Նոճիով ցորենի արտ (նկար)
![]() | |
տեսակ | նկարների շարք |
նկարիչ | Վինսենթ վան Գոգ |
տարի | 1889 |
բարձրություն | 72 սանտիմետր |
լայնություն | 91 սանտիմետր |
ժանր | բնանկար |
նյութ | յուղաներկ |
գտնվում է | Մետրոպոլիտեն թանգարան |
հավաքածու | Լոնդոնի ազգային պատկերասրահ |
հատվածն է | Wheat Field with Cypresses?, A Wheatfield, with Cypresses? և Wheatfield with Cypresses? |
Wheat Field with Cypresses by Vincent van Gogh Վիքիպահեստում |
«Նոճիով ցորենի արտ» (հոլ.՝ Korenveld met cipressen), հոլանդացի նկարիչ, պոստիմպրեսիոնիզմի և Էքսպրեսիոնիզմի կարկառուն ներկայացուցիչ, հռչակավոր գեղանկարիչ, Վինսենթ վան Գոգի նկարը: Հեղինակը կտավը վրձնել է 1889 թվականին: Յուղաներկով կտավի չափերն են՝ 73 × 93.4 սմ[1]: Գոգը կտավը վրձնել է Սեն Ռեմի դը Պրովանսի Սեն Պոլ դը Մոզոլ հոգեբուժարանում՝ երեք տարբերակից:
Այսօր «Նոճիով ցորենի արտ» ստեղծագործությունը պահպանվում և ցուցադրվում է Մետրոպոլիտեն թանգարանում (Նյու Յորք, ԱՄՆ):
Նկարագիր[խմբագրել | խմբագրել կոդը]
«Նոճիով ցորենի արտ» ստեղծագործությունում Վինսենթ վան Գոգը պատկերել է հասած ցորենի արտ և վեր սլացող պրովանսյան նոճի ու ձիթապտղի ծառեր: Հորիզոնին երևում են նախալեռներ և ամպի պտույտներ: Կտավի առաջին տարբերակը (F717) հեղինակը նկարել է 1889 թվականի հուլիսի սկզբին՝ «Աստղալից գիշեր» կտավից հետո, երբ գտնվում էր հոգեկան անկայուն վիճակում: Ամենայն հավանականությամբ Գոգը այս կտավը նկարել է պլեների ժամանակ, երբ նրան թույլատրում էին լքել հոգեբուժարանի տարածքը: Հետագայում Վինսենթն այս նկարը համարում էր ամառային լավագույն նկարներից մեկը: Իր եղբորը՝ Թեոյին ուղարկված նամակում, 1889 թվականի հուլիսի 2-ին Վան Գոգը գրում է. «Ես կտավ ունեմ նոճիով, ցորենի հասկերով և երկնագույն երկնքի տակ գտնվող կակաչներով: Կտավը նման է շոտլանդական թարթանի. ես այն նկարել եմ թանձր իմպաստոյով, ինչպես Մոնտիչելլին, ցորենի արտը նույնպես թանձր է, որպեսզի ցույց տամ ուժեղ տապը»:
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Վան Գոգը ստիպված ընդմիջում է կատարում և դադարում է նկարելուց՝ հոգեկան խիստ անկայունության պատճառով, որը տեղի ունեցավ հուլիսի վերջից մինչև օգոստոսի սկիզբը: Սակայն, մեկ ամիս անց, նա կրկին վերադարձավ իր «Ցորենի արտին»: Հեղինակը ևս երկու կրկնօրինակ է ստեղծում, որից մեկն այսօր պահպանվում է Ամստերդամում՝ Վան Գոգի թանգարանում: Դրանցից մեկը (F615) գրեթե նույն չափի է, ինչ բնօրինակը, իսկ մյուսն (F743) ավելի փոքր: Առաջին տարբերակը, հնարավոր է, արվել է մեկ սեանսով՝ դեղինի և շագանակագույնի երանգների ավելացմամբ: Վան Գոգն ընդհանուր կոմպոզիցիան նկարել է ածուխով, որից հետո յուղաներկի բարակ շերտով ներկել է նոճին և երկինքը, իսկ հետո հաստ շերտով ցորյանի արտն ու երկինքը՝ իմպաստոյի տեխնոլոգիայով[2]: Ամպերը նկարելու համար հեղինակն օգտագործել է փայլուն սպիտակ ցինկի օքսիդ՝ կապարային սպիտականերկի փոխարեն, չնայած ցինկի օքսիդի վատ չորացմանը: Գունապնակի մյուս երանգներից Գոգն օգտագործել է կոբալտի կապույտ (կոբալտի ալյումինատ) երկնքի համար, քրոմ-դեղին ցորենի արտի համար, զմրուխտագույն և երկնագույնաթույր Գինեի կանաչաներկ թփուտների և նոճու համար, կակաչների համար՝ կինովար, ինչպես նաև սինթետիկ ուլտրամարին[3]:
Սեպտեմբեր ամսին հեղինակը «Նոճիով ցորենի արտի» հուլիսյան և սեպտեմբերյան տարբերակներն ուղարկում է Փարիզ, եղբորը: Երրորդ տարբերակը նվիրում է մորը և քրոջը: Թեոյի այրին հուլիսյան տարբերակը վաճառում է նկարիչ Էմիլ Շուֆֆենեկերին՝ 1900 թվականին: Կոլեկցիոներներ Ալեքսանդր Բերտիեի և Պաուլ Կասիրերի ձեռքով անցնելով՝ 1909 թվականի նոյեմբերին կտավը հայտնվում է լուսանկարիչ Էժեն Դրյուեի պատկերասրահում, որտեղ առաջին անգամ ցուցադրության է ներկայացվում: 1910 թվականին կտավը գնում է բեռլինցի բանկիր Ֆրանց ֆոն Մենդելսոնը, որի ընտանիքում կտավը մնում է մինչև 1952 թվականը, մինչև Ցյուրիխում այն չի գնում զինագործ-արդյունաբերող Էմիլ Բուրլեն: 1993 թվականին վերջինիս որդին՝ Դիթեր Բուրլեն կտավը վաճառում է Նյու Յորքի Մետրոպոլիտեն թանգարանին՝ 57 միլիոն դոլարով:
Սեպտեմբերյան տարբերակը գնվել է Կուրտոյի ֆոնդի կողմից 1923 թվականին. այն այսօր պահպանվում է Լոնդոնի ազգային պատկերասրահում: Փոքր տարբերակը Սոթբիս աճուրդի տանը վաճառվել է 1970 թվականին, իսկ հետո, ԱՄՆ-ում՝ 1987 թվականին. այսօր այն գտնվում է մասնավոր հավաքածուում:
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Կտավի չափերը»
- ↑ Vincent Van Gogh’s A Cornfield, with Cypresses, John Leighton, Anthony Reeve, Ashok Roy and Raymond White, National Gallery Technical Bulletin, 1987, Volume 11, pp 42–59.
- ↑ Vincent van Gogh, A Wheatfield with Cypresses, illustrated pigment analysis at ColourLex
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Страница картины на сайте Лондонской национальной галереи
- Страница картины на сайте Метрополитен-музея
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Նոճիով ցորենի արտ (նկար) կատեգորիայում։ |