Jump to content

Ուտի Առանձնակ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Ուտի առանձնակից)
Ուտի Առանձնակ
ԵրկիրՄեծ Հայք Մեծ Հայք
Կարգավիճակգավառ
Մտնում էՈւտիք
ՎարչկենտրոնՊարտավ
Հիմնական լեզուուտիերեն, գրաբար
Ազգային կազմուտիներ, հայեր
Կրոնական կազմԱղվանից եկեղեցի, զրադաշտականություն

Ուտի Առանձնակ, գավառ Մեծ Հայքի Ուտիք նահանգի կազմում[1]՝ համաձայն Աշխարհացույցի։ Վարչական կենտրոնն էր Պարտավ քաղաքը, որը համապատասխանում է ներկայիս Բարդա քաղաքին (Ադրբեջան)։ Բնակավայրերից հիշատակվում է Կաղանկատույքը, ուր ծնվել է հայ պատմագիր Մովսես Կաղանկատվացին։

Գավառի անվանումը կապված է ուտիների հետ, որոնք աղվանական ցեղեր էին և կազմում էին գավառի բնակչության մեծամասնությունը։ Ի տարբերություն հարավային Ուտիքի գավառների՝ այն երբևէ չէր ներառվում Փայտակարանի քարտեզներում, և ի տարբերութուն հյուսիսային գավառների՝ ուներ շատ սակավաքանակ հայ բնակչություն։

Աշխարհագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուտի Առանձնակը եղել է Ուտիքի ութ գավառներից մեկը, հանդիսացել է սահմանային ծայրագավառ։ Հյուսիսում և հյուսիս-արևմուտքում սահմանակցել է Շակաշեն, հարավում՝ Առանռոտ, հարավ-արևմուտքում և արևմուտքում՝ Արցախ նահանգին (Մեծ Կուանք և Կողթ գավառներ), իսկ արևելքում՝ Կուր գետից այն կողմ, Աղվանքն էր։ Տարածքով է անցել երեք ճանապարհ՝ Արցախը Աղվանքին և Փայտակարանին կապող ուղիները։

Տարածքով հոսում էր Կուրակ և Տրտու գետերը, որոնք թափվում էր Կուր։ Ունի հարթավայրային ռելիեֆ։ Կլիման մերձարևադարձային է՝ մեղմ ձմեռներ և շոգ ամառներ։ Հարմար է երկրագործության (այգեգործություն, դաշտավարություն և խաղողագործություն), ինչպես նաև անասնապահության համար։

Գավառի տարածքը համապատասխանում է ներկային Ադրբեջանի Բարդայի շրջանին։

Գավառը Ուտիք նահանգի կազմում եղել է դեռ Երվանդունիների թագավորության ժամանակ՝ համահայկական պետության կազմավորման տարիներին, սակայն Աքեմենյան շրջանում վերածվելով սատրապության՝ երկիրը կորցրել է որոշ ծայրագավառներ։ Հետագայում Ուտի Առանձնակը մտել է Մեծ Հայքի թագավորության մեջ՝ Արտաշես Ա Բարեպաշտի (մ․թ․ա․ 189 - մ․թ․ա․ 160)՝ հայկական հողերի միավորման արդյունքում, մինչև Հայաստանի առաջին բաժանումը (387)՝ ավելի քան կես հազարամյակ։ Տարածքը, Արցախի մի շարք գավառների և ամբողջ Ուտիքի հետ միասին, հաշվի առնելով Ուտիքում հայ բնակչության սակավությունը և աղվանական ցեղերի բազմաքանակությունը, անցել է Աղվանից մարզպանությանը (Սասանյան Պարսկաստան)։ Հայաստանում քրիստոնեության ընդունումից կարճ ժամանակ անց աղվանների արքա Ուռնայրը ևս ընդունում է քրիստոնեություն և հիմնում աղվանից եկեղեցին։ 462 թվականին հիմնված Պարտավ քաղաքը եղել է Աղվանից մարզպանության կենտրոնը, 562 թվականից դարձել է նորաստեղծ Աղվանից կաթողիկոսության աթոռանիսը, իսկ արաբական տիրապետության հաստատումից (7-րդ դար) հետո՝ Արմինիա կուսակալության երկրորդ կենտրոնը։ Այդպիսով, Պարտավն ամբողջությամբ փոխարինում է աղվանից հոգևոր և աշխարհիկ կենտրոն Կապաղակին։ Միջնադարում մուսուլմանների նվաճումներից հետո կաթողիկոսանիստը տեղափոխվում է Արցախի Գանձասարի վանք։ Մոտ լինելով գավառին՝ դրա բնակչությունը շարունակում է ապրել Ուտի Առանձնակում։

Ինչպես գավառը, այնպես էլ Ուտիք նահանգի հարավային հատվածը, հայկական պետությունների (Բագրատունիների թագավորություն, Զաքարյան իշխանապետություն) մեջ չեն մտել՝ դրանում հայկական իշխանության կամ վարչական այլ միավորի բացակայության պատճառով։ Դրանում բնակվող քրիստոնեադավան ուտիները Աղվանքի թագավորության կործանումից և արաբական նվաճումներից հետո աստիճանաբար տեղափոխվել են Շամախիի և Արցախի լեռնային շրջաններ, հաճախ ձուլվել հայ բնակչությանը։ Տարածաշրջանը զրկվել է բնիկ բնակչությունից արդեն ուշ միջնադարում այստեղ հաստատված կիսաքոչվոր և քոչվոր անսասնապահ ցեղերի՝ կարակոյունլու և ակկույունլու թուրքմենների, օղուզների և զանազան թյուրքալեզու գերդաստանների զանգվածային թափանցման պատճառով։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Մեծ Հայքի վարչական բաժանումը». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 27-ին. Վերցված է 2023 թ․ մարտի 30-ին.

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Ինճիճյան Ղ., Ստորագրութիւն հին Հայաստանեայց, Վնտ., 1822
  • Հարությունյան Բ., Մեծ Հայքի վարչա-քաղաքական բաժանման համակարգն ըստ “Աշխարհացոյց”-ի
  • Երեմյան Ս., Հայաստանը ըստ “Աշխարհացոյց”-ի, Երևան, 1963
  • Ուլուբաբյան Բ.Ս., Դրվագներ Հայոց Արևելից կողմանց պատմության IV-VII դդ., Երևան, 1981
  • Арутюнян, Б. Система политико-административного деления Великой Армении = Մեծ Հայքի վարչա-քաղաքական բաժանման համակարգն ըստ Աշխարհացույցի. — Ереван, 1998.
  • Մեծ Հայքի վարչական բաժանումը Արխիվացված 2013-12-27 Wayback Machine
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։