Ճգնավորություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ճգնավորություն, կրոնական մղումով հասարակությունից, ընտանիքից և ընդհանրապես մարդկանցից հեռանալը, ճգնակեցությունը (ասկետիզմ) ամայի և անմարդաբնակ վայրում։ Հատուկ է եղել հինարևելյան կրոններին (բրահմայականություն, բուդդայականություն, հուդայականություն և այլն)։ Քրիստոնեության մեջ երևան է եկել 3-րդ դարում (Եգիպտոսի անապատներում), կրոնական ջերմեռանդությունից բացի եղել նաև հռոմեական հալածանքներից փախուստի միջոց։ Առաջին քրիստոնյա ճգնավորները (նշանավոր են Պողոս Թեբեացին և Անտոնիոս Մեծը) ինքնազրկմամբ և մարմնական տառապանքով ձգտել են բարոյական մաքրության՝ կարծելով, թե իրենց օրինակով մարդկությունը կձերբազատվի սոցիալական անհավասարության չարիքից։ 4-րդ դարում ճգնավորությունը տարածում է ստացել նաև Պաղեստինում, Կապադովկիայում, Հայաստանում, ավելի ուշ՝ Եվրոպայում (Գալիա, Իսպանիա, Իտալիա)։ Պաշտոնական եկեղեցին խրախուսել է ճգնավորությունը՝ միաժամանակ ձգտելով անհատ ճգնավորներին համախմբել եկեղեցու իրավասության տակ գտնվող մենաստաններում։ Միջին դարերում ճգնավորությունը աստիճանաբար կուլ է գնացել վանականությանը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png