Անապատ (մենաստան)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Անապատ (այլ կիրառումներ)

Անապատ, հասարակությունից և բնակավայրերից մեկուսացած քրիստոնյա ճգնավորների մենաստան։ Առաջին անապատները ստեղծվել են 3-րդ դարում, Եգիպտոսում և տարածվել այլ երկրներում, վաղ միջնադարում՝ նաև Հայաստանում։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ներսես Ա Մեծ կաթողիկոսը 4-րդ դարում Հայաստանի անապատականներին հավաքել է առանձին համալիրներում՝ օժտելով այդ անապատները հատուկ կանոնադրությամբ, որը նպաստել է երկրում անապատական տարերային շարժումը կազմակերպված, ազգօգուտ և եկեղեցաշեն հաստատությունների վերածելուն։ Այս անապատների հիմքի վրա զարգացել են հայկական վանքերը, որոնք միջնադարյան Հայաստանում ոչ միայն զորացրել են քրիստոնեական հավատքը, այլև դարձել հայ մշակույթի զարգացման ու պահպանման կենտրոններ։
Անապատական շարժումը Հայաստանում մեծ վերելք է ապրել 17-րդ դարի առաջին կեսին, երբ Սյունյաց Մեծ անապատից ելած գործիչները երկրի տարբեր նահանգներում ստեղծել են բազմաթիվ նոր անապատներ, Վասպուրականում՝ Լիմ անապատը, Կտուց անապատը, Արցախում՝ Չարեքա անապատը, Սյունիքում՝ Տանձափարախը և Տաթևի Մեծ անապատը, Այրարատում՝ Երևանի սուրբ Անանիա առաքյալ անապատը և այլն։ Հիշատակվում են նաև անապատներ, որոնց դիրքն անորոշ է, ինչպիսին է Առապատը[1]։
Կառուցվածք
[խմբագրել | խմբագրել կոդը]Անապատի համալիրը շրջապատող պարսպի պարագծով կից կառուցում էին խցերը և տնտեսական շինությունները, իսկ բակի մեջտեղում տեղադրվում էր անապատի միակ եկեղեցին։ Հայաստանի անապատները երբեք չեն եղել զուտ ճգնավորական հաստատություններ, դրանք հայ մշակույթի զարգացման կենտրոններ էին, իսկ անապատականները դարձել են նաև բարոյական մաքրության տիպարներ ու ազգային-եկեղեցական առաջնորդներ։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 1 [Ա-Գ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի համալսարանի հրատարակչություն», 1986, էջ 319 — 992 էջ։
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- , Քրիստոնյա Հայաստան հանրագիտարան, Երևան, «Հայկական Հանրագիտարան հրատարակչություն ՊՈԱԿ», 2002, էջ 49 — 1076 էջ։
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 367)։ |