Ջիվանի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ջիվանի (այլ կիրառումներ)
Ջիվանի
Հիմնական տվյալներ
Ի ծնե անունՍերոբ Ստեփանի Բենկոյան
Նաև հայտնի է որպեսՋիվանի
Ծնվել է1846 թվական
Կարծախ, Ախալքալաքի գավառ, Թիֆլիսի նահանգ, Ռուսական կայսրություն
ԵրկիրՌուսական կայսրություն
Մահացել էՄարտի 5, 1909 թվական
Թիֆլիս, Ռուսական կայսրություն
ԳերեզմանԽոջիվանքի գերեզմանատուն
(ոչնչացված 1938թ․-ին)
Մասնագիտությունգուսան, բանաստեղծ, կոմպոզիտոր և աշուղ
Գործիքներվոկալ
 Jivani Վիքիպահեստում

Ջիվանի (Սերոբ Ստեփանի Բենկոյան[1], Սերովբե Ստեփանի Բենկոյան[2], 1846, Կարծախ, Ախալքալաքի գավառ, Թիֆլիսի նահանգ, Ռուսական կայսրություն - մարտի 5, 1909, Թիֆլիս, Ռուսական կայսրություն[3]), հայ աշուղական երգարվեստի ազգային դպրոցի ներկայացուցիչ, գուսան, ժողովրդական երգիչ։

Նրա ստեղծագործություններից մեր օրերն է հասել մոտ 800 երգ։ Իր խմբով ունեցել է բազմաթիվ երաժշտական շրջագայություններ, հանդես է եկել Ռուսական կայսրության տարբեր վայրերում (ներկայիս Հայաստանի, Վրաստանի և Ռուսաստանի քաղաքներում)։

Մասնակցություն է ունեցել նաև հայ ժողովրդի ազատագրական պայքարին, որի համար ենթարկվել է հետապնդումների, նրա ելույթները երբեմն արգելվել են, բռնագրավել են նվագարանը։

Երևանում գործում է Ջիվանու անվան աշուղական արվեստի դպրոց, նրա անունով փողոցներ են կոչվել Երևանում, Գյումրիում և այլուր[2]։

Կենսագրական ընդհանուր տեղեկություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սերովբե Բենկոյանը ծնվել է 1846 թվականին Ռուսական կայսրության կազմում գտնվող Ջավախքի Կարծախ գյուղում Գասպար Բենկոյենցի ընտանիքում։ Նրա ծնողները ռուս-թուրքական պատերազմի պատճառով Բասենից գաղթել էին Կարծախ։

Հայրը մահանում է երիտասարդ հասակում, իսկ մայրը ամուսնանում և տեղափոխվում է հարևան Դադեշ գյուղ։ Սերովբեն և նրա երկու եղբայրները՝ Քերոբն ու Փիլիպոսը, զրկվում են մայրական խնամքից։ Մորից բաժանվելու վշտի ազդեցության տակ նա հետագայում գրում է իր հռչակավոր «Մայրիկ» երգը։

Սերովբեի հորեղբայրը՝ Մարտիրոսը, որը Կարծախում ճանաչված մարդ էր, իր վրա է վերցնում երեք որբուկների խնամքը։ Ժամանակներն ու պայմանները թույլ չեն տալիս, որպեսզի Սերովբեն կարողանա շարունակական կրթություն ստանա։ Գյուղական դպրոցում նոր էր գրել-կարդալ սովորել, երբ հորեղբայրը Սերովբեին դպրոցից դուրս է բերում և կարգում հորթարած։

Ուսման, երգի ու երաժշտության հանդեպ սերը նրա մեջ արթնանում է վաղ հասակից։ Նրա ընկեր Ավետիս Պողոսյանը պատմել է. «Մի խումբ պատանիներ Խոզապին լճի ափին անասուններ էինք արածեցնում։ Մեզ հետ էր նաև Սերոբը։ Նա հազվադեպ էր մասնակցում մեր ընկերական խաղերին, շարունակ առանձնանում էր, ցածր ձայնով երգում և հետն էլ ճիպոտի վրա «նվագում»։ Մի օր էլ տեսնենք սա իր հետ բերել է տախտակի մի կտոր և ձիու պոչից քաշած մազ։ - Ինչի՞ համար են դրանք,- հարցնում ենք նրան։ Սա թե՝ սազ եմ շինելու։ Երբ մենք սովորականի պես սկսեցինք մեր խաղը, Սերոբը առանձնացավ։ Կեսօրին տեսնենք «սազը» պատրաստ է։ Նա երգում էր հորեղբայր Մարտիրոսից սովորած մի երգ ու հետն էլ խփում «սազի լարերին»։ Ավա՜ղ, մենք ծիծաղում էինք ու չէինք ենթադրում, որ մեր դիմաց կանգնած է ապագա տաղանդավոր աշուղ Ջիվանին»։

Աշուղ Ջիվանին (կենտրոնում), 1897 թվական

Նա հետաքրքրությամբ է լսում Կարծախ այցելած շրջիկ աշուղների երգն ու զրույցը, և նրա մեջ հետզհետե ամրապնդվում է աշուղ դառնալու ցանկությունն ու երազանքը, և ինքն էլ սկսում է երգեր հորինել։ Համագյուղացի աշուղ Սիային, ում մուգ մաշկ ունենալու պատճառով կոչում էին Ղարա-Ղազար, նկատում է պատանու հակումներն ու սերը և համաձայնվում է վերցնել վերջինիս իրեն աշակերտ։

Ջիվանին Սիայուն աշակերտում է հինգ տարի։ Սովորում է ու հմտանում աշուղական երգարվեստի մեջ։ Նա շուտով սովորում է նաև սազ նվագել, տիրապետել աշուղական արվեստի նրբություններին ու յուրահատկություններին, հորինել երգեր, երբեմն էլ գերազանցել նաև իր վարպետին։ Ընդունված կարգի համաձայն՝ աշուղ Սիային նրան հինգ տարի անց շնորհում է աշուղի կոչում և աշուղի անուն՝ Ջիվանի[Ն 1]:

Աշխատանքի բերումով 1864 թվականին Ջիվանին հորեղբոր հետ գնում է Թիֆլիս, ապա Ալեքսանդրապոլ (Գյումրի), որն աշուղների կենտրոնն էր համարվում։ Այստեղ ապրող ու ստեղծագործող աշուղների մասին նա լսել էր Կարծախ այցելած աշուղներից։ Թիֆլիսից դարձյալ աշխատանքի բերումով Ջիվանին գնում է Ալեքսանդրապոլ և Տալոյանների սրճարանում, ընդառաջելով ներկաներին, երգում է իր հորինած երգերը և գովասանքի արժանանում սրճարանում ներկա գտնվող աշուղների կողմից։

Հենց այս տարիներին Ջիվանին ծանոթանում է Կարծախ այցելած նորբայազետցի (ներկայիս Գավառ քաղաքի բնակիչ) աշուղ Սազայու հետ, որի համատեղ աշխատելու առաջարկը նա ընդունում է[5]։ Երկու երիտասարդ աշուղները սկսում են միասին հանդես գալ։ Սկզբնական շրջանում նրանք հանգրվանում են Թիֆլիսում, ելույթներ ունենում վանեցի Կարապետ Սոնանյանցի սրճարանում։ Կարճ ժամանակամիջոցում նրանք անուն ու հռչակ են ձեռք բերում։

Մի խումբ հայ հայտնի անձինք, այդ թվում՝ Ռափայել Պատկանյան, աշուղ Ջիվանի (Անի, 1881 թ․)

Թիֆլիսում Ջիվանին մնում է մեկ տարի։ Արդեն հայտնի դարձած աշուղ Ջիվանուն Տալոյան եղբայրները հրավիրում են Ալեքսանդրապոլի իրենց սրճարանում երգելու։ 1868 թվականին Ջիվանին Սազայու հետ տեղափոխվում է ու հաստատվում Ալեքսանդրապոլում։ 1871 թվականին նա արդեն սեփական խումբ ուներ և մշտապես ելույթներ էր ունենում Տալոյան եղբայրների սրճարանում[6]։

1872 թվականին Ջիվանին ամուսնանում է սրճարանատիրոջ՝ Հովհաննես Տալոյանի դստեր՝ Աշխենի հետ։ Նրանք ունենում են վեց զավակ, այդ թվում՝ հրատարակիչ-խմբագիր, աշուղագետ, մատենագետ, արվեստի վաստակավոր գործիչ Գարեգին Լևոնյանը (1872-1947) և քաղաքական, հասարակական, ազգային գործիչ Պարույր Լևոնյանը (1884–1933)։

1895 թվականին Ջիվանին ընտանիքով տեղափոխվում և հաստատվում է Թիֆլիսում, ուր և ապրում է մինչև կյանքի վերջը՝ 1909 թվականը։ Հաստատվելով Թիֆլիսում՝ նա նպատակ ուներ նյութապես ապահովել ընտանիքը զավակներին լավ կրթություն տալ։ Որդիների կրթությունը, նրանց ապագան միշտ մտահոգել է աշուղին, որն արտահայտվել է նաև նրա մի շարք երգերում։ Թիֆլիսում, սակայն, Ջիվանին չի կարողանում քիչ թե շատ ապահով կյանք վարել։ Կարիքը, չքավորությունը նրան մշտապես հետապնդում են։ Նրա երազանքն է եղել «ունենալ շնորհք, միտք ու խելք, որ կրթեմ զավակներս՝ չմտած դագաղ»[7]։ Աշուղի բազմանդամ ընտանիքի նյութական վիճակն այդպես էլ չի բարելավվում, դրա հետ օրեցօր վատանում էր նրա առողջությունը, ավելի թուլանում առանց այն էլ վատ տեսողությունը[8]։

1896–1900 թվականներին Ջիվանին տեսողությունը վերականգնելու նպատակով մեկնում է Բուլղարիա՝ Պլովդիվ քաղաք։ Բարեկամների խորհրդով նա գնում է Վիեննա, դիմում մասնագետների, բայց վերադառնում է անարդյունք[9]։

Աշուղ Ջիվանին (կենտրոնում) իր երաժշտական խմբով (20-րդ դարի սկիզբ)

Կյանքի վերջին տարիներին Թիֆլիսում Ջիվանին ելույթ էր ունենում վանեցի Պետրոս Ասլանյանի սրճարանում, որի ճակատին փակցված էր մի փոքր ցուցանակ. «Սրճարան՝ ուր երգե աշուղ Ջիվանին»[10]։

Որոշ ժամանակ անց Ջիվանին իր խմբով տեղափոխվում է Սուրբ Գևորգ եկեղեցու դիմաց գտնվող Հաշտոնց Գասպարի սրճարանը։ Սրճարանատիրոջը դժվարությամբ է հաջողվում Ջիվանուն Ասլանյանի «ձեռքից խլել»։ «Գասպարի սրճարանը անհամեմատ ավելի ընդարձակ էր, տեղն էլ բանուկ, մարդաշատ։ Սրճարանը ամեն օր լեփ-լեցուն էր բազմությամբ»։ Գասպարի սրճարանը նաև հայտնի հայերի այցելության վայր էր։ Պատահական չէ, որ այնտեղ է այցելել նաև հայ ռազմաքաղաքական գործիչ Անդրանիկ Օզանյանը[11]։

1871 թվականից սկսած Ջիվանին ունեցել է սեփական խումբ՝ հիմնականում բաղկացած երեք հոգուց։ Նրա խմբի հիմնական անդամներից էր աշուղ Ջամալին՝ Ջիվանու կնոջ եղբայրը։ Կյանքի վերջին տարիներին Ջիվանու խումբը բաղկացած էր չորս հոգուց։ Ինքը նվագում էր ջութակ, Ջամալին՝ սանթուր, Ալեքսին՝ թառ, էրզրումցի Հարութիկը՝ կլառնետ[12]։

Ջիվանին վախճանվել է 1909 թվականի փետրվարի 24-ին։ Անվանի աշուղի հուղարկավորությանը մասնակցել են տարբեր ազգերի մեծ թվով ներկայացուցիչներ։ Այդ օրերին «Դաշնակցության» գործով վրացական Մետեխի վանքի ներքևում գտնվող համանուն բանտում պահվող Հովհաննես Թումանյանն ու Ավետիք Իսահակյանը, երբ հուղարկավորության թափորն անցնում էր բանտի մոտով, վանդակապատ պատուհանից թաշկինակները թափահարելով վերջին հրաժեշտն են տվել մեծ աշուղին[13]։ Նրա մարմինը ամփոփվել է Թիֆլիսի Հավլաբար հայկական թաղամասի Խոջիվանքի հայկական գերեզմանատանը։ Նրա գերեզմանը գերեզմանատան հետ միասին ոչնչացվել է 1938 թվականին։

Աշուղական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Աշուղ Ջիվանին հանդես է եկել բազմաթիվ երաժշտական շրջագայություններով Հարավային Կովկասում, Հյուսիսային Կովկասում, Ռուսական կայսրության այլ վայրերում, Արևմտյան Հայաստանի հայաշատ բնակավայրերում։ նա իր աշուղական գործունեության համար հիմնականում ընտրել է Ալեքսանդրապոլ (Գյումրի) և Թիֆլիս քաղաքները։ Ջիվանու ինքնակրթությանը զգալի չափով նպաստում էին նրա լայն կապերը, ծանոթությունները ժամանակի մտավորականության ներկայացուցիչների հետ ինչպես Թիֆլիսում, այնպես էլ՝ Ալեքսանդրապոլում։ Նա իր երգում արծարծել է ժամանակի հայ հասարակությանը հուզող շատ խնդիրներ։

Գյումրի[խմբագրել | խմբագրել կոդը]

Շիրակի կենտրոն Ալեքսանդրապոլը (Գյումրին) դառնում է աշուղ Ջիվանու երկրորդ հայրենիքը։ Այն Հարավային Կովկասի հայաշատ քաղաքներից էր։ Երբ Ջիվանին հաստատվում է այնտեղ, քաղաքում գործում էին դպրոցներ, որտեղ ուսուցչություն էին անում հայտնի գրողներ ու հասարակական գործիչներ Ղազարոս Աղայանը, Հայրապետ Ղուկասյանը, Գաբրիել Տեր-Հիվհաննիսյանը (Քաջբերունի), Սարգիս Բեկնազարյանը և այլոք[14]։ Գյումրիում ներկայացումներ էին տրվում[15], իսկ սրճարաններում տեղի էին ունենում Շիրակի աշուղների ելույթներ ու մրցումներ[16]։

Տեղափոխվելով Ալեքսանդրապոլ՝ նա կարճ ժամանակամիջոցում դառնում է ժամանակի կրթված ու զարգացած մարդկանցից մեկը։ Թիֆլիսից բերել է տալիս նոր լույս տեսած գրքեր, թերթեր։ Ալեքսանդրապոլում նոտագրության դասեր է առնում Հովհաննես անունով երաժշտից, որին երգ է նվիրում[17]։ Գյումրիում աշուղ Ջիվանին հանդես է գալիս համերգներով և իրականացնում ստեղծագործական աշխատանք։

Թիֆլիս[խմբագրել | խմբագրել կոդը]

Թիֆլիսում կարճատև գործունեության ընթացքում Ջիվանին հետաքրքրությամբ հետևում էր հասարակական կյանքում հայ ժողովրդի ճակատագրին առնչվող իրադարձություններին, փորձում էր կարդալով գիտելիքներ ձեռք բերել, հարստացնել նաև իր բառապաշարը։

Աշուղների ընկերության նախագահ[խմբագրել | խմբագրել կոդը]

1871 թվականին Ջիվանին հանդես է գալիս ինքնուրույն խմբով և աշուղների միջավայրում մեծ հեղինակություն է ձեռք բերում։ Շուտով նրան ընտրում են իր իսկ ստեղծած արհեստակից աշուղների ընկերության (համքարության) կազմակերպության նախագահ՝ վարպետաց վարպետ (ուստաբաշի)։ Պահպանվել են Ջիվանու արհեստավորաց գլուխ (ուստաբաշի) ընտրության վավերագիր արձանագրությունները․

Համախոսական վճիռ 1892 ամի 24-րդ օրն փետրվարի, մենք ներքո ստորագրյալներս ասիական երգիչներս Ալեքսանդրապոլ քաղաքի հավաքվածներս, այսօր ժողովում, մեր արհեստականության մեջ կարգապահություն վերականգնեցելու համար ընտրեցինք մեր միջից արհեստավորների գլխավոր (ուստաբաշի) մեր համաքաղաքացի Սերովբե Ստեփանյան (Լևոնյանին) Ջիվանի և նրա օգնականներ Համբարձում Ադամյանին և Անտոն Անտոնյանցին և մենք պարտավորվում ենք օրենքի բոլոր կանոնների համաձայն հնազանդ գտնվել։
- Առ որ ստորագրենք ի. ք. Ալեքսանդրապոլ[18]

Հետևում են 25 ստորագրություն, որոնց մեջ էին հայտնի աշուղներ՝ Մկրտիչ Տալյանը (Ջամալի), Վարշամ Տրդատյանը (Պայծառե), Գրիգոր Տալյանը Շերամ) և Ֆիզահին։ Պահպանվել է արձանագրության նաև ռուսերեն օրինակը։

Ջիվանին «ուստաբաշի» էր ընտրվել նաև ավելի վաղ. մի այլ վավերագիր՝ կազմված 1884 թվականի ապրիլի 18-ին, Ջիվանին ստորագրում է՝ «ուստաբաշի Ջիվանի»[19]։

Շրջագայություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աշուղ Ջիվանին (կենտրոնում) երաժիշտների հետ (մինչև 1909 թվականին)։ Ջիվանին նվագում է քամանչայով, իսկ աջ և ձախ կողմերում նվագում են համապատասխանաբար թառով և սանթուրով

Իր քառասունամյա ստեղծագործական կյանքում աշուղ Ջիվանին բազմաթիվ շրջագայություններ է ունեցել, հանդես եկել իր խմբով։ Նա հաճախ իր երգերի հորինման ու տեղի վերաբերյալ նշումներ է արել։ Ելնելով պահպանված տվյալներից՝ նա ելույթ է ունեցել Երևանում, Շուշիում, Գանձակում, Բաքվում, Կարսում, Էրզրումում, Սալմաստում, Դերբենտում, Բաթումում, Փոթիում, Սուխումում, Նովորոսիյսկում, Ղրիմի քաղաքներում, Խարկովում, Ռոստովում, Եկատերինոդարում, Արմավիրում և այլն։

Ինքնակենսագրական տարաբնույթ տեղեկություններով հարուստ է աշուղի «Ճանապարհորդական տպավորություններ» խորագրով ստեղծագործությունը, որը գրել է 1900–1902 թվականների ընթացքում։ Ջիվանին պահել է օրագիր, որում օր առ օր գրանցել է տեղի ունեցած արժանահիշատակ դեպքերը, ներկայացրել այն բնակավայրերը, որտեղ երգել է տեղի ժողովրդի, այդ թվում՝ հայերի վիճակը, կենցաղը, սովորությունները և այլն։ Ըստ մի գրառումի՝ աշուղի երեք հոգուց բաղկացած խումբը դուրս է գալիս Թիֆլիսից 1900 թվականի օգոստոսի 1-ին։ Խումբը ելույթներ է ունենում Բաթում, Փոթի, Սուխում, Նովորոսիյսկ, Կերչ, Թեոդոսիա, Յալթա, Սիմֆերոպոլ, Սևաստոպոլ, Խարկով, Մելիտոպոլ, Ռոստով, Նոր Նախիջևան քաղաքներում։ Նրանց ելույթներն անցել են մեծ հաջողությամբ, խոչընդոտներ հարուցվել են միայն իշխանությունների կողմից[20]։

Ճանապարհորդության ընթացքում Ջիվանին յուրաքանչյուր քաղաքում հանդիպել է հայերի, հատկապես մշեցի գաղթականների, իր ցավն ու կարեկցանքն արտահայտել նրանց վիճակի, անտուն-անընտանիք կյանքի կապակցությամբ[21]։ Հաջողված են եղել հատկապես Հյուսիսային Կովկասի Արմավիր հայաշատ քաղաքի շրջագայությունները։

Ջիվանին մշտապես եղել է ոստիկանության հսկողության ներքո, ենթարկվել է հետապնդումների, արգելվել են նրա ելույթները, բռնագրավել նվագարանը[22]։

Ջիվանու խմբի մշտական անդամ, աշուղ Ջամալու որդին՝ ժողովրդական արտիստ Շարա Տալյանը, իր հուշերում գրում է.

Մեր թաղամասի ոստիկանապետ Գլեբովը մի հայատյաց մարդ էր... Այդ Գլեբովն էր, որ ամիսը մի երկու անգամ բռնագրավում էր Ջիվանու խմբի երաժշտական գործիքները և արգելում աշխատել, պատճառաբանելով, թե աշուղները երգում են ազգային ու հեղափոխական երգեր։ Արհեստավորներն ու խանութպանները փող էին հավաքում, բանակցում Գլեբովի հետ, կաշառում։ Ապա նորից երգում էր Ջիվանին[12]։

Աշակերտներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջիվանին բոլոր աշուղների նման ունեցել է աշակերտներ.

«…(մեծ մասամբ կույր) այժմ հայտնի են այն կողմերում որպես լավ ածողներ, ինչպես Համբարձումը (Համբոն), Երվանդը, Անտոնը, Խաչատուրը, Գարեգինը և այլք[23]։

Ալեքսանդրապոլում Ջիվանին իր շուրջն է համախմբում երիտասարդ աշուղների մի խումբ, ովքեր թեև ստեղծագործում էին աշուղական ավանդական կանոններով, բայց նրա ազդեցությամբ, օրինակով ու հորդորով դառնում են նրա հետևորդները, նրա հիմնադրած ազգային դպրոցի հավատարիմ աշուղները։ Նրանք են՝ Սազային, Ջամալին, Խայաթը, Պայծառեն, Աշխույժ (ապարանցին), Մահուբի Գևորգը, Նոր Սոխակը, Հավասին[24], հաջորդ սերնդից՝ Շերամը (Գրիգոր Տալյանը), Աշոտը (Դադայան), Շահենը, Հայրիկը և այլք։

Ժողովածուներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջիվանու երգերը տպագրվել են պարբերական մամուլի էջերում, առանձին ժողովածուներում՝ հաճախ առանց նրա գիտության։ Նրան ճանաչում է բերում «Արարատ» ամսագրում լույս տեսած երգերի շարքը[25]։ Մինչև 1880-ական թվականները նրա երգերը տպագրվել են նաև «Սոխակ Հայաստանի» երգարանի հատորներում։

Ջիվանու երգերի առաջին ժողովածուն հրատարակվել է Ալեքսանդրապոլում[26], որը լույս տեսնելուց հետո շատ շուտ սպառվում է։ Հաջորդ ժողովածուն նույնպես տպագրվում է Ալեքսանդրապոլում[27] Այստեղ է հրատարակվում նաև երրորդ ժողովածուն[28]։ Հետագայում էլ են հրատարակվել մի քանի ժողովածու։ Այնուհետև սկսվում է նրա երգերի տարածումը հայկական միջավայրում՝ Հարավային Կովկաս ու Հյուսիսային Կովկաս, Արևմտյան Հայաստան ու այլուր։ Նրա երգերի վերջին ժողովածուն լույս է տեսել Երևանում 1988 թվականին։ Ջիվանու երգերը թարգմանվել են ռուսերեն, ֆրանսերեն և այլ լեզուներով։

Մեզ է հասել Ջիվանու շուրջ 800 երգ։ Ջիվանու երգերը հեղինակից գրի առել և մշակել են Ք. Կարա-Մուրզան, Մ. Եկմալյանը, Կոմիտասը, Ա. Բրուտյանը, հետագայում (այլ աշուղների երգածից)՝ Ս. Դեմուրյանը, Ռ. Մելիքյանը և ուրիշներ։

Ձոն Ջիվանուն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջիվանուն բանաստեղծություններ են նվիրել ոչ միայն իր իսկ ներկայությամբ, այլև՝ հեռակա կարգով։ Բանաստեղծ Հ. Հովհաննիսյանը ձոն է գրել 1904 թվականի փետրվարի 5-ին Վարդանանց տոնի առթիվ կազմակերպած ընկերական հավաքույթի ժամանակ.

Ես խեղճ ու կրակ աշուղ Հովհաննես,
Քեզ ի՞նչ արժանի մի բան ունեմ ես,
Ի՛նչ էլ որ լինեմ, անփորձ մանկան պես
Քո աշակերտն եմ, ո՞ւր ես, Ջիվանի[29]։

Տիգրան Արփիարյանը Ջիվանու խմբի ելույթների մասին գրել է հետևյալը.

Երգած պահուն առաջվան մարդը չէր ինքզինքեն դուրս կելներ, կվերանար, հոգեկան բան մը կըդառնար, առանց արվեստի, առանց ճիգի կսահեին երգերը իր շրթունքներեն, ձայնը ու նվագարանը քիչ կուգային կարծես՝ իրեն սրտին բոլոր խանդը, հոգվույն բոլոր իղձը արտահայտելու... արվեստականութուն բնավ չկար իր քով։ Երգերը երգերուն կհաջորդեին անընդհատ առանց հոգնածություն պատճառելու, ընդհակառակը՝ հաճույք ալ ազդելով իրեն իսկ[30]։

Արաբկիրի աշուղական երգարվեստին քաջատեղյակ Անդրանիկ Փոլատյանը Ջիվանու մասին գրել է․

Աննըման ծընունդ ես, ազնիվ, գեղեցիկ... «որդեգրված» արաբկիրցիներու կողմե, հարսանիքներու և խրախճանքներու ընթացքին կ՚երգեին ու կը պարեին մեծ եռանդով[31]։

Հասարակական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

19-րդ դարի երկրորդ կեսին, երբ Ջիվանին հաստատվում է Ալեքսանդրապոլում, բավականին աշխուժացել էր այլադավանության քարոզը։ Քիչ չէին կաթոլիկություն ընդունողները, կաթոլիկ եկեղեցու հովանուն դիմողները։ Քաղաքի հայ առաքելական դասի ներկայացուցիչները պայքարում էին այդ երևույթի դեմ։ Ջիվանին ևս անտարբեր չէր։ Նա իր վերաբերմունքը բացահայտ արտահայտել է իր մի շարք տպագիր երգերում։ Աշուղը բարձր է գնահատել Ղևոնդ Ալիշանի հայրենանվեր գործունեությունը․ «Ծեսով կաթոլիկ է, բայց հոգով հայ է»[32] Իր ծանոթ Ալեքսանդր Արարատյանի՝ կաթոլիկ, բայց քաղաքում հեղինակություն վայելող («Անի քաղաք նստեր կուլա» երգի հեղինակ[33]), մահվան կապակցությամբ գրել է դամբանական[Ն 2]:

Ջիվանին մասնակցել է նաև հայ ժողովրդի ազատագրական պայքարին։ Նա բարեկամական, ընկերական կապեր է ունեցել Ալեքսանդրապոլում կազմակերպված «Բարենպատակ» հայրենասիրական ընկերության անդամների հետ[36]։

Ակադեմիկոս Մկրտիչ Ներսիսյանի աշխատություններից մեկի մեջ ավելի որոշակի տվյալներ է հաղորդվում Ջիվանու հայրենանպաստ գործունեության վերաբերյալ։ 1877–1878 թվականներին ռուս-թուրքական պատերազմի ավարտից հետո Հայաստանում ծայր առած կամավորական շարժման ոլորտում ընդգրկված էր նաև հայաշատ, ռուս-թուրքական սահմանամերձ Ալեքսանդրապոլը։ Քաղաքում ընտրվում է հինգ հոգուց բաղկացած մի հանձնաժողով՝ կամավորական խմբերը կազմակերպելու ու նրանց գործունեությունն ուղորդելու նպատակով։ Այդ հանձնաժողովի անդամ է ընտրվում Ջիվանին[37]։

Ժառանգներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ներկայումս աշուղի մեկ տասնյակից ավելի թոռներ ու ծոռներ ապրում են Թբիլիսիում, Երևանում և Մոսկվայում։ Արաքսյայի աղջիկը՝ Ռուզաննան, ով վախճանվել է վերջին տարիներին, Թբիլիսիում ամուսնացել էր Ալեքսանդր Նիժարաձեի հետ։ Նրանց աղջիկը՝ Գրետան, ավարտել է օտար լեզուների ինստիտուտը, ամուր կապեր է պահպանել աշուղի բոլոր թոռների ու ծոռների հետ։ Երևանում են Գուրգենի որդին և աղջիկը՝ Վարուժան և Անահիտ Լևոնյանները, Հռիփսիմեի որդին՝ Դիզբեկը։ Իրենց պապի հիշատակը հավերժացնելու նպատակով ծոռներից երկուսին անվանակոչել են Ջիվան՝ Հակոբյան Ջիվան՝ Երևանում, Միխայլով Ջիվան՝ Մոսկվայում, կոմպոզիտոր։ Մոսկվայում է ապրում Սերգեյ Գասպարյանը՝ Արաքսու թոռը և Ռուզաննան՝ Լևոնի աղջիկը՝ Ջիվան Միխայլովի մայրը։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Աշըղ Ջիւանու երգերը, Ալէքսանդրապօլ, 1882։
  • Աշըղ Ջիւանու երգերը, Ալէքսանդրապօլ, 1886, 241 էջ։
  • Աշըղ Ղարիբի հէքեաթը, Թիֆլիս, 1888, 124 էջ։
  • Աշըղ Ջիւանու երգերը, Ալէքսանդրապօլ, 1893, 338 էջ։
  • Աշըղ Ղարիբի հէքեաթը, Ալէքսանդրապօլ, 1895, 156 էջ։
  • Ջիվանու քնարը, հատ. 1, Թիֆլիս, 1900, 120 էջ։
  • Ջիվանու քնարը, հատ. 2, Վաղարշապատ, 1904, 140 էջ։
  • Աշըղ Ղարիբի հէքեաթը, Թիֆլիս, 1906, 112 էջ։
  • Աշըղ Ջիւանու երգերը, Թիֆլիս, 1912, 384 էջ։
  • Աշըղ Ղարիբի հէքեաթը, Թիֆլիս, 1914, 112 էջ։
  • Աշըղ Ղարիբի հէքեաթը, Բագու, 1918, 112 էջ։
  • Աշըղ Ղարիբի հէքեաթը, Կ. Պոլիս, 1922, 112 էջ։
  • Աշուղ Ղարիբի հէքեաթը, Կ. Պոլիս, 1924, 109 էջ։
  • Յերգերի ժողովածու, Յերևան, 1936, 544 էջ։
  • Երգերի ժողովածու, Երևան, 1955, 192 էջ։
  • Ջիվանու քնարը, Երևան, 1959, 796 էջ։
  • Երգեր, Երևան, 1988, 528 էջ։
  • Անհայտ երգեր, Երևան, 1996, 240 էջ։
  • Ծիրանի ծառ (Հատընտիր), Երևան, 1996, 196 էջ։
  •  Ջիվանի – 150. Անհայտ երգեր, Երևան, 1996, 80 էջ։
  • Ձայնագրյալ երգարան, Երևան, 1998, 188 էջ։
  • Կուգան ու կ՛երթան (երգեր), Երևան, 2008, 144 էջ։
  • Անհայտ երգեր, Երևան, 2009, 700 էջ։
  • Սիրված երգեր (ընտրանի), Երևան, 2009, 160 էջ։
  • Հոգսերով լի (երգարան), Երևան, 2016, 100 էջ։
  • «Поэзия Армении», под ред. В. Я. Брюсова, Москва, 1916 (ռուս.)
  • «Антология армянской поэзии», Москва, 1940 (ռուս.)

Նշումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ըստ Գ. Լևոնյանի՝ ապագա աշուղին Ջիվանիկ է կոչել հայրը[4]։ Ջիվանին հետագայում իր ստեղծագործություններում հանդես է եկել նաև Սրապ (Սերովբե), Վարոս անուններով՝ ընդգծելով անվան հայկականացումը։ Մինչդեռ աշուղները, ըստ կարգի, անուն էին ընտրում կամ շնորհվում էր մասնագիտության, զբաղմունքի, բնավորության, ծագման բնույթից ելնելով, սակայն պարսկերեն, թուրքերեն լեզուներով. օրինակ՝ Զարգյար (ոսկերիչ), Շհրին (քաղցր), Քեշիշ օղլի (տերտերի տղա) և այլն։
  2. Ջիվանու կենսագրությունից հայտնի է հետևյալ փաստը, որը վկայում է նրա լայնախոհության մասին։ Նա վերցնում է աշուղ Իգիթի պապի՝ «ֆառմասոն» աշուղ Մայիլի երգերի տետրը և չի վերադարձնում։ Ջիվանու որդին, որ տեղյակ էր փաստին, բացատրում է, որ Ջիվանին այն պահում է իր մոտ՝ Մայիլի երգերը տարածելու նպատակով, քանի որ հայ հասարակությունը չէր ընդունում այլադավան աշուղին։ Եվ, հիրավի, Ջիվանու միջոցով Ա. Բրուտյանը նույնիսկ ձայնագրել է Մայիլին[34][35]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ա. Ավագյան (2010 թ․ ապրիլի 24). «Քանի՞ երգ է գրել աշուղ Ջիվանին». «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 5-ին.
  2. 2,0 2,1 «Ջիվանի». Դպրոցական Մեծ Հանրագիտարան, հատոր 2. Հայկական հանրագիտարան հրատարակչություն. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 5-ին.
  3. Дживани // Большая советская энциклопедия: [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.(ռուս.)
  4. Ա. Սահակյան (1965). Հայրենաշունչ քնար. Երևան. էջ 13.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  5. Ա. Սահակյան (1965). Հայրենաշունչ քնար. Երևան. էջեր 22–24.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  6. Ա. Սահակյան (1965). Հայրենաշունչ քնար. Երևան. էջ 26.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  7. Աշուղ Ջիվանի (2009). Անհայտ երգեր. Երևան. էջ 550.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  8. Աշուղ Ջիվանի (2009). Անհայտ երգեր. Երևան. էջ 205.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  9. Հ. Ս. Նալշաջյան (1966). Հուշեր անցյալեն. Նյու Յորք: Սեբաստիա. էջ 24.
  10. Շարա Տալյան (1973). Դեպքեր, դեմքեր, մտքեր. Երևան. էջ 12.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  11. Շարա Տալյան (1973). Դեպքեր, դեմքեր, մտքեր. Երևան. էջ 31.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  12. 12,0 12,1 Շարա Տալյան (1973). Դեպքեր, դեմքեր, մտքեր. Երևան. էջ 32.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  13. Գ. Լևոնյան. Հուշեր. էջ 72.
  14. Աշուղ Ջիվանի (1936). Երգերի ժողովածու. Երևան. էջ 19.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  15. Կ․ Մատինյանց (1871). Բանաստեղծք և հյուսվածք Ջիվանի. Էջմիածին: «Արարատ». էջ 415.
  16. Կ․ Դուրգարյան (1986). Շիրակի հայ աշուղները. Երևան. էջեր 4–8.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  17. Ջիվանու քնարը. Երևան. 1959. էջ 687.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  18. Գ․ Լևոնյան (1944). Աշուղները և նրանց արվեստը. Երևան. էջեր 21–22.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  19. Բանագետ Հ. Գալստյանի անձնական արխիվ
  20. Աշուղ Ջիվանի (2009). Անհայտ երգեր. Երևան. էջ 596.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  21. Աշուղ Ջիվանի (2009). Անհայտ երգեր. Երևան. էջեր 595–606.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  22. Ջիվանու քնարը. Երևան. 1959. էջ 257.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  23. Գ. Լևոնյան (1963). Երկեր. Երևան. էջ 101.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  24. Մ. Աղայան (1959). Հայ գուսանները և գուսանա-աշուղական արվեստը. Երևան. էջ 14.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  25. Արարատ. Ը: 473–474. 1871. {{cite journal}}: Missing or empty |title= (օգնություն)
  26. Աշըղ Ջիվանու երգերը. Ալեքսանդրապոլ. 1882.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  27. Աշըղ Ջիվանու երգերը. Ալեքսանդրապոլ. 1886.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  28. Աշըղ Ջիվանու երգերը. Ալեքսանդրապոլ. 1893.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  29. Գ․ Լևոնյան (1959). Հուշեր. Երևան. էջ 51.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  30. Գ․ Լևոնյան. Երկեր. էջ 429.
  31. Անդրանիկ Փոլատյան (1969). Պատմություն Հայոց Արաբկիրի. Նյու Յորք. էջ 206.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  32. Ջիվանու քնարը. Երևան. 1959. էջ 173.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  33. Գ. Լևոնյան (1944). Աշուղները և նրանց արվեստը. Երևան. էջ 84.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  34. Հայաստանի ազգային արխիվ, ֆ. 1336, ց. 7, գ. 614, թ. 36
  35. Ա. Բրուտյան (2002). Ռամկական մրմունջներ, հատոր 2. Երևան. էջեր 9, 45, 113.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  36. Վ. Ա. Պարսամյան (1959). Հայ ազատագրական պայքարի պատմությունից. Երևան. էջ 132.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  37. Մ. Ներսիսյան (2002). Հայ ժողովրդի ազատագրական պայքարը թուրքական բռնապետության դեմ. Երևան. էջ 150.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջիվանի» հոդվածին։
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջիվանի» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջիվանի» հոդվածին։