Jump to content

Գրիգոր Է Անավարզեցի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գրիգոր Է Անավարզեցի
Ծնվել է1240-ականներ կամ անհայտ[1]
Մահացել է1307[1]
Մասնագիտությունքահանա
Զբաղեցրած պաշտոններԱմենայն Հայոց Կաթողիկոս

Գրիգոր Է Անավարզեցի (Անաւարզեցի, Տուրքերիցանց, Մեծքարեցի, Սսեցի, Ջրող, Երգեցող, Երկրորդ Վկայասեր, Հոռոմ, 1240-ականներ կամ անհայտ[1] - 1307[1]), Ամենայն Հայոց կաթողիկոս 1293 թվականից։ Հաջորդել է Ստեփանոս Դ Հռոմկլայեցուն։

Ծնվել է մոտ 1240 թվականին Կիլիկիայի Անավարզա քաղաքում։ Մահացել է 1307 թվականին Սիս քաղաքում։ Ժամանակին համարվել է Հակոբ Ա Կլայեցու քրոջ որդին, սակայն պարզվել է, որ Հակոբ Բ Անավարզեցու մորեղբայրն է։ Կրթությունն ստացել է Մեծ քարի (Մեծ այրի) վանքում, տիրապետել ասորերենին, լատիներենին, հունարենին, հմտացել երաժշտության և բանաստեղծության մեջ։ Հետագայում ստանձնել է Մեծ քարի ուխտի առաջնորդությունը։ 1263 թվականից մինչև կաթողիկոս դառնալը Անարզաբայի (Անավարզա) արքեպիսկոպոսն էր։

1293 թվականին կաթողիկոս ընտրվելով՝ պարտադրված էր ավերված Հռոմկլայից Աթոռը տեղափոխել Սսի արքեպիսկոպոսական առաջնորդարան։ Գրիգոր Է Անավարզեցու և Հեթում Բ թագավորի ջանքերով կաթողիկոսանիստ Հռոմկլայից եգիպտական մամլուքների կողմից գերված սրբազան մասունքները վերադարձվել են Սսի վեհարան (1301)։

Երկու-երեք տարվա հաջորդականությամբ իրար հաջորդող կիլիկյան թագավորների պարագայում, փաստորեն երկրի արտաքին բոլոր հարաբերությունները վարում էր Գրիգոր է Անավարզեցին։ Ստիպված է եղել սերտ հարաբերություններ վարել կաթոլիկների հետ՝ ձգտելով Անտիոքի եպիսկոպոսական աթոռը ենթարկել Հայոց կաթողիկոսությանը, ինչպես և պետական-քաղաքական խնդիրների լուծման հարցում աջակցություն ստանալու նպատակով։

Կղեմես Գալանոս ճիզվիտ պատմագիրը, անհայտ աղբյուրներից քաղելով, ավանդել է Անավարզեցուն վերագրվող՝ «Թուղթ տեառն Գրիգորի Հայոց կաթողիկոսի, զոր գրեաց առ կրօնաւոր թագաւորն Հեթում, հայր արքային Հայոց Լևոնի» վերտառությամբ նամակը, որի համաձայն կաթողիկոսը պատարագի բաժակին ջուր է խառնելիս եղել՝ պատճառ հանդիսանալով Ջրող մականվան առաջացմանը։ Նույն նամակի հետ է կապվում այն կարծիքը, համաձայն որի Գրիգոր Է Անավարզեցին Հակոբ Ա Կլայեցու քրոջ որդին էր։ Սակայն ռամկորենով շարադրված լինելու պատճառով թուղթն անհարիր է համարվել Գրիգոր Է Անավարզեցու գրչին, մերժելով նաև ջուր խառնելու և զարմիկության տեսակետները։ Լատինների հետ վարած սերտ հարաբերությունների արդյունք են Գրիգոր Է Անավարզեցու խմբագրած Հայսմավուրքը, ուր Փրկչի ծնունդը դրված է եղել դեկտեմբերի ԻԵ, ինչպես և Հայ եկեղեցու կողմից չընդունված հոգևոր գործիչներին նվիրված շարականները։ Գրիգոր Է Անավարզեցու Հայսմավուրքը օրացուցային ճշտումներով և կրճատումներով հրատարակվել է իբրև տերիսրայելյան խմբագրություն։ Այստեղ ամփոփված են Գրիգոր Է Անավարզեցու՝ հունական, ասորական և լատինական աղբյուրներից հայերենի վերածած վարքերն ու վկայաբանությունները։ Սրբերի հիշատակը թարգմանություններով հավերժացնելու համար Գրիգոր Է Անավարզեցին ստացել է երկրորդ՝ Վկայասեր անվանումը։ Հեղինակային արձակ գործերն են դրվատներն ու ներբողյանները, որ նույնպես օգտագործված են Հայասմավուրքում։ Աստվածածնին նվիրված վեց ներբողներից բացի հայտնի են Անավարզեցու «Դրուատ գովեստի ամենայն սրբոց» (նույնն է՝ «Ներբողեան ասացեալ ի սրբոց վարդապետաց»), «Դրուատ ներբողի սմին իսկ նաւակատեաց մեծի աւուր տօնի գովեստի սուրբ տնօրինականացն Քրիստոսի սրբեալ տեղեացն Երուսաղէմի» գործերը։ Ժամանակին Գրիգոր Է Անավարզեցու ներբողները մի քանի շարականագիրների անունների նույնության պատճառով վերագրվել են Գրիգոր Գ Պահլավունուն։

Հորինել է բազմաթիվ շարականներ։ Հայ շարականագրության մեջ միայն Ներսես Շնորհալին և Գրիգոր Է Անավարզեցին են արժանացել Երգեցող պատվանվանը, որ տրվում էր երաժշտության մեջ երևելի հաջողությունների համար։ Ցուցակագրված երեսուներեք կանոն շարականից միայն 16-ն է պահպանվել, մեկ Մանկունք (Հիման յառաքեալսն) և երեք Մեծացուսցէ։ Գրել է նաև «Թուղթ առ Իննովկենտիոս Ը պապ», «Գանձ Պետրոսի», «Նուագ առ սրբազնութիւն ամենասրբոյ մարմնոյ և արեան Տեառն» և այլ երկասիրություններ։ Կաթողիկոսական գահին Գրիգոր Է Անավարզեցուն հաջորդել է Կոնստանդին Գ Կեսարացին։

  • «Յայսմաւուրք ըստ կարգի ընտրելագոյն օրինակի յայսմաւուրաց Տէր Իսրայէլի (իրականում՝ Գրիգոր Է Անաւարզեցի), Յօրթագիւղ, 1834։
  • Ս. Ամատունի, Հին և նոր պարականոն կամ անվաւեր շարականներ, Վաղարշապատ, 1911։
  • «Շարական», կազմ. Վ. Ներսիսյան, Գ. Մադոյան, Անթիլիաս-Լիբանան, 2007։

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Ալիշան Ղ., Սիսուան և Լեւոն Մեծագործ, Վենետիկ, 1885։ Նույնի՝ «Հայապատում», հատ. Ա, Վենետիկ, 1901։
  • Անապատական, Համառօտ պատմութիւն հայ-լատին յարաբերութեանց սկիզբէն մինչև 1382, Անթիլիաս, 1981։
  • Օրմանյան Մ., Ազգապատում, հատ. Բ, Ս. Էջմիածին, 2001։
  • Մադոյեան Գ., Գրիգոր Անաւարզեցին շարականագիր, Երևան, 2001։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]


Նախորդող՝
Ստեփանոս Դ Հռոմկլայեցի
Կաթողիկոս
1293–1307
Հաջորդող՝
Կոնստանդին Գ Կեսարացի
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 215