Վիկտոր Համբարձումյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Համբարձումյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Վիկտոր Համազասպի Համբարձումյան (սեպտեմբերի 5 (18), 1908[1][2][3], Թիֆլիս, Թիֆլիսի նահանգ, Ռուսական կայսրություն[2][3] - օգոստոսի 12, 1996[1][4][5][…], Բյուրական, Արագածոտնի մարզ, Հայաստան[6][3]), հայ աստղագետ և աստղաֆիզիկոս, տեսական աստղաֆիզիկայի հիմնադիրներից մեկը։ Համբարձումյանի աշխատությունները վերաբերում են աստղերի և միգամածությունների ֆիզիկայի, արտագալակտիկական աստղագիտության, աստղային համակարգերի դինամիկայի, աստղերի և գալակտիկաների տիեզերածնության և մաթեմատիկական ֆիզիկայի, միջուկային ֆիզիկայի[16] բնագավառներին։ Սկզբունքորեն նոր տիեզերածնական հայեցակարգի հեղինակ է։ Ստալինյան մրցանակի կրկնակի (1946, 1950) դափնեկիր, Սոցիալիստական աշխատանքի կրկնակի հերոս (1968, 1978), Հայաստանի ազգային հերոս (1994), Ռուսաստանի Դաշնության պետական մրցանակի դափնեկիր, արժանացել է բազմաթիվ ակադեմիական պարգևների։ Բյուրականի աստղադիտարանի հիմնադիրն է[17][18]։
Վիկտոր Համբարձումյանը ծնվել է Թիֆլիսում, 1908 թվականի սեպտեմբերի 18-ին։ Հայրը՝ Համազասպ Համբարձումյանը եղել է իրավաբան, գրականագետ։ Նկատելով երեք-չորս տարեկան որդու՝ թվերի նկատմամբ ունեցած մեծ հետաքրքրությունը, հայրն ավելի լրջորեն է զբաղվում օժտված զավակով՝ զարգացնելով նրա բնատուր բնագիտական ձիրքը[19]։ Դպրոցական տարիներին առավել ցայտուն են դրսևորվում մաթեմատիկայի և աստղագիտության նկատմամբ նրա հակումները։ Այդ տարիներին արդեն հրապարակային դասախոսություններ է կարդում ֆիզիկայի և աստղագիտության խնդիրների վերաբերյալ։ 1924 թվականի մարտին 15-ամյա Համբարձումյանը Երևանի պետական համալսարանում անվանի պրոֆեսորների, դասախոսների ուսանողների և աշակերտների համար դասախոսություն է կարդում Ալբերտ Էյնշտեյնի հարաբերականության տեսության վերաբերյալ, որն ընդունվում է մեծ հետաքրքրությամբ[19]։ Մի քանի ամիս անց նույն դասախոսությունը կրկնում է Թիֆլիսում[19]։
1924 թվականին Վիկտորն ընդունվում է Լենինգրադի մանկավարժական ինստիտուտի ֆիզիկա-մաթեմատիկական բաժինը։ Մեկ տարի անց տեղափոխվում է Լենինգրադի պետական համալսարան։ 1926 թվականին, տակավին ուսանող, նա հրատարակում է իր առաջին գիտական հոդվածը՝ նվիրված արեգակնային ջահերին։ Ուսանողական տարիներին տպագրում է ավելի քան 15 հոդված։ Համալսարանն ավարտելուց հետո, 1928-1931 թվականներին Վ.Համբարձումյանն ուսանել է Պուլկովոյի աստղադիտարանի ասպիրանտուրայում՝ ակադեմիկոս Ա․ Բելոպորսկու ղեկավարությամբ։ 1934 թվականին Լենինգրադի համալսարանում չորս տարի աշխատելուց հետո, Համբարձումյանը հիմնադրում և ղեկավարում է ԽՍՀՄ առաջին աստղաֆիզիկայի ամբիոնը։
1935 թվականին Համբարձումյանին շնորհվում է ֆիզմաթ գիտությունների դոկտորի աստիճան՝ առանց ատենախոսության պաշտպանության, ինչը նրա գիտական մեծ հեղինակության և համաշխարհային համբավի և վաստակի արդյունքն էր։
1939 թվականին ընտրվում է ԽՍՀՄ ԳԱ թղթակից-անդամ, և նշանակվում համալսարանի պրոռեկտոր՝ գիտակազմակերպչական աշխատանքների գծով։ 1943 թվականին հիմնադրվում է Հայկական ԽՍՀ գիտությունների ակադեմիան, Վ. Համբարձումյանն ընտրվում է փոխնախագահ։ 1947 թվականից Երևանի համալսարանի պրոֆեսոր էր։ 1947 թվականին ընտրվում է Հայաստանի գիտությունների ակադեմիայի նախագահ՝ փոխարինելով Հովսեփ Օրբելուն։ Այդ պաշտոնում վերընտրվում է մինչև 1993 թվականին։
1947 թվականին հրատարակում է իր հայտնի աշխատանքը՝ «Աստղերի էվոլյուցիան և աստղաֆիզիկան», որում ապացուցում է, որ իր հայտնագործած աստղային համակարգերը՝ աստղասփյուռները, կազմված են միանման աստղերից, և դրանով է պայմանավորված նմանատիպ աստղերի բարձր խտությունը։ Համբարձումյանի ստացած արդյունքներով աստղասփյուռների տարիքը չէր կարող գերազանցել մի քանի տասնյակ միլիոն տարին։ Եզրակացվեց նաև, որ նույն աստղասփյուռի բոլոր աստղերը առաջացել են միասին։ Դրանով իսկ ապացուցվեց, որ մեր Գալակտիկայում աստղառաջացման պրոցեսը շարունակվում է, և ծեր աստղերի հետ միասին գոյություն ունեն նաև երիտասարդ աստղեր։ Այս աշխատանքի համար Վ.Համբարձումյանը 1950 թվականին արժանացավ պետական մրցանակի։
1948-1955 թվականներին եղել է Միջազգային աստղադիտական միության փոխնախագահ[20], 1961-1964 թվականներին՝ նախագահ[16], 1968-1972 թվականներին՝ Գիտական ընկերությունների միջազգային խորհրդի նախագահ։
1953 թվականին Վ. Համբարձումյանն ընտրվում ԽՍՀՄ ԳԱ ակադեմիկոս[21]։
1966 թվականին Բյուրականի աստղադիտարանում կազմակերպվեց միջազգային աստղագիտական միության 29-րդ ժողովը, ինչը վկայում է Բյուրականի աստղադիտարանում իրականացվող հետազոտությունների կարևորության մասին։
Մինչև կյանքի վերջը Վ. Համբարձումյանը համոզված էր, որ մեր ժամանակներում նույնպես գալակտիկաներ են ծնվում։
Վ. Համբարձումյանը աշխարհի ավելի քան 30 ազգային ակադեմիաների և միջազգային կազմակերպությունների պատվավոր անդամ էր, իսկ 1958-61 թվականներին գլխավորել է միջազգային աստղագիտական ընկերությունը։ Նա երկու անգամ ընտրվել է Գիտական միությունների համաշխարհային խորհրդի նախագահ (1966-72 թվականներ)։
1993 թվականին դառնում է Հայաստանի գիտությունների ակադեմիայի պատվավոր նախագահ։
1994 թվականին արժանացել է Հայաստանի ազգային հերոսի կոչման։
Մահացել է 1996 թվականի օգոստոսի 12-ին Բյուրականում։ Թաղված է Բյուրականի աստղադիտարանի 2,6 մ աստղադիտակից ոչ հեռու՝ Համբարձումյանների ընտանեկան գերեզմանատանը։ Նրա առանձնատունն այժմ մեծ գիտնականի տուն-թանգարանն է, իսկ Բյուրականի աստղադիտարանը 1998 թվականից կրում է իր հիմնադրի անունը։
Ընտանիք
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայրը՝ Համազասպ Համբարձումյանը, իրավագետ էր, թարգմանիչ, գրականագետ։ Հայտնի թարգմանություններից է Հոմերոսի «Իլիականը»։ Մայրը՝ Հռիփսիմեն, Ցխինվալիի քահանա Տեր-Սահակ Խախանյանցի դուստրն էր։ Քույրը՝ Գոհար Համբարձումյանը, մաթեմատիկոս էր, ֆիզմաթ գիտությունների թեկնածու, դոցենտ։ Վիկտոր Համբարձումյանի եղբայրը՝ Լևոնը, նրանից փոքր էր երկու տարով, աշխատել է Լենինգրադի աստղագիտական ինստիտուտի գրավիմետրիկ արշավախմբերում։ Մահացել է 1933 թվականին[19]։
1931 թվականի վերջին ամուսնացել է Վերա Ֆյոդորովնա Կլոչիխինայի հետ։ Չորս զավակներից երկուսը՝ Ռաֆայելը և Ռուբենը, ֆիզիկոսներ են։
Գիտական գործունեության հիմնական ուղղությունները
[խմբագրել | խմբագրել կոդը]Աստղերի թաղանթների և գազային միգամածությունների ֆիզիկա
[խմբագրել | խմբագրել կոդը]1932 թվականին Լոնդոնի Թագավորական աստղագիտական ընկերության «Monthly Notices» հանդեսը հրապարակեց Համբարձումյանի «On the radiative equilibrium of a planetary nebula» (Մոլորակաձև միգամածության ճառագայթման հավասարակշռության մասին) հոդվածը, որն այժմ համարվում է գազային միգամածությունների ժամանակակից տեսության անկյունաքարը։ Այդ խնդրին է նվիրված Համբարձումյանի աշխատությունների մի ամբողջ շարք, որոնցում ստեղծված է աստղերի գազային թաղանթների և գազային միգամածությունների տեսության հենքը և բացատրված են դրանց սպեկտրերի մի շարք առանձնահատկություններ։ Նրա մշակած եղանակները կիրառվել են անկայուն աստղերի գազային թաղանթների հետազոտման համար։ Այդ աշխատություններից մեկում (Ն. Ա. Կոզիրևի հետ համատեղ) հաջողվել է առաջին անգամ գնահատել նոր աստղերի արտանետած գազային թաղանթների զանգվածները։ Այդ զանգվածների գնահատականը շատ էական դեր ունեցավ աստղերի զարգացման խնդիրները դիտարկելիս։ Մասնավորապես, այն հնարավորություն ընձեռեց հայտնաբերել աստղային անկայունության ամենաաննշան դրսևորումները։
Աստղային համակարգերի դինամիկա և վիճակագրական մեխանիկա
[խմբագրել | խմբագրել կոդը]Կիրառելով վիճակագրական մեխանիկայի ինքնատիպ եղանակներ՝ Համբարձումյանը կարևոր արդյունքներ է ստացել։ 1936 թվականին այդ ճանապարհով լուծել է անգլիացի աստղագետ Արթուր Էդինգտոնի առաջադրած մաթեմատիկական խնդիրը՝ գտնել աստղակույտի աստղերի տարածական արագությունների բաշխումը՝ ունենալով դրանց տեսագծային արագությունների բաշխումը։ Այդ խնդրի լուծումը տպագրվել է «Monthly Notices» հանդեսում հենց Էդինգտոնի ներկայացմամբ։ Տասնամյակներ անց այդ նույն խնդիրը վերստին ի հայտ եկավ՝ բժշկական համակարգչային ախտորոշման կապակցությամբ։ Ի վերջո (1979 թվական), այդ մաթեմատիկական խնդրի լուծումը նշանավորվեց բժշկության բնագավառի Նոբելյան մրցանակով «Համակարգչային տոմոգրաֆիայի մշակման համար»։
Աստղային համակարգերի վիճակագրական մեխանիկայի եղանակները Համբարձումյանին հնարավորություն տվեցին գնահատել աստղային համակարգերի տարիքները։ Մասնավորապես, 1935-1937 թվականներին Համբարձումյանը գիտական բանավեճ ունեցավ անգլիացի նշանավոր գիտնական Ջեյմս Ջինսի հետ՝ մեր աստղային համակարգի՝ Գալակտիկայի տարիքի առիթով և ապացուցեց, որ մեր Գալակտիկան առնվազն 1000 անգամ երիտասարդ է Ջինսի տված գնահատականից[22], որը համընդհանուր ընդունելություն ուներ։
Աստղային համակարգերի դինամիկայի և վիճակագրության վերաբերյալ Համբարձումյանի աշխատություններն ընկած են աստղային համակարգերի արդի վիճակագրական մեխանիկայի հիմքում։ 1995 թվականին Համբարձումյանն այդ հետազոտությունների համար Ռուսաստանի Դաշնությունից Պետական մրցանակ է ստացել[23]։
Միջաստղային նյութի բնույթը և ֆլուկտուացիաների տեսությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիկտոր Համբարձումյանի աշխատությունների մի ամբողջ շարք նվիրված է Գալակտիկայում միջաստղային նյութի հետազոտությանը։ Սզբունքորեն նոր արդյունք է ստացել, որի համաձայն՝ Գալակտիկայում կլանող նյութն ունի պատառաձև բաշխում և լույսի կլանման պատճառը միջաստղային տարածության մեջ բազմաթիվ գազափոշային ամպերի առկայությունն է։ Միջաստղային ամպերի ամբողջության հետազոտման հզոր միջոց եղավ ֆլուկտուացիաների տեսությունը, որը նոր ուղիներ բացեց աստղագիտության մեջ։
Պղտոր միջավայրում լույսի ցրման տեսությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]Երկրորդ աշխարհամարտի տարիներին Համբարձումյանը ստեղծեց պղտոր միջավայրում լույսի ցրման նոր տեսություն, որ հիմնված էր իր առաջարկած ինվարիանտության սկզբունքի վրա։ Կիրառելով այդ նրբագեղ մաթեմատիկական հնարքը՝ Համբարձումյանը լուծեց լույսի ցրման ոչ գծային խնդիրների մի ամբողջ շարք։ Ինվարիանտության սկզբունքը ներկայումս լայնորեն կիրառվում է մաթեմատիկական ֆիզիկայի բազմաթիվ ճյուղերում։
Ռ․ Է․ Բելմանը, Ռ․ Է, Կալաբան և Մ․ Ս․ Պրետրուդը իրենց «Ինվարիանտ համադրում. ճառագայթային տեղափոխումը վերջավոր լայնության շերտերում» գրքում գրում են. «Այդ նորարարական աշխատանքի շնորհիվ հնարավոր դարձան վերլուծական մոտեցումներ և պարզ թվային լուծումներ։ Հետագայում այդ գաղափարները զարգացրեց և ընդհանրացրեց Չանդրասեկհարն իր հիմնարար հոդվածների շարքում և 1950 թ. գրքում... Լուծվեցին բազմաթիվ խնդիրներ, որ չէին լուծվում այլ եղանակներով, և կատարվեց մեծ առաջընթաց»[24]։
Պղտոր միջավայրում լույսի ցրման տեսութունն ստեղծելու համար Համբարձումյանը 1946 թվականին պարգևատրվեց ԽՍՀՄ պետական մրցանակով (Ստալինյան Մրցանակ)։
Աստղասփյուռներ և աստղերի էվոլյուցիան
[խմբագրել | խմբագրել կոդը]Գալակտիկայում աստղային համակարգերին վերաբերող դիտողական նյութի տեսական վերլուծության միջոցով Համբարձումյանը հայտնաբերեց նոր տիպի աստղային համակարգեր։ Դրական էներգիայով այդ լայնացող համակարգերը նա անվանեց «աստղասփյուռներ» և ապացուցեց դրանց «երիտասարդ» լինելը։ Դա հեղաշրջում էր աստղերի տիեզերաբանության մեջ, քանի որ այստեղից հետևում էր, որ աստղառաջացման գործընթացը Գալակտիկայում շարունակվում է նաև ներկայումս, և աստղերը առաջանում են խմբերով։
Աստղասփյուռների հայտնաբերման և հետազոտության համար 1950 թվականին Վ. Համբարձումյանը պարգևատրվեց երկրորդ Ստալինյան մրցանակով։
Երիտասարդ աստղերի ֆիզիկա և աստղերի էներգիայի աղբյուրները
[խմբագրել | խմբագրել կոդը]Շատ ուշագրավ են Համբարձումյանի հետազոտությունները այսպես կոչված անընդհատ առաքման վերաբերյալ, որոնք դիտվել Ցուլի տաու տիպի երիտասարդ աստղերի և նրանց արբանյակ-անկայուն աստղերի սպեկտրներում։ Այդ հետազոտությունները հանգեցրին աստղերի էներգիայի աղբյուրների բնույթի վերաբերյալ կարևոր եզրակացությունների։ Համբարձումյանը առաջարկեց նախաստղային նյութի նոր հայեցակարգ։ Դասական վարկածը ենթադրում է, որ աստղերը առաջանում են ցրված նյութի խտացման միջոցով։ Նոր վարկածը, նախորդին հակառակ, ընդունում է անհայտ բնույթի զանգվածեղ մարմինների՝ նախաստղերի գոյությունը։ Նախաստղերի տրոհման պրոցեսները հանգեցնում են աստղերի ձևավորմանը աստղասփյուռներում։
Արտագալակտիկական աստղագիտություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Համբարձումյանի աշխատությունների մի մեծ շարք նվիրված է մեր Գալակտիկայի նման հսկայական աստղային համակարգերի՝ գալակտիկաների էվոլյուցիայի խնդիրներին։ Ի մասնավորի՝ հարկ է նշել գալակտիկաների կորիզների (կենտրոնական խտացումների) ակտիվության մասին նոր հայեցակարգը։ Ըստ այս հայեցակարգի, գալակտիկաների կորիզները վճռորոշ դեր են կատարում գալակտիկաների և դրանց համակարգերի ծագման և էվոլյուցիայի մեջ։ Այս հետազոտությունների շնորհիվ արտագալակտիկական աստղագիտության գլխավոր խնդիրը դարձավ գալակտիկաներում դիտվող ահռելի չափերի անկայունության երևույթների ուսումնասիրությունը։ Այս շարքին են հարում և Համբարձումյանի և իր աշակերտների կարևոր հետազոտությունները՝ նվիրված հսկա գալակտիկաների կորիզներից կապույտ արտանետումների, նոր տիպի գալակտիկական համակարգերի՝ այսպես կոչված՝ կոմպակտ գալակտիկաների կոմպակտ խմբերի հայտնաբերմանն ու ուսումնասիրությանը։ Գալակտիկաների կորիզների պայթյունների մասին 1958 թվականի Համբարձումյանի առաջին Սոլվեյյան դասախոսությունը ահռելի ազդեցություն ունեցավ։ Այդ դասախոսությունը և դրա հետևանքները նկարագրված են Ջերսի Նոյմանի «Հիշողություններ տիեզերաբանության մեջ հեղափոխական շրջափուլի մասին» հոդվածում (Problems of Physics and Evolution of the Universe, Publishing House of the Armenian Academy of Sciences, Yerevan, 1978, pp. 243–250)։ Ինչպես հիշում է Ջ. Նոյմանը, հակառակ սկզբնական թերահավատությանը, «Համբարձումյանի փաստարկները և համակողմանի ապացույցները ներկա գտնվող գիտնականներին ստիպեցին մտմտալ, որին հետևեց միջազգային բազմաբնույթ մեծ գործունեությունը...»։ Նոյմանը եզրակացնում է. «Այժմ Համբարձումյանի վարկածի օգտին եղած տվյալները շշմեցնում են։ Սրտագին շնորհավորանքս պրոֆեսոր Համբարձումյանին՝ Կոպեռնիկոսյան Հեղափոխականին»[26]։
Դաշտի քվանտային տեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Դիմիտրի Իվանենկոյի հետ մեկտեղ Համբարձումյանն առաջին անգամ առաջ քաշեց այն գաղափարը, որ ոչ զրոյական զանգվածով տարրական մասնիկները փոխազդեցության ընթացքում կարող են ծնվել կամ ոչնչանալ։ Ոչ զրոյական զանգվածով մասնիկներ առաջանալու գաղափարը կատարելապես նորություն էր և չէր բխում դասական նկատառումներից։ Զանգված ունեցող մասնիկների առաջացման Համբարձումյան-Իվանենկոյի հիպոթեզը (1930 թվական) դարձավ ժամանակակից դաշտի քվանտային տեսության անկյունաքարը[27]՝ այսպիսով ձևավորելով դաշտի քվանտային տեսությունը և տարրական մասնիկների ֆիզիկան[28][29]։
Ատոմի միջուկ
[խմբագրել | խմբագրել կոդը]Գիտական գործունեության սկզբում՝ 1930 թվականին, Համբարձումյանը Իվանենկոյի հետ համատեղ աշխատություն հրապարակեց[30], որը կարելի է ընդգրկել ատոմի միջուկի կառուցվածքի մասին ամենաէական աշխատանքների շարքում։ Հակառակ այդ ժամանակ ընդունված պատկերացումների, որոնց համաձայն ատոմական միջուկները բաղկացած են պրոտոններից և էլեկտրոններից, Համբարձումյանը և Իվանենկոն ցույց տվեցին, որ միջուկի ներսում ազատ էլեկտրոնը չի կարող գոյություն ունենալ և որ պետք է պրոտոնների փոխարեն լինեն ինչ֊որ չեզոք մասնիկներ[31]։ Ըստ էության սա նեյտրոնի գոյության կանխատեսումն էր, նախքան Ջեյմս Չեդվիկը փորձնականորեն կհայտնաբերեր այն երկու տարի անց։
Համակարգչային տոմոգրաֆիա
[խմբագրել | խմբագրել կոդը]Համբարձումյանի աշխատանքները նպաստել են համակարգչային տոմոգրաֆիայի զարգացմանը։ Մասնավորապես, նա առաջինն է տվել Ռադոնի ձևափոխության թվային ինվերսիան[32]։ Սա ներառում է աստղերի արագությունների եռաչափ բաշխումը գալակտիկայում։ Շատ տարիներ անց տոմոգրաֆիայի նոբելյան մրցանակակիր Ալան Կորմակը Համբարձումյանի աշխատանքների մասին ասել է․
«...Ռադոնի խնդիրը արագությունների եռաչափ տարածության մեջ... Համբարձումյանը տվեց դրա լուծումները երկու և երեք չափումների համար այն ձեով, ինչ և Ռադոնը։ Ավելին, նա վերցրեց երեք սպեկտրային դասերի աստղերի խմբեր՝ յուրաքանչյուրում 400 – 500-ական աստղով և օգտագործեց իր տեսական արդյունքները՝ տեսագծային արագությունների բաշխումից արագությունների բաշխումը ստանալու համար։ ... Դա Ռադոնի ձևափոխության առաջին թվային հակադարձումն է, և դա հերքում է տարածված պատկերացումը այն մասին, թե իբր համակարգչային տոմոգրաֆիան անհնար է առանց համակարգչի։ Այդ հաշվարկի մանրամասները բերված են Համբարձումյանի հոդվածում, և դրանք հանգեցնում են այն մտքին, որ մինչև իսկ 1936 թ. համակարգչային տոմոգրաֆիան ի զորու պիտի լիներ օժանդակել, ասենք, ուղեղի ուռուցքների ախտորոշմանը... Շատ հնարավոր է թվում, որ Համբարձումյանի թվային եղանակները պիտի կարողանային մեծապես օժանդակել բժշկությանը, եթե դրանք կիրառվեին 1936 թվականին»[33]։ |
Մանկավարժական գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Համբարձումյանը գիտական աշխատանքը զուգակցել է աշխույժ մանկավարժական գործունեության հետ։ Նա հեղինակն է տեսական աստղաֆիզիկա առարկայի՝ ԽՍՀՄում առաջին դասագրքի (1939) և հեղինակակիցն է «Տեսական աստղաֆիզիկայի» դասընթացի (1952), որը թարգմանված է բազմաթիվ լեզուների։ 1931 թվականից դասախոսություններ է կարդացել Լենինգրադի համալսարանում։ 1934 թվականին Լենինգրադի համալսարանում հիմնել է ԽՍՀՄ առաջին աստղաֆիզիկայի ամբիոնը, որ ղեկավարել է մինչև 1947 թվականը։ 1939-1941 թվականներին եղել է Լենինգրադի համալսարանի աստղադիտարանի տնօրենը, իսկ 1940 թվականից՝ նույն համալսարանի գիտական պրոռեկտորը։ 1941-1943 թվականները եղել է Լենինգրադի համալսարանի տարհանված գիտական մասնաճյուղի վարիչը Ելաբուգայում։ 1944 թվականին աստղաֆիզիկայի ամբիոն է հիմնում Երևանի համալսարանում։ Համբարձումյանը գիտական դպրոցներ է հիմնել Լենինգրադում և Բյուրականում, որոնք զգալի հետք են թողել աստղագիտության տարբեր ճյուղերի զարգացման վրա։ Գիտության ժողովրդականացման-տարածման ջատագով էր, հեղինակ աստղաֆիզիկայի զանազան խնդիրներին նվիրված բազմաթիվ հոդվածների և գրքերի։
Գիտա-կազմակերպչական գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Համբարձումյանը գիտության երևելի կազմակերպիչ էր Հայաստանում, Ռուսաստանում և միջազգային ասպարեզում։ Եղել է Բյուրականի աստղադիտարանի հիմնադիրն ու տնօրենը, Հայաստանի Գիտությունների Ակադեմիայի փոխնախագահ ու նախագահ, ԽՍՀՄ Գիտությունների Ակադեմիայի նախագահության անդամ, Միջազգային Աստղագիտական Միության փոխնախագահ (1948–1955) և նախագահ (1961-1964), Գիտական Միությունների Միջազգային Խորհրդի (ICSU) նախագահ՝ բացառության կարգով[34] ընտրվելով երկու անգամ (1968–1970 թթ․, 1970–1972 թթ․)[35]։ Իր «Կյանքի դրվագներ» հուշագրությունում Գիտական Միությունների Միջազգային Խորհրդի նախագահ ընդունվելու մասին Համբարձումյանը գրում է․
․․․Մինկովսկին, որը համագործակցում էր Բաադեի հետ, ենթադրում էր, որ գալակտիկաների ուժեղ ռադիոճառագայթումը առաջանում է երկու գալակտիկաների բախման հետևանքով։ Այս տեսակետը արդեն տարածվել էր, և «բախման տեսության» մասին հարյուրավոր հոդվածներ էին լույս տեսել և՛ Խորհրդային Միությունում և՛ հատկապես արտասահմանում։
Քննելով այս հարցը՝ ես համոզվեցի, որ բախումների տեսակետը ոչ մի կապ չունի իրականության հետ, և ինձ հաջողվեց ժխտել այս տեսակետը։ Քանի որ «բախման տեսությունը» արդեն շատ էր տարածված, դրա ժխտումը մեծ տպավորություն գործեց ոչ միայն աստղագետների, այլև հարակից գիտությունների ներկայացուցիչների վրա։ Գալակտիկաների բախումների մասին ինչքա՜ն էին խոսել գիտաժողովներում և ամսագրերում։ Բայց պարզվեց, որ բախման տեսությունը սխալ է։ Միկկովսկու ջանքերը, գոնե առանձին գալակտիկաների նկատմամբ պաշտպանելու բախման տեսակետը, ապարդյուն անցան։ Այս բոլորը հիմք ծառայեց մի շարք գիտնականների համար, որ իմ թեկնածությունն առաջադրեն Գիտական Միությունների Միջազգային Խորհրդի (ICSU) նախագահի պաշտոնի համար։ Նախագահի պաշտոնում ընտրվեցի 1968 թ. Փարիզում[34]։ |
Հասարակական-քաղաքական գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1940 թվականին Վ. Համբարձումյանը դարձել է Խորհրդային Միության կոմունիստական կուսակցության անդամ։ 1947-ին ընտրվել է Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի պատգամավոր։ 1950–1990 թվականներին բոլոր գումարումների ԽՍՀՄ Գերագույն խորհրդի պատգամավոր է ընտրվել, եղել է ԽՄԿԿ 19, 22–25-րդ համագումարների պատգամավոր։ 1989-ին ընտրվել է ԽՍՀՄ Ժողովրդական պատգամավորների համագումարի պատգամավոր։ 1948–1989 թվականներին Հայաստանի կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի անդամ է եղել, Հայաստանում գիտության պետական հովանավորության քաղաքականության պատասխանատուն[36]։
Անդամակցությունը գիտական կազմակերպություններին
[խմբագրել | խմբագրել կոդը]Համբարձումյանը աշխարհում 24 գիտությունների ակադեմիաների և 15 գիտական կազմակերպությունների անդամ էր[37]։ Դրանք են՝
- Ավստրիայի գիտությունների ակադեմիա
- Ադրբեջանի ԽՍՀ գիտությունների ակադեմիա
- Բելգիայի գիտությունների ակադեմիա
- Բուլղարիայի գիտությունների ակադեմիա (1974),
- Գերմանիայի դեմոկրատական հանրապետության գիտությունների ակադեմիա
- Վրաստանի գիտությունների ակադեմիա
- Դանիայի գիտությունների ակադեմիա
- Իտալիայի գիտությունների ակադեմիա
- Լոնդոնի թագավորական ընկերություն
- Նիդեռլանդների գիտությունների ակադեմիա
- ԱՄՆ գիտությունների ազգային ակադեմիա
- Ֆրանսիայի գիտությունների ակադեմիա
- Շվեդիայի գիտությունների ակադեմիա
- Արվեստի և գիտությունների ամերիկյան ակադեմիա[38]
- Նյու-Յորքի գիտությունների ակադեմիա
- «Լեոպոլդինա» գերմանական բնագետների ակադեմիա
- Բրիտանական թագավորական աստղագիտական ընկերություն
- Թագավորական կանադական աստղագիտական ընկերություն
- Ամերիկյան աստղագիտական ընկերություն
- Քեմբրիջի փիլիսոփայական ընկերություն
- Լիեժի համալսարան (պատվավոր դոկտոր),
- Ավստրալիայի ազգային համալսարան
- Լա-Պլատայի համալսարան
- Փարիզի համալսարան
- Պրահայի համալսարան
- Նիկոլայ Կոպեռնիկոսի անվան Տորունի համալսարան
Պարգևներ և կոչումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հայաստանի ազգային հերոս (11 հոկտեմբերի, 1994)
- Սոցիալիստական աշխատանքի կրկնակի հերոս (1968, 1978)
- Երկրորդ աստիճանի Ստալինյան մրցանակ (1946)՝ պղտոր միջավայրերում լույսի ցրման նոր տեսություն ստեղծելու համար, շարադրված է «Պղտոր միջավայրում լույսի ցրման հաշվարկի նոր եղանակ», «Մոլորակների մթնոլորտներով լույսի ցրման մասին», «Պղտոր միջավայրում լույսի դիֆուզային անդրադարձման հարցի մասին» աշխատություններում (1942-1944)
- Ստալինյան առաջին աստիճանի մրցանակ (1950), նոր տիպի աստղային համակարգերի (աստղասփյուռներ) բացահայտման և ուսումնասիրման համար, շարադրված է «Բյուրականի աստղադիտարանի տեղեկատու», «Հայկական ԽՍՀ գիտությունների ակադեմիայի զեկույցներ», «Աստղագիտական ամսագիր» ամսագրերի մի շարք հոդվածներում (1949)
- Ռուսաստանի Դաշնության պետական մրցանակ (1995)[39], «Աստղային համակարգերի դինամիկայի կառուցում» աշխատանքների շարքի համար
- Հայաստանի ԽՍՀ պետական մրցանակ (1988)
- Հինգ Լենինի շքանշան[40] (10 հունիսի 1945, 17 սեպտեմբերի 1958, 17 սեպտեմբերի 1968, 1974, 17 սեպտեմբերի 1978)
- Հոկտեմբերյան հեղափոխության շքանշան (16 սեպտեմբերի 1983)
- Աշխատանքային Կարմիր դրոշի երկու շքանշան (21 փետրվարի 1944, 1953)
- Պատվո շքանշան
- «Պատվո նշան» շքանշան (23 դեկտեմբերի 1988)
- «Աշխատանքային արիության համար» մեդալ (1960)
- 1 աստիճանի «Կիրիլ և Մեֆոդի» շքանշան (Բուլղարիայի ժողովրդական հանրապետություն, 1969)
- Դրոշի շքանշան (Հունգարիայի ժողովրդական հանրապետություն, 1975)
- Լեհաստանի Հանրապետության Վաստակի շքանշանի կոմանդոր (Լեհաստանի ժողովրդական հանրապետություն, 1973)
- Հայաստանի ԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ (1940)
- Ֆրանսիական աստղագիտական ընկերության Ժյուլ Ժանսենի մրցանակ (1956)
- Խաղաղօվկիանոսյան աստղագիտական ընկերության Կետրին Բրյուսի անվան մեդալ[41] (1960)
- Գյումրու պատվավոր քաղաքացի (1964)[42]
- Վրաստանի ԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ (1968)
- ԽՍՀՄ գիտությունների ակադեմիայի Վավիլովի անվան ոսկե մեդալ (1970)
- Սլովակիայի գիտությունների ակադեմիայի ոսկե մեդալ (1970)
- ԽՍՀՄ գիտությունների ակադեմիայի Լոմոնոսովի անվան մեծ ոսկե մեդալ (1971)
- Բեռլինում Գերմանիայի գիտությունների ակադեմիայի Հելմհոլցի անվան ոսկե մեդալ (1971)
Վ. Հ. Համբարձումյանի անվամբ է կոչվել թիվ 1905 փոքր մոլորակը, որ հայտնաբերել է Տ. Մ. Սմիռնովան՝ Ղրիմի աստղադիտարանում 1972 թ. մայիսի 14-ին։ Բյուրականի աստղադիտարանը ևս Համբարձումյանի անունով է կոչվել։ Համբարձումյանի ծննդյան օրը՝ սեպտեմբերի 18-ը, Հայաստանի Հանրապետությունում նշվում է որպես Աստղագիտության օր։
Վիկտոր Համբարձումյանի անվան միջազգային գիտական մրցանակ
[խմբագրել | խմբագրել կոդը]2010 թվականին հիմնվել է Համբարձումյանի անվան միջազգային գիտական մրցանակ։ Մրցանակը կշնորհվի աստղաֆիզիկայում, ինչպես նաև ֆիզիկայի և մաթեմատիկայի հարակից ոլորտներում նշանակալի գիտական աշխատանքների համար, անկախ գիտնականի քաղաքացիական պատկանելությունից[43]։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Վիկտոր Համբարձումյանի տուն-թանգարանը Բյուրականում
Երկեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Գալակտիկաները և նրանց կորիզները, «Գիտություն և տեխնիկա», 1964, №1։
- Տիեզերքի էվոլյուցիայի պրոբլեմները, Երևան, 1968։
- Հարդագողի ճանապարհին։ «Գարուն», 1967, № 3, էջ 2-8։
- Курс астрофизики и звездной астрономии. Л., 1934
- К статистике двойных звезд // Астрономический журнал. 1937. Т. 14. Выпуск 3
- К вопросу о динамике открытых скоплений // Ученые записки [Ленинградского гос. университета]. № 22. Серия математических наук. Астрономия. 1938. Вып. 4
- Хромосферы // Успехи астрономических наук. М.-Л. 1939
- Теоретическая астрофизика. Л.-М. 1939
- Флюктуации в числе внегалактических туманностей и галактическое поглощение // Бюллетень Абастуманской астрофизической обсерватории. 1940. № 4
- Рассеяние и поглощение света в планетных атмосферах // Ученые записки [Ленинградскою гос. университета]. № 82. Серия математических наук. Астрономия. 1941. Выпуск 11
- О рассеянии света атмосферами планет // Астрономический журнал. 1942. Т. 19. Выпуск 5
- Новый способ расчета рассеяния света в мутной среде // Известия Акад. наук СССР. Серия географическая и геофизическая. 1942. № 3
- К вопросу о диффузном отражении света мутной средой // Доклады АН СССР. 1943. Т. 38. № 8
- К вопросу о характере связи диффузных туманностей с освещающими их звездами // Доклады АН Армянской ССР. 1945. [Т.] 2. № 3
- К вопросу об относительном распределении светлой и поглощающей материи в Галактике // Доклады АН Армянской ССР. 1946. Т. 4. № 3
- О поверхностных яркостях в Галактике // Астрономический журнал. 1946. Т. 23. Выпуск 5
- Эволюция звезд и астрофизика. Ер., 1947
- Эволюция звезд и астрофизика. Ер., 1947
- Звездные ассоциации // Астрономический журнал. 1949. Т. 26. Вып. 1
- Теоретическая астрофизика. М., 1952
- Научные труды. [В трех томах]. Под редакцией В.В.Соболева. Издательство АН Армянской ССР. Т.1 и Т 2-1960г., Т.3-1988г.
- Проблемы внегалактических исследований, в кн.։ Вопросы космогнии, т. 8, М., 1962.
- Развитие астрономии в СССР. М., 1967
- Проблемы эволюции Вселенной. Ер., 1968
- Вспыхивающие звезды в Плеядах. Ер., 1969
- Проблемы современной космогонии. М., 1969
- Нестационарные обьекты во Вселенной и их значение для исследования происхождения и эволюции небесных тел, в кн.։ Проблемы современной космогонии, 2 изд., М., 1972.
- Философские вопросы науки о Вселенной. Ер., 1973
- Критический туман вокруг «Туманности Андромеды»։ Письмо в редакцию // Литературная газета. 1959. 29 авг.
- On the radiative equilibrium of a planetary nebula. Л. 1933 (Պուլկովի աստղադիտարանի տեղեկատու, հ. 13. № 114)
- On the Evolution of the Galaxies, «La structure et l'évolution de l'univers», Bruxelles, Ed. Stoops, 1958.
- On the Nuclei of Galaxies and Their Activity, «The structure and Evolution of Galaxies», Interscience Publishers, London-New York-Sydney, 1965[44].
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Վ․ Հ․ Համբարձումյան (կենսամատենագիտություն), Ե․, 1958։
- Միրզոյան Լ․ Վ․, Վիկտոր Համբարձումյան (ծննդյան 70-ամյակի առթիվ), Ե․, 1978։
- Խաչիկյան Է․ Ե․, Վիկտոր Համբարձումյան (ծննդյան 80-ամյակի առթիվ) Արխիվացված 2019-04-07 Wayback Machine
- Վ. Հ. Համբարձումյան, Կյանքի դրվագներ, ՀՀ ԳԱԱ հրատ., Երևան, 2003։
- В. А. Амбарцумян [биобиблиография], Е., 1954.
- В. А. Амбарцумян Философские вопросы науки о вселенной. Сборник докладов, выступлений и статей. Издательство АН Армянской ССР. 1973г.
- В. А. Амбарцумян [биобиблиография], М., 1975.
- В. А. Амбарцумян Эпизоды жизни. Издательство "Гитутюн" НАН РА. 2001г.
- Ambartsumian, V.A. A life in astrophysics։ selected papers of Viktor Ambartsumian. 1998 Allerton Press, Inc.
Մամուլ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ուսումնասիրեցեք ռուս գրականությունը։ «Գրական թերթ», 1948, № 1:
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 2,8 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
- ↑ 3,00 3,01 3,02 3,03 3,04 3,05 3,06 3,07 3,08 3,09 3,10 Հայկական համառոտ հանրագիտարան (հայ.) — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1990. — հատոր 3.
- ↑ 4,0 4,1 4,2 Massevitch A. G. Viktor Amazaspovich Ambartsumian
- ↑ 5,0 5,1 5,2 Ambartsumian R. V. A life in astrophycis. Selected papers of Viktor A. Ambartsumian // Astrophysics — Springer Science+Business Media, 1998. — Vol. 41, Iss. 4. — P. 328—330. — ISSN 0571-7256; 1573-8191 — doi:10.1007/BF02894658
- ↑ 6,0 6,1 6,2 The Modern Physics of Compact Stars — Volkswagen Foundation.
- ↑ 7,0 7,1 7,2 7,3 7,4 7,5 7,6 Մակտյուտոր մաթեմատիկայի պատմության արխիվ — 1994.
- ↑ 8,0 8,1 8,2 8,3 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
- ↑ http://www.ras.ru/win/db/show_per.asp?P=.id-49360.ln-ru.dl-.pr-inf.uk-12
- ↑ CONOR.Sl
- ↑ https://phys-astro.sonoma.edu/brucemedalists/viktor-ambartsumian
- ↑ Большая золотая медаль РАН имени М.В.Ломоносова — RAS.
- ↑ List of Royal Society Fellows 1660-2007 — Royal Society. — P. 10.
- ↑ Une lettre de M. Ambartsoumian (ֆր.) / J. Fenoglio — Paris: Société éditrice du Monde, 1979. — P. 8. — ISSN 0395-2037; 1284-1250; 2262-4694
- ↑ https://ambartsumian.sci.am/membership/other.php
- ↑ 16,0 16,1 Ю. А. Храмов, Физики. Биографический справочник, Москва, Наука, 1983
- ↑ «BAAS 29 (1997) 1466». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հոկտեմբերի 14-ին. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 12-ին.
- ↑ JRASC 90 (1996) 351
- ↑ 19,0 19,1 19,2 19,3 Ակադեմիկոս Վ․ Հ․ Համբարձումյան, Կյանքի դրվագներ, ՀՀ ԳԱԱ, Երևան, 2003, ISBN 99930-78-14-X, «Համազասպ Համբարձումյանի հուշերից», էջ 84-91։
- ↑ Հայկական սովետական հանրագիտարան, Վիկտոր Համբարձումյան, հ․ 6, էջ 109։
- ↑ «ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի իսկական անդամներ». Վերցված է 2023 թ․ հունիսի 8-ին.
- ↑ «Խաչիկյան Է․, Վիկտոր Համբարձումյան» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2019 թ․ ապրիլի 7-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 16-ին.
- ↑ Վիկտոր Համբարձումյանի մասին ռուսալեզու կայք
- ↑ Bellman, Richard Ernest and Robert E. Kalaba and Marcia C. Prestrud. Invariant Imbedding and Radiative Transfer in Slabs of Finite Thickness. New York: American Elsevier Pub. Co., 1963 p. 1.
- ↑ Lynden-Bell, Donald; Gurzadyan, V. (1998). «Victor Amazaspovich Ambartsumian. 18 September 1908-12 August 1996». Biographical Memoirs of Fellows of the Royal Society. 44: 23. doi:10.1098/rsbm.1998.0002. ISSN 0080-4606.
- ↑ Hannes Alfvén and Ludwig Vasili Mirzoyan, Problems of Physics and Evolution of the Universe. Yerevan: Publishing House of the Armenian Academy of Sciences, 1978, pp. 243–250.
- ↑ «G-sardanashvily.ru». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 15-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 8-ին.
- ↑ «Vaprize.sci.am». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 3-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 8-ին.
- ↑ Sciteclibrary.ru
- ↑ Dokl. AN SSSR, ser. A, No. 6, p. 153 (1930)
- ↑ Ambarzumian V., Iwanenko D., Les électrons inobservables et les rayons, Compt. Rend. Acad Sci. Paris 190 (1930) 582.
- ↑ MN-RAS 96, 172, 1935, communicated to the RAS by Arthur Eddington
- ↑ Computed Tomography, Some History and Recent Developments, Proc. of Symposia in Applied Mathematics, Vol. 29, p. 35, 1985
- ↑ 34,0 34,1 Ակադեմիկոս Վ․ Հ․ Համբարձումյան, Կյանքի դրվագներ, ՀՀ ԳԱԱ, Երևան, 2003, ISBN 99930-78-14-X, էջ 69-70։
- ↑ Նախագահների ցուցակը ԳՄՄԽ կայքում Արխիվացված 2017-01-04 Wayback Machine(անգլ.)
- ↑ «ՀՀ ԳԱԱ ակադեմիկոսների կենսամատենագիտություններ». Վերցված է 2023 թ․ հունիսի 8-ին.
- ↑ Վիկտոր Համբարձումյան
- ↑ "Book of Members, 1780–2010: Chapter A". American Academy of Arts and Sciences. Retrieved 17 April 2011.
- ↑ «Указ Президента РФ от 20 июня 1995 № 604». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մայիսի 11-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 27-ին.
- ↑ ՀՍՀ, Վիկտոր Համբարձումյան, հ.6, էջ 110
- ↑ Awarding of Bruce Medal Award of the Bruce Gold Medal to Prof. V. A. Ambartsumian
- ↑ «Գյումրու պատվավոր քաղաքացիները». www.gyumricity.am. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հոկտեմբերի 2-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 6-ին.
- ↑ ՀՀ գիտության պետական կոմիտե
- ↑ «ՀՀ ԳԱԱ հիմնարար գիտական գրադարանի էլ․ քարտարան- Վիկտոր Համբարձումյան». opac.flib.sci.am (անգլերեն). Վերցված է 2023 թ․ հունիսի 8-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Վիկտոր Համբարձումյան. Մեր ամենամեծ գանձը՝ մայրենի լեզուն
- Վիկտոր Համբարձումյան
- Հանճարների դարի ավարտը
- Վիկտոր Համբարձումյանը դասարան․ամ կայքում Արխիվացված 2016-09-05 Wayback Machine
- Bruce Medal page (անգլերեն)
- Awarding of Bruce Medal (անգլերեն)
Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վիկտոր Համբարձումյան» հոդվածին։ |
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վիկտոր Համբարձումյան» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վիկտոր Համբարձումյան» հոդվածին։ |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 109)։ |
|
|
|
- Սեպտեմբերի 18 ծնունդներ
- 1908 ծնունդներ
- Թբիլիսի քաղաքում ծնվածներ
- Օգոստոսի 12 մահեր
- 1996 մահեր
- Բյուրական գյուղում մահացածներ
- Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի դասախոսներ
- ԵՊՀ դասախոսներ
- Լոնդոնի թագավորական ընկերության անդամներ
- Լեոպոլդինայի անդամներ
- Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի անդամներ
- Բուլղարիայի գիտությունների ակադեմիայի անդամներ
- Հունգարիայի գիտությունների ակադեմիայի անդամներ
- Ամերիկայի արվեստների և գիտությունների ակադեմիայի անդամներ
- Ֆրանսիայի գիտությունների ակադեմիայի անդամներ
- Նիդերլանդների արվեստի և գիտությունների թագավորական ակադեմիայի անդամներ
- ԱՄՆ-ի գիտությունների ազգային ակադեմիայի անդամներ
- ՀՀ ԳԱԱ ակադեմիկոսներ
- Ռուսաստանի պետական մանկավարժական համալսարանի շրջանավարտներ
- Սանկտ Պետերբուրգի համալսարանի ֆիզիկամաթեմատիկական ֆակուլտետի շրջանավարտներ
- Սոցիալիստական աշխատանքի հերոսներ
- Լենինի շքանշանի ասպետներ
- Հոկտեմբերյան հեղափոխության շքանշանով պարգևատրվածներ
- Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանի ասպետներ
- Պատվո շքանշանի ասպետներ (ԽՍՀՄ)
- «Աշխատանքային արիության համար» մեդալակիրներ
- ՌԴ պետական մրցանակի դափնեկիրներ
- ԽՍՀՄ Պետական մրցանակի դափնեկիրներ
- Հայաստանի ազգային հերոսներ
- Երևանի պատվավոր քաղաքացիներ
- ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչներ
- Լոնդոնի թագավորական միության արտասահմանյան անդամներ
- ՀՀ գիտության վաստակավոր գործիչներ
- Ստալինյան մրցանակի դափնեկիրներ
- ՀԽՍՀ պետական մրցանակի դափնեկիրներ
- ԽՄԿԿ անդամներ
- Գիտնականներ այբբենական կարգով
- Անձինք այբբենական կարգով
- ՀՀ ԳԱԱ նախագահներ
- 20-րդ դարի աստղագետներ
- 20-րդ դարի ֆիզիկոսներ
- ԱՄՆ-ի գիտությունների ազգային ակադեմիայի արտասահմանյան անդամներ
- Անձինք թղթադրամների վրա
- Անձինք նամականիշերի վրա
- Գյումրու պատվավոր քաղաքացիներ
- ԽՄԿԿ 19-րդ համագումարի պատվիրակներ
- ԽՄԿԿ 20-րդ համագումարի պատվիրակներ
- ԽՄԿԿ 21-րդ համագումարի պատվիրակներ
- ԽՄԿԿ 22-րդ համագումարի պատվիրակներ
- ԽՄԿԿ 23-րդ համագումարի պատվիրակներ
- ԽՄԿԿ 24-րդ համագումարի պատվիրակներ
- ԽՄԿԿ 25-րդ համագումարի պատվիրակներ
- ԽՍՀՄ ԳԱ ակադեմիկոսներ
- ԽՍՀՄ ԳԱ իսկական անդամներ
- ԽՍՀՄ ԳԽ 10-րդ գումարման պատգամավորներ
- ԽՍՀՄ ԳԽ 11-րդ գումարման պատգամավորներ
- ԽՍՀՄ ԳԽ 3-րդ գումարման պատգամավորներ
- ԽՍՀՄ ԳԽ 4-րդ գումարման պատգամավորներ
- ԽՍՀՄ ԳԽ 5-րդ գումարման պատգամավորներ
- ԽՍՀՄ ԳԽ 6-րդ գումարման պատգամավորներ
- ԽՍՀՄ ԳԽ 7-րդ գումարման պատգամավորներ
- ԽՍՀՄ ԳԽ 8-րդ գումարման պատգամավորներ
- ԽՍՀՄ ԳԽ 9-րդ գումարման պատգամավորներ
- ԽՍՀՄ Պետական կրկնակի մրցանակակիրներ
- Խորհրդահայեր
- Խորհրդային ֆիզիկոսներ
- Հայ ակադեմիկոսներ
- Հայ աստղագետներ
- Հայ աստղաֆիզիկոսներ
- Հայ ֆիզիկոսներ
- Շվեդիայի գիտությունների թագավորական ակադեմիայի անդամներ
- Ռուսաստանի ԳԱ իսկական անդամներ
- Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի շրջանավարտներ
- Սոցիալիստական աշխատանքի կրկնակի հերոսներ
- Ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտորներ