Պսիքե (հին հունարեն՝ Ψυχή՝ «հոգի», «շնչառություն»), հին հունական դիցաբանության մեջ մարդկային հոգու, շնչի անձնավորում։ Սովորաբար պատկերվում է թիթեռնիկի կամ էլ թիթեռնիկի թևեր ունեցող աղջկա տեսքով։ Հոգու այդպիսի պատկերումներ երևան են եկել միայն մ.թ.ա. 5-4 դդ.։ Հնագույն ժամանակներում հոգին պատկերացրել են թռչնի, ծխի կամ գոլորշու տեսքով, որը հեռանում է մարդուց նրա մահից հետո։ Չնայած հոգու մասին առաջին գաղափարը հանդիպում է սկսած Հոմերոսից՝ Պսիքեի մասին լեգենդը մշակվել է միայն Ապուլեոսի «Փոխակերպություններ» («Ոսկե էշը») գրքում, որտեղ նա միացրել է Պսիքեի մասին զանազան առասպելները, ընդ որում, տառապող հոգու մոտիվը միահյուսելով տարբեր ժողովուրդների մոտ լայնորեն տարածված հիասքանչ փեսացուի մասին հեքիաթային սյուժեին[1]։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 9, էջ 407)։