Ծովագյուղ
Գյուղ | |||
---|---|---|---|
Ծովագյուղ | |||
Ծովագյուղի համայնապատկերը | |||
Երկիր | Հայաստան | ||
Մարզ | Գեղարքունիքի մարզ | ||
Համայնք | Գեղարքունիքի մարզ, Նոր Բայազետի գավառ և Սևանի շրջան | ||
Մակերես | 3 կմ² | ||
ԲԾՄ | 2023 մ | ||
Պաշտոնական լեզու | Հայերեն | ||
Բնակչություն | ▼3943 մարդ (2011)[1] | ||
Ազգային կազմ | Հայեր | ||
Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի | ||
Ժամային գոտի | UTC+4 | ||
| |||
Ծովագյուղ, գյուղ Հայաստանի Գեղարքունիքի մարզի Սևան համայնքում[2]։
Ծովագյուղ (մինչև 1935 թ. Չիբուխլու) գյուղը գտնվում է Սևանա լճի ափին՝ Սևան քաղաքից 10 կմ հյուսիս-արևմուտք։ Ծովագյուղում և շրջակայքում պահպանվել են Քառատափ գյուղատեղին, եկեղեցի, ամրոցի ավերակներ (Ք․ա․ առաջին հազարամյակ), գերեզմանոցներ, խաչքարեր։ Գյուղում վերաբնակվել են Բայազետի Արծափ գյուղից եկածները՝ 1830 թ։ Գյուղն ունի 4030 բնակիչ։ Տղամարդիկ կազմում են բնակչության 49 տոկոսը։ Համայնքի վարչական տարածքը՝ 5374 հա։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ըստ Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքների՝ Ծովագյուղի մշտական բնակչությունը կազմել է 3943, առկա բնակչությունը՝ 3624 մարդ[3]։ Գյուղը բնակեցված է հայերով, որոնց նախնիները 1830 թ. եկել են Բայազետի Արծափ գյուղից[4]։ Ծովագյուղի ներկայիս բնակչությունը 2024թ տվայլներով 4030 մարդ է: Ծ[5]ովագյուղի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում՝ ստորև.
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծովագյուղը մինչև 1935 թվականը կոչվել է Չիբուխլու, որը Ճիպոտիկ կամ Ճապոտիկ անվան թուրքական արտահայտություն էր՝ սկսած 17-րդ դարի վերջերից։ Գյուղը մշտական կապերի մեջ է եղել Սևանա վանքի հետ։
Վերաբնակեցված գյուղի առաջին տանուտերը Մանուկ Տեր-Անդրեասյանն էր։ Վերաբնակիչների մեջ մեծ թիվ էին կազմում արհեստավորները։ Տեղավորվելով հայկական հինավուրց գյուղի ավերակներում՝ վերաբնակիչները հենց առաջին տարում կատարեցին ցորենի, գարու, վուշի, կտավատի ցանք, մշակեցին ծխախոտ։ Սևանի շրջանի մյուս գյուղերի համեմատությամբ Չիբուխլուի բնակիչներն իրենց հետ բերել էին ավելի շատ ոչխար, մոտ 1000 գլուխ խոշոր եղջերավոր անասուն և 110 ձի։ Նրանք վերակառուցեցին չորս ջրաղաց և երկու ձիթհան, մշակելի դարձրին ընդարձակ խոտհարքներ, օգտվում էին անտառի բարիքներից և Ձկնագետի ու Սևանա լճի ձկան առատ որսից։
1873 թվականի տվյալներով գյուղում կար 114 ծուխ՝ 1112 բնակիչներով, որոնցից 554-ը՝ տղամարդ։ Գյուղի տանուտերը Սեմյոն Վարդանյանն էր, որն ուներ երեք տղա՝ Մանուկը, Թադևոսը և Սմբատը։
1921 թվականի սկզբին կազմակերպվեց գյուղխորհուրդ։ Տարիների ընթացքում իրենց գործունեությամբ աչքի են ընկել գյուղխորհուրդի նախագահներ Ստեփան Մանուչարյանը, Հմայակ Նավասարդյանը, Անուշավան Բադալյանը, Գուրգեն Սարգսյանը, Ռադիկ Աբրահամյանը։ 1996 թվականին գյուղի համայնքի ղեկավար է ընտրվել գյուղատնտես Թեմուր Սարգսյանը։
1923 թվականին գյուղում գործում էր առաջին բատրակկեմը, որի ղեկավարն էր Վիրաբ Բաղդասարյանը։
Կոլտնտեսությունը ստեղծվել է 1929 թվականին, խորհտնտեսության է վերածվել 1964 թվականին։ Կոլտնտեսության ղեկավարներից էին Ասատուր Հակոբյանը, Արսաբեկ Անդրիկյանը, Զալիբեկ Գալանյանը, Հովհաննես Զանդյանը, Հմայակ Նավասարդյանը, Թորգոմ Պողոսյանը, Արտուշ Ֆերոյանը։ Դա Հայաստանում կազմակերպված առաջին անասնապահական տնտեսություններինց էր, որը զբաղվում էր նաև հացահատիկի, կերային կուլտուրաների, կարտոֆիլի, կաղամբի մշակությամբ։
Ծովագյուղցիների մասնակցությունը Հայրենական պատերազմին
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայրենական պատերազմին մասնակցել է 784 ծովագյուղցի։ Նրանցից 202-ը զոհվել են ռազմի դաշտում, իսկ 29-ը մնացել անհետ կորած։ Ճարտարապետ Շավարշ Մանուկյանը 1938 թվականին զորակոչվել է բանակ, ծառայել նախ Կալինում, ապա լատվիական Ռեժիցա քաղաքներում։ Նա զոհվել է առաջին մարտերից մեկում։
Պատերազմին մասնակցել են Բալաբեկ Սանեյանը և նրա որդիներ Սոկրատն ու Հրանտը։ Բալաբեկն ու Սոկրատը զոհվել են Կովկասի համար մղված մարտերում, իսկ Հրանտը՝ Ուկրաինայում։ Քաջ կռվողներից էր սերժանտ Սուրեն Թովմասյանը։ Նա հերոսական 89-րդ Թամանյան դիվիզիայի կազմում Կովկասից հասել է Բեռլին։
Կոլտնտեսության առաջին գյուղատնտես Ավետիք Հակոբյանը մեկնել է բանակ, դարձել տանկիստ և քաջի մահով ընկել է մարտադաշտում։ Քաջաբար կռվել և զոհվել է դասակի հրամանատար Համազասպ Պողոսյանը։
Դպրոց
[խմբագրել | խմբագրել կոդը]Գյուղի առաջին դպրոցը հիմնադրվել է 1902 թվականին՝ չիբուխլեցի Խաչատուր Տեր-Միանասյանի ջանքերով։ Երկսեռ, եռամյա ծխական դպրոցը հիմնականում պահպանվում էր հայ եկեղեցու ծախսերով։ Աշակերտների թիվը մշտապես տատանվել է։ 1912 թվականին սովորում էր 104 աշակերտ, որից 10-ը աղջիկ, դպրոցը զբաղեցնում էր երկու սենյակ։ 1914 թվականին սովորողների թիվը դարձել է 55, որրց՝ 5-ը աղջիկ։ Գյուղի դպրոցի առաջին շենքը կառուցվել է 1930 թվականին, երկրորդը՝ 1937 թվականին, իսկ վերջին շենքը՝ 1937 թվականին։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքները (հայ.)
- ↑ Գեղարքունիքի մարզի համայնքների մասին տեղեկություններ մարզպետարանի կայքում, (արխիվացված 12․08․2023 թվականին)։
- ↑ 2011 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 2, էջ 860
- ↑ «Ծովագյուղ». Վիքիպեդիա. 2024-11-21.
- ↑ 6,0 6,1 6,2 6,3 6,4 6,5 6,6 6,7 6,8 Հայաստանի բնակավայրերի բառարան (հայ.) — Երևան: 2008. — էջ 102. — 184 p.
- ↑ Կորկոտյան Զ. Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931) (հայ.) — Երևան: 1932. — 185 p.
|