Jump to content

Սարգիս Ա Սևանցի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սարգիս Ա Սևանցի
Ծնվել էանհայտ[1]
Մահացել է1022[1]
Մասնագիտությունքահանա
Զբաղեցրած պաշտոններԱմենայն Հայոց Կաթողիկոս

Սարգիս Ա Սևանցի (անհայտ[1] - 1022[1], ամփոփվել է Հոռոմոսի վանքում), Ամենայն հայոց կաթողիկոս 992–1019 թվականներին։ Հաջորդել է Խաչիկ Ա Արշարունուն։ Ուսանել է Սևանավանքում։ Շողագավանքի, այնուհետև՝ Սևանավանքի վանահայրն էր։ Սարգիս Ա Սևանցուն կաթողիկոս ընտրվելը տեղի է ունեցել Հայոց թագավոր Գագիկ Ա Բագրատունու հովանավորությամբ։ 992 թվականին կաթողիկոսական աթոռը Արգինայից տեղափոխում է Անի։ 1006 թվականին Սյունյաց Վասակ թագավորի խնդրանքով և Կատրանիդե թագուհու (Գագիկ Ա Բագրատունու կինը, Սյունյաց Վասակ թագավորի դուստրը) միջնորդությամբ Սարգիս Ա Սևանցի վերահաստատել է Սյունիքի եպիսկոպոսության աթոռի նախկին առանձնաշնորհումները։

Մասնակցել է Ատրպատականի ամիրա Մամլանի Հայաստան հարձակման դեմ պայքարին (X դ. վերջ)՝ քաջալերելով ժողովրդին։ Պայքարել է Ապահունիք, Մանանաղի, Հարք գավառներում հզորացող թոնդրակյան շարժման դեմ։ Հայտնի է իր շինարարական գործունեությամբ, 1010 թվականին Անիի Մայր տաճարի հարևանությամբ հիմնել է Սբ. Հռիփսիմյանց վկայարան և Վաղարշապատից այստեղ փոխադրել սրբերի մասունքների մի մասը։ Շարակնոցում նրա գրչին է պատկանում Հանգստյան կարգի «Սարսափելի որոտմամբ» սկզբնատողով, Ահեղ դատաստանի տեսարանները պատկերող Տեր երկնիցը, որը գրված է անվանական ակրոստիքոսի ձևով և հոդում է հեղինակի անունը։

Սարգիս Ա Սևանցին 1019 թվականին ինքնակամ հրաժարվել է կաթողիկոսական աթոռից և իր ձեռքով կաթողիկոս օծել Պետրոս Ա Գետադարձին։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Հայկական սովետական հանրագիտարան, հատոր 10 (հայ.) — հատոր 10. — էջ 216.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 216
Նախորդող՝
Խաչիկ Ա Արշարունի
Կաթողիկոս
992–1019
Հաջորդող՝
Պետրոս Ա Գետադարձ