Մասնակից:Lilitik22/Ավազարկղ Է

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ավետիք Սահակի Իսահակյան (), բանաստեղծ, արձակագիր, հասարակական գործիչ, Հայաստանի ԳԱ ակադեմիկոս։

Մանկություն և ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Նախնիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավետիք Իսահակյանի տոհմածառը սկիզբ է առել Այրարատ նահանգի Կոգովիտ գավառի Բայազետ քաղաքից։ Տոհմահայրը Իսահակ Իսահակյանն էր, որդին՝ Աբրահամը, իսկ թոռը՝ Նիկողայոսը[1]։ Նիկողայոսի և կնոջ՝ Փարիի որդին՝ Սահակը՝ Ավետիք Իսահակյանի հայրն է, որը ծնվել է 1828 թվականին Ղփչաղում և մահացել 1890 թվականին Ալեքսանդրապոլում[2]։ Բանաստեղծի մայրը՝ Ալմաստը, ծնվել է 1833 թվականին Ալեքսանդրապոլում և մահացել 1918 թվականին նույն վայրում։

Իսահակյանի նախնիները՝ մասնավորապես Աբրահամը և Նիկողայոսը, ևս օժտված են եղել գրելու ձիրքով, տիրապետել են աշուղական արվեստին, նվագել են թառ և երգել իրենց գրած երգերը։

Նիկողայոսը ծնվել է 1790 (1800) թվականին Բայազետում։ Եղել է հարգված վաճառական, որը 1828 թվականի Ռուս-թուրքական պատերազմի ժամանակ Բայազետի հայերի զանգվածային գաղթի գլխավոր կազմակերպիչներից մեկն է եղել։ Ներգաղթյալները 2 ղեկավար են ունեցել՝ Մկրտիչ Արծրունին, որն իր խմբով հաստատվում է Սևանա լճի շրջակայքում և նոր բնակավայրն անվանում Նոր Բայազետ, իսկ մյուսը՝ Նիկողայոս Իսահակյանի խումբը, որը բնակություն է հաստատում Շիրակի գավառի Կումայրի քաղաքում (հետագայում՝ Ալեքսանդրապոլ)։ Ունեցել է 4 որդի և 2 դուստր՝ Աբրահամը, որը մահացել է վաղ հասակում, Սահակը, Հակոբը, Սիմոնը։

Ղազարապատ գյուղում (գյուղը հետագայում կոչվել է բանաստեղծի անունով՝ Իսահակյան) ագարակներ է գնել, ջրաղաց-ալրաղաց հիմնել, որին կից նաև քարվանսարա կառուցել՝ շրջակա վայրերից եկող գյուղացիների համար։ Այնուհետև Գյումրիի Յոթ վերք եկեղեցուց ոչ հեռու՝ Գեներալսկայա փողոցի վրա, սև տուֆից երկու առանձնատուն է կառուցել իր և ավագ որդու՝ Սահակի համար։ Ըստ Ավետիք Իսահակյանի ամենամոտ ընկերներից մեկի՝ աշուղ Ջիվանու որդի Գարեգին Լևոնյանի՝ Ավետիքի չորս եղբայրներն ապրում էին Ղազարապատի իրենց հայրական տանը և գյուղում ունեին միջին տնտեսություն[3]։ Նիկողայոսը զբաղվել է նաև բարեգործությամբ, հիմնել իր գրադարանը։ Մահացել է 86 տարեկանում։

Իսահակյանների ջրաղացն ամենամեծն է եղել շրջանում և Ավետիքի հոր՝ Սահակի մահից հետո, ջրաղացի եկամուտը հավասարապես կիսվում էր եղբայրների ու քույրերի միջև։ Յուրաքանչյուր տարի Ավետիքի մոր՝ Ապլայի համաձայնությամբ, ջրաղացի ղեկավարությունը ստանձնելմ է որդիներից մեկը՝ բացառությամբ Ավետիքի, քանի որ վերջինիս փոքր է եղել տարիքով։ Ընտանիքը նաև շոշափելի գումար է հատկացրել տվյալ տարում ջրաղացը ղեկավարած եղբորը։ 1926 թվականին Գյումրիի երկրաշարժի ժամանակ ջրաղացը հիմնովին ավերվել է։ 1980 թվականին, երբ Հայաստանի և Թուրքիայի սահմանին կառուցվել է Արփաչայի ջրամբարը, շրջակա 4 գյուղերը՝ ներառյալ նաև Ղազարապատը, մնացել են ջրի տակ։ Հին Ղազարապատից մոտ 5 կմ հեռավորության վրա կառուցվել է Իսահակյան ավանը, ուր և բնակություն է հաստատել Ղազարապատի ողջ ժողովուրդը։

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայր և մայր[խմբագրել | խմբագրել կոդը]

Բանաստեղծի հայրը՝ Սահակը, Նիկողայոսի ավագ որդին էր։ Ծնվել է գաղթից անմիջապես հետո՝ 1828 թվականին Ղփչաղում։ Ամուսնացել է 1850 թվականին՝ 22 տարեկանում Կարսից Ալեքսանդրապոլ գաղթած Ղլտճյան Գաբրիել աղայի դստեր՝ Ալմաստի հետ։ Ունեցել են 7 զավակ։

Սահակը և Ալմաստը զբաղվել են նաև բարեգործությամբ․ նվիրատվություն են կատարել Արթիկի շրջանի Հառիճ (Ղփչաղ) գյուղի 12-րդ դարում կառուցված վանքի վերանորոգման աշխատանքների, դպրոցի կառուցման համար։ Դպրոցը ժամանակին եղել է Շիրակի միակ գյուղական դպրոցը, որտեղ սովորել է նաև մեծանուն բանաստեղծը։ Ավետիքի հորեղբայրներից Աբրահամը ևս մասնակցել է դպրոցի կառուցմանը և վանքի վերանորոգմանը՝ նվիրելով հիսուն ռուբլի ոսկով, որն այն ժամանակ մեծ գումար է եղել[4]։ Ըստ Ավետիքի եղբոր որդու՝ Նիկողայոսի՝ Սահակը համեստ ու բարի մարդ է եղել։ Սիրած գիրքը եղել է «Նարեկը»։ Շատ է սիրել աշուղական երգն ու նվագը[5]։ Մահացել է 1890 թվականին Գյումրիում, երբ Ավետիք Իսահակյանը 15 տարեկան է եղել։

Ամուսինները շատ են սիրել միմյանց։ Իսահակյանը ծոցատետրերից մեկում գրել է․

Սիրող զույգերը իմ ծնողներիս պես կլինեն, որ երբ հայրս մեռնում էր 43 տարվա համակեցությունից հետո ասաց մորս՝ «Ալմաստ ջան, ես քեզնից կարոտս չառա։»[6]։

Ալմաստ Գաբրիելի Ղլտճյանը ծնվել է 1833 թվականին Ալեքսանդրապոլում։ Ծնողները՝ կարսեցի Ղլտճյան Գաբրիել հաջի աղան ու Նազերի հաջի Անան էին։ Մորական պապը՝ Գաբրիել հաջի աղան, ծնվել է 1804 թվականին Կարսում և մահացել 1894 թվականին Ալեքսանդրապոլում։ Եղել է ժամանակի ազդեցիկ, առևտրական շրջանակներում հեղինակություն ունեցող անձ։ Ալմաստը Սահակի հետ ամուսնացել է, երբ նոր էր բոլորել 17 տարին։ Ավետիքը կրտսեր որդին էր, ում մայրն ամենից շատն էր սիրում[3]։ Ըստ Իսահակյանի քրոջ՝ Փեփրոնյայի որդու՝ Գեղամ Աֆրիկյանի՝ Ալմաստը իմաստուն կին էր, որին բոլորը Ապլա էին կոչում։ Քաղաքում մեծ ճանաչում ուներ․ ուսում չէր ստացել, սակայն օժտված էր բնատուր խելքով։ Որդու՝ Ավետիքի՝ բանտերում լինելը և պանդխտությունը շատ ծանր են անդրադարձել կնոջ վրա[7]։

Իսահակյանը բազում բանաստեղծություններ է նվիրել մորը։ Մայրը պատանեկության օրերից մինչև խոր ծերություն բանաստեղծի ամենամոտ ընկերն է եղել և լավագույն խորհրդատուն։ «Երգեր ու վերքեր» գրքի առաջին հրատարակությունից (1898) մինչև «Հիշատակարանի» վերջին գրառումները Իսահակյանի ստեղծագործությունների վառ կերպարը Ապլան է։ Մոր և որդու հարաբերությունները դրամատիկ բնույթ են կրել։ 17 տարին չբոլորած Ավետիքը նախ արտասահման է մեկնում ուսման, ապա վերադառնալուց քիչ անց՝ բանտ ու աքսոր, որից հետո կրկին ոստիկանական հետապնդումներ Թիֆլիսում և Ալեքսանդրապոլում, ապա գրեթե յուրաքանչյուր տարի արտասահմանյան ուղևորություններ և կրկին բանտ, քաղաքական վտարանդիություն և հավեր բաժանում մորից։ Մորը նվիրված բանաստեղծություններից են՝ «Մայրիկիս» («Հայրենիքես հեռացել եմ․․․»), «Մայրի՛կ, հիվանդ եմ, սիրտըս քրքրված․․․», «Մայրիկ, նայի՛ր, արևն ինչպե՜ս․․․», «Մայրս տեսավ ինձ շա՜տ տխուր», «Երազիս տեսա, որ մայրս՝ թշվառ․․․», «Իմ այրվող վշտից սիրտըս է մաշվել․․․», «Կըտեսնեմ ահա,- լուռ երեկոյին․․․» և այլն։

18 տարեկանում Գերմանիա ուսման մեկնած Ավետիք Իսահակյանը գրել է «Պանդուխտ որդին» բալլադը, որը պատմում է հեռավոր վայրերից պանդուխտ որդու վերադարձի մասին, որին բացի մորից ոչ ոք չի ճանաչում։ Ռուս հայտնի գրականագետ Պավել Բերկովը, այս բալլադը համեմատում է գերմանացի բանաստեղծ Ի․ Ֆոգլի «Das Erkennen» («Ճանաչում») բանաստեղծության հետ։ Ըստ գրականագետի՝ «Իսահակյանի երկում մոր կերպարը վերաճում է մայր հայրենիքի կերպարի, որն ընդունում է իր պանդուխտ զավակին։ Մոր այսպիսի կերպար կարող էր ստեղծել միայն հանճարեղ բանաստեղծը»[8]։

Քույրեր և եղբայրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավետիք Իսահակյանն ունեցել է 4 եղբայր և 2 քույր։

Ալեքսան Իսահակյան[խմբագրել | խմբագրել կոդը]

Սահակ և Ալմաստ Իսահակյանների ավագ որդին՝ Ալեքսան (Ալեքսանդր) Իսահակյանը, ծնվել է 1852 թվականին Ալեքսանդրապոլում։ Կրթություն է ստացել տեղի հայոց ծխական դպրոցում․ համարվել է զարգացած, գրասեր մարդ, եղել է «Մշակ» և «Հորիզոն» թերթերի մշտական բաժանորդը։ Իսահակյանների տան ամենաազդեցիկ անձն է եղել հոր՝ Սահակից հետո։ Ղազարապատի անտառիկ (Ռոշչա) հատվածում մի բարեկարգ խանութ է ունեցել։ Անձամբ ծանոթ է եղել Խրիմյան Հայրիկի հետ, ում կոնդակով ժամանակին շրջել է Հյուսիսային Կովկասի հայաբնակ վայրերում՝ Գյումրիի նոր կառուցվող եկեղեցու համար դրամական միջոցներ հավաքելու համար։ Մտերիմ է եղել նաև հայ ազատագրական շարժման որոշ անվանի գործիչների հետ։ Հիմնական զբաղմունքն ալյուրի առևտուրն էր։ Ղազարապատի մանրավաճառի խանութը վաճառելուց հետո Գյումրիի Գեներալսկայա փողոցի վրա՝ հայրական տնից ոչ հեռու, նոր խանութ է գնել։ Խանութի հետևի մասում է գտնվել նրա բնակարանը։ Ալեքսանը եղբայրներից ամենաապահովածն է եղել, բայց լինելով ժլատ՝ եղբայրներին ու քույրերին չի օգնել։ Այդուհանդերձ, հովանավորել է հարազատների ճիշտ ձեռնարկները, օրինակ Սահակի որոշմամբ ու խորհրդով Ալեքսանը միջնորդել է, որպեսզի Ավետիքն ընդունվի Էջմիածնի Գևորգյան ճեմարան։ Ալեքսանը, չունենալով սեփական զավակները, Ավետիքին շատ է սիրել, ոգևորվել է նրա բանաստեղծական քայլերով և հաճախ է քաջալերել ծանր պահերին։ Հոր մահից հետո ընտանիքի գործերի ղեկավարումն անցել է Ալեքսանին։

Ազատ ժամանակ սիրել է կարդալ պարբերական մամուլի քաղաքական լուրերը։ Մեծ հայրենասեր է եղել։ Անհրաժեշտ է համարել, որ օսմանյան լծի տակ գտնվող բոլոր ճնշված ժողովուրդները՝ այդ թվում նաև հայերը, ապստամբություն բարձրացնեն Թուրքիայի դեմ։ Արևմտահայաստանը Ռուսաստանի հետ միավորվելու խնդիրը համարել է միակ ճշմարիտ ուղին, սակայն շատ է վրդովվել, երբ ռուսական իշխանությունները փակել են հայկական դպրոցները և բռնագրավել եկեղեցական կալվածքները։

Ալեքսանի կինը՝ Սաթենիկը, Գյումրիի հարուստ Զակոյենց դուստրն էր, որն ամուսնանալիս մեծ օժիտ է ունեցել։ Իր հարուստ ու պատվելի կեցվածքի համար տնեցիները Սաթենիկին անվանել են «ճիտի-պիտի»՝ ոսկիները միշտ գլխին կապած։ Ամուսինները երկու որբ երեխա են որդեգրել (Ազատ և Արա), որոնք ապրել են Գյումրիում, սակայն Ավետիքը կապված չի եղել վերջիններիս հետ։ Երբ թուրքերը արշավել են Գյումրի, Սաթենիկը հոգեկան խանգարում է ստացել․ վախից տնից փախել է Աստվածածին եկեղեցի և ժամերով աղոթել։

Խորհրդայնացումից հետո Ալեքսանի խանութը բռնագրավվել է։ Մահացել է 1926 թվականի ապրիլին միզակապությունից՝ Իսահակյանի՝ Հայաստան վերադառնալուց հինգ ամիս առաջ։

Գևորգ Իսահակյան[խմբագրել | խմբագրել կոդը]

Գևորգ Իսահակյանը ծնվել է 1855 թվականին Ալեքսանդրապոլում։ Լորիս-Մելիքովի ղեկավարությամբ մասնակցել է 1877-1878 թվականների Կովկասյան պատերազմին։ Ղարսի գրոհի ժամանակ աչքի է ընկել և արժանացել Գեորգիևյան խաչ շքանշանի։ Աչքի է ընկել քաջությամբ և սառնասրտությամբ։ Կաղզվանի գրավումից հետո սիրահարվել է Բելարյան ընտանիքի դստեր՝ Ռալուքային, որին փախցրել և բերել է Ալեքսանդրապոլ։ Զույգն իրենց կյանքի մեծ մասն անց է կացրել Ղազարապատում՝ վարելով ջրաղացի հետ կապված գործերը։

Ի տարբերություն եղբայրների՝ չի կարդացել, սիրել է ալկոհոլ օգտագործել․ գերադասել է օղին։ Մի անգամ աղունի շրջանի ավարտից հետո, երբ եկամուտը բաժանելիս են եղել տնեցիների միջև, հարբած վիճակում վիճել և դանակով հարվածել է մոր ազդրին՝ պատճառելով խորը վերք։ Միջադեպից հետո Գևորգին մեկուսացրել են, որի պատճառով տրվել է գինուն և այլևս դուրս չի եկել Ղազարապատից։ Մահացել է վաղ՝ 1911 թվականին։

Գևորգն ու Ռալուքան ունեցել են 4 զավակ՝ Հովհաննես (Օլիկ), Վերգինե, Իսահակ (Միսակ), Աբաս։ Վերգինեն շուտ է ամուսնացել և շուտ է մահացել։ Հովհաննեսը նույնպես հարբեցող է եղել, մահացել է 1942 թվականին Աստրախանում։ Իսահակն ընտանիքում Ավետիքի սիրելին էր, երիտասարդ բանաստեղծ, ռուսական բանակի սպա։ 1912 թվականին լույս է տեսել նրա «Հեքիաթ արևի տակ» գիրքը։ 1916 թվականի հունվարի 31-ին Իսահակն իր գումարտակը Կարինի ամրոցի վրա գրոհի տանելիս զոհվել է։ Ցուցաբերած հերոսության համար հետմահու պարգևատրվել է առաջին աստիճանի Գեորգիևյան խաչ շքանշանով։ Իսահակյանը մինչև կյանքի վերջը չի կարողացել հաշտվել Իսահակի մահվան հետ։ Գևորգի կրտսեր զավակը՝ Աբասը, գրասեր և երդվյալ հայրենասեր է եղել։ Սովորել է Պետական համալսարանի բանասիրական բաժնում։ Վաղ հասակից Գյումրիում կապվել է ՀՅԴ-ի տեղի կազմակերպության հետ և կատարել նրանց հանձնարարությունները, այնուհետև Երևանի համալսարանում հիմնել է Դաշսմոլի ընդհատակյա տեղային մասնաճյուղը, ձերբակալվել 1925 թվականին և 30 տարի անցկացրել ստալինյան բանտերում և ճամբարներում։ Աքսորից վերադառնալով՝ զբաղվել է Ավետիք հորեղբոր և Իսահակ եղբոր գրական ժառանգության ուսումնասիրմամբ ու հրատարակմամբ։ Մահացել է 1976 թվականին։ Ունեցել է մեկ որդի՝ Իսահակը, որը դարձել է ՀԽՍՀ Պետբանկի նախագահը (1986-1994)։ Վերջինիս ստորագրությունն է դրված հայկական առաջին դրամանիշների վրա։

Ռուբեն Իսահակյան[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռուբեն Իսահակյանը ծնվել է 1857 թվականին Ալեքսանդրապոլում։ Կյանքի մեծ մասն անց է կացրել Ղազարապատում, վարել ջրաղացի հետ կապված գործերը։ Ձմեռներն անց է կացրել հայրական տանն Ալեքսանդրապոլում։ Ամուսնացել է հայտնի մեծահարուստ Ղոյեցյանների դստեր՝ Փեփրոնի հետ, որը մեծ օժիտ է բերել իր հետ, ինչն էլ զգալիորեն օգնել է Ռուբենին ալյուրի առևտրի իր սեփական գործն սկսելու հարցում։ Իսահակյանի բացակայության ժամանակ ջրաղացից եկած Ավետիքի եկամուտն իր մոտ է պահել կամ ուղարկել է նրան արտասահման։

Հայացքները եղել են չեզոք, ցարական իշխանությունների, կայուն պետության կողմնակից է եղել և չի հավատացել հեղափոխությանը և որ ռուսական պետական դրամը կարող էր ոչնչանալ։ Մահից հետո անկողնու տակ գտել են մի արկղ ռուսական թղթադրամ․ ոսկին փոխած է եղել թղթադրամի հետ։

Ռուբենն Իսահակյանների ընտանիքից միակն է եղել, որ չի հավատացել Ավետիքի կոչումին, չի կարևորել նրա գրական գործունեությունը։ Լայպցիգում ուսանելու տարիներին Ավետիքը շատ է վրդովվել, որ եղբոր մեղքով իրեն ուղարկած գումարները տեղ չեն հասնում, ինչի պատճառով չի կարողացել վճարել տան վարձը։ Մի անգամ Ռուբենի մեղքով Ավետիքը չի հասցնում ժամանակին հեռանալ քաղաքից, քանի որ եղբայրը նրան գնացքի տոմս գնելու փող տված չի եղել։ Սրա արդյունքում հաջորդ օրն Ալեքսանդրապոլի կայարանում ոստիկանները ձերբակալում են բանաստեղծին։ Երբ երկար բացակայությունից հետո Ավետիքը տուն է վերադարձել, Ռուբենի և իր մեջ միշտ վեճ է ծագել։ Պատճառը Ավետիքին հասանելիք եկամտի մասի յուրացումն էր Ռուբենի կողմից։

Ռուբենը եղել է լռակյաց, լուռ մարդ, ընկերներ չի ունեցել։ Տնեցիները նրան անվանել են «ամպ»։ Խորհրդայնացումից հետո, երբ սնանկացել է, ծանր է տարել դրամագլխի կորուստը, ինչի պատճառով դարձել է ջղային հիվանդ։ Մահից առաջ վերջին խոսքերն են եղել․ «Ների՛ր ինձ, Ավետիք»։ Ռուբենը եղել է Ավետիքի եղբայրներից ու քույրերից վերջինը, ում հասցրել է տեսնել բանաստեղծը։

Ռուբենի կինը՝ Փեփրոնը, աշխատասեր, սակայն մեծամիտ և գոռոզ անձնավորություն է եղել։ Ամուսիններն ունեցել են 3 զավակ՝ Նիկողայոսը, Գեղամը և Գայանեն։ Ծնողները երեխաներին դաստիարակել էին հայրենասիրական ոգով, և վերջիններս տարվել էին դաշնակցականների գաղափարներով։ Նիկողայոսը եղել է կամավորական բանակի զինվոր, որին հաջողվում է խուսափել ձերբակալությունից, Բաթումի վրայով անցնել Թուրքիա, այնուհետև մի կարճ ժամանակ Իտալիա՝ հորեղբոր մոտ և ապա ԱՄՆ, ուր ապրել է ողջ կյանքը։ Կյանքի վերջին շրջանում վերադարձել է հայրենիք, ուր և մահացել է 93 տարեկան հասակում (1991 թվական, Երևան)։

Խորհրդայնացումից հետո Գեղամը և Գայանեն հեռանում են հայրենիքից և բնակություն հաստատում Կիևում, որտեղ 1937 թվականին ընդհանուր ահաբեկչության մթնոլորտում նրանց ևս ձերբակալում են մինչև 1954 թվականը, որից հետո նրանք բնակություն են հաստատում Կիսլովոդսկում, ուր և մահանում են 1970-ական թվականների վերջերին։

Փեփրոնե Իսահակյան[խմբագրել | խմբագրել կոդը]

Իսահակյանի ավագ քույրը՝ Փեփրոնե (Փեփրոնյա) Իսահակյանը, ծնվել է 1860 թվականին Ալեքսանդրապոլում։ Սովորել է Գյումրիի «Արղության» դպրոցում, եղել է Ղազարոս Աղայանի լավագույն աշակերտուհին։ Փեփրոնն իր խնամքի տակ է վերցրել մորաքրոջ որդուն՝ վաղ որբացած Հովհաննես Զարիֆյանին, որը հետագայում հայտնի դերասան է դառնում։ Դպրոցն ավարտելուց հետո ամուսնացել է Նահապետ աղա Աֆրիկյանի որդի Հարությունի հետ, որին հետագայում Խրիմյան Հայրիկը կոնդակել է արծաթյա խաչ և ծաղկավոր փիլոն կրելու արտոնություն և ձեռնադրել քահանա՝ Տեր-Մկրտիչ անվամբ։ Ամուսիններն ունեցել են 7 զավակ՝ Հեղինեն, Դշխուհին, Գևորգը, Անահիտը, Նահապետը, Գեղամը և Լիպարիտը, որը մահացել է դեռ մեկ տարին չլրացած։ Շատ է սիրել եղբորը։ Ավետիքի առաջին գիրքը՝ «Երգեր ու վերքեր»-ը միշտ եղել է Փեփրոնեի սեղանին։ Տարիներ անց բանաստեղծը Փեփրոնեի կրտսեր որդուն՝ դերասան Գեղամ Աֆրիկյանին, ասել է, որ նրա պապը՝ Նահապետ աղան, եղել է բանաստեղծի առաջին բանավոր քննադատը։

Փեփրոնեն ունեցել է ծանր կյանք․ դուստրերի ամուսինները վաղ են մահացել, ում բազմաթիվ զավակներին դաստիարակել են Փեփրոնը և ամուսինը։ Տարված լինելով տնային հոգսերով՝ ուշադրություն չի դարձրել առողջությանը, ինչի պատճառով կույր աղիքի սուր ցավ է ունենում, բժշկական օգնությունն ուշանում է և Փեփրոնեն մահանում է 1916 թվականին Ալեքսանդրապոլում։ Որդին՝ Գեղամը, գրել է․ «Փեփրոնը երբ մահանում էր, նրա կրծքին դրված էր Ավետիքի նկարը․ ասում էր՝ «Եղբորս կարոտն եմ առնում․․․»։»

Որդիներից ավագը՝ Գևորգը, եղել է բանաստեղծ, որը 1918 թվականին հայ գաղթականներին փրկելու համար մեկնել է Ծալկա, աշխատել որպես բուժակ, սակայն վարակվել է բծավոր տիֆով և վաղաժամ մահացել։ Թաղված է Թիֆլիսի Խոջիվանքի գերեզմանատանը։ 1918 թվականին Թիֆլիսում ռուսերեն լեզվով լույս է տեսել Սերգեյ Փիրվերդիևի կազմած «Аветик Исаакян, Дереник Демирчян, Геворк Африкян, Геворк Африкян․ Стихотворения» գիրքը, որտեղ ներառվել են նաև Գևորգի բանաստեղծություններից։ Բանաստեղծը հրատարակվել է նաև Թիֆլիսի «Գեղարվեստ» և «Հորիզոն» հայկական ամսագրերում։ Տարիներ անց՝ 1960-ական թվականներին, Աբաս Իսահակյանը նրա գործերը Իսահակի գործերի հետ հրապարակել է նաև «Երեք քնար» գրքում։

1898 թվականին ծնված Նահապետը Ալեքսանդրապոլում հրատարակում է «Zoobdivo» բացիկների և բանաստեղծությունների գրքույկը, ինչպես նաև «Արևի սիրահարը» արձակ բանաստեղծությունները, իսկ 1919 թվականին՝ «Երկնքից ընկած թերթիկներ»-ը, որը մանիֆեստ էր Առաջին համաշխարհային պատերազմի դեմ։ Թիֆլիսում աշխատել է Կարա Դարվիշի հետ, աշխատակցել է նաև «Մշակ»-ին, ունեցել է ֆուտուրիստական հակումներ։ Նրա մահվան վերաբերյալ երկու վարկած կա՝ մեկը, որ 1921 թվականի ձմռանը չի կարողացել Ղարաքիլիսայից Թիֆլիս գնալ թուրքական զորքի պատճառով և բքախեղդ է եղել, մյուս վարկածն էլ որ բոլշևիկները Նահապետին Մկրտիչ հորեղբոր հետ գնդակահարել են Թիֆլիսում՝ «Կարմիր տեռորի» առաջին օրերին։

Փեփրոնեի կրտսեր որդին՝ Գեղամ Աֆրիկյանը, ծնվել է 1901 թվականին։ Սովորել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցում, ապա Ռուբեն Սիմոնովի գլխավորած Մոսկվայի հայկական թատերական ստուդիայում։ 1924 թվականին աշխատանքի է անցել Բուրջալյանի ղեկավարած հայ պետական թատրոնում՝ որպես դերասան։ 1934 թվականից հանդես է եկել Երևանի Սունդուկյանի անվան պետական թատրոնում, խաղացել 100-ից ավել դեր, միաժամանակ զբաղվել է գրականությամբ, գրել հուշեր քեռու՝ Ավետիք Իսահակյանի և մի շարք ականավոր թատերական վարպետների մասին։ Եղել է Փափազյանի, Ներսիսյանի, Աբելյանի խաղընկերը։ Մահացել է 1984 թվականին Երևանում։

Իսահակյանը մոտ էր Գեղամի և Փեփրոնեի ամուսնու՝ Մկրտիչ քահանայի հետ, որն Իսահակյանի հարսանյաց հանդիսության քահանան է եղել Անիում։ Մկրտիչ քահանան եղել է նաև Իսահակյանի որդու՝ Վիգենի մկրտության քահանան Խորվիրապում, որտեղ կնաքամայրը Հովհաննես Թումանյանի դուստր Թամարն էր։

Մկրտիչ Իսահակյան[խմբագրել | խմբագրել կոդը]

Մկրտիչ Իսահակյանը ծնվել է 1861 թվականին Ալեքսանդրապոլում։ Սովորել է տեղի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու դպրոցում։ Օժտված է եղել գրելու ձիրքով, մշակել և հրատարակել է մի շարք հայ ժողովրդական լեգենդներ և հեքիաթներ։ Հիմնականում աշխատել է Ղազարապատ հայրական ջրաղացում։ Եղբայրներից տարիքով ամենամոտն էր Ավետիքի հետ, որի շնորհիվ էլ շատ էր կապված վերջինիս հետ։ Երբ Իսահակյանն արտասահմանում էր, Մկրտիչն էր ընտանիքի կողմից նրա հետ վարում նամակագրական կապը։

Սիրահարվել է քաղաքի հայտնի հարուստներից մեկի՝ Կարանովների աղջկան՝ Մարիամին, ձոնել մի շարք բանաստեղծություններ, բայց քանի որ Մկրտչի սերն անպատասխան էր, հեռանում է Ալեքսանդրապոլից և բնակություն հաստատում Թիֆլիսում, զբաղվում ալյուրի առևտրով, սակայն չի կտրվում գրական-քաղաքական կյանքից։ Երիտասարդական տարիքում հարել է դաշնակցությանը, սակայն ժամանակի հետ խզել է կապերը նրանց հետ և մտերմացել մշակականների հետ։ Անձամբ ճանաչել է Հովհաննես Թումանյանին և Դերենիկ Դեմիրճյանին։ Իսահակյանը շատ է վշտացել Մկրտչին խաբեությամբ ամուսնացնելու փաստի առթիվ և դրա մեղավոր է համարել Ռուբենի կնոջը՝ Փեփրոնեին։ Հարսնատեսի ժամանակ Ռուբենին գեղեցիկ աղջկա էին ներկայացրել, իսկ պսակի ժամանակ՝ տգեղին։ Կինը՝ Թամար Մալխասյանը, տարիքով կին էր։ Ունեցել են մեկ դուստր՝ Սեդան, որը ծնվել է 1917 թվականին․ Ավետիքը չի ընդունել Սեդային։

Մկրտիչը Թիֆլիսում ալյուրի խանութ է ունեցել։ 1921 թվականին՝ հեղափոխության առաջին օրերին, Ղազարապատի գաղթականների ահաբեկման փորձի հետ կապված կեղծ մեղադրանքով Մկրտչի Փեփրոնե քրոջ որդու՝ Նահապետի հետ առանց դատի, «Եռյակի» որոշմամբ գնդակահարել են[9] փողոցում՝ մարդկանց աչքի առաջ՝ ժողովրդին ահաբեկելու համար։ Ավետիքը, Շվեյցարիայում իմանալով եղբոր մահվան լուրը, ծանր է տանում։

Գինովաբե Իսահակյան[խմբագրել | խմբագրել կոդը]

Իսահակյանի կրտսեր քույրը՝ Գինովաբեն, ծնվել է 1866 թվականին Ալեքսանդրապոլում։ Սովորել է տեղի օրիորդաց Արղության դպրոցում։ Ամուսնացել է ալեքսանդրապոլցի առևտրական Կարապետ Զարիֆյանի հետ, սակայն ամուսնությունը բախտավոր չի եղել։ Ամուսինը տառապել է հոգեկան հիվանդությամբ և որոշ ժամանակ անց մահացել է։ Ամուսնու մահից հետո Գինովաբեն, որը զավակ չուներ, վերադառնում է հայրական տուն և ապրում Ապլայի ու եղբոր՝ Ռուբենի հետ։ Հայրական ջրաղացի եկամուտից ստանում է իր մասնաբաժինը և դրանով գոյատևում։

Գինովաբեն և Ավետիքն իրար նման էին թե՛ խառնվածքով, թե՛ արտաքնապես։ Երբ Իսահակյանը զավակ է ունեցել, Գինովաբեն է խնամել նրան։

1914 թվականին Գինովաբեն մոտ մեկ տարի բնակվել է Թիֆլիսում՝ Գեղամ Աֆրիկյանի մոտ և մշտապես այցելել է Թումանյանների և Ահարոնյանների տուն։ Երբ բանաստեղծը Գերմանիայում է եղել, փորձել է քրոջը բերել իր մոտ, սակայն սկսվում է Առաջին համաշխարհային պատերազմը, ինչն անհնարին է դարձնում Ավետիքի մտադրությունը։ 1918 թվականի մայիսին Սարդարապատի ճակատամարտում Գինովաբեն աշխարհազորայինների շարքում է եղել, օգնություն է ցուցաբերել վիրավոր զինվորներին։ 1918 թվականի աշնանը Ալեքսանդրապոլի որբանոցներից մեկում խնամել է գաղթական երեխաներին ու մինչ թուրքերը ներխուժել են քաղաք, հասցրել է երեխաներին Գյումրիից հասցնել Ջալալօղլի և փրկել նրանց կոտորածից։

Մոր մահից հետո Գինովաբեն Ռուբենի ձեռքը դառն օրեր է ապրել։ Եղբայրը դրամագլուխ է խլել քրոջից, ինչպես նաև վաճառքի հանել եղբոր գրքերը։ Գինովաբեն ծանր հիվանդանում է, Թիֆլիսի հայկական Շահպարոնյան հիվանդանոցում կույր աղիքի ուշացած վիրահատություն է տանում, սակայն ապարդյուն։ Գինովաբեն մահանում է Ավետիքի նկարը կրծքին սեղմած։ Թաղվել է Թիֆլիսի Խոջիվանքի եկեղեցու գերեզմանատանը՝ ամուսնու և Փեփրոնեի որդու՝ Գևորգի կողքին։

Ուսումը հայրենիքում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուսումն Ալեքսանդրապոլում[խմբագրել | խմբագրել կոդը]

Նախքան ծխական դպրոց գնալը Իսահակյանը հաճախել է տերթոդիկյան բնույթի մի տնայնագործ դպրոց՝ Աննա Էնֆիաճյանի ուսումնարանը։ Սրա մասին է վկայում «Շողո-բաջու ուսումնարանը» պատմվածքը, որը տեղեկություններ է հաղորդում բանաստեղծի մանկությունից։ «Ուսումնարանում» Իսահակյանը սովորում է շատ քիչ՝ 4-5 ամիս, նույնքան է սովորում նաև Վարոս Գենջյանի, Մուշեղ Մամիկոնյանի և Արիստակես Նալբանդյանի մասնավոր դպրոցներում[10][11]։

1883 թվականի աշնանն Իսահակյանը ընդունվել է Ալեքսանդրապոլի Աստվածածին եկեղեցուն կից գործող յոթնամյա ծխական դպրոցի առաջին դասարանը։ Դպրոցի ավագ տեսուչն է եղել Գաբրիել Հովհաննիսյանցը։ Դպրոցն ունեցել է 816 աշակերտ։ Բարերարներն են եղել Մեսրոպ քահանա Գենջյանցը և Գյումրիում հայտնի գործարար և բանաստեղծ Մուշեղ Մամիկոնյանը, որը հետագայում դարձել է Ավետիքի մտերիմ ընկերներից մեկը։ Թեև դպրոցը գործել է եկեղեցուն կից և հոգաբարձուներն էլ եկեղեցականներ են եղել, դասավանդման ծրագիրը հիմնված է եղել աշխարհիկ առարկաների վրա․ 1-4-րդ դասարաններում սովորել են հայոց լեզու, մաթեմատիկա, վայելչագրություն, գծագրություն, երգեցողություն։ Հայոց լեզուն դասավանդվել է Ղազարոս Աղայանի «Մայրենի լեզու» դասագրքով։ Աշակերտների ջանքերով ստեղծվել է «Ընթերցասիրաց ընկերությունը» իր գրադարանով։ Դպրոցը համարվել է Ալեքսանդրապոլի լավագույն կրթական հաստատությունը։

Իսահակյանը երկար չի սովորել այս դպրոցում. 1885 թվականի մարտ ամսին ցարական կառավարությունը, ողջ Ռուսաստանով մեկ հայահալած քաղաքականություն վարելով, փակում է հայկական դպրոցները, այդ թվում՝ նաև Հայաստանում[12] և Ավետիքը ստիպված է լինում ուսումը շարունակել պետական քաղաքային դպրոցում, որտեղ բոլոր առարկաները դասավանդվում էին ռուսերեն, բացի կրոնից։ Այստեղ Ավետիքը սովորել է մեկ տարի՝ 1885-1886 թվականները։

Ուսումը Հառիճի վանքի դպրոցում[խմբագրել | խմբագրել կոդը]

1850-ական թվականներին Գյումրիում հիմնված «Հառիճայի վանական ընկերությունը» ունեցել է երկու առաջնահերթ նպատակ՝ հինավուրց վանքի վերանորոգումը և նրան կից վանական-կրթական դպրոցի ստեղծումը։ Դպրոցում որդեգիրներ պահելու նպատակով ստեղծվել է հիմնադրամ և 400 անձ պարտավորվել է մուծել 25-ական ռուբլի։ Նվիրատուների թվում էին նաև Ավետիքի ծնողները՝ Սահակ և Ալմաստ Իսահակյանցները, հորեղբայրը՝ Աբրահամ Իսահակյանցը և քեռին՝ Հարություն Գաբրիելյան Ղլտճյանը[13]։ Այս նվիրված գործիչների ջանքերով Հառիճայի դպրոցը 1850-ական թվականներին դառնում է ոչ միայն Շիրակի առաջին դպրոցը, այլև մի ուսումնական հաստատություն, որտեղ սովորելու էին գալիս Հայաստանի տարբեր քաղաքներից ու գյուղերից։ Եվ ահա Ավետիք Իսահակյանը ծնողների որոշմամբ 1886 թվականին ընդունվել է այս երեքամյա գիշերօթիկ դպրոցը, որը Էջմիածնի Գևորգյան ճեմարանի նախապատրաստական աստիճանն էր․ դպրոցն ավարտելով՝ Իսահակյանն ուսումը շարունակել է Գևորգյան ճեմարանում, որտեղ սովորել է 3 տարի[6]։

Ուսումը Գևորգյան ճեմարանում[խմբագրել | խմբագրել կոդը]

1874 թվականին՝ Իսահակյանի ծննդյան օրից մեկ տարի առաջ, ամենայն հայոց կաթողիկոս Գևորգ IV-ի կողմից Էջմիածնում հիմնադրվում է Գևորգյան ճեմարանը։ 1889 թվականին, երբ Իսահակյանը հաջողությամբ հանձնել էր Հառիճի դպրոցի քննությունները, ընտանիքը որոշում է Ավետիքին ուսման ուղարկել ճեմարան։ Որպես կանոն, Գևորգյան ճեմարանում սովորելու էին գալիս Հայաստանի տարբերի շրջանների ամենաընդունակ երեխաները, որոնք ավարտել էին երկդասյան դպրոցները։ Գևորգյան ճեմարանը ցածր դասարաններ չի ունեցել, ուսումնառությունն սկսվել է երրորդ դասարանից․ ունեցել է 4 դպրոցական դասարան և 3 մասնագիտական լսարան։

1889 թվականին, երբ Իսահակյանն ընդունվել է ճեմարան, Հայաստանի տարբեր շրջաններից ևս 26 հոգի է ընդունվել է։ Ուսումը եղել է գիշերօթիկ և ամենօրյա, աշակերտներն ապրել են ճեմարանին կից կացարանում և միայն արձակուրդներին՝ տարին երկու անգամ են կարողացել տուն գնալ։ Իսահակյանի՝ ճեմարան ընդունվելուց մեկ տարի չանցած մահանում է նրա հայրը։

Թեև ճեմարանը հոգևոր ուսումնական կենտրոն էր, այնտեղ դասավանդվել են աշխարհիկ առարկաներ, օրինակ երրորդ դասարանում սովորել են հայերեն, ռուսերեն, հայոց և ընդհանուր պատմություն, աշխարհագրություն, մաթեմատիկա, չորրորդ դասարանում՝ նաև հանրահաշիվ, երկրաչափություն, ֆրանսերեն, բնախոսություն, Ռուսաստանի աշխարհագրություն, Հայ եկեղեցու պատմություն, կրոնի ընդհանուր պատմություն, կրոնական երգեցողություն և այլն։ Ճեմարանում դասավանդել են հայտնի անուններ, ինչպիսիք են բանաստեղծ Հովհաննես Հովհաննիսյանը, նկարիչ Վարդգես Սուրենյանցը, բանասեր, ազգագրագետ Ստեփան Լիսիցյանը, գրաքննադատ Նիկողոս Քարամյանը, ֆրանսերենը դասավանդել է Աստվածատուր Պիտանյանը, ճշգրիտ գտությունները՝ Լևոն վարդապետ Խոջայանը։ Իսահակյանը, թեև տարիքային տարբերությանը, ուսուցիչների մեծ մասի հետ ընկերական հարաբերություններ է ունեցել, սակայն առավել մոտ է եղել Հովհաննես Հովհաննիսյանի և Ստեփան Լիսիցյանի հետ։

1891 թվականի հունվար ամսից Գևորգյան ճեմարանի սաների և սարկավագների միջև խռովություններ են սկսվում։ Առաջին, երկրորդ, երրորդ դասարանների 28 աշակերտ, դժգոհելով ճեմարանական ռեժիմի խստություններից, դիմում են տեսուչին և պահանջում մեղմել խստությունները։ Խիստ վերակացուների պատճառով, որոնք հետևում էին աշակերտների յուրաքանչյուր քայլին, աշակերտները գտնվում էին բանտային ռեժիմ հիշեցնող հսկողության տակ։ Տեսուչն աշակերտների պահանջը հայտնում է կաթողիկոս Մակար Ա-ին, որը կտրականապես մերծում է որևէ բան փոխել։ Աշակերտները սպառնում են հեռանալ ճեմարանից, եթե իրենց պահանջը չկատարվի։ Ուսուցչական ժողովը հրաժարվում է կատարել աշակերտների պահանջը, որի արդյունքում 35 աշակերտ, այդ թվում՝ Ավետիք Իսահակյանը, հեռանում են ճեմարանից[14][15]։

Ճեմարանի այս իրադարձությունների մասին գրել է նաև «Արարատ» ամսագիրը։ Ճեմարանի ղեկավարությունը, որպես միջադեպի մեղավորներ, ճեմարանից հեռացնում է մի շարք մանկավարժների՝ Հովհաննես Հովհաննիսյանին, Վարդգես Սուրենյանցին, Ստեփան Լիսիցյանին, Նիկողոս Քարամյանին, Լևոն Խոջայանին[16][17]։

Աշակերտներին սատարող ուսուցիչները բողոքում էին ոչ միայն այս կամ այն առարկային շատ կամ քիչ դասաժամ տրամադրելու դեմ, այլ Էջմիածնի հետադիմական, պահպանողական քաղաքականության դեմ։ Ճեմարանում արմատախիլ էր արվում յուրաքանչյուր նոր գաղափար, այդ թվում՝ ազգային-անկախության պայքարին վերաբերող։ Էջմիածինը, ի տարբերություն Կոստանդնուպոլսի Պատրիարքարանի, որի ղեկավարը Հայկական հարցի ջատագով Խրիմյան Հայրիկն էր, ցանկանում էր ամեն ինչ լռությամբ անցկացնել, միայն մնար իշխանություններին քաղաքականությանը համահունչ։ Այդ պատճառով էլ ճեմարանի հետադիմական ղեկավարությունը հաշվեհարդար է տեսնում ուսուցչական ընտրանու և ըմբոստացած աշակերտների հետ։ Ճեմարանի խռովությունների մասին գրել է նաև Լևոն Շանթը, որը հեռացած աշակերտների թվում էր[18]։ Չնայած նրան, որ աշակերտները հեռանում են ճեմարանից, նրանց հանձնվում է ուսումնական երկլեզու (հայերեն և ռուսերեն) վկայականներ այն տարիների համար, որ սովորել էին ճեմարանում։

Իսահակյանը մտադրություն է ունեցել ուսումը շարունակել Թիֆլիսի Ներսիսյան դպրոցում, բայց քանի որ այնտեղ շեշտը դրված է եղել ճշգրիտ գիտությունների վրա, որոնցից ինքը հեռու էր, 1891 թվականի ամռանը որոշում է վերադառնալ Գևորգյան ճեմարան, սակայն 1893 թվականի ամռանը մեկնում է Եվրոպա։

Առաջին սեր․ Իսահակյանի պոեզիայի մուսան[խմբագրել | խմբագրել կոդը]

1891 թվականի ապրիլին Իսահակյանը վերադառնում է հայրենի Ալեքսանդրապոլ։ Հենց այդ ամառ էլ Ավետիքը սիրահարվում է իր հեռավոր ազգականուհի՝ դեռատի Շուշանիկ (Շուշիկ) Մատակյանին։ Շուշանիկն Ավետիքի մորաքրոջ՝ Սանդուխտի թոռն էր։ Մանկության տարիներին շատ են հանդիպել։ Ավետիքը մոտ հարաբերություններ է ունեցել նաև Շուշանիկի մոր՝ Թագուհու եղբայրների՝ Գեղամ, Կարապետ և Հովհաննես Կոստանյանների հետ։ Վերջիններս գյումրեցի հայտնի մանկավարժ Հովսեփ Կոստանյանի զավակներն էին, որը նաև հիմնադրել էր Արղության օրիորդաց առաջին դպրոցը։

Ալեքսանդրապոլից մեկ տարի բացակայելուց հետո Իսահակյանը Շուշանիկին հանդիպում է մորաքրոջ որդիներ Կարապետ և Հովհաննես Կոստանյանների տանը 1891 թվականի հունիսին։ Սիրահարված Ավետիքը բազում բանաստեղծություններ է գրել այդ շրջանում, որոնցից են «Դու մի սիրիր իմ աչերը․․․», «Նազան-աղջի՛կ, Շուշան-Շուշի՛կ․․․», «Ես ունեի մի նռան ծառ․․․», «Ի՜նչ սիրուն ես, գարնան վարդ ես․․․», «Հոգի կուտամ, հո՛գի տուր ինձ․․․», «Կուզե՞ս լինիմ վշտի ցողեր․․․», «Շուշա՛ն աղջիկ, քո գերին եմ․․․»։

Երբ 1891 թվականի օգոստոսին Իսահակյանը, ուսումը շարունակելու նպատակով, որոշում է վերադառնալ Էջմիածին, Շուշանիկի հետ պայմանավորվում են միմյանց նամակներ գրել։ Այսպես, 1891-1893 թվականներին Իսահակյանի և Շուշանիկի միջև կանոնավոր նամակագրական կապ է հաստատվում։ Իսահակյանի գրած նամակներից պահպանվել են միայն երկուսի բնագրերը, այն էլ այն պատճառով, որ դրանք ուղարկածի սևագրություններն են եղել, սակայն պահպանվել են Շուշանիկի՝ բանաստեղծին գրած բոլոր նամակները։

1892 թվականի ամառվանից սիրահարների հարաբերություններում որոշակի գժտություն է նկատվել։ 1892 թվականի հոկտեմբերին Իսահակյանը 5 ամսով մեկնել է Թիֆլիս․ նրանց միջև նամակագրական կապը խզվել է։ 1892 թվականի օգոստոսին Ալեքսանդրապոլում ինքնասպանություն է գործում Շուշանիկի հայրը՝ Արամ Մատակյանը, որն աշխատել է որպես նոտար։ Մի հրեա վաճառականի թղթերը ձևակերպելիս վերջինիս մեղադրել են խարդախության մեջ և վիրավորված Արամը, վախենալով, որ իր անունը քաղաքում կվարկաբեկվի, ինքնասպան է լինում։ Մահից քիչ անց պարզվում է, որ հրեա վաճառականը կեղծել է փաստաթղթերը։ Լինելով մոտ բարեկամներ՝ Իսահակյանների ընտանիքը մասնակցել է Արամ Մատակյանի թաղմանը։ Արամի մահից հետո ընտանիքի ղեկն անցնում է կնոջ՝ Թագուհու ձեռքը, որի խորհրդատուներն էին Հարություն ու Կարապետ որդիները։ Բանաստեղծի և Շուշանիկի մոր միջև ի սկզբանե լարված հարաբերություններ են եղել։ Ուսումը կիսատ թողած Թագուհին հեռու էր գիր-գրականությունից, եսակենտրոն ու ինքնասիրահարված անձնավորություն էր, որի կարծիքով միայն փող ունեցողները կարող են մարդ համարվել։ Ավետիքի սիրավեպը Շուշանիկի հետ դուրս էր նրա ծրագրերից և նա որդիների հետ անում էր ամեն ինչ, որ Ավետիքին հեռու պահեր աղջկանից։ Թեև սիրահարների սիրավեպի մասին գիտեր ողջ Ալեքսանդրապոլը, այդ ամենը Թագուհու համար նշանակություն չուներ․ նա իր աղջիկների համար փնտրում էր ծանրակշիռ, ունևոր և անունով փեսաներ։ Այսպես, հոր մահից հետո էլ Շուշանիկը չի արձագանքում Իսահակյանի նամակներին և հանդիպելու խնդրանքներին։

1893 թվականին տպագրվելով Սանկտ Պետերբուրգի «Արաքս» ամսագրում («Բեթղեհեմի այրի սուրբ մանուկը»)[19] և Թիֆլիսի «Աղբյուր» ամսագրում («Քյալլահի Օհաննես վարդապետը» լեգենդ)[20]՝ Իսահակյանը հույս ուներ, որ իր փառքը կմեծանա և կհաշտվի Շուշանիկի հետ։ Նույն թվականին Իսահակյանը պատրաստվում էր մեկնել Եվրոպա, սակայն անընդհատ ձգձգում էր՝ հուսալով, որ միգուցե հաշտվեր Շուշանիկի հետ։ Գերմանիա մեկնելուց առաջ՝ 1897 թվականի հունիսին, իմանալով, որ երկու տարի բացակայելու է հայրենիքից՝ Իսահակյանը որոշում է վերջին անգամ հանդիպել Շուշանիկին, սակայն վերջինս չի համաձայնում։ Ավետիքը վրդովված գնում է Շուշանիկի տուն, որտեղից նրան ծաղրելով վռնդում են։ Այսպիսով, Իսահակյանը վերջնականապես որոշում է մեկնել Գերմանիա ուսման։

Հատկանշական է, որ ընդամենը երկու տարի տևած սիրավեպը մոտ երկու տասնամյակ իր ազդեցությունն է թողել բանաստեղծի կյանքի վրա։

Վերադարձ ճեմարան[խմբագրել | խմբագրել կոդը]

1891 թվականին, երբ Իսահակյանը որոշում է մեկնել Գերմանիա ուսման, պարզվում է, որ դրա համար անհրաժեշտ է ունենալ հայաստանյան դպրոցի ավարտական վկայական։ Եվ բանաստեղծը որոշում է վերադառնալ Գևորգյան ճեմարան։ Մի քանի ամիս առաջ՝ 1891 թվականի ապրիլի 16-ին, վախճանվել էր Մակար Ա կաթողիկոսը և ճեմարանի ուսումնական խորհուրդը, տեսնելով, որ խռովությունների հետևանքով հեռացած սաների պատճառով մի քանի լսարաններ թափուր են, ինչը բացասաբար էր ազդում ուսումնական հաստատության վրա, որոշում է ետ կանչել հեռացածներին և առաջարկել շարունակել ուսումը։ Այսպես, Իսահակյանը 1891 թվականի օգոստոսին խնդրագիր է գրում Երեմիա եպիսկոպոսի տեղակալին[21], ինչի արդյունքում վերջինիս թույլատրում են շարունակել ուսումը, եթե հանձնի բոլոր բաց թողած քննությունները[22]։ Բանաստեղծը հաջողությամբ հանձնում է բոլոր քննությունները և ուսումը շարունակում ճեմարանի հինգերորդ դասարանում։ Ճեմարանը հետ է կանչում նաև ուսուցիչ Հովհաննես Հովհաննիսյանին, որն այդ ժամանակ աշխատանքի էր անցել Թիֆլիսի Ներսիսյան դպրոցում։

1891 թվականին ճեմարանում գրված բանաստեղծություններից են «Արևն իջավ սարի գըլխին․․․», «Անհուն եթերից, աստղի՛կ լուսափայլ․․․», «Թե՛ դեպի կյանքը, թե՛ դեպի մարդիկ․․․», «Որպես հառաչ՝ լքյալ, տրտում․․․»: 1891 թվականի հունվարի 28-ին Իսահակյանը գրում է հայրենասիրական մի պոեմ՝ «Այծեմնիկին», որը նվիրված էր Անիի պաշտպանության հերոսուհի Այծեմնիկին։ Սա Իսահակյանի առաջին պատմական պոեմն էր, որի ձեռագիրը չի պահպանվել։

1892 թվականի մարտից բանաստեղծը կանոնավոր չի հաճախում ճեմարան։ 1892 թվականի գարնանն ու ամռանը լինում է Ալեքսանդրապոլում, Ղազարապատում, Ապարանում, Կարսում, Արգինայում, Հառիճում։ 1892 թվականի հոկտեմբերին Իսահակյանը հանձնում է ճեմարանի քննությունները և ստանում վկայական՝ առ այն, որ ավարտել է Գևորգյան ճեմարանի հինգերորդ դասարանը։ Նույն ամսին մեկնում է Թիֆլիս[23]։ Ըստ գրականագետ Ալբերտ Մուշեղյանի՝ Իսահակյանը չի ավարտել հինգերորդ դասարանը, քանի որ նրա՝ վկայական ստանալու մասին որևէ հիշատակություն չկա Գևորգյան ճեմարանի ուսումնական խորհրդի արձանագրություններում, այն դեպքում, երբ այլ աշակերտների մասին բազում տեղեկություններ կան[24]։

Իսահակյանի հետ ճեմարանում են սովորել նաև այնպիսի անուններ, որոնք իրենց կյանքը նվիրաբերել են հայ ազգային ազատամարտի գործին։ Այդ անուններից է Ռուբեն Խոջա-Ավագյանը, որը բանաստեղծի հետ սովորել է 3-րդ և 4-րդ դասարաններում[25]։ 1895 թվականին Ռուբենը ձերբակալվում է Մուշում, իսկ 1896 թվականի աշնանը ծանր տանջանքներից հետո մահանում բանտում։ Ճեմարանում Իսահակյանի ընկերներից է եղել նաև Արտաշես Տեր-Անդրեասյանը, որը Լևոն Շանթի հետ սովորել է նույն դասարանում[26]։ Ճեմարանն ավարտելուց հետո Տեր-Անդրեասյանը մեկնում է Արևմտյան Հայաստան և նվիրվում հայ ազատամարտին։

Ճեմարանում ուսումնառության երեք տարիները՝ 1889-1892 թվականները, մեծ դեր են խաղում բանաստեղծի խառնվածքի և աշխարհայացքի ձևավորման գործում[27]։

Էջմիածնից հեռանալու ժամանակ Իսահակյանը հայտնի անձ էր դարձել ճեմարանում։ Դերենիկ Դեմիրճյանը, որն ընդունվել է ճեմարան բանաստեղծի մեկնելուց մեկ տարի անց, գրել է․

Այստեղ մի տարի առաջ մի բանաստեղծ կար, ասում էին ինձ Գևորգյան ճեմարանում, ուր ընդունված էի ես 1892 թվին: Ինձ ճանաչում էին իբրև սկսնակ բանաստեղծ և դրանով շարժում էին պատանեկան վառ հետաքրքրությունս: Ցույց էին տալիս «Ալեքսանդրապոլցիների մարգը», ուր, ասում էին, հահախ քաշվելիս էր եղել նա ու տխրելիս: Հաճախ հարցնում էի նրա մասին, հետաքրքրվում էի նրա արտաքինով, գրած ոտանավորներով: Գնում էի պարտեզ, մենակ շրջում այն բարդիների արահետներով, մարգի շուրջը, մտածում նրա մասին․․․ Պարտեզում շրջում էր նրա ուրվականը, նրա մասին մանվող իմ մտքերը: Ես ինձ մենակ չէի զգում, ես նրա հետ էի․․․ Լինում էր և այսպես, որ երբ ննջարանում կես գիշերին արթնանալով սկսում էի ականջ դնել քարավանների ղողանջներին, այդ անվերջ, անդուլ ղողանջներին սիրում էի կրկնել բանաստեղծի ոտանավորները»[28]։

Նախքան Գերմանիա մեկնելը․ Թիֆլիս[խմբագրել | խմբագրել կոդը]

18-րդ դարի վերջերից Թիֆլիսը դառնում է հայոց մտավոր և մշակութային կենտրոնը, իսկ 19-րդ դարում գրեթե բոլոր հայկական առաջատար ամսագրերն ու թերթերը հրատարակվում էին Թիֆլիսում․ այստեղ էին կենտրոնացած հրատարակչությունները, թատերախմբերը, մշակութային կենտրոնները, ակումբները։ Այստեղ էր գործում նաև Անդրկովկասի լավագույն ուսումնական հաստատությունը՝ Ներսիսյան դպրոցը։ Եվ ահա Իսահակյանը 1882 թվականի հոկտեմբերից 1883 թվականի փետրվարն ընկած ժամանակահատվածը՝ նախքան Գերմանիա մեկնելը, անց է կացնում Թիֆլիսում (Գերմանիա մեկնելը նախատեսված էր ավելի շուտ, սակայն ինչ-ինչ պատճառներով հետաձգվում է)։

Թիֆլիսում Իսահակյանը ցանկանում էր նախևառաջ հանդիպել երիտասարդ, սակայն արդեն հայտնի գրող Հովհաննես Թումանյանին։ Ճեմարանում ուսանելու տարիներին՝ 1892 թվականին, Իսահակյանի քեռորդի Արսեն Ղլտճյանը վերջինիս ուղարկում է Թումանյանի բանաստեղծությունների առաջին հատորի մի քանի օրինակ և խնդրում, որ վաճառի ընկերների շրջանում։ Ղլտճյանը Թումանյանի մտերիմ ընկերն էր, նրա ստեղծած «Հնգյակի» անդամը։ Հետագայում Ղլտճյանի խնդրանքով Իսահակյանը զբաղվում է նաև Թումանյանի բանաստեղծությունների առաջին և երկրորդ հատորների բաժանորդագրմամբ[29]։

Գալով Թիֆլիս՝ Իսահակյանը հանդիպում է քսանչորսամյա Թումանյանին, որն այդ ժամանակ աշխատում էր Կովկասի Հայոց հրատարակչական ընկերությունում որպես գրասենյակապետ։ Որոշ ժամանակ անց Իսահակյանն ընտրում և Թումանյանին է տալիս իր գրած 10-15 բանաստեղծություն, որպեսզի վերջինս հայտնի իր կարծիքը։ Անցնում են օրեր, սակայն Թումանյանն այդպես էլ չի հայտնում իր կարծիքը։ Թեև երկու գրողները մոտ ընկերներ են եղել, սակայն Թումանյանը երբևէ չի հայտնել իր կարծիքը Իսահակյանի պոեզիայի մասին։ Այդուհանդերձ, այս հանգամանքը երբեք չի փոխել Իսահակյանի վերաբերմունքը Թումանյանի նկատմամբ։ Հրատարակչատունը, որտեղ աշխատում էր Թումանյանը 1892-1893 թվականներին, դարձել էր հայ գրողների, մտավորականների հավաքատեղին։ Այստեղ է Իսահակյանը ծանոթանում Ղազարոս Աղայանի հետ։

Թիֆլիսում են նաև առաջին անգամ տպագրվում Իսահակյանի բանաստեղծությունները։ Տիգրան Նազարյանի գլխավորությամբ լույս տեսնող «Տարազ» գեղարվեստական գրական պատկերազարդ շաբաթաթերում 1892 թվականի դեկտեմբերին հրատարակվում է Իսահակյանի «Նվեր XX» («Ծաղիկ էի նորաբողբոջ․․․»)[30] և «Քնած երեխան» («Խորին գիշեր է, և արար-աշխարհ․․․»)[31] բանաստեղծությունները։ Հաջորդ տարի՝ 1893 թվականին 18-ամյա Ավետիքի բանաստեղծություններն ու արձակները շարունակում են տպագրվել «Տարազ»-ում, ինչպես նաև մանկական «Աղբյուր»-ում։ Բացի այդ, 3 բանաստեղծություն էլ տպագրվում է Սանկտ Պետերբուրգի «Արաքս» հանդեսի երկու պրակներում։

1893 թվականի փետրվարին Իսահակյանը վերադառնում է Ալեքսանդրապոլ ոչ թե որպես ճեմարանի սովորական սան, այլ որպես երիտասարդ բանաստեղծ։

Ուսումն արտասահմանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Կանգառ Վիեննայում[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտասահման մեկնելու համար համապատասխան փաստաթղթեր ստանալու համար Իսահակյանը դիմում է Ալեքսանդրապոլի հեղինակավոր մարդկանց օգնությանը և բավական երկար քաշքշուկից հետո հարցը լուծվում է։ Բանաստեղծի ուղերթը հետևյալն էր՝ Ալեքսանդրապոլ-Թիֆլիս-Բաթում-Օդեսա-Լեմբերգ (Լվով)-Կրակով-Վիեննա։ Թիֆլիսից Իսահակյանը շոգեկառքով մեկնում է Բաթում, իսկ Բաթումից հուլիսի 21-ի գիշերը շոգենավով՝ Օդեսա․ առաջին անգամ տեսնում է Սև ծովը։ Ճանապարհին բանաստեղծը գրում է բազում բանաստեղծություններ։ Ավետիքն Օդեսայում երկար չի մնում և հուլիսի 27-ին ուղևորվում է Վիեննա․ առաջին անգամն էր, որ բանաստեղծը հատում էր Ռուսական կայսրության սահմանները։

Վիեննայում պետք է լիներ առաջին երկար կանգառը, քանի որ Ավետիքը կազմակերպչական աշխատանք ուներ կատարելու այնտեղ։ Ամենայն Հայոց կաթողիկոս Մկրտիչ Ա-ն հունիսին մեկնելու էր Երուսաղեմ, որտեղ նրան շնորհելու էին Լուսավորչի գավազանը։ Վերադարձին Վեհափառը պետք է կանգ առներ Վիեննայում, որտեղ մեծ հանդիպում էր նախատեսվում Եվրոպայի բոլոր հայ գաղութների ներկայացուցիչների, արտասահմանյան պետությունների դեսպանների հետ։ Հանդիպմանը, որին մեծ նշանակություն էր տրվում, պետք է քննարկվեր հայ բնակչության վիճակը և եվրոպական գաղթօջախների հետ կապված այլ հարցեր։ Այսպես, Իսահակյանը Վիեննա է մեկնում ճեմարանի մեկ այլ սանի՝ Մանուկ Աբեղյանի ընկերակցությամբ, որին գործուղել էր «Նոր-Դար» թերթի խմբագրությունը՝ թերթի համար Մկրտիչ Ա-ի այցը լուսաբանելու համար։

Իսահակյանը Վիեննայում մնացել է 33 օր, որտեղ հաճախել է Բուրգոինգ փողոցի վրա 1872-1889 թվականներին կառուցված Կայսերական բնագիտական-պատմական թանգարան և ուսումնասիրել մարդաբանություն։ Մարդու ստեղծումը, նրա բնաշրջումը, մարդու ուղեղի բարդ կառուցվածքը, ինչպես նաև գենետիկայի հետ կապված հարցերը երիտասարդ տարիքից մինչ ծերություն միշտ հետաքրքրել են Իսահակյանին։

Իսահակյանն ու Աբեղյանն առաջին օրերից ակտիվ գործունեություն են ծավալում՝ տեղի հայկական գաղթօջախի կյանքի և մանավանդ Մխիթարյան միաբանության Վիեննայի հայրերի հետ ծանոթանալու համար։ Իսահակյանն ամեն օր այցելում է Մայրավանք, հանդիպում աբբահոր՝ անվանի լեզվաբան և հայագետ Հայր Արսեն Այտընյանի հետ, որը ցանկանում է իր «Հանդես ամսօրյա»-ում տպագրել Իսահակյանի բանաստեղծություններից մեկը։ Բանաստեղծն ընտրում է «Խանդերգ» բանաստեղծությունը[32], որի վերնագիրն ընտրում է աբբահայրը։ Հետագայում Իսահակյանն այս բանաստեղծությանը մեկ այլ անվանում է տալիս։

Որոշ ժամանակ անց Իսահակյանն ու Աբեղյանը մեկնում են Ավստրիային ենթակա Գալիցիայի մարզի կենտրոն Լեմբերգ (Լվով)՝ Կաթողիկոսի այցը հայկական գաղութ նախապատրաստելու համար։ Խրիմյան Հայրիկը Վիեննա է ժամանում օգոստոսի 17-ին։ Նրան այցելում են բազում բարձրաստիճան ավստրիացի պաշտոնյաներ, դեսպաններ և այլք։ Օգոստոսի 19-ին Հայրիկն այցելում է Մխիթարյան Հայրերի վանք, այնուհետև Մխիթարյանների կալվածք։ Օգոստոսի 22-ին երեկոյան ժամը 9-ին Վիեննայի Հյուսիսային կայարանից Խրիմյան Հայրիկը մեկնում է հայրենիք։

Շուշանիկ Մատակյանի ամուսնության լուրը ճանապարհին[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիեննա-Լայպցիգ ճանապարհին Իսահակյանը Գինովաբեից նամակ է ստանում, որտեղ քույրը հայտնում է, որ Շուշանիկն ամուսնացել է ալեքսանդրապոլցի ուսուցիչ Հովհաննես Տեր-Միրաքյանի հետ ևոր հարսանիքին ներկա են եղել բոլոր Իսահակյանները։ Հարսանիքը մանրամասն նկարագրել է անգլիացի հայտնի ճանապարհորդ-աշխարհագետ Հենրի Ֆինիս Բլոս Լինչն իր «Արմենիա» երկհատոր գրքում, որն այդ ժամանակ ճանապարհորդելիս է եղել Արևելյան Հայաստանով և մասնակցել է հարսանիքին[33]։ Իսահակյանագիտության մեջ այս նամակին կարևոր նշանակություն է տրվել[34][35][36]։ Գինովաբեն, լինելով անմիջական անձնավորություն, որոշում է առաջինն ինքը եղբորը հայտնել լուրը։ Լուրն ստանալուց հետո Ավետիքը ճանապարհին գրում է «Դարդըս լացեք․․․» բանաստեղծությունը[34]։ Իսահակյանն այնուհետև նամակ է ստանում եղբորից, որը հայտնում է, որ Շուշանիկն ամուսնու հետ բնակություն է հաստատել Տրապիզոնում։

Ավետիքի համար ամենածանր շրջանը եղել է 1893 թվականի աշունը և 1894 թվականի գարունը։ 19-ամյա բանաստեղծը նույնիսկ մտածել է ինքնասպան լինելու մասին։ Սա է վկայում Մանուկ Աբեղյանի՝ Իսահակյանին ուղղած նամակը 1894 թվականի ապրիլի 2-ին, որտեղ լեզվաբանը գրում է․

1894, 2 ապրիլի. Սիրելի Ավետիք! Մարտի 29-ին ստացա նամակդ, և որ շտապում եմ պատասխանել, և քո հարցերին գոհացում տալ: Բայց մի բան ինձ վերա շատ վատ տպավորություն թողեց, այդ այն միտքն է, որ ծնեցրել է մինչև անգամ քո մեջ ինքնասպանության ոգին, ես այդ մտքի հետ, ոչ մի դեպքում, չեմ կարող հաշտվել, մի՞թե դու այդքան շատ ես ձանձրացել կյանքից, չէ՞ որ դեռ շա՜տ և շա՜տ բան է սպասվում քեզանից, չէ՞ որ դու կատարելու պարտականություններ դեռ շատ ունես, ես գիտեմ, որ քեզ այդ դրության մեջ ձգողը, է, առաջին սիրո կորուստը, բայց չէ՞ որ դու դեռևս այն երիտասարդական վառ հասակում ես, որ կարող ես երկրորդ և երրորդ անգամ սիրել, և ավելի սաստիկ սիրել․ հիշի՛ր երևելի մարդկանց, որոնք կորցնելով իրանց ամբողջ սիրո էակները, այնուամենայնիվ, ոչ մի անգամ չթուլացան ու չհուսահատվեցին, այլ ընդհակառակը, միշտ համառ կերպով մաքառում էին այդ վշտերի և հոգեկան տանջանքների դեմ[6]։

Ուսումը Լայպցիգի համալսարանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Իսահակյանը Վիեննայից Լայպցիգ է ուղևորվում 1893 թվականի օգոստոսի 31-ին (նոր տոմարով՝ սեպտեմբերի 12-ին)։ Ճանապարհն անցնում էր Պրահա և Դրեզդեն քաղաքներով, որտեղ բանաստեղծը որոշում է կարճատև կանգ առնել։

Գերմանիայի Լայպցիգի համալսարանում ուսումը շարունակելու մասին Իսահակյանը որոշում էր կայացրել դեռևս ճեմարանում ուսանելու տարիներին՝ 1892 թվականի ամռանը։ Այդ իսկ պատճառով ճեմարանում ինքնուրույն գերմաներեն է սովորում[37]։ Առաջին տարին նրա հետ էր նաև Մանուկ Աբեղյանը։ Երիտասարդները շուտով ընդգրկվում են Լայպցիգի համալսարանին կից գործող «Հայ ուսանողների միության» մեջ, ընկերանում ապագա ակադեմիկոս Կարապետ Մելիք-Օհանջյանի, ապագա Ամենայն հայոց Կաթողիկոս Գևորգ Չորեքչյանի, ապագա թատերգակ և քաղաքական գործիչ Լևոն Շանթի, ապագա անվանի մանկավարժներ Տիգրան Ռաշմաճյանի և Արշակ Չիլինգարյանի, ապագա քաղաքական գործիչ Լևոն Աթաբեկյանի հետ։ Որոշ ժամանակ անց՝ 1894 թվականին Ենայի համալսարանից Լայպցիգի համալսարան են տեղափոխվում Մանուկ Աբեղյանը և Հակոբ Մանանդյանը։ Այստեղ Իսահակյանը սկսում է ուսումնասիրել գերմանական պոեզիան և դասական փիլիսոփայությունը։ Լայպցիգը Գերմանիայի առաջին քաղաքն էր գրքի հրատարակման և առևտրի բնագավառով․ քաղաքում գործում էր 800 գրախանութ և 150 հրատարակչատուն։ Լույս ընծայվող 10 գրքից 7-ը հրատարակվում էին Լայպցիգում։ Անց էին կացվում գրքի մեծ տոնավաճառներ։ Այս ամենը շատ էր գերում գրքասեր Իսահակյանին։

Իսահակյանն ընդունվում է Լայպցիգի համալսարան՝ որպես ազատ ունկնդիր․ այստեղ գործում էին 4 հիմնական ֆակուլտետ՝ աստվածաբանություն, փիլիսոփայություն, իրավաբանություն և բժշկագիտություն։ Փիլիսոփայության ֆակուլտետում ուսումնասիրում էին հին ու նոր լեզուներ, բանասիրություն, գրականություն, պատմություն, քաղտնտեսություն և բնագիտական այլ առարկաներ։ Իսահակյանն ընտրում է այս ֆակուլտետը։ Լայպցիգի համալսարանում Իսահակյանի դասախոսներն են եղել՝ տնտեսագիտություն՝ պրոֆեսոր Վիլհելմ Ռոշերը, փիլիսոփայություն և հոգեբանություն՝ պրոֆեսոր Վիլհելմ Վունդտը, աշխարհագրություն և մարդաբանություն՝ պրոֆեսոր Ֆրիդրիխ Ռատցելը, պատմություն՝ Կարլ Լամպրեխտը, տնտեսագիտություն՝ Կարլ Բյուխերը, սանսկրիտ և համեմատական լեզվաբանություն՝ պրոֆեսոր Ֆրիդրիխ Կարլ Բրուգմանը, գերմանական և սկանդինավյան էպոսների պատմություն և տաղաչափություն՝ Էդվարդ Զիվերսը, անտիկ շրջանի հունական գրականություն՝ Յուստուս Հերման Լեպսիուսը, անտիկ շրջանի հռոմեական գրականություն՝ Օտտո Ռիբեկը, հին հնդկական գրականություն և «Վեդաներ»-ի մեկնություն՝ Վինդիշը, նոր շրջանի գերմանական գրականություն՝ Վիտկովսկին[38]։ Բոլոր դասախոսներն այն ժամանակ համաեվրոպական հեղինակություն ունեցող մասնագետներ էին։

Իսահակյանի՝ համալսարան որպես ազատ ունկնդիր և ոչ թե հիմնական ուսանող ընդունվելը մի քանի պատճառ է ունեցել․ նախ Ավետիքն այդքան գումար չի ունեցել, որպեսզի վճարի հիմնարար ուսուցումը, և երկրորդ, նման ուսուցումը տևել է 4-5 տարի և պետք էր պարտադիր հաճախել ֆակուլտետի բոլոր դասախոսություններին։ Իսահակյանը գիտակցել է, որ իր ֆինանսական դրությունն իրեն թույլ չի տա Լայպցիգում մնալ երկու տարուց ավել։ Եվ երրորդ, Իսահակյանը նախընտրում էր դասախոսություններ լսել իր նախընտրությամբ տարբեր բնագավառներից՝ գրականություն, փիլիսոփայություն, մարդաբանություն, ազգագրություն։ Որպես ազատ ունկնդիր՝ նա կարող էր օգտվել այս հնարավորությունից, մինչդեռ հիմնական ուսանողը պետք է հետևեր միայն մեկ հիմնական ուղղության։

Հեռվից-հեռու․ Սասունի և Զեյթունի կոտորածներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Լինելով Լայպցիգում Իսահակյանը մշտապես տեղյակ էր հայրենիքում կատարվող իրադարձություններից՝ հարազատներից ու ընկերներից իրեն ուղղված նամակներից, Վիեննայի միջոցով Լայպցիգ հասնող հայ պարբերականներից։ Այս ժամանակաշրջանում Իսահակյանը և նրա ընկերներից շատերը՝ Սիսակ Տեր-Սիմոնյանը, Լևոն Գյուլումյանը, կապված էին Հնչակյան կուսակցության հետ։ Իսահակյանի՝ Գևորգյան ճեմարանում ուսանելու տարիներին, ճեմարականների մի մասը հարում էր այս կուսակցության գաղափարներին, շատերը նաև կուսակցության «Հնչակ» թերթի մշտական ընթերցողներն ու տարածողներն էին։

Ինչպես Հայաստանի մի շարք բնակավայրերում, Ալեքսանդրապոլում ևս Հնչակյան կուսակցությունը հիմնել էր իր մասնաճյուղերը։ Սկզբնական շրջանում Իսահակյանը բավականին կապված է եղել կուսակցության հետ, օգնել է հայթայթել անհրաժեշտ գրականություն, նամակներ է ուղարկել և այլն։ «Ազատ Հայաստան» թերթը[39], որ տպագրվել է 1893-1894 թվականներին, Հնչակյան կուսակցության առաջին պարբերականներից էր։ Խմբագրական կոլեգիայի անդամ էր նաև Սիսակ Տեր-Սիմոնյանը։ Կուսակցությունը, խուսափելով իշխանությունների հետապնդումներից և ոստիկանությանը մոլորեցնելու նպատակով, հայտարարում է, որ թերթը լույս է տեսնում արտասահմանում, մինչդեռ այն տպագրվում էր Թիֆլիսում։ Սիսակը խնդրում է ընկերոջը՝ Ավետիքին, որպես թերթի խմբագրատուն նշել իր լայպցիգյան հասցեն։ Հետագա նամակները վկայում են, որ Իսահակյանը ընդառաջում է այս խնդրանքին։ Շուրջ կես տարի Իսահակյանն ապահովել է թերթի արտասահմանյան մտացածին հասցեի գոյությունը, դրանով իսկ հնարավոր դարձրել հնչակյան պարբերականի կապը արտասահմանյան երկրների և թիֆլիսյան խմբագրության միջև։ Իսահակյանն իր գործունեության պատճառով շուտով գրավում է ոստիկանության ուշադրությունը։ Պահնորդական բաժինը հսկողության տակ էր առել Իսահակյանի նամակագրությունը, անց էր կացրել խուզարկություններ նաև նրա ընկերների բնակարաններում։ Խուզարկության ժամանակ եթե նույնիսկ մեկ գրքույկ էլ հայտնաբերեին, դա բավարար կլիներ Իսահակյանի ձերբակալության համար։ Ընտանիքը, դժգոհ լինելով Ավետիքի այսպիսի գործունեությունից, սկսում է գումար չուղարկել նրան։

1891-1893 թվականներին Հնչակյան կուսակցության անմիջական ղեկավարությամբ հնարավոր է դառնում կազմակերպել Արևմտյան Հայաստանի ամենամեծ շրջաններից մեկի՝ Սասունի զինված ինքնապաշտպանությունը։ Այդ ժամանակահատվածում սասունցիներին հաջողվել էր կասեցնել թուրքական բանակի հարձակումները և հաստատել որոշակի ինքնակառավարում։ Սակայն 1894 թվականի հուլիս-օգոստոս ամիսներին թուրքական կառավարությունը 12000-անոց բանակը շարժում է դեպի Սասունի ապստամբ գյուղերը։ Երկու ամիս հայկական ուժերին հաջողվում է դիմադրել թուրքական բանակին, բայց օգոստոսի վերջերին, ուժերի բացարձակ անհավասարության և զենքի պակասի պատճառով, թուրքերը ճնշում են դիմադրությունը, որի արդյունքում տեղի է ունենում Սասնա կոտորածը։ Հրկիզվում էին ամբողջական գյուղեր, սրի մատնվում խաղաղ բնակչությունը։ Իսահակյանը միայն Ռուսաստանի հետ էր կապում Արևմտահայաստանի ազատագրման ծրագրերը, հայ ժողովրդի քաղաքական ապագան։

1894 թվականին Իսահակյանը Լայպցիգում գրում է «Իգիթ Սարդար» ստեղծագործությունը, որը համարվում է բանաստեղծի հայրենասիրական պոեզիայի առաջնեկներից մեկը։ Նման բնույթի ստեղծագործություններից էր նաև «Օխտը սարով հեռու քեզնից․․․» բանաստեղծությունը։ «Իգիթ Սարդար» լեգենդով հայ հայդուկի կերպարն առաջին անգամ մտել է Իսահակյանի պոեզիա։ Ամբողջ երկը, որը գրված է էպոսի ոճով, ողողված է Սասունին հատուկ պատկերներով, գույներով և բարբառային դարձվածքներով։ Լեգենդը պատմում է Սասունի գյուղերից մեկի պաշարումը, որի քաջ պաշտպանն էր լեռնցի հայդուկ Իգիթ Սարդարը։ Իսահակյանը լեգենդի ինքնագիրը Լայպցիգից ուղարկում է Սանկտ Պետերբուրգ Սիմոն Գուլամիրյանին՝ «Արաքս» հանդեսի խմբագրին, որն էլ հրատարակում է այն թերթի 1894-1895 թվականների միացյալ համարում[40]։ Սա լեգենդի առաջին և վերջին հրատարակությունն էր։

Սասունի կոտորածներից հետո Ռուսաստանի, Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի կառավարությունները մշակեցին Թուրքահայստանում հայ բնակչության ապահովությունը երաշխավորող «Մայիսյան ռեֆորմները», որը 1895 թվականի մայիսի 11-ին ներկայացրեցին սուլթան Աբդուլ Համիդ II-ին։ Սուլթանը բոլորովին մտադրություն չուներ իրագործելու «Մայիսյան ռեֆորմները»։ Հնչակյան կուսակցության ղեկավարները, նպատակ ունենալով ներգործել սուլթանի վրա, որոշում են Կոստանդնուպոլսում քաղաքական ցույց անցկացնել։ Ցույցը տեղի ունեցավ 1895 թվականի սեպտեմբերի 18-ին սուլթանի պալատի մոտ գտնվող Բաբ Ալի շրջանում։ Ցույցին մասնակցում էին չոր հազարից ավել բնակիչ։ Թեև ցույցը խաղաղ բնույթ էր կրում, սուլթանը բնակիչների դեմ հանեց բանակին, որոնք սկսեցին ջարդել և ցրել ցուցարարներին։ Սրան հաջորդեցին պոլսահայության կոտորածները, որի արդյունքում սպանվեց շուրջ 4000 հայ ընտանիք։ Եվրոպական պետությունների միջամտությունից հետո սուլթան Համիդը ստիպված եղավ ընդունել «Մայիսյան ռեֆորմները», որտեղ բազմաթիվ ուղղումներ էին արվել։ Շուտով ստեղծվում են «Համիդիե» հատուկ զորախմբերը, որոնք 1895 թվականի աշնանը նոր ջարդեր են կազմակերպում Տրապիզոնում, Երզնկայում, Ուրֆայում, Բաղեշում, Կարինում, Ակնում, Սեբաստիայում, Դիարբեքիրում։ Որոշ շրջաններում հայ ինքնապաշտպանական ուժերին հաջողվում է կազմակերպված դիմադրություն ցույց տալ։ Զեյթունի ապստամբությունից հետո թուրքերը ստիպված էին նահանջել՝ կնքելով պայմանագիր, որով զեյթունցիները հինգ տարի ժամանակով ազատվում էին հարկերից։

Ինքնապաշտպանական գործում մեծ դեր խաղացին Հնչակյան և նորաստեղծ Հայ հեղափոխական դաշնակցություն կուսակցությունները։

Գրական գործունեությունը Լայպցիգում[խմբագրել | խմբագրել կոդը]

Լայպցիգում Իսահակյանը գրել է և՛ չափածո, և՛ արձակ ստեղծագործություններ, մամուլում տպագրել ավելի քան քսան բանաստեղծություն։ Բանաստեղծը պայմանավորվածություն է ունեցել թղթակցելու Թիֆլիսի «Տարազ» և «Աղբյուր» ամսագրերին, Սանկտ Պետերբուրգի «Արաքս» տարեգրքին։ Մտածել է իր գրվածքներից առանձին գիրք կազմելու մասին։ Ըստ Իսահակյանի՝ այդ գիրքը պետք է ցույց տար նրա սրտի ու սիրո զարգացումը, սակայն հատընտիր ստեղծելու մտադրությունը չի իրագործվել։

Լայպցիգում գրված 3 բանաստեղծություններ մտնում են Իսահակյանի բոլոր հատորների մեջ․ դրանք են՝ «Կենսական ծովի հույզերի միջին», «Երազ տեսա ձեր տան առաջ․․․» և «Մայրս տեսավ ինձ շա՜տ տխուր․․․»։ Միաժամանակ լայպցիգյան շրջանում գրված մի շարք բանաստեղծություններ դուրս են մնացել նրա երկերի հատորներից, որոնցից է «Սիրտս լիճ էր – ջինջ ու լռիկ․․․», «Հովը փչում է լեռների լանջից․․․» բանաստեղծությունները։

Մինչև «Հայդուկի երգերի» հրատարակումը[41] անտիպ էին մնացել լայպցիգյան շրջանի 6 բանաստեղծություն՝ «Ա՜խ, մարալս, ա՜խ, ո՞ւր գնաց․․․», «Նվեր տիկին Շ․-ին», «Ես ձեզ ատում եմ, ամենքիդ ատում․․․», «Իմ վեհությունը», «Շուշան ծաղիկ, քու բողբոջում․․․», «Սրտումս խորունկ վշտեր կան․․․»։

Լայպցիգում Իսահակյանն աշխատել է 2 ստեղծագործության վրա, որոնք իրենց պոետիկայով, կառուցողական համակարգով կապված էին հայ բանահյուսական բանաստեղծության ձևերի հետ․դրանք են՝ «Իգիթ Սարդար» և «Իրիցկնկա աղբյուր» լեգենդները։ «Իրիցկնկա աղբյուր»-ի առաջին տարբերակը գրվել է 1891 թվականին Բեշքիլիսեում, իսկ հիմնական խմբագրումը կատարվել է 1894 թվականի սեպտեմբերին Լայպցիգում։

Երբ Իսահակյանը մուտք է գործում գրական աշխարհ, Կովկասի հայ ամենահեղինակավոր պարբերականներից մեկը «Մուրճ» ամսագիրն էր, որը հրատարակվում էր Թիֆլիսում։ «Մուրճում» տպագրվելը պատվաբեր էր համարվում յուրաքանչյուր հեղինակի համար։ Եվ ահա Իսահակյանը 1894 թվականի հունիսի 13-ին նամակով դիմում է թերթի խմբագիր Ավետիք Արասխանյանին՝ իր մի քանի բանաստեղծությունները տպագրելու խնդրանքով։ Արասխանյանը չի ընդառաջում բանաստեղծի խնդրանքին, քանի որ Իսահակյանն այդ ժամանակ հայտնի անուն չէր։ Սակայն երեք տարի անց թերթն ամենից հաճախ սկսում է հրատարակել հենց Իսահակյանի բանաստեղծությունները։

1895 թվականի մայիսի սկզբներին Իսահակյանը ստեղծում է մորը նվիրված արձակ բանաստեղծությունների քնարական շարք՝ բաղկացած 14 մասից։ Մորն ուղղված քնարական բաց նամակները բանաստեղծի ապրումներն են՝ հիմնականում կապված Շուշանիկի հետ։

Բանաստեղծի՝ Գերմանիայում ստեղծած լավագույն գործերից մեկն է համարվում «Հովերն առան սա՜ր ու դարե՜ր․․․» բանաստեղծությունը[42], որի նախնական տարբերակը գրել է 1893 թվականի օգոստոսի 3-ին Գալիցիայում, իսկ հիմնովին վերամշակել՝ 1895 թվականին Ենայում։

Լայպցիգում Իսահակյանը թարգմանություններ է կատարել գերմանական պոեզիայից։ 1912 թվականին թարգմանել է նաև Կնուտ Համսունի «Պանը» վեպը։ Մտադրություն է ունեցել նաև թարգմանել Նիցշեի «Այսպես էր խոսում Զրադաշտը» տրակտատը, սակայն այդ մտադրությունն այդպես էլ չի իրագործվել։ Լայպցիգյան շրջանի Իսահակյանի բանաստեղծությունների մեջ կան այնպիսի բանաստեղծություններ, որոնք անմիջականորեն առնչվում են Նիցշեի Զրադաշտի մասին տրակտատի գաղափարներին։ 1895 թվականին Ավետիքը գրում է մի բանաստեղծություն, որի վերնագիրը Նիցշեի ինքնակենսագրական գրքից էր՝ «Ecce-homo», ինչը հայերեն թարգմանվում է «Ահա մարդը»։ բանաստեղծությունը լույս է տեսել 1898 թվականին՝ միաժամանակ երկու պարբերականներում՝ «Աղբյուր»-ում[43] և «Մուրճ»-ում[44]։ Նոր խմբագրումից հետո այն տեղ է գտնում նաև 1903 թվականին հրատարակված «Բանաստեղծություններ» հատորում։

Հայրենիք վերադառնալուց հետո Իսահակյանը Լայպցիգում արված իր թարգմանություններն ի մի է բերում և ներկայացնում տպագրության «Մուրճ» ամսագրի խմբագիր Ավետիք Արասխանյանին։ Սակայն սրանք ևս Արասխանյանը չի հրատարակում։

Գերմանիայում Իսահակյանն իր հավանած աֆորիզմներից, թևավոր խոսքերից հավաքածու է հավաքել։ Շատ մտքեր քաղել է գերմանական դասական փիլիսոփաների գործերից։

Վերադարձ Ալեքսանդրապոլ[խմբագրել | խմբագրել կոդը]

Լայպցիգում երկու տարի ուսանելուց հետո Իսահակյանը 1895 թվականին վերադառնում է հայրենի Ալեքսանդրապոլ։ 1895 թվականի մայիսի 19-ին գնացքով մեկնում է Բեռլին, որտեղ մնում է մոտ քսան օր, որպեսզի պատրաստի ետդարձի փաստաթղթերը։ Բեռլինում գրում է «Մայրիկ, հիվանդ եմ, սիրտըս քրքրված․․․» բանաստեղծությունը։ Վերադարձին կարճատև կանգ է առնում Վարշավայում, որտեղ գրում է «Փշե — պսակը ճակտիս կըդնեմ․․․» բանաստեղծությունը։ Այս երկու բանաստեղծություններն Իսահակյանը համախմբում է «Հատուկտոր թերթեր իմ օրագրից» խորագրի ներքո և 1895 թվականին տպագրում «Տարազ»-ի նոյեմբերյան համարում։ Կայսրության տարածք մուտք գործելու ժամանակ Սահմանապահ ոստիկանությունը խուզարկում է բանաստեղծի ճամպրուկները և բռնագրավում բազմաթիվ նյութեր՝ Շուշանիկի՝ իրեն գրած նամակները, բազում բանաստեղծություններ, գրքեր։ Խուզարկելու հրահանգը տվել էր ոստիկանության պահնորդական բաժինը, որի ցանկերում Իսահակյանը նշված էր որպես «անվստահելի անձ»։ 1895 թվականի հունիսի 20-ին Ավետիք ժամանում է Ալեքսանդրապոլ։ Տունդարձի առաջին օրերից խանդավառված բանաստեղծը գրում է մի շարք բանաստեղծություններ՝ «Լուռ գիշերին հեռու տեղից․․․», «Նայում են ցոլուն աստղերը անշեջ․․․», «Շղարշ ամպերն երկինքն առան․․․»։

Հայրենիքում Իսահակյանը հայրենասիրական գործունեություն է ծավալել հիմնականում երկու ուղղությամբ․ քարոզչական աշխատանք է տարել հայկական շրջաններում և գյուղերում՝ սատարելու Արևմտյան Հայաստանի ազատագրման գործին, և որպես բնակչությանը ֆիզիկական ոչնչացումից փրկելու միակ միջոց քարոզել է երկրում զինված ապստամբություն բարձրացնելու անհրաժեշտությունը։ Բացի այդ, դրամական միջոցներ է հայթայթել, զենք ձեքբերել և կազմավորել կամավորական ջոկատներ։ Նման գործունեություն բանաստեղծը ծավալել է սկզբում Հնչակյան, այնուհետև Հայ հեղափոխական դաշնակցություն կուսակցությունների կազմում։ 1890-ական թվականներին մեծ հեղինակություն էր վարում Սոցիալ-դեմոկրատական հնչակյան կուսակցությունը։ Այն մեծ ազդեցություն ուներ հայ մտավորականության, ինչպես նաև բանվորության վրա։ Հովհաննես Թումանյանը, որպես Հնչակյան կուսակցության ստեղծած «Հանգանակող և գործադրող կոմիտեի» ներկայացուցիչ, 1895 թվականի նոյեմբերին գործուղվում է Կովկասի հայկական կենտրոններ՝ Ախալցխա, Ախալքալաք, Ալեքսանդրապոլ, Կարս, Ղարաքիլիսա, Էջմիածին՝ դրամական միջոցներ հայթայթելու և նոր մասնաճյուղեր հիմնելու համար[45]։ Ալեքսանդրապոլում Թումանյանին է միանում նաև Իսահակյանը։ Թումանյանը Ղազարոս Աղայանի միջնորդությամբ սերտ կապեր է հաստատում Բաքվում գործող Հնչակյան կուսակցության «Օջախ» խմբակցության անդամ մտավորականների հետ։ 1898 թվականին կուսակցության վարչությունը Թումանյանին առաջարկում է ընդգրկվել «Հնչակ» թերթի խմբագրական կազմի մեջ և մեկնել Լոնդոն, որպես կուսակցության ներկայացուցիչ։ Սակայն որոշ երկմտանքից հետո Թումանյանը մերժում է առաջարկը[46]։

Աղայանի, Շիրվանզադեի և Իսահակյանի կապերը Հնչակյան կուսակցության հետ ավելի խորն էին։ Իսահակյանն Ալեքսանդրապոլում գաղտնի քարոզչական աշխատանքներ է տանում։ Երբ Արևմտյան Հայաստանում դեռ շարունակում էին ապստամբությունները, Ռուսաստանում հրահանգ եղավ հաշվեհարդար տեսնել հայրենասիրական ուժերի հետ։ Առաջինը Հնչակյան կուսակցությունն էր։ Ռոստովից Թիֆլիս գալու ճանապարհին՝ Վլադիկավկազում, ձերբակալվում է արտասահմանից վերջերս վերադարձած կուսակցության հիմնադիր ղեկավարներից մեկը՝ Ռուբեն Խանազատը, ապա հրահանգվում է ձերբակալել Ռուբեն Բերբերյանին, Ղազարոս Աղայանին և դատական գործ հարուցել կուսակցության ղեկավար մարմնի և աչքի ընկնող գործիչների դեմ[47]։ Եվ ահա 1896 թվականի փետրվարին ձերբակալվում են Սարգիս Աղամիրզյանցը, Ղազարոս Աղայանը, Ալեքսանդր Խումարյանցը, Ռուբեն Բերբերյանը և այլք։

Առաջին բանտարկություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Աքսորը Օդեսա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալեքսանդրապոլ և Թիֆլիս[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուղևորություն Եվրոպա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստեղծագործական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրական առաջին փորձեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Իսահակյանն սկսել է գրել 8-9 տարեկանից։ Գրել է չափածո․ սկզբում գաղտնի։ Գրական առաջին փորձերից մեկը դրամատիկական երկ է եղել՝ «Յասաման խանում» պիեսը։ Պիեսը պատմել է Իսահակյան ընտանիքի հարևանի՝ մի տարեց և ունևոր պարսիկ վաճառականի և 15-ամյա թրքուհու ամուսնության մասին, որին սիրահարված է եղել Ավետիքը։ Պիեսում Ավետիքը փախցնում է նորահարսին՝ հարուցելով ծերունու զայրույթը։ Ստեղծագործությունը չի պահպանվել, քանի որ գործողության հիմքում իրական պատմություն է եղել, և Ավետիքն այն գրել է տնեցիներից գաղտնի և չի համարձակվել որևէ մեկի ցույց տալ։ Հետագայում գրողը ոչնչացրել է ձեռագիրը։

Ուշագրավ է այն, որ Իսահակյանի առաջին գրական փորձը դրամատիկական ժանրի է եղել, որին գրողը հետագայում չի անդրադարձել։ Իսահակյանի առաջին բանաստեղծությունները եղել են բանաստեղծական շարքերի ձևով։ Դրանցից են՝ «Թիթեռ մտքեր», «Mozaik», «Հուրի-փերի», «Թերթիկներ», «Յոթ օր ապատում, յոթ գիշեր անապատում»։

Առաջին գրվածքներն աչքի են ընկել մաքուր հայերենով և հարուստ բառապաշարով։ Առաջին բանաստեղծություններից է նաև հայրենի բնաշխարհը գովերգող «Նմանողություն»-ը։ Րաֆֆու թաղման օրը՝ 1888 թվականի ապրիլի 29-ին, Իսահակյանը գրել է «Նվեր Րաֆֆու հիշատակին» բանաստեղծությունը, որն առաջին գործն է, որի հիմքում իրական փաստեր են։

«Ալագյազի մանիներ» պոեմ[խմբագրել | խմբագրել կոդը]

«Ալագյազի մանիներ» պոեմն ամենաշատն է կապված բանաստեղծի կյանքի պատմության հետ։ Բուն պոեմի մտահղացումը ծագել է 1890-1895 թվականներին, գրվել է 1892-1908 թվականներին, իսկ մշակման ենթարկվել՝ 1916-1917 թվականներին։ Երբ Իսահակյանը հրատարակել է իր առաջին գիրքը՝ «Երգերը ու վերքերը», այնտեղ արդեն զետեղված են եղել 8 երգ ապագա պոեմից։

Այս պոեմից հայտնի է դարձել, որ բանաստեղծի առաջին սերը նախքան Շուշիկ Իսահակյանը եղել է ղազարապատցի Զարոն։ Գրականագիտության մեջ կարծիք է եղել, որ Զարոյի կերպարը իրական չէ, այլ բանաստեղծի ռոմանտիկ պատկերացումներն են։ Սակայն Ավետիքի ընկերների և հարազատների վկայությամբ՝ Զարոն եղել է բանաստեղծի հասակակիցը (փոքր է եղել մեկ տարով), նրա խաղընկերը Ղազարապատում։ 14-15 տարեկան Ավետիքը սիրահարվել է դեռատի աջկան։ Զարոյի ընտանիքը, կարծելով, որ դստեր գեղեցկությամբ կբարելավեն իրենց նյութական վիճակը, 13 տարեկան աղջկան բռնի ամուսնացնում են հարևան գյուղից մի տարեց, սակայն ունևոր մարդու հետ։ Որոշ ժամանակ անց՝ հավանաբար 1890 թվականի վերջերին, Զարոն վախճանվում է ծննդաբերելիս։ Իսահակյանը շատ ծանր է տարել Զարոյի ողբերգական մահը։

«Ալագյազի մանիներ»-ն առաջին անգամ հրատարակվել է Իսահակյանի «Հայրենի աղբյուրից» ժողովածուում 1920 թվականին Բոստոնում։

Երգեր ու վերքեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայդուկի երգեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Իսահակյան հեքիաթագիրը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստեղծագործությունների թարգմանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայրենասիրական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մակար Ա կաթողիկոսի մահվանից հետո՝ 1892 թվականի մայիսին, կաթողիկոս է ընտրվում Մկրտիչ սրբազան Խրիմյանը (Խրիմյան Հայրիկ), որն իր գործունեությամբ, համարձակ քայլերով և Արևմտյան Հայաստանի ազատագրման քարոզով գրավել էր ժողովրդական լայն խավերի, մանավանդ երիտասարդության համակրանքը։ Խրիմյան Հայրիկը կաթողիկոս է օծվում 1893 թվականի սեպտեմբերին՝ Մկրտիչ Ա անվամբ։

Հայ քաղաքական կյանքը 1880-ական թվականների վերջերին նշանավորվում է մեծ զարթոնքով․ ազգային-ազատագրական ընդհատակյա խմբակներին ու կազմակերպություններին փոխարինում են լավ կազմակերպված քաղաքական կուսակցությունները։ Դրանցից առաջինը Հնչակյան կուսակցությունն էր (ՍԴՀԿ՝ Սոցիալ-Դեմոկրատական Հնչակյան կուսակցություն), որը հիմնադրվեց 1887 թվականին Ժնևում։ Հիմնադիրներն էին Եվրոպայում սովորող մի խումբ ռուսահայ ուսանողներ՝ Ավետիս և Մարո Նազարբեկյան ամուսինները, Գաբրիել Կաֆյանը, Ռուբեն Խանազատը և այլք։ Կուսակցության կենտրոնական օրգանը «Հնչակ» թերթն էր։ Կուսակցության հիմնական նպատակն էր ազատագրել Արևմտյան Հայաստանը, միավորել Հայաստանի պատմական 2 հատվածները և ստեղծել անկախ Հայաստանի Հանրապետություն։ Իր ակտիվ գործունեության շնորհիվ նորաստեղծ կուսակցությունը շուտով հաստատվում է նաև Ռուսաստանում, մասնաճյուղեր ստեղծում թե՛ Հայաստանում, թե՛ արտասահմանում։

ՍԴՀԿ օրինակով երեք տարի անց մի շարք ընդհատակյա կազմակերպությունների ղեկավարներ՝ Քրիստափոր Միքայելյանը («Երիտասարդ Հայաստան»), Սիմոն Զավարյանը և Ստեփան Զորյանը (Ռոստոմ) 1890 թվականին Թիֆլիսում ստեղծում են Հայ Հեղափոխական Դաշնակցություն (ՀՅԴ) կուսակցությունը, որի նպատակն էր ազատագրել Արևմտյան Հայաստանը, այն միացնել Արևելյան Հայաստանին և ստեղծել միասնական հայ անկախ պետություն։ ՀՅԴ-ի տպագիր օրգանն էր «Դրոշակ» թերթը։ Սկզբնական շրջանում Հնչակյան և ՀՅԴ կուսակցությունների ծրագրերի մեջ կային շատ ընդհանրություններ։ ՍԴՀԿ որոշ ղեկավարներ 1890-ական թվականների վերջին նույնիսկ ցանկացել են միավորել այս երկու կուսակցությունները։

Կարճ ժամանակ անց ՀՅԴ մասնաճյուղեր են ստեղծվում Ալեքսանդրապոլում, Ղարսում, Երևանում, Ղարաբաղում, Սյունիքում, Վասպուրականում, Տարոնում, Կարինում, Սասունում, Թիֆլիսում, Բաքվում, Նոր Նախիջևանում և Կոստանդնուպոլսում։ Ալեքսանդրապոլում կուսակցությունն իր մասնաճյուղը ստեղծեց 1891 թվականին «Քարի» ծածկանվան տակ։ Նախքան ՀՅԴ-ի մասնաճյուղի ստեղծումը Ալեքսանդրապոլում և Էջմիածնում հեղինակավոր էր Հնչակյան կուսակցության ազդեցությունը։ Իսահակյանի մտավորական շրջապատը տարված էր հնչակյանների գաղափարներով և մի մասն արդեն անդամագրվել էր կուսակցությանը։ Տարիներ անց, սակայն, նրանց զգալի մասն Իսահակյանի հետ անցան ՀՅԴ շարքերը։

Իսահակյանն ընկերների հետ առաջինն էր, որ հայրենի քաղաքում հիմնեց ՍԴՀԿ մասնաճյուղը։ Քանի որ ՍԴՀԿ-ն փակ, գաղտնի կազմակերպություն էր, որը Ռուսահայաստանում գործում էր օրենքից դուրս, դրա ստեղծման գործում Իսահակյանի ունեցած դերի մասին փաստաթղթեր չեն պահպանվել։

Երբ Իսահակյանը 1893 թվականի փետրվարին Թիֆլիսից վերադառնում է Ալեքսանդրապոլ, ակտիվ գործունեություն է ծավալում՝ Երկիր գնացող ջոկատներ կազմակերպելու, զենք և դրամական միջոցներ հայթայթելու ուղղությամբ։ Վաղ տարիքից Ավետիքը դառնում է հեղինակավոր և վստահված անձ, նախ Ալեքսանդրապոլի Հնչակյան կազմակերպությունում, ապա նաև 1899 թվականից հետո՝ երբ Օդեսայի աքսորից հետո անդամագրվում է ՀՅԴ-ին և հայրենի քաղաքում հիմնադրում ՀՅԴ-ի մասնաճյուղը։

Պատմափիլիսոփայական հայացքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

1893-1895 թվականներին Լայպցիգի համալսարանում Իսահակյանի ուսումը եղել է բանաստեղծի հոգևոր զարգացման ամենաարգասաբեր շրջանը։ Սկսել է ուսումնասիրել դասական փիլիսոփայություն՝ Հեգելի, Կանտի, Շոպենհաուերի, Նիցշեի աշխատությունները։ Լայպցիգի համալսարանի պրոֆեսոր Ռատցելն Իսահակյանի համար ծրագիր էր մշակել, որով վերջինս առաջնորդվում էր փիլիսոփայական պարապմունքների ժամանակ։ Ավետիքի մտաշխարհին առավել մոտ էր Արթուր Շոպենհաուերի և Ֆրիդրիխ Նիցշեի փիլիսոփայությունը։ Շոպենհաուերի անունը ծանոթ էր Իսահակյանին դեռևս ճեմարանում ուսանելու տարիներից։ Նա առաջին փիլիսոփան է եղել, ում աշխատություններն ուսումնասիրել է Իսահակյանը[48]

Բուդդան, Շոպենհաուերը ինձ ոգևորել են. նրանց ազդեցությունը ես կրել եմ: Դեռ ճեմարանում կարդում էի Շոպենհաուեր։ Գերմանիայում առաջին դիրքը, որ ձեռք բերի՝ Շոպենհաուերի "Die Welt als Wille und Vorstellung" («Աշխարհը որպես կամք և պատկերացում») երկն եր: Պեսիմիզմն առաջ էլ կար իմ մեջ, բայց Շոպեննաուերը հունավորեց, թեորիաներ տվեց: Երիտասարդ հասակից ինձ զբաղեցնում էին կյանքի և մահի, անցավորի և հավերժականի, անհատի և հասարակության փոխհարաբերության հարցերը․․․ Ես ընդունում էի Շոպենհաուերի «Աշխարհն իմ պատկերացումն է» տեսությունը[49]։

Նիցշեն զգալի ազդեցություն է թողել Իսահակյանի գրելաոճի վրա։ Նա ինչքան հիացած էր Նիցշեով որպես մտածող, այնքան էլ հիացած էր որպես արվեստագետ։ Նա բազմիցս հայտնել է իր հիացմունքը Նիցշեի պատկերավոր լակոնիկ ու խտացված գրելաոճի վերաբերյալ։ Իսահակյանն անդրադարձել է նաև Նիցշեի հազվագյուտ ձիրքին՝ մտքերն իմաստուն աֆորիզմների և ասացվածքների ձևով արտահայտելուն․ «Բայց որ Նիցշեն աֆորիզմներ գրելու մեջ հանճարեղ է․— այդ ես ինքս կապացուցանեմ»[50]։

Իսահակյանին միշտ հետաքրքրել են աշխարհաճանաչման հարցերը, որոնք նա արտահայտել է իր «Շի-Հոանգ-Տի Բոգդիխանը» լեգենդում։ Նա անընդհատ ուշադրություն է դարձրել աշխարհում տեղի ունեցող խոր սոցիալական փոփոխություններին, հատկապես դրանց ազդեցությանը հայ ժողովրդի պատմական զարգացման ընթացքին: Խորհելով համայն մարդկային ցեղի ու նրա պատմության վերաբերյալ՝ գրողը հանգում է այն հետևության, որ մարդն արարվել է տանջանքի, վշտի ու ցավի համար, և «Աշխարհը ոչ մեկի սրտովը չէ, ոչ ոք նրա մեջ գոհ չապրեց ու գոհ չգնաց»[51]։

Բազմաթիվ առումներով Իսահակյանը նշել է «պատմության փիլիսոփայություն» հասկացությունը, ինչպես օրինակ՝ «Իր անմահ վեպի մեջ ժողովուրդը դրեց իր բովանդակ հոգին՝ անվերջանալի պայքարով և դառնությամբ լի իր պատմության փիլիսոփայությունը, իր փորձը աշխարհի իրերի մասին, իր դարավոր իմաստությունը․․․»[52]։ Իսահակյանը Խորենացու «Հայոց պատմությունը» համարել է հայ պատմափիլիսոփայական առաջին հայեցակարգը։

Իսահակյանը առանձնահատուկ վերաբերմունք է ունեցել ոչ միայն հայ, այլև մյուս ժողովուրդների բանահյուսության և էպոսների նկատմամբ: Վիգեն Իսահակյանը «Հայրս» հուշապատման մեջ նշում է, որ Փարիզում գտնված տարիներին Իսահակյանը Երվանդ Քոչարին խորհուրդ է տվել ուսումնասիրել «Սասունցի Դավիթ» էպոսը, նրա մշակումները[53]։

1940-ական թվականներին ազգային զարգացման հեռանկարների վերաբերյալ ունեցած հայացքների և հատկապես «Մեր նախահայրերը» գործի կապակցությամբ Իսահակյանը քննադատվել է, քանի որ «բանաստեղծի այս գործում արտահայտված է ազգայնական պատմահայեցողության ազդեցությունը[54]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ավետիք Իսահակյանի ֆոնդ, №1-727. Գրականության և արվեստի թանգարան.
  2. Ինճիկյան, Արամ (1977). Ավետիք Իսահակյան. Երևան. էջ 91.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  3. 3,0 3,1 Լևոնյան, Գարեգին (1959). Հուշեր. Երևան. էջեր 103–104.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  4. Նարյան, Մ․ (օգոստոսի 9-10, 1978). Իսահակյանների գերդաստանը. Ավանգարդ №94, №95.
  5. Նարյան, Մ․ (սեպտեմբերի 25, 1975). Սրտանվեր մասունքներ. Բանվոր.
  6. 6,0 6,1 6,2 Ավետիք Իսահակյանի ընտանեկան արխիվ.
  7. Գեղամ Աֆրիկյանի անտիպ հուշերից. Ավետիք Իսահակյանի ընտանեկան արխիվ.
  8. Берков, П․ Н․ (1981). Проблемы изучения Межнациональных литературных отношений. В сборнике "Проблемы исторического развития литератур". Ленинград. էջեր 389–410.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  9. . Թիֆլիս: Կարմիր աստղ. մարտ-ապրիլ, 1921. {{cite book}}: Missing or empty |title= (օգնություն)
  10. Ինճիկյան, Արամ (1977). Ավետիք Իսահակյան. Երևան. էջեր 96–97.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  11. Մուշեղյան, Ալբերտ. Ավետիք Իսահակյան․ Վաղ տարիներ 1875-1898. էջ 13.
  12. Լևոնյան, Գարեգին (1959). Հուշեր. Երևան. էջեր 103–114.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  13. Կոստանյան, Կարապետ (1910). Հառիճայի վանական ընկերության հիշատակարանն ու հաշիվը՝ պաշտոնական գրություններով և պատկերներով.
  14. Ինճիկյան, Արամ (1977). Ավետիք Իսահակյան. Երևան. էջ 102.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  15. Հայաստանի պետական կենտրոնական պատմության արխիվ, ֆոնդ 312, g. 2, գ․ 560, թ․ 4.
  16. Հայաստանի պետական կենտրոնական պատմության արխիվ, ֆոնդ 312, g. 1, գ․ 92, թ․ 12-13.
  17. «Արարատ» ամսագիր, N11. նոյեմբեր, 1891.
  18. Շանթ, Լևոն (1960). Լևոն Շանթը իր մասին, N2. Բոստոն: Հայրենիք. էջեր էջ 18.
  19. «Արաքս», գիրք Ա. 1893. էջ 162.
  20. «Աղբյուր» ամսագիր, N3. 1893.
  21. Հայաստանի պետական կենտրոնական պատմության արխիվ, ֆոնդ 312, g. 2, գ․ 560, թ․ 3.
  22. Հայաստանի պետական կենտրոնական պատմության արխիվ, ֆոնդ 312, g. 1, գ․ 9, թ․ 7-8.
  23. Ինճիկյան, Արամ (1977). Ավետիք Իսահակյան. Երևան. էջ 104.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  24. Մուշեղյան, Ա․ Վ․ (1979). Ավետիք Իսահակյանը Գևորգյան ճեմարանում. Երևան: Բանբեր Հայաստանի արխիվների, N3. էջ 85.
  25. Ինճիկյան, Արամ (1977). Ավետիք Իսահակյան. Երևան. էջ 241.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  26. Հայաստանի պետական կենտրոնական պատմության արխիվ, ֆոնդ 312, g. 2, գ․ 1434, թ․ 9.
  27. Իսահակյան, Ավետիք (1996). Էջմիածնի պատմական դերը, մատենաշար. Լոս Անջելես: Նոր կյանք. էջ 170.
  28. Դեմիրճյան, Դերենիկ (դեկտեմբերի 22, 1940). Հուշեր. Երևան: Սովետական Հայաստան.
  29. Հովհաննես Թումանյանի ընտանեկան արխիվ.
  30. խմբագիր՝ Տիգրան Նազարյան (դեկտեմբեր, 1892). Նվեր XX. Թիֆլիս: Տարազ, N47. էջ 602.
  31. խմբագիր՝ Տիգրան Նազարյան (դեկտեմբեր, 1892). Քնած երեխան. Թիֆլիս: Տարազ, N49. էջ 636.
  32. խմբագիր՝ Արսեն Այտընյան (1894). Խանդերգ. Վիեննա: Հանդես ամսօրյա, N1. էջ 29.
  33. Линч, Г․ Ф․ Б․ (1910). Армения։ очерки и этюды, в 2 т-х. Тифлис. էջեր том 1, 169–170.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  34. 34,0 34,1 Ինճիկյան, Արամ (1977). Ավետիք Իսահակյան. Երևան. էջ 236.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  35. Ղանալանյան, Հովհաննես (1955). Ավետիք Իսահակյան. Երևան. էջ 257.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  36. Մուշեղյան, Ալբերտ (1983). Ավետիք Իսահակյան․ Վաղ տարիներ. Երևան. էջ 144.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  37. Մուշեղյան, Ալբերտ (1983). Ավետիք Իսահակյան․ Վաղ տարիներ. Երևան.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  38. Մուշեղյան, Ալբերտ (1983). Ավետիք Իսահակյան․ Վաղ տարիներ. Երևան. էջ 153.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  39. Լևոնյան, Գ․ (1934). Հայոց պարբերական մամուլը. Երևան. էջ 32.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  40. Իգիթ Սարդար (PDF). Սանկտ Պետերբուրգ: «Արաքս» հանդես. 1894-1895. էջ 114.
  41. Իսահակյան, Ավետիք (1990). Հայդուկի երգեր. Երևան.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  42. Իսահակյան, Ավետիք (նոյեմբերի 11, 1895). Աշղի խաղերը (PDF). Աղբյուր. էջ 502.
  43. Իսահակյան, Ավետիք (1898). Ecce-homo (PDF). Թիֆլիս: Աղբյուր, N5-6. էջեր 195–196.
  44. Ecce-homo. Թիֆլիս: Մուրճ, N12. 1898. էջ 1701. {{cite book}}: |first= missing |last= (օգնություն); Cite has empty unknown parameter: |1= (օգնություն)
  45. Ինճիկյան, Արամ (1969). Հովհաննես Թումանյան. Երևան. էջեր 368–370.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  46. Ինճիկյան, Արամ (1969). Հովհաննես Թումանյան. Երևան. էջ 377.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  47. Հայաստանի Պետական Կենտրոնական Պատմության արխիվ (ՀՊԿՊԱ), No 114 ֆոնդ.
  48. Ինճիկյան, Արամ (1977). Ավետիք Իսահակյան. Երևան. էջ 226.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  49. Ինճիկյան, Արամ (1977). Ավետիք Իսահակյան. Երևան. էջ 229.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  50. Ավետիք Իսահակյանի ֆոնդ, №1-123. Գրականության և արվեստի թանգարան.
  51. Իսահակյան, Ավետիք (2001). Աֆորիզմներ. Երևան. էջ 372.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  52. Իսահակյան, Ավետիք (2001). Աֆորիզմներ. Երևան. էջ 212.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  53. Իսահակյան, Վիգեն (2000). Հայրս. Երևան. էջ 381.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  54. Ասատրյան, Ա․ (1940). Ավետիք Իսահակյանի կյանքև ստեղծագործությունը. Երևան. էջ 71.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)