Jump to content

Սելջուկյան սուլթանություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սելջուկյան սուլթանություն
Büyük Selçuklu İmparatorluğu
 Ղազնևիների պետություն
 Բուիների սուլթանություն
 Սալարիների ամիրայություն
 Բյուզանդական կայսրություն
 Բագրատունիների թագավորություն
1037 - 1194 Ղուրիների սուլթանություն 
Խորեզմշահերի պետություն 
Իկոնիայի սուլթանություն 
Այյուբյան սուլթանություն 
Զանգիների ամիրայություն 
Դանեշմանդի ամիրայություն 
Քարտեզ


(11-րդ դարի վերջ)

Ընդհանուր տեղեկանք
Մայրաքաղաք Նիշապուր (1037-1043)
Ռեյ (1043-1051)
Սպահան (1051-1118)
Համադան (արմ.) (1118-1194)
Մերվ(արլ.) (1118-1153)
Լեզու արաբերեն
պարսկերեն
Ազգություն պարսիկներ, թյուրքեր, հայեր, հույներ, ասորիներ, վրացիներ
Կրոն Իսլամ
Իշխանություն
Պետական կարգ միապետություն
Պետության գլուխ սուլթանություն
Օրենսդրություն Սելջուկյաններ
Պատմություն
- 1055 Տուղրիլ բեկի թագադրումը որպես սուլթան
- 1071 Մանազկերտի ճակատամարտ
- 1077 Իկոնիայի սուլթանության հիմնում
- 1098 Խաչակրաց առաջին արշավանք
- 1118 Կայսրության տրոհում
- 1171 Այյուբյան սուլթանության կազմավորում

Սելջուկյան սուլթանություն (Թուրքերեն։ Büyük Selçuklu İmparatorluğu) 'կամ Սելջուկյան կայսրություն, միջնադարյան պետություն Մերձավոր Արևելքում 1037-1194 թվականներին։ Հիմնադրել է Ռուքն ալ-Դին Տուղրիլ բեկ իբն Սելջուկը 1037 թվականին։ Երկիրը կառավարել է Սելջուկյանների թյուրք-օղուզական տոհմը[1][2]։ Տարածքը կազմել է առավելագույնը 3 900 000 քառ. կմ՝ Ալփ-Արսլան սուլթանի (1063-1072) և նրա որդի Մալիքշահի օրոք (1072-1092)։

Առաջին շրջանում մայրաքաղաքն էր Նիշապուրը, ապա Ռեյը։ 1051 թվականին, երբ իսլամի հոգևոր առաջնորդ, Բաղդադի խալիֆ ալ-Կաիմը (1031-1075) ճանաչոււմ է Տուղրիլ բեկի իրավունքները որպես «արևելքի ու արևմուտքի տիրակալ», նա մայրաքաղաքը տեղափոխում է իրանական մշակութային, քաղաքական ու տնտեսական նշանավոր կենտրոն Սպահան։ Հզորության շրջանում, երբ անկում էին ապրում Բյուզանդական կայսրությունը և Արաբական խալիֆայությունը, ներառել է Միջին Ասիայի տափաստաններից մինչև Միջերկրական ծով ընկած Իրանը, Հայկական լեռնաշխարհը ու Բարեբեր մահիկի մի շարք երկրներ։

12-րդ դարում խաչակրաց արշավանքների, ինչպես նաև՝ Վրաց թագավորության ու Բյուզանդական կայսրության հարվածների պատճառով սուլթանությունը սկսում է թուլանալ։ Երկրում սկսվում են գահակալական կռիվներ, և այն 1118 թվականին բաժանվում է երկու խոշոր և մի քանի մանր պետությունների։ Միջագետքում ու Իրանում ձևավորվում է արևմտյան մասը՝ Համադան մայրաքաղաքով, իսկ Միջին Ասիայի, Աֆղանստանի ու Խորասանի տարածքներում ձևավորվում է արևելյան պետությունը՝ Մերվ մայրաքաղաքով։ Ձևավորված փոքր պետություններից առավել նշանավոր էր Իկոնիայի սուլթանությունը, որը, բյուզանդական (արևելահռոմեական) տարածքներում ձևավորված լինելու պատճառով կոչվում էր նաև «Ռումի սուլթանություն»։

Սելջուկյան սուլթանությունը իսլամադավան Արևելքի հզորագույն պետությունն էր, որն իր դրոշի ներքո համախմբել էր թուլացած Արաբական խալիֆայության արևելյան հատվածի բոլոր նախկին ենթակա երկրները։

11-րդ դարում սելջուկ-թյուրքերը ապրում էին Չինաստանից հյուսիս ընկած տարածքներում և Միջին Ասիայում։ Նրանք զբաղվում էին քոչվորական անասնապահությամբ և տեղից տեղ էին շարժվում իրենց ընտանիքների ու հոտերի հետ միասին։ Նույն դարում նրանք միավորվեցին Սելջուկի շուրջ և սկսեցին արշավանքներ կազմակերպել դեպի արևմուտք՝ Առաջավոր Ասիա։ Այսպես կտրել անցնելով երկար տարածություն թյուրքական հորդաները լցվեցին արևմուտք, շնորհիվ Աբբասյան խալիֆայության թուլացման։

Իրանի կողմից դարպասները բաց էին, արաբները հեռացել էին, Բյուզանդիան զավթել էր հայկական թագավորություններն ու ինքն էլ թուլացել էր և թյուրքերի առաջ ճանապարհները բաց էին։ Առաջավոր Ասիա մտած առաջին վաչկատունները օղուզներ էին, որոնք հետախուզության ու ավարառության նպատակով ներխուժեցին ժամանակի ծաղկող թագավորությունների տիրույթները։

Դանդանականի ճակատամարտ
Թուրքեստանից եկան բազմաթիվ զորքեր, որոնց երիվարները սրընթաց էին արծիվների պես. նրանց սմբակներն ամուր էին ինչպես ապառաժ։ Նրանք սաստիկ սպառազինված էին. աղեղները լարված, նետերը միշտ սուր. երբեք չարձակեցին իրենց կոշիկների կապերը։ Հասնելով Վասպուրական գավառը՝ քաղցած ու անհագուրդ գայլերի նման հարձակվեցին քրիստոնյաների վրա...
Նրանք ունեին արյունարբու գազանների բնություն, սարսափելի էին իրենց տեսքով, որովհետև նրանց դեմքերի կերպարանքը տեսնողներին զարհուրեցնում էր և ահաբեկում

1040 թվականին Դանդանականի ճակատամարտում հաղթանակ տանելով՝ սելջուկ-թյուրքերը սկսեցին Իրանական բարձրավանդակի նվաճումը։

Մալիք Շահ I (1072-1092)

1040-1055 թվականներին սելջուկները զավթում են Խորասանը, Խորեզմը, Արևմտյան Իրանը և Միջագետքը։ 1055 թվականին սելջուկները գրավում են Բաղդադը։ Աբբասյան խալիֆ ալ-Կաիմը (1031-1075) ճանաչոււմ է սելջուկների առաջնորդ Տուղրիլ բեկի իրավունքները որպես «արևելքի ու արևմուտքի տիրակալ»։ Մինչ այդ, վերոհիշյալ տարածքները կազմում էին Արաբական խալիֆայության մասը։ Սուլթանը դառնում է խալիֆի տեղակալը և աշխարհիկ ղեկավարը, իսկ խալիֆը դառնում է միայն հոգևոր առաջնորդ։

Ալփ-Արսլանի (1063-1072) և Մելիք շահ I-ի (1072-1092) օրոք սելջուկները նվաճողական պատերազմներ են մղում Բյուզանդական կայսրության դեմ, որի արդյունքում գրավում են Հայկական լեռնաշխարհը, Փոքր Ասիան և Սիրիան (Ասորքը)։ Սելջուկ-թյուրքերի արշավանքները Հայաստան տեղի են ունենում 11-րդ դարի կեսին։

1071 թվականին տեղի է ունենում Մանազկերտի ճակատամարտը, որտեղ Բյուզանդական կայսր Ռոմանոս IV Դիոգենեսը գերի է ընկնում։ Դրանով Փոքր Ասիան և Հայկական լեռնաշխարհը մտնում են Սելջուկյան սուլթանության մեջ։ Նրանց գերագահությունն ընդունեցին Վրաց թագավորությունը և նախկին Բագրատունիների թագավորության մաս կազմող Վանանդը, Սյունիքը, Խաչենն և Տաշիր-Ձորագետը։

1077 թվականին կայսրության արևմտյան հատվածում ձևավորվոմ է Փոքր Ասիայի կամ Ռումի սուլթանությունը, որը մայրաքաղաք Իկոնիայի անունով հաճախ կոչվում էր Իկոնիայի սուլթանություն (1077-1307)։ Մինչ այդ անկախ սուլթանություն էր ստեղծվել Սիրիայի տարածքում (1074-1117)։ 1092 թվականին՝ սելջուկյան սուլթան Մալիքշահ I-ի մահից հետո սելջուկյան սուլթանությունը սկսում է թուլանալ։ Նրա դեմ արշավանքի կոչով հանդես է գալիս Հռոմեական կաթոլիկ եկեղեցին՝ պապականության գլխավորությամբ։ Պատրվակը Երուսաղեմն «անհավատներից» ազատագրելն էր։

1097 թվականին Ֆրանսիայից, Անգլիայից ու Սրբազան Հռոմեական կայսրությունից մեծ թվաքանակով զինվորներ արշավում են Արևելք՝ Հիսուս Քրիստոսի գերեզմանն ազատագրելու պատրվակով։ Այդպես սկսում է խաչակրաց առաջին արշավանքը։ Արդյունքում ստեղծվում են քրիստոնեական նոր պետություններ՝ Եդեսիայի կոմսությունը, Անտիոքի դքսությունը, Երուսաղեմի թագավորությունն ու Տրիպոլիի կոմսությունը։

Մի քանի տարուց սելջուկյան սուլթանությունը տրոհվում է երկու հատվածի, իսկ ավելի ուշ կործանվում է՝ իր տեղը զիջելով թյուրքալեզու այլ պետությունների։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Diana Darke "Eastern Turkey". էջ 97
  2. Jonathan Osmond, ‎Ausma Cimdin̦a "Power and Culture: Identity, Ideology, Representation" էջ 62-63