Բուսականություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Բուսականություն, երկրագնդի կամ նրա առանձին տարածաշրջանների բուսահամակեցությունների (ֆիտոցենոզ) ամբողջությունը։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ի տարբերություն ֆլորայի, բուսականությունը բնութագրվում է ոչ այնքան տեսակական կազմով, որքան թվաքանակով և բույսերի կենսաձևերի լրակազմով, տարբեր բուսահամակեցությունների զուգակցություններով՝ դրանց տարածքների, կառուցվածքի և շարժի հաշվառմամբ։ Ծածկելով Երկրագնդի ցամաքի 1/6 մասը և ծովերում, օվկիանոսներում ու այլ ջրավազաններում իր առկայությամբ՝ բուսականությունը գոյացնում է կենսոլորտի կարևոր բաղադրիչը՝ բուսոլորտը, որը սերտորեն կապված է կլիմայի, ջրային ռեժիմի, հողի ու ռելիեֆի առանձնահատկությունների, ինչպես նաև կենդանական աշխարհի ու բնական միջավայրի այլ բաղադրիչների հետ, որոնցով էլ ձևավորում է կենսաերկրահամակեցությունը։

Բուսականության ուսումնասիրությամբ զբաղվում են երկրաբուսաբանությունը (օրինակ՝ բուսական համակեցությունների տեղաբաշխման օրինաչափությունները), էկոլոգիան (բուսականության տարբեր տիպերի արդյունավետությունը) այլն։

Նշանակություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկրագնդի վրա բուսականության բաշխումն ունի քիչ թե շատ զոնայական բնույթ, սերտ կապի մեջ է բնական գոտիականության հետ՝ հիմնականում՝ կլիմայական, և կախված է իր ձևավորման պատմությունից ու տվյալ տարածքում մարդու տնտեսական գործունեությունից։ Բուսականության զոնայական բաշխվածությունն առավել ցայտուն արտահայտվում է հարթավայրային տարածքներում, լեռնային շրջաններում այն ենթարկվում է վերընթաց գոտիականության։

Դասակարգում[խմբագրել | խմբագրել կոդը]

Բուսականությունը դասակարգում են ըստ կառուցվածքի, կենսամիջավայրի առանձնահատկությունների, նյութերի շրջապտույտում (ցամաքային բուսականություն և ծովերի ու օվկիանոսների բուսականություն) ունեցած նշանակության, ըստ սեզոնային ռիթմերի, որոնք սովորաբար պայմանավորված են կենսամիջավայրի ջրային ու ջերմային ռեժիմներով (արևադարձային մշտադալար բուսականություն, լայնասաղարթ անտառների բուսականություն, վաղ գարնանային էֆեմեր և էֆեմերանման բուսականություն, անապատային բուսականություն և այլն), ըստ խոնավությունից կախվածության (ջրային, մեզոֆիտ, քսերոֆիտ), ըստ կենսաձևերի (բնափայտեր, խոտաբույսեր

Որոշ դեպքերում ստեղծում են բուսականության առանձնահատուկ դասակարգումներ ագրոբարելավման աշխատանքների, կերային բազայի բարելավման համար և այլն։ Ցամաքային բուսականությունը ներկայացվում է մի քանի տասնյակ տիպերով, որոնք բնութագրում են ամենախոշոր բիոմները (բուսատեսակների ամբողջությունները), օրինակ՝ անտառային (տայգա, արևադարձային անտառ), ինչպես նաև տափաստանային սավաննա և այլն։ Բուսականության յուրաքանչյուր տիպ ձևավորվել է աստիճանաբար, տևական ժամանակի ընթացքում և խիստ զգայուն է բնական պայմանների փոփոխության, հատկապես՝ մարդու գործունեության հանդեպ։ Դեռևս նեոլիթի ժամանակներից սկսած, մարդու գործունեությամբ պայմանավորված բուսականության փոփոխությունները շարունակվում են աճող արագությամբ։ Այդ փոփոխությունները հանգեցրել են հիմնական բուսականության գրեթե լիովին ոչնչացմանը (օրինակ՝ եվրոպական տափաստանային բուսականություն պահպանվել է հիմնականում արգելավայրերում) և դրա փոխարինմանը մշակովի բուսահամակեցություններով՝ ագրոբուսահամակեցություններով (Կենտրոնական Եվրոպայի համատարած սաղարթավոր անտառները վերածվել են արոտավայրերի, մարգագետինների, խոտհարքների և այլն), գործնականում բուսականության բոլոր տիպերն արածեցման հետևանքով ավերման վտանգի տակ են։ Մթնոլորտում ածխաթթու գազի (CO2) պարունակության գլոբալ փոփոխությունները, կենսոլորտ թափանցող ծծմբի, սնդիկի, կապարի և այլ նյութերի քանակների ավելացումը (բնականի համեմատ), ջրային աղբյուրների աղտոտումը, մեծ տարածքների երկրորդային աղակալումը դարձել են բուսածածկույթի կազմի, կառուցվածքի և շարժի վրա ազդող հզոր, մշտական ու համընդհանուր գործոն։ Հիմնական բուսականությունը կենսաերկրահամակեցության մեջ ածանցյալ կամ մշակովի բուսականությամբ փոխարինվելիս տեղի է ունենում բույսերի առանձին տեսակների գենային տարատեսակության կրճատում, դրանց պոպուլյացիաների մանրատում, ի հայտ են գալիս տեխնածին կենսամիջավայրի բուսական համակեցություններ։ 2-րդային բուսականության ֆորմացիաներն ավելի պարզունակ ու միօրինակ են իրենց կազմով և կառուցվածքով, դրանցում զգալիորեն ցածր են երկարակեցությունն ու արդյունավետությունը (օրինակ՝ եղևնու կամ սաղարթավոր անտառների հիմնական տեղում՝ կեչու և բարդու անտառներ)։

Բուսականությունը Հայաստանում[խմբագրել | խմբագրել կոդը]

ՀՀ-ում բուսականությունը բազմազան է։ Բնական պայմանների, ռելիեֆի, լեռնային մեծ բարձրությունների հետևանքով փոքր տարածության վրա միմյանց հաջորդում են անապատներ, կիսանապատային բուսականություն, չորային և թփուտային մացառներ, նոսր անտառներ, անտառներ, տափաստաններ, ապա բարձրլ եռնային մարգագետիններ ու ալպյան գունեղ գոտիներ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Գյուղատնտեսական հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։