Մետեխի վանք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մետեխի վանք
Մետեխի վանքը հյուսիս-արևելքից. հորիզոնում երևում են Թբիլիսիի Հին քաղաքի որոշ հատվածներ։
Տեսակտաճար, եկեղեցի և մշակութային արժեք
ԵրկիրՎրաստան[1]
ՏեղագրությունԹբիլիսի
Հասցեმეტეხის აღმართი 1
Ճարտարապետական ոճՎրացական ճարտարապետություն
Բարձրություն24,5 մետր
Երկարություն20 մետր
Լայնություն16 մետր
Շինանյութապար
Անվանված էՄարիամ Աստվածածին
Հիմնադրված է13-րդ դար
Քանդվել է1235
Ժառանգության կարգավիճակCultural heritage in Georgia?[1]
Քարտեզ
Քարտեզ

Մետեխի վանք կամ Մետեխի Սուրբ Աստվածածնի ծննդյան եկեղեցի (վրաց.՝ მეტეხის ღვთისმშობლის შობის ტაძარი, met'ekhis ghvtismshoblis shobis t'adzari), վրաց ուղղափառ քրիստոնեական եկեղեցի Հին Թբիլիսիի պատմական Հավլաբար թաղամասում՝ Կուր գետի ձախ ափին՝ Մետեխ ժայռի վրա։ Համարվում է Թբիլիսիի այցեքարտերից և տեսանելի է քաղաքի բազմաթիվ կետերից։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արևելյան ճակատը՝ երեք ուռուցիկ աբսիդներով

Ճարտարապետություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Խաչագմբեթավոր եկեղեցին զբաղեցնում է 20×16 մետր մակերես, իսկ ուղղահայաց ուղղությամբ որոշ չափով երկարաձգված է, բարձրությունը 24,5 մ է։ Արևելյան ճակատն ունի երեք ուռուցիկ աբսիդ, որոնցից կենտրոնականն ամենամեծն է։ Այս առումով Մետեխի վանքն առանձնահատուկ է, քանի որ 11-13-րդ դարերի եկեղեցիների շարքում նմանատիպ ճարտարապետությամբ որևէ այլ եկեղեցի չի հանդիպում։ Թմբուկով գմբեթը հենվում է չորս սյուների վրա, ինչը նույնպես ավելի վաղ հանդիպող ճարտարապետական առանձնահատկություն է (11-րդ դարից հետո կառուցվում էր երկու սյունով)։ Գմբեթի ներքո գտնվող կամարները թվագրվում են 16-17-րդ դարերով։ Գմբեթի թմբուկը կայծակից վնասվել է 17-րդ դարում, վերականգնվել 18-րդ դարում։

Եկեղեցու պատերը շարված են սրբատաշ ուղղանկյուն քարերով, որոնք հարավային ճակատում չեն պահպանվել։ Ըստ երևույթին 18-րդ դարում վերակառուցվել են աղյուսով։ Սկզբնական պատերը պահպանվել են արևելյան և հյուսիսային կողմերում, մասամբ՝ նաև այլ հատվածներում։ Հարավային պատի մուտքը նույնպես ստեղծվել է 18-րդ դարում։

Արտաքին տեսք[խմբագրել | խմբագրել կոդը]

Եկեղեցու պատերն արտաքինից զարդարված են 11-12-րդ դարերի Վրացական ոսկեդարին բնորոշ քանդակներով։ Առավել լավ պահպանված արևելյան ճակատը՝ երեք աբսիդներով, և հյուսիսային ճակատը՝ եկեղեցու մուտքով, ծածկված են փորագիր զարդանախշերով։ Շեղանկյուններից կազմված վարդյակներն ու ուռուցիկ արխիտրավներն այդ ժամանակաշրջանի եկեղեցական զարդամոտիվներում հաճախ են հանդիպում։ Կենտրոնական աբսիդի արխիտրավի վրա զարդանախշերով խաչ է պատկերված։

Ներսի պատերի որմնանկարները չեն պահպանվել։ Սրբապատկերներից մեկում, որը կոչվում է «Հարյուր հազար նահատակ», պատկերված է Թբիլիսիում 1226 թվականին տեղի ունեցած ողբերգական իրադարձությունը։ Քաղաքը գրաված խորեզմշահ Ջալալ ադ-Դինը հրամայել էր Սիոնի տաճարի սրբապատկերները նետել Մետեխի կամրջի վրա և Թբիլիսիի բնակիչներին գլխատվելու սպառնալիքով ստիպել դրանք ոտնակոխ անել։ Ըստ եկեղեցական ավանդության՝ շուրջ 100 000 հավատացյալներ, չհնազանդվելով հրամանին, մահապատժի են ենթարկվել։ Նրանց գլուխները նետվել են Կուր գետի հոսանքն ի վար։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Միջին դարեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Գոյություն ունեցող կառույցի մեծ մասը թվագրվում է միջին դարերով և կառուցվել է 1278 և1299 թվականների միջև՝ Դեմետրե II թագավորի օրոք[2][3], թեև բանավոր ավանդույթը Մետեխի հիմնումը վերագրում է 5-րդ դարին։ Այս վայրում առաջին եկեղեցին և թագավորական պալատը ենթադրաբար կառուցվել են 5-րդ դարում՝ Վախթանգ Գորգասալի ծավալած մեծամասշտաբ շինարարության ընթացքում[4]։ Ըստ ավանդության՝ վանքում թաղված է Վարդան Մամիկոնյանի դուստրը՝ Սուրբ Շուշանիկը[3][5] (մահացել է մոտ 432 թվականին), որի աճյունը Ցուրտավիից այստեղ է տեղափոխվել 7-րդ դարում Կիրիոն եպիսկոպոսի հրամանով։

«Մետեխ» անվանումն առաջին անգամ հիշատակվում է «Քարթլիս ցխովրեբա» վրացական միջնադարյան տարեգրություններում՝ կապված 1132 (կամ 1145) թվականին Դեմետրե I թագավորի դեմ ապստամբության ճնշման և Էրիսթավի Իվանե Աբուլեթիսձեի մահապատժի հետ, որը թաղվել է Մետեխում, թեև պարզ չէ՝ որ եկեղեցու մասին է խոսքը, քանի որ Սուրբ Աստվածածին եկեղեցի գոյություն ունի նաև Մետեխ անվանմամբ փոքր գյուղում։

Երկրորդ հիշատակումն առնչվում է 1195 (կամ 1200) թվականի Շամքորի ճակատամարտի հետ, երբ Թամար թագուհին զորքեր ուղարկելուց հետո «... հանում է կոշիկները և բոկոտն հասնում Մետեխի Սուրբ Աստվածածին եկեղեցի»։

Եթե եկեղեցին այդ ժամանակ արդեն գոյություն ուներ, 1235 թվականին՝ մոնղոլների ներխուժման ժամանակ, այն ավերվում է, ապա վերականգնվում 1278-1289 թվականներին՝ Դեմետրե II-ի թագավորության օրոք[2][3]։ «Քարթլիս ցխովրեբա»-ում հիշատակվում է, որ Դեմետրե II-ն այստեղ կառուցում է Սուրբ Աստվածածին վանքը։

Պարսկական և թուրքական տիրապետության ժամանակաշրջան[խմբագրել | խմբագրել կոդը]

Մետեխի վանքը 1890-ականներին

1658 թվականին՝ հարկադրված իսլամ ընդունած Վախթանգ V-ի օրոք, եկեղեցին վերածվում է վառոդի պահեստի։ Նույն դարում վանքը լքվում է։ 1672 թվականին Թբիլիսի այցելած ֆրանսիացի ճանապարհորդ Ժան Շարդենը հիշատակում է, որ վանքը լքված էր և մեծապես վնասված։ Վանքի՝ մեզ հասած առաջին պատկերը նույնպես կապվում է նրա հետ։

1748 թվականին Հերակլ II թագավորը, թուրքերից հետ գրավելով Մետեխի ժայռի վրա գտնվող բերդը, հրամայում է վերականգնել եկեղեցին։ Աղյուսից կառուցվում է գմբեթի նոր թմբուկը և վերականգնվում են եկեղեցու պատերը։ Այս ժամանակով է թվագրվում նաև հարավային պատին պահպանված արձանագրությունը. «Հերակլ թագավորն ուժով վերցրեց այս ամրոցը թշնամուց՝ իր առջև վահանի պես կրելով Քրիստոսի խաչը։ Ազատագրելով եկեղեցին՝ այն դարձրեց արքունական։ Այսպիսին են քրիստոսասեր թագավորի գործերը։ Ի փառս Աստծո և Հերակլ թագավորի»։

1795 թվականին՝ պարսկական հարձակման ժամանակ, տաճարն այրվում է, եկեղեցու սրբապատկերը՝ կորսվում։ Եկեղեցին վերականգնվում է Գեորգի XII-ի թագավորի օրոք։

Ռուսական կայսրության ժամանակաշրջան[խմբագրել | խմբագրել կոդը]

Վրաստանի՝ Ռուսական կայսրության կազմում ընդգրկվելուց հետո՝ 1816-1819 թվականներին, Կովկասյան կորպուսի հրամանատար Ալեքսեյ Երմոլովի հրամանով եկեղեցին շրջապատող բերդապարիսպները քանդվում են, և դրանց տարածքում բանտային շինություններ կառուցվում։

Մետեխի բանտում Ռուսական կայսրության օրոք և Խորհրդային ժամանակաշրջանում բանտարկված են եղել հայ մեծերից Հովհաննես Թումանյանը, Ավետիք Իսահակյանը, Ալեքսանդր Շիրվանզադեն, Փանոս Թերլեմեզյանը, հայ ազգային-ազատագրական շարժման գործիչներ Նիկոլ Դումանը, Հովսեփ Արղությանը, կուսակցական, հողափոխական և հասարակական-քաղաքական գործիչներ Կամոն, Սուրեն Սպանդարյանը, Մաքսիմ Գորկին, Իսիդորե Ռամիշվիլին, Նարիման Նարիմանովը, Լադո Կեցխովելին, Կալիստրատ Ցինցաձեն և այլք։ Եկեղեցին այդ տարիներին ներառված էր կազակական գնդի զորանոցային համալիրում։

Խորհրդային ժամանակաշրջան[խմբագրել | խմբագրել կոդը]

Խորհրդային ժամանակաշրջանի սկզբին՝ 1921 թվականին այստեղ տեղակայված էր ԽՍՀՄ Ներքին գործերի ժողովրդական կոմիսարիատի շտաբը, և պարբերաբար բանտարկյալների մահապատիժներ էին ի կատար ածվում։ Ամրակառույցներն ապամոնտաժվում են 1937 թվականին։ Եկեղեցին նույնպես նախատեսվում էր քանդել, սակայն բողոքի ցույցերի շնորհիվ հաջողվում է պահպանել այն։

1934-1942 թվականներին եկեղեցում տեղակայված էր Վրաստանի արվեստների պետական թանգարանը։ 1958 թվականին բանտային շինությունների մնացորդներն ապամոնտաժվում են, 1966 թվականին տարածքը բարեկարգվում է, իսկ 1967 թվականի ապրիլի 25-ին եկեղեցու մոտ տեղադրվում է վրաց թագավոր Վախթանգ Գորգասալի արձանը։ 1974 թվականին բոլոր ներքին միջնապատերը քանդվում են, և շենքը հանձնվում է երիտասարդական փորձարարական թատրոնին։ Շինության կենտրոնում՝ գմբեթի տակ, կառուցվում է վարագույրներով բեմ և հանդիսատեսի համար ամֆիթատրոն՝ 100 նստատեղով։

Շինությունը Վրաց եկեղեցուն վերադարձնելու պահանջով հացադուլ է հայտարարել Զվիադ Գամսախուրդիան։ Եկեղեցին հավատացյալներին է վերադարձվել 1988 թվականին։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Т. Р. Квирквелия, «Архитектура Тбилиси», М.: Стройиздат, 1985.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Wiki Loves Monuments monuments database — 2017.
  2. 2,0 2,1 Beriże, Vaxtang (1981). Die Baukunst des Mittelalters in Georgien. Anton Schroll & Co. էջ 133. ISBN 9783703105319.
  3. 3,0 3,1 3,2 Beridze, V.V., Mepisashvili, R.S., Rchulishvili, L.D., Shmerling, R.O. (1969). Metekhi Church in Tbilisi (վրացերեն).{{cite book}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  4. Das Ausland: Wochenschrift für Länder- u. Völkerkunde (գերմաներեն). Cotta. 1850.
  5. Дел, Россия Министерство Внутренных (1844). Журнал Министерства Внутренных Дѣл (ռուսերեն).
  6. Hermann Roskoschny, 1845-1898. Das asiatische Russland. Leipzig: Gressner & Schramm, 1884