Jump to content

Հայերը Եթովպիայում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Հայերն Ադիս Աբեբայումից)
Եթովպահայեր
Եթովպիայի դրոշը
Ընդհանուր քանակ

2.000

Բնակեցում
Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ 1.000
Եգիպտոս Եգիպտոս 500
Հայաստան Հայաստան 200
Սուդան Սուդան 200
Եթովպիա Եթովպիա 100
Լեզու(ներ)
Հայերեն, ամհարերեն
Հավատք(ներ)
Հայ Առաքելական եկեղեցի
Ադիս Աբեբայի հայկական դպրոցի սաները 1918 թ., ուսուցիչներ` Մառի և Վաղինակ Բեքարյաններ

Հայ-եթովպական վաղեմի հարաբերությունների մասին վկայում է Մովսես Խորենացու գրի առած մի ավանդություն, որի համաձայն, ասորեստանցիների Պրիամոս թագավորին ուղարկած օգնական զորքի մեջ եղել է նաև հայազգի զորավար Զարմայրը եթովպական զորքով։ Հայ-եթովպական կապերը սերտացել են 451 թվականի Քաղկեդոնի տիեզերական ժողովից հետո, երբ եթովպացիները, ասորիները, ղպտիները և հայերը համատեղ մերժել են բյուզանդական եկեղեցու պահանջները։

Պատմական ակնարկ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Եթովպիայի հայ համայնքը կազմավորվել է 7-րդ դարում, երբ արաբները, նվաճելով Սիրիան, Պաղեստինն ու Եգիպտոսը, սկսել են հալածել տեղի քրիստոնյաներին, և մեծ թվով հայեր գաղթել ու ապաստանել են մերձակա քրիստոնյա երկրում՝ Եթովպիայում, և ներկայիս Դեսսիե քաղաքի մոտ կառուցել են Սբ. Ստեփանոս եկեղեցին։ Հայերի հիմնած բնակավայրը հաբեշ մատենագրության մեջ հիշատակվում է «Հայկական կղզի» անունով (այստեղ է իր կրթությունն ստացել Եթովպիայի մեծ լուսավորիչ և բարեփոխիչ Եվսաաթեոսը)։ Համայնքում բնակություն են հաստատել 12-րդ դարում Եգիպտոսից և 14-րդ դարի վերջին՝ Կիլիկիայի հայկական թագավորության անկումից հետո, գաղթած հայերը։ Եթովպահայ համայնքը ստվարացել է 19-րդ դարի վերջերին, երբ 1894—1896 թվականների կոտորածների հետևանքով բազմաթիվ հայեր Կիլիկիայից գաղթել են Եթովպիա։

Հայերը Եթովպիայի տնտեսությունում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Նորագաղթ հայերի մեծ մասը արհեստավորներ (ոսկերիչներ, զինագործներ, երկաթագործներ) ու գյուղացիներ էին, որոնց գալով փոխվեց համայնքի սոցիալական կազմը (մինչ այդ գերակշռում էին առևտրականներն ու պետական ծառայողները)։ Կային նաև ճարտարապետներ, դեղագործներ, մեքենագետներ։ Թեև վաճառականները մեծ թիվ չեն կազմել, բայց որոշ դեր են խաղացել երկրի տնտեսական կյանքում, հատկապես արտաքին առևտրի ասպարեզում։

19-րդ դարի վերջին և 20-րդ դարի սկզբին Եթովպիայում գործել են հայկական 10 առևտրական տներ, որոնք իրենց մասնաճյուղերն ունեին Ասիայի և Եվրոպայի մի շարք երկրներում։ Հայ առևտրականները Եթովպիա են ներմուծել երկաթեղեն, զենք ու զինամթերք, մետաքս, կապար, բամբակեղեն, ներկեր, մեքենաներ, գործիքներ, արտահանել՝ մորթի, սուրճ և այլն։ Հայերը իրենց գործունեությամբ կարևոր դեր էին խաղում հասարակական քաղաքական կյանքում։ Հայտնի են Մատթևոս անունով հոգևորական դիվանագետը, որը 1513 թվականին հատուկ առաքելությամբ ուղարկվել Է Պորտուգալիա, Մուրադ Հալեպցին՝ Եթովպիայի թագավորի դեսպանն ու առևտրական ներկայացուցիչը Հնդկաստանում 17-րդ դար։ Եթովպիայի մասին առաջին գիտական աշխարհացույցը, որտեղ մեծ ճշգրտությամբ տրված են երկրի տեղագրությունը, լեռների, դաշտերի, գետերի, քաղաքների նկարագրությունն ու չափագրությունը, կազմել է 17 - 18-րդ դարերի հայ տոմարագետ, թվաբանագետ, ճանապարհորդ Ավետիք Բաղդասարյանը։ 18-րդ դարի 60 - 70-ական թվականներին պետական գանձապահ էր Սեֆել անունով մի հայ, իսկ նրա մահից հետո՝ Հովհաննես Թովմաշյանը, ապա նրա որդի Պողոսը։ Քսան տարուց ավելի երկրի գլխավոր ճարտարապետն է եղել Գրիգոր Հովյանը 19-րդ դար, ճանաչված ճարտարապետ էր Մինաս Սերպիկյանը, Մենելիք կայսեր բժշկապետն էր Պողոս Մարգարյանը, ոսկերչապետը՝ Տիգրան Հեպհյանը։ Հայլե Սելասիե կայսեր օրոք արքունի փողերանոցի պետն էր Միքայել Թոփչյսւնը, ֆինանսական գործերի կառավարիչը՝ Աբրահամ Քորհաճյանը, արքունի դեղագործ՝ Արշակ Թերզյանը, արքունի նվագախմբի ղեկավար Գ. Նալբանդյանը՝ Եթովպիայի պետական հիմնի երաժշտության հեղինակը։ Օտար և ներքին թշնամիների դեմ եթովպական ժողովրդի մղած պայքարի պատմության մեջ նշանակալից տեղ ունի Սարգիս Թերզյանը (Եթովպիա է եկել 1882 թվականին), որը վարել է զինվորական և վարչական բարձր պաշտոններ, գլխավորել Լոնդոն, Բեռլին, Վիեննա, Հռոմ, Բրյուսել, Վաշինգտոն ուղարկված եթովպական դիվանագիտական խմբերը։ Նա առաջինն է կազմակերպել ավտոմեքենաների ներմուծումը Եթովպիա, ձեռնարկել Ջիբութի - Ադիս Աբեբա երկաթուղու կառուցումը, եթովպական բանակը սպառազինել ժամանակակից զենքով։

Հայերը իտալական ներխուժման և պատերազմի տարիներին

[խմբագրել | խմբագրել կոդը]

Եթովպիայի հայերի նվիրվածությունը լավագույնս դրսևորվեց 1935 թվականին։ Իտալական ֆաշիզմի դեմ եթովպական ժողովրդի ազգային-ազատագրական պատերազմի ժամանակ, երբ կազմակերպվեց Եթովպիայի սուվերենությունն ու առաջադիմությունը պաշտպանող «Հայ համայնքի միությունը», որի նպատակն էր կամավորներով և այլ միջոցներով օգնել եթովպական ժողովրդին։ Պատերազմում աչքի ընկան հայ կամավորներ Բաբկեն Սեֆերյանը, Ստեփան Փափազյանը, Գեհերյանը և ուրիշներ։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ եթովպահայերը մասնակցեցին «Սասունցի Դավիթ» տանկային շարասյան համար հանգանակությանը։

Մշակութային կյանք

[խմբագրել | խմբագրել կոդը]

1950-ական թվականներին եթովպահայերի թիվը հասավ 1000-ի։ Հիմնականում բնակվում Էին Ադիս Աբեբայում, ինչպես նաև Դիրեդաուա և Հարեր քաղաքներում։ 1920-ական թվականներից գործում Է «Եթովպահայ գաղութային ժողովը», որը համայնքի ղեկավար մարմինն է և ընտրվում Է 4 տարին մեկ։ Համայնքում գործում են ՀԲԸՄ Եթովպիայի մասնաճյուղը (1908), Եկեղեցասեր տիկնանց միությունը (1965), Բարեսեր տիկնանց միությունը, «Արարատ» մարզական միությունը (1943), «Արարատ» երգի-պարի խումբը (ղեկ. Տիգրան և Շնորհիկ Որբերյաններ) «Մուրադյան» երգչախումբը (ղեկավար Ներսես Նալբանդյան). «Հայ բեմ» թատերախումբը։ Եթովպիայում հայկ. առաջին դպրոցը՝ Ազգային Արարատյան Վարժարանը (հիմնել են Վաղինակ և Մառի Բեքարյանները)[1], բացվել Է 1918 թվականին, մինչ այդ՝ 1915 թվականից գործել է Օվսաննա ճեռահյանի «Ծաղկոցը»` 20 աշակերտով, այնուհետև 1932 թվականին ընդարձակվել և վերանվանվել է Ազգային Գևորգով վարժարան։ Լույս են տեսել «Նոր ծաղիկ» (1932) և «Փյունիկ» (1958—62) պարբերականները։ Եթովպահայ թեմը Էջմիածնական է, գործող սուրբ Գևորգ եկեղեցին կառուցվել է 1934 թվականին։ Հեղաշրջումից հետո ծայր առած արտագաղթի հետևանքով Եթովպիայում հայերի թիվը նվազել է (800 հոգի՝ 1977 թվականին)։ Եթովպահայ համայնքը մշտապես սերտ կապեր է պահպանել Խորհրդային Հայաստանի հետ։ 1960-1970 թվականներին շատ եթովպահայեր բարձրագույն կրթություն են ստացել Հայաստանում։ Վերջին շրջանում եթովպահայ գաղութը նվազել է, ներկայումս մնացել է 100 հայ, որոնք բնակվում են միայն Ադիս Աբեբայում։ Երկրի մայրաքաղաքում գործել են հայկական մշակութային միություններ, երաժշտական և թատերական խմբեր, ազգային վարժարան։ Գործում է Սուրբ Գևորգ եկեղեցին։ Մայրաքաղաքի ամենահայտնի և ամենախոշոր գորգերի խանութը պատկանում է հայի։

Եթովպիայի հայկական եկեղեցիներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Սուրբ Գևորգ եկեղեցի, Ադիս Աբեբա
  • Սուրբ Աստվածածին եկեղեցի, Ադիս Աբեբա
  • Սուրբ Ստեփանոս վանք, Դեսիե
  • Սուրբ Մինաս եկեղեցի, Դիրե Դավա

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։