Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կուր-Արաքսյան դաշտավայր , դաշտավայր արևելյան Անդրկովկասում , Ադրբեջանում ։ Գտնվում է Կուր և Արաքս գետերի ստորին հոսանքում։ Մեծ Կովկասի և Փոքր Կովկասի միջև, արևելքից ողողվում է Կասպից ծովով ։ Երկարությունը 250 կմ է, լայնությունը՝ 150 կմ։ Ալյուվիալ-ակումուլյատիվ հարթավայր է՝ մինչև 200 մ բարձրությամբ, կենտրոնական և արլևելյան մասերում ծովի մակարդակից ցածր։ Ռելիեֆը բարդացած է գետաբերուկներով , իջվածքներով , բաշերով ու ցեխաբուխներով։ Հարուստ է նավթով ։ Կլիման չոր ցամաքային է՝ շոգ ամառով , չափավոր ցուրտ ձմեռով ։ Հուլիսի միջին ջերմաստիճանը 25-28 °C է, հունվարինը՝ 1, 3-3, 6 °C, տեղումները՝ 200-400 մմ։ Գերակշռում են մերձարևադարձերի չոր կիսաանապատային լանդշաֆտները։
Մոխրագույն և մոխրագորշ, հաճախ աղակալված հողերում աճում է օշինդրային և օշինդրաաղուտային բուսականություն , մուգ մոխրագորշ հողերում՝ խոտաօշինդրային, կծմախոտային ասոցիացիաներ։ Արևելքում տարածված են աղուտներ և ճահիճներ , գետահովիտներում ՝ ուռենի , բարդի , թեղի ։ Մշակում են բամբակենի , խաղող և պտղատու այգիներ , կան ձմեռային արոտավայրեր ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 26 )։