Չանոյու

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Տյանոյուից)
Տյանոյու

Չանոյու (ճապոներեն՝ 茶の湯) թեյախմության արարողություն Ճապոնիայում, որը դասվում է ինքնօրինակ, եզակի արվեստների շարքը: Հոգևոր ու հասարակական կյանքում այն էական դեր է խաղում արդեն մի քանի դար շարունակ:

Չանոյուն կարգավորված ծես է, որին մասնակցում են թեյի վարպետը, որը թեյ է պատրաստում և լցնում գավաթները, և նրանք, որոնք ներկա են լինում ծեսին և խմում թեյը:[1]

Ծեսի ժամանակ ամեն մեկն ունի իր վարվելաոճը, որն ընդգրկում է թե՛ նստելադիրքը, թե՝ բոլոր շարժումները, թե՛ դեմքի արտահայտությունը, թե՛ խոսելաձևը: Չանոյուի գեղագիտությունը ենթարկվում է ձեն-բուդդայականության կանոններին:

Ավանդազրույց չանոյուի մասին[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավանդազրույցի համաձայն, չանոյուն սկիզբ է առնում Չինաստանից՝ բուդդայականության առաջին պատրիարք Բոդհիդհարմայի ժամանակներից: Մի անգամ, ասվում է զրույցում, մեդիտացիայի մեջ նստած, Բոդհիդհարման զգաց, որ աչքերը փակվում են և հակառակ իր կամքի նիրհում է: Այդ ժամանակ, զայրացած իր վրա, նա պոկում է կոպերն ու նետում գետին: Շատ չանցած այդ տեղում բուսնում է մի տարօրինակ թուփ՝ հ յութալի տերևներով: Ավելի ուշ Բոդհիդհարմայի աշակերտները սկսեցին թրմել այդ տերևները տաք ջրում, և ըմպելիքն օգնեց պահպանել առույգությունը:[2]

Չանոյուի առաջացումը[խմբագրել | խմբագրել կոդը]

Լաո Ցզի

Թեյախմության արարողությունը Չինաստանում առաջացել է բուդդայականության սկզբնավորումից շատ առաջ: Շատ աղբյուրների համաձայն՝ այն մտցրել է Լաո Ցզին: Հենց Լաո Ցզին էլ մոտավորապես մ. թ. ա. 5-րդ դարում, ըստ ավանդապատումների, առաջարկել է մի գավաթ «ոսկեգույն կենսահեղուկի» ծեսը, որը Չինաստանում ծաղկում ապրեց ընդհուպ մինչև մոնղոլական արշավանքը: Ավելի ուշ չինացիները «ոսկեգույն կենսահեղուկի» արարողությունը հանգեցրին թեյաթփի չորոցրած տերևները հասարակ ձևով թրմելուն: Հենց այս եղանակն է այսօր օգտագործվում մեր կենցաղում: Սակայն ճապոնացիները, որ հաջողությամբ փրկվել էին մոնղոլների արշավանքից, շարունակեցին կատարելագործել թեյախմության արվեստը, այն լրացնելով հատուկ արարողություններով:

Հնուց ի վեր չանոյուն եղել է ճապոնացի փիլիսոփաների ու արվեստագետների հանդիպումների անփոփոխ բաղկացուցիչը, որի ժամանակ ասվել են իմաստուն ճառեր, ընթերցվել բանաստեղծություններ, քննարկվել արվեստի ստեղծագործություններ: Ընդ որում, ամեն դեպքի համար հատուկ ընտրվել են ծաղկեփնջեր և թեյը թրմելու հատուկ աման: Հետզհետե ծիսակարգն ընդգրկել է հասարակության տարբեր խավերին: Թեյը Ճապոնիա է բերվել 1191-ին, ոմն բուդդայական վանականի կողմից: Սկզբնական շրջանում ըմպելիքն օգտագործվում էր բացառապես կրոնածիսական արարողության ժամանակ: 16-17 դդ այն տարածվեց ճապոնական արիստոկրատիայի, սամուրայների շրջանում: Չանոյուն որպես արվեստ դարձավ առօրյա հոգսերից ազատվելու յուրօրինակ եղանակ:

Թեյատնակներ (Տյասիցու)[խմբագրել | խմբագրել կոդը]

Տյասիցու

Չանոյուն դասական ձևով սկսեց կիրառվել հատուկ թեյատնակներում՝ տյասիցուներում: Գրական աղբյուրներում նշված է, որ առաջին տյասիցուն կառուցվել է 1473-ին: Տյասիցուները նման էին արևելյան իմաստունների անշուք հյուղակներին, որոնք ծայրաստիճան համեստ էին ինչպես արտաքինով, այնպես էլ ներքին կահավորմամբ: Հասարակ հարդարանքը ստեղծում էր գեղեցկի գերագույն զգացում: Որպես զարդարանք թույլատրվում էին միայն փիլիսոփայական ասույթով գլանաթուղթ, հին նկարչի նկար և ծաղկեփունջ:

Տյասիցուի կառուցվածքն ու թեյախմության արարողությունը մշակել են Չանոյուի անվանի վարպետներ Ձյոոն (1503 -1555) և Սենո Սուեկին (1521 - 1591): Վերջինը հռչակված է Ռիկյու անունով:

Չանոյուի բոլոր անվանի վարպետները ձեն-բուդդայականության հետևորդներ էին: Թեյախմության արարողությունն ու տյասուցուի կառուցվածքը արտացոլում է ձենի հիմնական գաղափարները: Թեյախմության սենյակի (սուկիա) մակերեսը մոտ ութ քառակուսի մետր է: Սուտրաների դրույթների համաձայն, մի անգամ այդպիսի մեծությամբ սենյակում կարողացել են տեղավորել Բուդդայի ութսունչորս հազար աշակերտներ: Այս այլաբանության հիմքում բուդդայականության՝ այն բանը ժխտող տեսությունն է, որ ճշմարիտ «պայծառացումները» մարմնի կշիռ ու ծավալ չունեն:

Ռիկյուի ժամանակներից թեյատնակները շրջապատվում են փոքրիկ պարտեզով: Այգին, «թեյի վարպետի» կարծիքով, պետք է նպաստի հատուկ տրամադրության բարձրացմանը, առանց որի արարողությունն անիմաստ կլինի: Դեպի տյասիցու տանող, խոշոր քարերով սալարկված նեղ ճանապարհին սկսվում է մեդիտացիայի առաջին փուլը. մարդ այդ պահին թողնում է բոլոր աշխարհիկ հոգսերը և կենտրոնանում իրեն սպասող ծեսը կանխավայելելու համար: Տյասիցուին մոտենալու հետ կենտրոնացումն ուժեղանում է, սկսվում է մեդիտացիայի երկրորդ փուլը: Դրան նպաստում էէ եռացող ջրի քլքլթ հնամենի լապտերը, որը աղոտ լուսավորում է արահետը իրիկնային ու գիշերային ժամերին, քարե ջրհորը (ցուկուբաի), որի մեջ ջուր է պահվում ձեռքերը լվանալու և բերանը ողողելու համար: Տյասիցուի դռան բարձրությունը 90 սմ է, որը անցնում են ծնկաչոք: Ներս մտնողները խոր գլուխ են տալիս և ճապոնական ձևով նստում: Ընդառաջ է գալիս տանտերը, իր հերթին խոնարհ գլուխ տալով հյուրերին: Լսվում է եռացող ջրի քլքլթոցը և սկսվում է մեդիտացիայի երրորդ փուլը:

Արարողակարգը[խմբագրել | խմբագրել կոդը]

Եփվում է հատուկ՝ կանաչ թեյափոշի: Դասական տյասիցուում ջուրը եռացնում են սակուրայի ածուխներով: Թուրմը գավաթի մեջ խառնում են հնդեղեգե վրձնով, ստացվում է բավական թանձր փրփրահեղուկ: 16-րդ դարում առաջ եկան արարողության հարյուր տարբեր կանոններ, որոնք պահպանվում են նաև հիմա: Տարբերությունները վերաբերում են ծաղիկների փնջավորմանը, ջուր եռացնելուն, թեյ թրմելուն, ըմպելիքը լցնելուն և այլն: Բոլոր այս տարատեսակների նպատակն է բնականոնություն կամ Չանոյու արվեստի զգացողություն՝ առանց արհեստականության:

Երբ Ռիկյուին հարցրել են, թե ինչպես է հասել իր վարպետությանը, պատասխանել է. «Շատ պարզ: Եռացնում եք ջուրը, թրմում թեյը, ստանում անհրաժեշտ համը: Չմոռանաք ծաղիկները, դրանք պետք է թարմ երևան: Այնպես արեք, որ ամռանը զով լինի, ձմռանը հաճելի ջերմություն: Ահա և բոլորը»: Իսկ հետո ավելացրել է. «Ցույց տվեք ինձ այն մարդուն, որը հասել է այդ ամենին, և ես հաճույքով նրա աշակերտը կդառնամ»:[3]

Թեյախմության արարողության խորհուրդը, ասում են, բացահայտում է Ռիկյուի հայտնի ասույթը՝ «Չանոյուն գեղեցիկի պաշտամունքն է առօրյայի գործ լույսով»:

Ժամանակակից պայմաններում այս պաշտանմունքին հետևելը միշտ չէ, որ հնարավոր է: Կյանքի բուռն զարգացումները կլանում են մարդկանց, և թվում է, թե ճապոնացին գործ չունի ավանդույթի հետ: Բայց սա չի վերաբերում թեյախմության արարողությանը, այն հաստատունորեն շաղկապվել է Ճապոնիայի կյանքին ու կենցաղին: Բայց մեր ժամանակներում արարողությունը բաժանվել է «իսկականի» և «պարզեցրածի»:[4]

«Իսկականի» դեպքում խստորեն պահպանվում են ավանդական ձևերը, ներառյալ տյասիցուի օգտագործումը: Նստում են միայն կրունկներին, խոսակցություն վարում միայն դասական արարողության շրջանակներում: «Պարզեցրած» արարողությունը հաճախ կատարվում է սովորական սենյակներում, անգամ դրվում են սեղաններ ու աթոռներ:

Թեյախմությունից 2-3 օր առաջ հրավիրվածները շնորհակալություն են հայտնում տանտիրոջից ուշադրության համար: Թեյախմության օրը հյուրերը նշված ժամից 15-20 րոպե առաջ հավաքվում են հատուկ հատկացված փոքրիկ սենյակում և ընտրում պատվավոր հյուր (սյոկյակու), որպիսին սովորաբար լինում է ավելի բարձր դիրք ունեցողը կամ տարքով մեծը: Նաև ստույգ որոշվում է հաջորդ ստորակարգությունը՝ ով պետք է լինի երկրորդը, երրորդը և այլն: Այս կարգով էլ հյուրերը լվանում են ձեռքերը, մտնում արարողության սենյակը և զբաղեցնում իրենց համար նախատեսված տեղը:

Պաշտոնական թեյախմությանը նախորդում է կայսեկին՝ հյուրասիրություն բազմատեսակ ուտեստներով՝ ապուրներ, բրինձ, ձուկ, համեմունքով կարտոֆիլ և այլն: Հյուրերին առաջարկվում է նաև սակեի փոքր բաժին: Ամեն ինչից ուտում են շատ քիչ, այլապես թեյախմության արարողությունը անիմաստ կլինի:

Թեյախմությունը սկսում է թանձր թեյից: Թունդ թեյից հետո մատուցվում է բաց թեյը:

Ճապոնիայում գոյություն ունեն թեյախմության արարողության բազմաթիվ ձևեր, սակայն խստիվ սահմանված են մի քանիսը՝ գիշերաթեյը, արևածագի թեյը, իրիկնաթեյը, վաղորդյան թեյը, հետճաշյա թեյը, հատուկ թեյը:[5]

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Н. Т. Федеренко (1960). Японские записки. Москва. էջ страница 280. 
  2. Վ.Ա.Պրոննիկով, Ի.Դ.Լադանով (1989). Ճապոնացիները. «Հայաստան»: Երևան. էջ էջ 231. 
  3. Ross N.W. (1960). The World of Zen. N.Y.. էջ p. 131. 
  4. Г. Навлицкая (1979, н. 3). Чайная церемония-поклонение. Азия и Африка сегодня. 
  5. Վ.Ա.Պրոննիկով, Ի.Դ.Լադանով (1989). Ճապոնացիները. «Հայաստան»: Երևան. էջ էջ 236-237.