Առավել քան 2000 տարվա պատմություն ունեցող Պատմական Հայաստանի խոշորագույն քաղաքներից մեկը՝ Պարտավը գտնվում է դաշտային Արցախի՝ Տրտու (Թարթառ) գետի ափին[1]։
Քաղաքի հերթական վերաշինումը կապվում է Սասանյան Կավատ (488-531) արքայի գործունեության հետ. «Ապա Կավատը... Առանում կառուցեց Բայլական քաղաքը և Պարտավը (Բարդա), որն ամբողջ սահմանային գոտու (գլխավոր) քաղաքն է...»[2][3][4]։ Հետագա դարերում նույնպես Պարտավը բազմիցս ավերվել է, սակայն ամեն անգամ վերստին շենացել։
Առհասարակ, որևէ պատմական անցքի հիշատակման առիթով Պարտավի անունը նշելիս պատմիչները մշտապես շեշտել են այդ քաղաքի առաջնային ու մեծ լինելու հանգամանքը։ Օրինակ, 450 թվականին Խաղխաղի ճակատամարտումՎարդան Մամիկոնյանի զորքից պարտված պարսից բանակի մնացորդները, Եղիշեի վկայությամբ, ապաստան են գտել շահաստան քաղաքում։ Առանց Պարտավի անունը տալու էլ արդեն հասկանալի է, որ խոսքը Պարտավի մասին է, քանզի այդ տարածաշրջանում Պարտավը միակ «շահաստան» քաղաքն էր (շահաստան անունն էին կրում մեծ ու վաճառաշահ քաղաքները, նահանգների կամ գավառների գլխավոր քաղաքները)[5]։
Քաղաքը հիշատակում են նաև 7-րդ դարի պատմիչ Ղևոնդը և Մովսես Կաղանկատվացին[6][7]։ Կաղանկատվացու վկայությամբ Պարտավը բերդաքաղաք էր[8]։