Ինքնադիմանկար՝ վիրակապած ականջով
![]() | |
տեսակ | գեղանկար |
նկարիչ | Վինսենթ վան Գոգ |
տարի | 1889 |
բարձրություն | 60 սանտիմետր |
լայնություն | 49 սանտիմետր |
ստեղծման վայր | Առլ |
ժանր | ինքնապատկեր |
նյութ | յուղաներկ և կտավ |
գտնվում է | Քորթոուլդ պատկերասրահ |
հավաքածու | Քորթոուլդ պատկերասրահ |
հիմնական թեմա | Վինսենթ վան Գոգ |
մասն է | Ինքնադիմանկար կտրած ականջով և ծխամորճով |
պատկերված են
| |
կայք | |
Ծանոթագրություններ | |
![]() |
Ինքնադիմանկար՝ վիրակապած ականջով, հոլանդացի նկարիչ Վինսենթ վան Գոգի ինքնադիմանկար։ Նկարը ստեղծվել է 1889 թվականին[1]։
Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ինքնադիմանկարում պատկերված է Վան Գոգը` երկնագույն գլխարկով, կանաչ վերնազգեստով և վիրակապով, որը փակում է ականջը և ձգվում կզակի տակ։ Նկարիչը պատկերված է ավանդական երեք քառորդ դիրքով, իսկ նրա հայացքն ուղղված է կադրից մի փոքր աջ։ Կերպարի հետևում բաց պատուհանն է, որով պետք է օդը ներթափանցի ներս։ Հետին ֆոնում երևում են նաև մոլբերտը` մի քանի ոչ պարզ գրառումներով, ինչպես նաև ճապոնական մի փորագրություն փայտի վրա։ Փորագրությունը նույնացնում են «Գեյշան բնության մեջ» ճապոնական փորագրության հետ, որ տպագրվել է 1870-ական թվականներին։ Դա ցույց է տալիս ճապոնականության ազդեցությունը Վան Գոգի ստեղծագործության վրա. ճապոնական փորագրությունները հանդիպում են նաև նկարչի այլ նկարների ֆոնին[2]։ Նկարը նկարված է իմպաստո ոճով. լուսային էֆեկտն ուժեղացնելու համար կիրառվել են խիտ, գունեղ վրձնահարվածներ, որոնք հիմնականում ուղղահայաց են արված։ Դրա շնորհիվ ստեղծվել է տեքստուրա, որը դուրս է գալիս կտավից` ավելացնելով մակերևույթի հարթությունը։ Մաշկի գույնը կանաչ ու դեղին գույներով է հագեցած։ Նկարչի ականջը փակող վիրակապը մատնանշում է նրա ամենահայտնի կոնֆլիկտը։ Վան Գոգն իր ինքնադիմանկարները նկարելիս կիրառել է հայելի, այդ պատճառով որոշ մարդիկ սխալմամբ ենթադրում են, որ նա աջ ականջի մի մասն է կտրել ձախի փոխարեն[3]։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Վան Գոգը Փարիզից տեղափոխվել է Առլ` հույս ունենալով ստեղծել նկարիչների միություն, որտեղ նկարիչները կսատարեն միմյանց։ Նա հրավիրում է Պոլ Գոգենին` մի նկարչի, ում հետ հետ նա ընկերացել էր Փարիզում։ Սակայն այս զույգն այնքան էլ հաշտ չէր. նկարիչները հաճախ են վիճաբանում, երբեմն` շատ ուժգին։ 1888 թվականի դեկտեմբերի 23-ին վիճաբանության ժամանակ Վան Գոգը նոպայի մեջ է ընկնում, որի ժամանակ Գոգենին սպառնում է ածելիով, սակայն հետո ինքն է տրավմա ստանում` կտրելով ձախ ականջի մի մասը։ Հոգեկան անհավասարակշռության մեջ` նա ականջի կտրած հատվածը տանում է Maison de Tolérance հասարակաց տուն` ցանկանալով նվիրել Ռեյչել անունով մարմնավաճառահուն։ Երբ հաջորդ առավոտ Գոգենը վերադառնում է, տեսնում է, որ տանը ոստիկաններ կան, և ամեն սենյակում արյան հետքեր են։ Վան Գոգը վնասել էր վզի երակը, ինչի հետևանքով շատ արյուն էր կորցրել։ Նրան տարել էին հիվանդանոց, որտեղ նա խոստովանել էր, որ չի հիշում, թե ինչ է կատարվել նոպայի պահին։ Իր ամբողջ կյանքի ընթացքում Վան Գոգը տառապել է նմանատիպ նոպաներից, որոնք երբեմն բնութագրվել են կպչուն մտքերով[2]։
Նկարի ձեռքբերման պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Վան Գոգի մահվան ժամանակ նկարը պատկանել է Ժյուլիեն Տանգիին, չնայած պարզ չէ, թե ինչպես է այն հայտնվել նրա մոտ։ Տանգին 1887 թվականին մի քանի անգամ որպես բնորդ է ծառայել նկարչին։ Նկարը ցուցադրվել է Փարիզում 1901 և 1905 թվականներին` Վան Գոգի նկարների հետահայաց մեծ ցուցադրության ժամանակ։ 1928 թվականին նկարը ձեռք է բերել Սեմյուել Կուրտոն։ Ներկայումս այն գտնվում է Կուրտոյի պատկերասրահում (Լոնդոն, Մեծ Բրիտանիա)[4]։
Որոշ քննադատներ այս նկարը համարում են կրկնօրինակ, սակայն եթե դա ճիշտ լիներ, ապա այն պետք է որ նկարված կլիներ 1890-ական թվականներին, իսկ այդ ժամանակ դա արժեքավոր չէր լինի, քանի որ նկարիչը մահացել էր մի քանի տարի առաջ և իր կենդանության օրոք մեկ-երկու նկար էր միայն վաճառել։ 1889 թվականի հունվարի 17-ին Վինսենթը իր եղբայր Թեոյին գրել է, որ վերջացրել է ևս մեկ ինքնադիմանկար։ Շփոթմունք է առաջանում, թե արդյոք դա եղել է այս նկարը, թե «Ինքնադիմանկար կտրած ականջով և ծխամորճով» նկարը[2]։ Այս նկարներից յուրաքանչյուրում Վան Գոգը պատկերված է նույն հագուստով և նստած է նույն դիրքով, չնայած տարբեր են գունային երանգները, պարագաները և դիրքերը։ «Ինքնադիմանկար կտրած ականջով և ծխամորճով» նկարը ակադեմիական շրջանակներում ավելի լայն ճանաչում ունի որպես Վան Գոգի վրձնին պատկանող նկար։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Jonathan Jones (սեպտեմբերի 9, 2000)։ «Self-Portrait With a Bandaged Ear, Van Gogh (1889)»։ The Guardian (Guardian Media Group)։ Վերցված է փետրվարի 23, 2015
- ↑ 2,0 2,1 2,2 «Masterclass: Vincent van Gogh (1853-1890)»։ Art Review (50)։ 1998
- ↑ «Vincent van Gogh Gallery: Self-Portraits»։ vangoghgallery.com։ Վերցված է հունվարի 26, 2017
- ↑ «Self-portrait with bandaged ear»։ Courtauld Institute of Art։ Վերցված է մայիսի 3, 2016