կարող են լինել ինչպես կենդանիներ, կենդանի օրգանիզմներ, այնպես էլ մարդիկ։ Սակայն մարդկանց միջև իրականացվող շփումը տարբերվում է կենդանիների շփումից իր գիտակցվածության աստիճանով, կապակցվածությամբ, նաև այն փաստով, որ կարող է լինել ինչպես ոչ վերբալ, այնպես էլ վերբալ։ շարունակել...

Սեպտեմբերի 16
Քըրք Դուգլաս
Քըրք Դուգլաս

Քըրք Դուգլաս (անգլ.՝ Kirk Douglas, իսկական անուն ազգանունը` Իսեր Դանիելովիչ, դեկտեմբերի 9, 1916, Ամստերդամ, Նյու Յորք (նահանգ), ԱՄՆ), ամերիկացի հանրահայտ դերասան, Հոլիվուդյան կենդանի լեգենդներից մեկը: Ճանաչված դերասան Մայքլ Դուգլասի հայրը: Ամերիկյան կինոակադեմիան իր կողմից հրապարակված Ամերիկյան բոլոր ժամանակների ֆիլմերի 100 մեծագույն աստղերի ցանկում նրան ընդգրկել է 17-րդ տեղում:

Քիրք Դուգլասը (Իսեր Դանիելովիչ) ծնվել է ԱՄՆ-ի Նյու Յորք նահանգի Ամստերդամ քաղաքում: Նա ընտանիքի 4-րդ երեխան էր: Ծնողները հրեա էին և ԱՄՆ էին գաղթել իրենց ամուսնությունից հետո` 1908 թվականին: Հայրը` Գերշլ Դանիելովիչը և մայրը Բրայնա Սանգլելը ապրում էին աղքատ պայմաններում: Քիրքը նրանց միակ տղա երեխան էր է և ուներ վեց քույր: Ծնողները ԱՄՆ-ում բնակվելու ժամանակ փոխեցին անուն ազգանունները` Հարրի և Բերտ Դամսկի: շարունակել...

Սեպտեմբերի 17
«Սկիզբ» (անգլ.՝ «Inception») Քրիստոֆեր Նոլանի ֆանտաստիկ թրիլերն է, որը հիմնված է գիտակցված երազների գաղափարի վրա:

Պրոֆեսիոնալ լրտեսները օգտագործում են հատուկ հնարքներ չափազանց կարևոր տեղեկություններ ձեռք բերելու համար, նրանք դա անում են մտնելով այլ մարդկանց երազների մեջ, որը կոչվում է «ներածում»: Ֆիլմում մեծ նշանակություն է կրում այն տեխնոլոգիան, որը թույլ է տալիս մի քանի մարդկանց մտնել նույն երազի մեջ: ժանրային առումով «Սկիզբը» հիշեցնում է ավանդական «ֆիլմ-գողություն», միայն այն տարբերությամբ, որ այստեղ նպատակը ոչ թե օբյեկտի առևանգումն է, այլ հակառակը նրա տեղադրումը զոհի գիտակցության մեջ: Ֆիլմի աշխատանքները սկսվեցին 2000 թվականի սկզբից, երբ Նոլանը գրեց 80 էջանոց սյուժեի շարադրություն, երազներ առևանգողների մասին: 2001 թվականին նա քննարկեց ֆիլմի գաղափարը «Warner Bros.» կինոընկերության հետ, բայց եկավ այն եզրահանգմանը, որ այսպիսի սյուժեի էկրանավորումը չի կարող կայանալ փոքր բյուջեի պայմաններում, իսկ բլոկբաստերներ նկարահանելու փորձ Նոլանն այդ ժամանակ դեռ չուներ: շարունակել...

Սեպտեմբերի 18
Լեբրոն Ջեյմսը
Լեբրոն Ջեյմսը

Լեբրոն Ռայմոն Ջեյմս (անգլ.`LeBron Raymone James, ծնվ.` դեկտեմբերի 30, 1984թ.` Ակրոն, Օհայո, ԱՄՆ), ամերիկացի պրոֆեսիոնալ բասկետբոլիստ, ով հանդես է գալիս Բասկետբլի ազգային ասոցացիայի (NBA) «Մայամի Հիթ» ակումբում` 6 համարի ներքո: Կրելով «Ջեյմս արքա» ("King James") մականունը` Լեբրոն Ջեյմսը Օհայոյի քոլեջի տարիներին հաղթել է «Միստր բասկետբոլ» տիտղոսը, իսկ Սենթ Վինսենթ-Սենթ Մերի ավագ դպրոցում հանդես գալու ժամանակ նրան մամուլում արդեն ներկայացնում էին որպես «NBA-ի ապագա գերաստղ»: Առաջնություն Լերրոն Ջեյմը մուտք է գործում 2003թ.-ի NBA դրաֆթով: Նրան ընտրում է «Կլիվլենդ Կավալիերսը»` #1 ընտրության իրավունքով: Ջեյմսն հանդես է գալիս որպես թեթև հարձակվող: NBA-ի բասկետբոլիստ դառնալուց ի վեր Ջեյմսն իր հաշվին ունի մի շարք ռեկորդներ, ինչպես նաև պարգևներ: շարունակել...

Սեպտեմբերի 19
Կիլոգրամի միջազգային նախատիպի պատկերը
Կիլոգրամի միջազգային նախատիպի պատկերը

Զանգված, սկալյար ֆիզիկական մեծություն, ֆիզիկայի կարևորագույն հասկացություններից: Մատերիայի իներցիոն և գրավիտացիոն հատկությունների ֆիզիկական բնութագիրն է: Սկզբնապես՝ XVII - XIX դարերում, բնութագրում էր «նյութի քանակը» ֆիզիկական ծավալում: Ըստ այն ժամանակվա պատկերացումների՝ զանգվածից էր կախված կիրառված ուժին դիմադրելու մարմնի հատկությունը (իներցիա), ինչպես նաև գրավիտացիոն հատկությունները՝ կշիռը: Սերտորեն կապված է «էներգիա» և «իմպուլս հասկացությունների հետ: Ժամանակակից պատկերացումների համաձայն, զանգվածը համարժեք է հանգստի էներգիային:

Ներկայիս ֆիզիկայում «նյութի քանակ» հասկացությունը այլ իմաստ ունի, իսկ «զանգված» հասկացությունը կարելի է մեկնաբանել մի քանի եղանակներով: շարունակել...

Սեպտեմբերի 20
Այրարատը Մեծ Հայքում
Այրարատը Մեծ Հայքում

Այրարատ, Մեծ Հայքի կենտրոնական նահանգը։ Այրարատ անվան ստուգաբանությամբ զբաղվել են մի շարք բանասերներ և պատմաբաններ։ Ամենից հավանականը համարվում է այն կարծիքը, որը Այրարատ անունը կապում է Ուրարտուի անվան հետ։ Տարածվում էր Արաքսի միջին և Արածանիի վերին ավազաններում։

Հյուսիսից սահմանակից էր Գուգարքին, արևմուտքից՝ Բարձր Հայքին ու Տայքին, արևելքից՝ Սյունիքին և հարավից՝ Տուրուբերանին ու Վասպուրականին։ Արևմուտքում Այրարատի սահմանը կազմում էր Մեծրաց (կամ Տայոց) լեռնաշղթան, հարավում` Այծպտունք գագաթից մինչև Շարիան լեռնաշղթայի հյուսիս-արևմտյան ծայրը, Այրարատի սահմանն անցնում էր Հայկական Պարի ջրբաժան բարձրություններով, ապա Շարիան և Ծաղկանց լեռներով դիմում է դեպի արևելք` Թոնդուրեկ, իսկ այնտեղից էլ հասնում է Արաքս։ շարունակել...

Սեպտեմբերի 21
Հայաստանի Հանրապետության դրոշը
Հայաստանի Հանրապետության դրոշը

Հայաստան (պաշտոնական անվանումը՝ Հայաստանի Հանրապետություն), ցամաքային պետություն Հարավային Կովկասում։ Աշխարհագրորեն գտնվում է հյուսիսարևմտյան Ասիայում, սակայն մշակութային և քաղաքական նկատառումներով հաճախ համարվում է եվրոպական երկիր։ Հյուսիսից սահմանակից է Վրաստանին, արևելքից՝ Ադրբեջանին, հարավարևելքից՝ Լեռնային Ղարաբաղին, հարավից՝ Իրանին, հարավարևմուտքից՝ Ադրբեջանի մաս կազմող Նախիջևանի Ինքնավար Հանրապետությանը և արևմուտքից՝ Թուրքիային:

Մինչև 20-րդ դարի սկիզբը Հայաստան անվանումը վերաբերում էր ողջ Հայկական լեռնաշխարհին, որը ձգվում է Եփրատ և Տիգրիս գետերի ավազանից մինչև Փոքր Կովկաս։ 1915 թ. Հայոց Ցեղասպանության հետևանքով սպանվել և տեղահանվել է Հայաստանի արևմտյան մասի բնիկ ազգաբնակչությունը, իսկ արևելյան մասը 1918 թ. ձեռք է բերել կարճատև անկախություն։ շարունակել...

Սեպտեմբերի 22
Ջեյմս Կուկը
Ջեյմս Կուկը

Ջեյմս Կուկ (անգլ.՝ James Cook, ծնված` 1728 թ., հոկտեմբերի 27, Մարտոն, Անգլիայի Յորքշիրի կոմսություն, մահացած` 1779 թ., փետրվարի 14, Հավայի), անգլիացի խոշորագույն ծովագնացներից է, շուրջերկրյա երեք արշավախմբի ղեկավար։ Նրա անունով են կոչվել 20–ից ավելի աշխարհագրական օբյեկտներ՝ Կուկի լեռ, Կուկի կղզիներ, Կուկի նեղուց ծովածոց Ալյասկայի հարավային ափերի մոտ, Նոր Զելանդիայի Հարավային կղզու վրա գտնվող լեռներից մեկը և այլն։

Ջեյմս Կուկը ծովագնացի գործունեությունը սկսել է 13 տարեկանում՝ որպես յունգեր աշխատելով առևտրական «Ֆրի-լավ», «Երեք եղբայր» նավերի վրա։ Երիտասարդ Ջեյմսը, հաջորդաբար անցնելով ծովային ծառայության բոլոր աստիճանները, 1752 դարձել է առևտրական նավի նավապետի օգնական։ Յոթնամյա պատերազմի ընթացքում 1756—1762 նա ծառայել է բրիտանական նավատորմում, իսկ պատերազմի ավարտից հետո ղեկավարել է Նյուֆաունդլենդ կղզու մոտ և Վեստ Ինդիայում կատարվող ջրաբանական հետազոտությունները։ շարունակել...

Սեպտեմբերի 23
Պատկերը ցույց է տալիս Օորտի ամպի ենթադրյալ տեսքը
Պատկերը ցույց է տալիս Օորտի ամպի ենթադրյալ տեսքը

Օորտի ամպ, ենթադրական գնդաձև տարածք Արեգակնային համակարգում, որը հանդիսանում է երկարաժամկետ գիսաստղերի աղբյուր։ Դիտարկումներով Օորտի ամպի գոյությունը չի ապացուցված, սակայն կան շատ անուղակի փաստեր, որոնք բացահայտում են նրա գոյությունը։

Արեգակից մինչև Օորտի ամպը ընկած ենթադրյալ հեռավորությունը կազմում է 50.000 մինչև 100.000 ա. մ. — մոտ մեկ լուսային տարի. Դա կազմում է մինչև Կենտավրոսի Պրոքսիմա (Արեգակին ամենամոտ աստղը) ընկած հեռավորության մոտ քառորդ մասը։ Կոյպերի գոտին և ցրված սկավառակը, երկու այլ հայտնի տրանսնեպտունային մարմինների տարածքները, հազարավոր անգամներ փոքր են Օորտի ամպից։ Օորտի ամպի արտաքին սահմանը հանդիսանում է Արեգակնային համակարգի ձգողության ուժի սահմանը— Հիլլի գունդը, որը հաշվարկվել է մոտ 2,0 լուսային տարի Արեգակնային համակարգի համար։ շարունակել...

Սեպտեմբերի 24
Արծրունիների թագավորությունը Վասպուրականում
Արծրունիների թագավորությունը Վասպուրականում

Արծրունիներ, հայ նախարարական տոհմ։ Ըստ Մովսես Խորենացու, Արծրունիների նախահայրը Ասորեստանի Սենեքերիմ թագավորի որդի Սանասարն է, որը եղբոր՝ Ադրամելեքի հետ սպանելով հորը՝ պատսպարվել էր Հայաստանի Սիմ կոչվող լեռներում։ Սակայն ըստ Արծրունիների տոհմական ավանդապատումների, Արծրունիների իշխանական տունը ծագում է Հայկ Նահապետից սերած Տորք Անգեղից: Արծրունիների նախնիները եկել են Աղձնիք նահանգի Մեծ Աղբակ գավառից:

Արտաշեսյան և Արշակունի Հայոց թագավորների օրոք Արծրունիները խաղում էին ռազմաքաղաքական կարևոր դեր։ Արծրունիների մրցակիցն էր Մարդպետունի նախարարական տոհմը։ Արշակունիների և Մարդպետուների համագործակցությունը և վերջիններիս մրցապայքարը Արծրունիների դեմ, ինչպես և Պարսկաստանի տիրույթների սահմանակցությունը, պատճառ դարձան 14-րդ դարում Արծրունիների կենտրոնախույս և պարսկամետ քաղաքականության։ Արծրունիները ձգտել են Սասանյանների օգնությամբ բարձր դիրքի հասնել Մեծ Հայքում։ շարունակել...

Սեպտեմբերի 25
Չարլզ Դարվինը
Չարլզ Դարվինը

Չարլզ Ռոբերտ Դարվին (անգլ.՝ Charles Robert Darwin, փետրվարի 12 1809 - ապրիլի 19 1882), անգլիացի բնագետ և ճանապարհորդ, առաջիններից մեկն է, որ գիտակցել և պատկերավոր դրսևորել է, որ կենդանի օրգանիզմների բոլոր տեսակները էվոլյուցիայի են ենթարկվում ընդհանուր նախնիներից: Իր տեսության մեջ, որի առաջին լայնածավալ շարադրումը տպագրված էր 1859 թ-ի «Տեսակների ծագումը» գրքում (ամբողջական անվանումը` «Տեսակների ծագումը բնական ընտրության մեթոդով կամ բարենպաստցեղերի կյանքի պայքարի համար գոյատևումը») Դարվինը էվոլյուցիայի հիմնական շարժիչ ուժ է համարել բնական ընտրությունը և անորոշ փոփոխականությունը: Էվոլյուցիայի գոյությունը ճանաչվել է գիտնականների մեծամասնությամբ, դեռ Դարվինի կենդանության ժամանակ, երբ բնական ընտրության տեսությունը, որպես էվոլյուցիայի հիմնական շարժիչ ուժը ընդհանուր ճանաչում է ստացել միայն 20-րդ դարի 30-ական թվականներին: շարունակել...

Սեպտեմբերի 26
«Ուրիշ աշխարհը» (անգլ.՝ Underworld, 2003 թ.), Լեն Ուայզմանի ֆիլմերից է, որը պատմում է վամպիրների և մարդագայլերի հակամարտության մասին:

Դարեր շարունակ աշխարհում միմյանց հետ մարտնչում են «Ուրիշ աշխարհի» 2 անմահ ռասաները` վամպիրները և մարդագայլերը` «լիկանները»: Երկուսի համար էլ մարդկային ռասան դիտվում է որպես սննդի աղբյուր: Նույնիսկ անմահների շարքերում շատ քչերն են, որ հիշում են, թե ինչից է սկսվել հակամարտությունը երկու ռասաների միջև: Եվ ավելի քիչ են նրանք, ովքեր գիտեն, որ մարդագայլերն ու վամպիրները սերում են նույն մարդուց: Եվ նրանք այդ գաղտնիքը թաքցնում են բոլորից: Լաբորատորիաներում երկու ռասաներն էլ ստեղծել են էֆեկտիվ գերժամանակակից զենքեր միմյանց հետ պայքարելու համար, թեև նրանց աշխատանքի սկզբունքները դասական են` արծաթ մարդագայլերի դեմ և ուլտրամանուշակագույն ճառագայթներ վամպիրների դեմ: շարունակել...

Սեպտեմբերի 27
Դրվագներ Բոսնիական պատերազմից
Դրվագներ Բոսնիական պատերազմից

Բոսնիական պատերազմ, պատերազմ, որ տեղի է ունեցել 1992-ից մինչև 1995-ի նոյեմբեր։ Այն մաս էր կազմում Հարավսլավական պատերազմների և սկիզբ առավ Հարավսլավիայի Ֆեդերատիվ Հանրապետության փլուզման շրջանում, այն բանից հետո, երբ Բոսնիա և Հերցեգովինան 1992 թ. իրեն անկախ հռչակեց։ Հակամարտող երեք կողմերն էին Բոսնիա և Հերցեգովինայի երեք էթնիկ խմբերը` բոսնիակները, խորվաթները և սերբերը։

1992 թ. փետրվարի 29-ին և մարտի 1-ին բոսնիական կառավարությունը նշանակեց հանրաքվե՝ որոշելու համար Բոսնիա և Հերցեգովինայի անկախության հարցը։ Մեծամասնություն կազմող խորվաթները և բոսնիակները քվերարկեցին հօգուտ անկախության։ Իսկ բոսնիացի սերբերը բոյկոտեցին քվեարկությունը, դեմ լինելով անկախությանը և հանրաքվեն հակասահմանադրական համարելով։ Քանի որ ձայների մեծամասնությունը քվեարկել էր անկախության համար, 1992 թ. ապրիլի 7-ին Բոսնիայի խորվաթ և բոսնիակ պատգամավորները հռչակեցին անկախություն։ շարունակել...

Սեպտեմբերի 28
Աղթամարը
Աղթամարը

Աղթամար, Վանա լճի ներկայիս չորս կղզիներից (միջնադարում Վանա լճի կղզիների թիվը 7 էր) ամենանշանավորը: Գտնվում է Վանա լճի հարավ-արևելյան մասում:

Աղթամարը գտնվում է օվկիանոսի մակարդակից 1662-1912 մ բարձրության վրա: Ամենաբարձր կետը Բարձր-քարն է (1912 մ): Տարածությունը՝ մոտ 0.7 կմ 2, հեռավորությունը ցամաքից՝ 3-3.5 կմ: Ափերի ընդհանուր երկարությունը՝ մոտ 4 կմ: Արևմուտքից Աղթամարին մոտ է Առտեր կղզին: Աղթամարի հարավային և հարավ-արևմտյան ափերը ժայռոտ են, երբեմն՝ զառիթափ (լճի մակարդակից 200-250 մ բարձր): Դեպի արևելք ցածրանալով՝ կղզու մակերևույթը վեր է ածվում տափարակ հարթության: Առաջացել է չորրորդական ժամանակաշրջանում: Կազմված է կրաքարերից և ավազաքարերից: Մթնոլորտային տեղումները՝ մինչև 500 մմ: Հիմնականում ծածկված է տափաստանային բուսականությամբ: Ծառածածկույթում գերիշխում են թփուտները և նշենիները: Քաղցրահամ ջրի աղբյուրները բացակայում են: Գտնվում Է Արևմտյան Հայաստանում` ներկայիս Թուրքիայում: շարունակել...

Սեպտեմբերի 29
Էսպերանոտյի ստեղծող Լյուդվիկ Լազարուս Զամենհոֆը
Էսպերանոտյի ստեղծող Լյուդվիկ Լազարուս Զամենհոֆը

Էսպերանտո, կառուցված լեզու է, որը միջազգային օժանդակ լեզուներից ամենալայն տարածումն է գտել աշխարհում: Անունը սերում է «Դոկտոր Էսպերանտո» կեղծանունից, որի տակ լեզվի ստեղծողը՝ Լ․Լ․ Զամենհոֆը, հրապարակել էր Unua Libro գիրքը 1881 թ.՝ հիմք դնելով լեզվի տարածմանը։ Անվանումն ինքը նշանակում է «հույս ունեցող»։ Զամենհոֆի նպատակն էր ստեղծել պարզ և ճկուն լեզու իբրև համատարած երկրորդ լեզու, որը կնպաստեր խաղաղությանն ու միջազգային համերաշխությանը։

Չնայած նրան, որ լեզուն ոչ մի պետության կողմից մինչ օրս չի ընդունվել որպես պաշտոնական լեզու, էսպերանտո իմացողների հանրության մարդաքանակը գնահատվում է 100,000 և 2 միլիոն լեզվակիրների միջև։ Որոշ չափումներով, աշխարհում կան մոտ 1,000 բնածին լեզվակիրներ։ շարունակել...

Սեպտեմբերի 30
2004 թ. «Նաբուկկո» օպերայի բեմադրություն Էբերսվալդ քաղաքի Կանաչ թատրոնում
2004 թ. «Նաբուկկո» օպերայի բեմադրություն Էբերսվալդ քաղաքի Կանաչ թատրոնում

«Նաբուկկո», կամ «Նաբուգոդոնոսոր», իտալացի կոմպոզիտոր Ջուզեպե Վերդիի օպերա` չորս գործողությամբ: Իտալերեն լիբրետտոյի` ըստ Աստվածաշնչում նկարագրած իրադարձությունների հեղինակն է Թեմիստոկլե Սոլերան։ «Նաբուկկոն»` Բաբելոնի Նաբուքոդոնոսոր Բ արքայի անվան իտալերեն կրճատ ձևն է: Աստվածաշնչում պատմվում է, թե ինչպես է նա քանդել էր Երուսաղեմի առաջին տաճարը և գերության տարել հրեաներին մ.թ.ա. VI դարի սկզբներին): Օպերայի անդրանիկ ներկայացումը կայացել է 1842թ. մարտի 8-ին Միլանի «Լա Սկալա» թատրոնում:
«Նաբուկկոն» Ջուզեպպե Վերդիի թվով երրորդ օպերան է: Օպերայի հայտնի դրվագներից է Va, pensiero|Va, pensiero, sull’ali dorate («Թռչիր, միտք ոսկե թևերով») խմբերգը:[փա՞ստ]Օպերան ներկայումս էլ հաճախ բեմադրվում է: Օպերայի գլխավոր դերերգերից մեկը (Աբիգայլ) կատարել է աշխարհահռչակ սոպրանո Մարիա Կալլասը: շարունակել...

2012 թ. Օրվա հոդվածներ(պահոց). Փետրվար  • Մարտ  • Ապրիլ  • Մայիս  • Հունիս  • Հուլիս  • Օգոստոս  • Սեպտեմբեր  • Հոկտեմբեր  • Նոյեմբեր  • Դեկտեմբեր