Երկրաբուսաբանությունը Հայաստանում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Խոսրովի արգելոց

Երկրաբուսություն և էկոլոգիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուշագրավ հետազոտություններ են ծավալվել նաև երկրաբուսաբանության և էկոլոգիայի ոլորտներում։ Հ. Մաղաքյանը, Ե. Ղագարյանն ուսումնասիրել են հանրապետության գլխավոր մարգագետնաարոտավայրային զանգվածների բուսականությունը, Գ. Յարոշենկոն, Լ. Մախատաձեն՝ հաճարենու և կաղնու անտառները, Ա. Թախտաջյանը՝ չորասեր բուսականությունը և բուսականության հիմնական տիպերը, Ա. Բարսեղյանը՝ ջրաճահճային, Ա. Ֆեոդորովը, Ս. Նարինյանը, Վ. Ոսկանյանը, Ս. Բալոյանը, Ա. Զիրոյանը՝ ալպիական, Գ. Ֆայվուշը՝ տափաստանային բուսականությունը։ Կազմվել են Հայաստանի բուսական ծածկոցի, կերային հանդակների և անտառային բուսականության քարտեզները։ Վերջին տարիներին կարևոր աշխատանքներ են կատարվում հազվագյուտ բուսական համակեցությունների ուսումնասիրության, ինչպես նաև էկոհամակարգերի վրա կլիմայի գլոբալ փոփոխության ներգործման ու ինվազիվ բույսերի տեսակների տարածման ուղղությամբ (Գ. Ֆայվուշ)։ Հայաստանը հարուստ է նաև երկրաբանական տարբեր դարաշրջանների բուսատեսակներով, որոնք ներկայացված են բույսերի տարբեր օրգանների դրոշմներով, մնացորդներով կամ քարացուկներով։ Դրանց ուսումնասիրությունը հնարավորություն է տալիս վերականգնելու ՀՀ տարածքի հնագույն ֆլորայի պատկերը։

Հնաբուսաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հնէաբուսաբանության բնագավառում առաջին աշխատանքները կատարել են Ի. Պալիբինը, Ա. Կրիշտոֆովիչը, Ա. Թախտաջյանը, հետագայում՝ Մ. Հարությունյանը, Ն. Գոխթունին, Լ. Մանուկյանը, Հ. Գաբրիելյանը։ Հայտնաբերվել են 350-ից ավելի բրածո բուսատեսակներ, նկարագրված են գիտության համար նոր՝ մոտ 30 բրածո տեսակներ։

Անտառագիտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Անտառագիտության բնագավառի աշխատանքների նպատակը եղել է հիմնականում հանրապետության անտառային զանգվածների ընդլայնումը։ 1929 թվականին Վանաձորում հիմնադրվել է Անտառփորձակայան, որտեղ առաջին աշխատանքները նվիրվել են հանրապետության անտառների տիպաբանությանը և հատումներից հետո դրանց վերականգնմանը, կենսաբամական և անտառտնտեսական բնութագրմանը։ Հետագայում անտառագիտության նոր կենտրոն է ստեղծվել Բուսաբանության ինստիտուտում, որի առաջնահերթ խնդիրը Սևանա լճի ջրերից ազատված տարածքի անտառապատումն է և համապատասխան տեսակաշարի ու ագրոտեխնիկայի մշակումը։ Այդ բաժնի (Պ. Խուրշուդյան և ուրիշներ) երաշխավորությամբ Սևանի ավագանում ստեղծվել են մոտ 7000 հա սոճու տնկարկներ։ Բուսական պաշարներից առաջինը հետազոտվել են Հայաստանի տարածքի դեղաբույսերը։ Հետագայում Ա. Խրիմլյանն ավելի մանրամասն ուսումնասիրել է առանձին արժեքավոր բուսատեսակներ, օրինակ՝ եթերայուղատու բույսերը, Ձ. Աստվածատրյանը՝ տրագականտային գազերը, Ա. Սեպետճյանը՝ սննդային բույսերը, Ս. Ջոլոտնիցկայան՝ դեղաբույսերը։ Բուսաբանական գիտության կիրառական խնդիրներից է օգտակար բույսերի ինտրոդուկցիան։ Հանրապետության հողժողկոմը դեռևս 1927 թվականին Հրազդան գետի ափին հիմնադրել էր առաջին բուսաբանական այգին, 1935 թվականին մշակվել է նոր այգի՝ ավելի քան 100 հա տարածքում, որը բույսերի ինտրոդուկցիայի հանրապետության առաջին գիտական կենտրոնն է։ Այնուհետև կազմակերպվել են բուսաբանական այգու՝ Վանաձորի (1936) և Սևանի (1944) բաժանմունքները։ Գ. Յարոշենկոն, Հ. Մկրտչյանը, Տ. Չուբարյանը, Լ. Մախատաձեն, Ա. Գրիգորյանը, ժ. Վարդանյանը, Զ. Աստվածատրյանը և ուրիշներ այգում ու նրա մասնաճյուղերում ստեղծել են տարբեր աշխարհագրական ծագման և տարբեր կարգաբանական ու կենսաձևերի պատկանող ինտրոդուկցված բույսերի հարուստ հավաքա0ծուներ՝ շուրջ 5000 անուն, այդ թվում՝ ծառերի ու թփերի ավելի քան 1600 տեսակ և սորտ, խոտաբույսերի 1240 տեսակ, այլատեսակ ու պարտիզային ձևեր։ Հրատարակվել է ժ. Վարդանյանի «Հայաստանի ծառերն ու թփերը բնության մեջ և մշակության պայմաններում» (2003) մենագրությունը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստան հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։