Տարազ (թերթ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Տարազ (շաբաթաթերթ)ից)
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տես՝ Տարազ (այլ կիրառումներ)

Տարազ, գրական-գեղարվեստական, հասարակական շաբաթաթերթ (այնուհետև ամսագիր)։ Լույս է տեսել 1890-1919 թվականին, Թիֆլիսում։ Խմբագիր-հրատարակիչ՝ Տիգրան Նազարյան։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մինչև 1900 թվականը եղել է «Աղբյուր»-ի պատկերազարդ հավելվածը։ Հիմնականում ունեցել է լիբերալ դիրքորոշում։ ժամանակի հասարակական-քաղաքական իրադարձությունները լուսաբանելիս առավել մեծ տեղ է հատկացրել հայկական հարցին, որի լուծումը կապել է Ռուսաստանի օգնության հետ, սուր քննադատության ենթարկել համիդյան վարչակարգի հայաջինջ գործելակերպը, ծաղրել այսպես կոչված «սահմանադրությունը»։

Ուշադրության է արժանի Ատրպետի «Հայաստանը ջարդերից առաջ և հետո» հոդվածաշարը։ Չնայած սոցիալական հարցերի լուծման ճանապարհին մերժել է դասակարգային պայքարը, այդուհանդերձ իր էջերն է տրամադրել ժամանակի առաջադիմական գաղափարներ, մարքսիստական միտքը տարածող գործիչներին (Ա․ Զուրաբյան, Ա․ խումարյան, Ա․ Երզնկյան և ուրիշներ)։ «Տարազ» դատապարտել է անգլիացի ինտերվենտներին և նրանց տեղական ազգայնական գործակիցներին՝ Բաքվի 26 կոմիսարների սպանության կապակցությամբ։

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հանդեսն արձագանքել է ժամանակի գրեթե ողջ գրական անցուդարձին։ Այստեղ տպագրվել են Հովհաննես Թումանյանի, Ավետիք Իսահակյանի, Շուշանիկ Կուրղինյանի, Շիրվանզադեի, Աթաբեկ Խնկոյանի, Վահրամ Փափազյանի, Ալեքսանդր Ծատուրյանի, Հակոբ Պարոնյանի և այլոց ստեղծագործությունները, թարգմանաբար ներկայացվել ռուս, վրաց և արեմտաեվրոպական գրականությունը (Ալեքսանդր Պուշկին, Միխայիլ Լերմոնտով, Նիկոլայ Նեկրասով, Իվան Տուրգենև, էգնատե Նինոշվիլի,․ Իլյա Ճավճավաձե, Ա․ Ղազբեգի, Շեքսպիր, Շիլլեր, Բայրոն, էմիլ Զոլա, Մոպասան և ուրիշներ)։

Նշանակալի է «Տարազ»-ի դերը երաժշտության, թատրոնի, կերպարվեստի հարցերի լուսաբանման ասպարեզներում, որոնց նվիրված հոդվածները ավել են ժամանակի մշակութային կյանքի (հատկապես թիֆլիսահայ) ամբողջական պատկերը, նըպաստել գեղագիտական առաջավոր մտքի հանրայնացմանը։ Լուրջ արժեք են ներկայացնում նաև մանկավարժությանը, դպրոցին և ընտանեկան դաստիարակությանը նվիրված նյութերը, որոնցով հանդես են եկել Հովհաննես Տեր-Միրաքյանը, Ս․ Բեկնազարյանը, Ստեփան Լիսիցյանը, Ղազարոս Աղայանը։ Տպագրել է գրախոսականներ, մամուլի տեսություններ, ծանոթացրել հայ խմբագիրների և հրապարակախոսների գործունեությանը։

Ունեցել է «Գեղափնջուկ», «Իլյուստրասիոն», «Փարիզի մոդաներ», «Առողջապահություն» և այլ հավելվածներ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 606 CC-BY-SA-icon-80x15.png